Հոբելյանական 50-րդ անգամ լոսանջելեսյան բեմում մեկտեղվել էին ժողովրդական, գուսանական, կոմպոզիտորական երգերի կատարողները. լեփ-լեցուն դահլիճում երկու ժամից ավելի հանդիսատեսը վայելեց մաքրամաքուր երաժշտություն հայ արտիստների կատարմամբ: Բեմում էին ինչպես Հայաստանից ժամանած, այնպես էլ ամերիկաբնակ երգիչ-երգչուհիները:
Հայաստանից ԱՄՆ էին ժամանել Վարդան Բադալյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լեւոնյանը, Նարե Գեւորգյանը, Մավր Մկրտչյանը, Նարինե Դովլաթյանը, որտեղ նրանց միացել էին Արմեն Դավթյանը եւ Գրիգոր Միրզոյանը։ Հանդիսավարն Արտավազդ Ամիրյանն էր:
Համերգն ամբողջությամբ կառուցված էր Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության համատեքստում: Առաջին ծափահարություններն էլ ուղղված էին Արցախի մեր հայրենակիցներին։ Համերգն ազդարարվեց ծննդով արցախցի Վարդան Բադալյանի կատարմամբ՝ հնչեց Արցախի հորովելը:
Երեկոյի ընթացքում արտիստները պարբերաբար իրենց խոսքն ուղղում էին Արցախին ու հայ զինվորին։
«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մավր Մկրտչյանն այս համերգի «մշտական անդամն» է. «Ժողովրդական երգ լսող հանդիսատեսը բոլոր տեղերում էլ միշտ առանձնացել է, բայց այստեղ մի տեսակ ուրիշ է։ Ամեն անգամ այս համերգից միայն դրական հույզեր եմ ստանում ու այստեղից միայն ջերմություն եմ տանում հայրենիք»:
Մավրը հանդիսատեսին ներկայացրեց մի քանի երգ՝ նվիրելով հայ զինվորին ու Արցախին. «Մենք այնպիսի վիճակում ենք, որ բանակ-հայրենիքը պետք է լինի մեր մշակույթի կենտրոնում, պետք է երգի միջոցով էլ խոսենք այդ մասին»։
Երգչուհի Նարինե Դովլաթյանի առաջին հյուրախաղն էր մայրանալուց հետո. «Ամերիկահայ հանդիսատեսի հետ իմ առաջին հանդիպումն էր, շատ ուրախ եմ, որ «բացումը» հենց ժողովրդական երգերով եղավ»: Նարինեն նորովի ներկայացրեց «Մարտիկի երգը», «Նազանի», «Ալ այլուղս» երգերը։
ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանն էլ այս համերգի հնաբնակներից է. «Մենք պետք է կարողանանք պահել մաքրամաքուր հայ երգը նման համերգների միջոցով: Ուրախալին այն է, որ դահլիճում միայն մեծահասականեր չեն, այլ երիտասարդ սերունդ, որը գալիս է լսելու հայ երգը: Այսօր չկար մի կատարող, որ վատ ընդունվեր: Իսկ այսքան տարի այս համայնքում պահել հայկական արվեստը մեծ հերոսություն է», - նշել է նա:
Ի դեպ, հանդիսատեսի համար անակնկալ էր Ալլա Լեւոնյանի եւ Արսեն Սաֆարյանի զուգերգը։
Եթե մյուս արտիստներն ավանդական դարձած այս համերգին հաճախ են մասնակցել, ապա Արսեն Սաֆարյանն առաջին անգամ էր այդ բեմում։ Խոստովանեց՝ վախեր կային, բայց արդեն բեմում ի չիք դարձան. «Այս կազմի հետ առաջին անգամ էի հանդես գալիս: Հանդիսատեսն այս համերգներին սովոր է լսել գուսանական, ժողովրդական կատարումներ, ու հանկարծ՝ ես (ծիծաղում է,- խմբ.), բայց երգիս առաջին նոտաներից հետո անհանգստությունն անցավ։ Իսկապես շատ ջերմ ընդունեցին: Կիթառով կատարեցի մի քանի ժողովրդական երգ, դահլիճն ինձ հետ հավասար երգում էր, այ, հենց դա ինձ դուր եկավ»։
Արսենի կատարմամբ «Հերոս տղերք» երգը մի քանի անգամ ընդհատվեց ծափահարություններով։ Ալլա Լեւոնյանի «Հայեր, միացեք» երգով էլ ավարտվեց համերգային երեկոն, սակայն հանդիսատեսը դահլիճից չէր հեռանում։
Համերգի կազմակերպիչ «Artn-Shant» հեռուստաընկերություն ղեկավար Ռոբերտ Օխլախչյանն այդ պահին հայտարարեց, որ անցկացվելու է երկրորդ համերգը:
«Անկեղծ ասած՝ մտավախություն ունեի, բայց այսօր հանդիսատեսը եկավ ասելու, որ հայ երգն ամենակարեւորն է, այսպիսի երեկոներն անհրաժեշտ են։ Նման համերգներով մենք պետք է սերմանենք հայկական մաքրամաքուր երաժշտությունը»,- ասաց նա։
Երկրորդ համերգը նույնպես անցավ լեփ-լեցուն դահլիճում:
Տեքստը եւ լուսանկարները՝ Արմինե Գեւորգյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: