×


«Ես ավելի լավն եմ, որովհետեւ ինքն է կողքիս». A.Chilla-ի 43-ամյակի յուրահատուկ նվերը եւ կնոջ մասին խոստովանությունը

Ռեփեր A.Chilla-ն (Նարեկ Հովսեփյան) այսօր դարձել է 43 տարեկան: Նրա հեղինակած երգերի բառերը գիտեն շատերը, իսկ երաժշտությունն այսօր լսվում է քաղաքի շատ անկյուններից: Իր երազանքների, ծրագրերի ու անցած-գնացած 43 տարիների մասին A.Chilla-ն պատմել է BRAVO.am-ին:

A.Chilla-ի ստեղծագործական կյանքը սկսվել է դեռ մանկուց: Ծնողները ոլորտից հեռու էին, սակայն ընտանիքում ճաշակով երաժշտությունն ու արվեստի ոլորտից սիրված հյուրերն անպակաս էին: Դեռ մանկուց նա արդեն հասկացել է իր առաքելությունն ու երբեք չի շեղվել այդ ուղիից:

A.Chilla-ն


Առաջին հաջողության մասին խոսելիս A.Chilla-ն հիշում է 18-տարեկանում թողարկած սկավառակը, որը 1999 թվականին Լոս Անջելեսում «Armenian Music Awards»-ին արժանացավ «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին:

«Դա ինձ համար ավելի կարեւոր էր, քան դպրոցիս դիպլոմը»,- ժպիտով ասում է նա:

A.Chilla-ն խոստովանում է, որ տորթի մոմերը փչելիս իր բոլոր երազանքները կապված են լինելու կնոջ եւ իրենց ընտանիքի հետ:

Նարեկ Հովսեփյանը՝ մայրիկի հետ


Ստեղծագործական կյանքի վերաբերյալ երազանքներ չի պահելու, որովհետեւ «ամեն բան գնում է իր հունով»: Ցավոք, մեկ տարի առաջ երգիչը կորցրեց մայրիկին. «Շատ կցանկանայի, որպեսզի ինքն այս ամենը տեսներ: Իմ ամենամեծ կորուստն էր»:

A.Chilla-ն գրում է այն, ինչ բխում է սրտից, ու հենց դա է նրա երգերի հաջողության գաղտնիքը. «Գրելիս չեմ առաջնորդվում թրենդներով, այլ փորձում եմ խոսել մարդկայինից, այն ամենից, ինչը բոլորիս ծանոթ ու հարազատ է: Օրինակ՝ «Կյանք ու տողը» գրել ու մոռացել էի համակարգչիս մեջ: Մտածեցի՝ կարելի է հրապարակել, գոնե ես կլսեմ Յութուբով, բայց այն շատ սիրվեց»:

Լյուսիի եւ A.Chilla-ի պսակադրությանը


Կինը՝ Լյուսին, միշտ պրոֆեսիոնալ աչքով է նայում նրան եւ ոգեշնչում է. «Հենց Լյուսիի շնորհիվ է, որ ես ավելի ակտիվ ու խարիզմատիկ եմ: Ես ավելի լավն եմ, որովհետեւ ինքն է կողքիս»,- խոստովանում է երգիչը:

Իր տարիքին A.Chilla-ն շատ լավ է վերաբերվում ու մեկ-մեկ էլ զարմանում, որովհետեւ իրեն թվում է, որ 32-ից հետո չի մեծացել:

Նվերներից A.Chilla-ն յուրահատուկ է համարում սամուրայական Կատանա թուրը: Իսկ կնոջ բոլոր նվերները հիշում ու սիրում է, սակայն առանձնացնում է դրանցից մեկը. «Մի անգամ Լյուսին շատ սիրուն տորթ ու յուրահատուկ գծանկար էր արել ինձ համար: Սակայն հենց ինքը եւ մեր հարաբերություններն ինձ համար ամենամեծ նվերն են»:

Լյուսիի նվիրած գծանկարը


Խոստովանում է, որ ոչինչ իր կյանքում չէր փոխի, սակայն եթե իրեն հանդիպեր 18 տարեկանում, ապա խորհուրդ կտար ավելի հանդուրժող լինել: Ինքն իրեն A.Chilla-ն 43-ամյակի կապակցությամբ մաղթում է երբեք չհիասթափեցնել երկրպագուներին:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ A.Chilla-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին