×


Տյոմի 31-ի յուրահատուկ տորթն ու Էմմայի հետ ամուսնանալու երազանքը

Հունվարի 10-ին երգիչ Արտյոմ Հակոբյանը նշում էր իր 31-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է ընկերների մատուցած գեղեցիկ անակնկալի, իր մեծ երազանքի եւ երկար դադարից հետո սպասվող ստեղծագործական նորությունների մասին:

Այս տարի Տյոմը ծննդյան օրն անցկացրել է աշխատելով, սակայն դա չէր կարող խոչընդոտ հանդիսանալ ընկերների համար, ովքեր որոշել էին նրան ուրախացնել:

«Իսկապես մեծ անակնկալ մատուցեցին: Չէի սպասում: Աշխատանքային օրվանից հետո գնացել էինք ընթրելու, եւ կեսգիշերին նրանք եկան: Քանի որ կարտոֆիլ շատ եմ սիրում, տորթի փոխարեն կարտոֆիլի վրա էին մոմերը դրել: Հոյակապ ժամանակ անցկացրինք»,- հիշում է նա:

Արտյոմ Հակոբյանը


Պարզվում է՝ Տյոմի մայրն էլ է հունվարի 10-ին ծնվել, եւ մինչեւ երեկոյան աշխատանքի գնալը երգիչն օրն անցկացրել է ընտանեկան միջավայրում:
Նվերներ շատ են եղել, դրանք սիրով ընդունել է ու չի կարող առանձնացնել որեւէ մեկը, սակայն նշում է, որ բոլոր տարեդարձներին առանձնահատուկ են եղել սիրելիի՝ Էմմայի նվերները:

«Էմման ձեռքի շնորհք ունի ու միշտ հետաքրքիր, շատ յուրահատուկ նվերներ է ինձ համար պատրաստել»,- ասում է Տյոմն ու հավելում՝ այս տարի իր եւ Էմմայի գլխավոր երազանքն ամուսնությունն է:


Երգիչը նկատում է, որ տարիների ընթացքում փոխվել է եւ ավելի հանգիստ է դարձել: Սակայն եթե հնարավորություն ունենար ժամանակը հետ տալ ու վերադառնալ անցյալ, ապա անպայման մի բան կփոխեր. «Ինքս ինձ 18 տարեկանում անպայման խորհուրդ կտայի չընդունվել Կոնսերվատորիա: Չեմ փոշմանում, որ ունեմ երաժշտական կրթություն, բայց կցանկանայի բացի դրանից, այլ մասնագիտություն էլ ունենալ, ինչը հիմա իրագործելն անհնար է, որովհետեւ զբաղվածությունս շատ-շատ է»:

Խոսելով ծրագրերից՝ Տյոմն ասում է, որ «OnPlay» խումբը շուտով նոր նախագիծ կներկայացնի. «Նաեւ վերջապես սկսել եմ տեսահոլովակիս վրա աշխատել: Երկար դադար էր, որովհետեւ խմբի հարցերով էի ավելի շատ զբաղվում, բայց որոշել եմ հիմա մոռացության չտալ այն փաստը, որ նաեւ անհատ կատարող եմ»,-պատմում է նա ու իր խոսքը եզրափակում՝ ասելով, որ այս տարվա գլխավոր մաղթանքը թե՛ իրեն, թե՛ մյուսներին խաղաղությունն է, իսկ մնացած երազանքները խաղաղ պայմաններում կստացվեն ինքնաբերաբար:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Տյոմը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին