«Մենք փնտրում ենք հարսնացու» 48 մասանոց կատակերգական մելոդրաման շուտով կլինի «Նոր Հայաստան»-ի եւ «Artn TV»-ի եթերում, իսկ մինչ այդ նախագծի մանրամասները պարզել ենք պրոդյուսեր, գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հայրապետյանից:
«Երբ քննարկում էինք «Անտառի տնակը 2»-ի արդյունքները, հասկացանք, որ կերպարներից Գարիկն (Հայկ Հովհաննիսյան) ու Գուգոն (Վարուժան Մարգարյան) շատ են սիրվել: Սցենարիստ Անի Մաղաքյանն առաջարկեց նախագիծ անել հենց նրանց մասին: Մի քանի ժամ անց հստակ որոշեցինք, որ սերիալ ենք նկարահանում գյուղի տղաների մասնակցությամբ: Նրանք, ովքեր սիրել են մեր նախորդ նախագիծը, վստահ եմ՝ սա էլ կսիրեն»,- նշել է պրոդյուսերը:
Ռեժիսորը Հայկ Վարդանյանն է, բեմադրող օպերատորն ու տնօրենը՝ Վարդան Ուռումյանը: Պրոդյուսերը նշել է, որ ռոմանտիկ կատակերգության տարրերով սերիալի միջոցով կներկայացնեն տարբեր բարքեր, երկու միջավայրի բախում. «Ենթատեքստային դաստիարակչական մոտիվները շատ են նախագծում: Շատ կերպարներ տղաների հետ շփվելուց հետո փոխվում են, կա մաքրություն, ընկերասիրություն, նաեւ սիրային եռանկյունի»:
Ասում է՝ Հայկ Հովհաննիսյանի համար անսպասելի չէր նման նախագիծ անելու որոշումը, Վարուժան Մարգարյանն էլ մեծ ուրախությամբ է համաձայնել մասնակցել. «Ըստ սյուժեի՝ տղաներից մեկի հայրը նրան 2 ամիս ժամանակ է տալիս, որպեսզի հարսնացու ընտրի, այլապես կամուսնացնի իր ընտրած աղջկա հետ: Երկու ընկերները գյուղից գալիս են քաղաք՝ իրենց ընկերոջ տուն, որին մարմնավորում է Աշոտ Հակոբյանը: Ընթացքում շատ կերպարներ կհայտնվեն. տղաները տարբեր իրավիճակներում տարբեր աղջիկների են հանդիպում»:
Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Լիլիթ Բադանյանը: Սերիալում նկարահանվում են նաեւ Արեւ Սանթրոսյանը, Սեւակ Սանթրոսյանը, Թեհմինե Խաչատրյանը, Նարինե Մկրտումյանը, Անժելա Ալեքսանյանը, Էմմա Մանուկյանը, Լյուսի Հայրապետյանը եւ այլք:
Խոսել ենք նաեւ տղաների բարբառի մասին: Պրոդյուսերը շեշտել է, որ հատուկ որեւէ բարբառ չեն վերցրել, քանի որ գյուղն էլ հորինված էր նախորդ նախագծում. «Բարբառով խոսելու տեսարանները բավական հետաքրքիր եւ ծիծաղաշարժ են ստացվում, քանի որ լեզվամտածողությունն այլ է: Առաջիկայում կներկայացնենք նաեւ չստացված կադրեր նկարահանումներից»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է ստեղծագործական թիմը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: