×


Արսեն Միքայելյանի՝ գլխապտույտ առաջացնող եւ կրքոտ գրկախառնություններով Իտալիան

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ու դերասան Արսեն Միքայելյանն այս տարի արդեն հասցրել են լինել Իտալիայում: BRAVO.am-ի համար Միքայելյանը պատմել է իրենց հետաքրքիր ուղեւորության, իտալացիների ու հայերի նմանության, տեղացիների կրքոտ գրկախառնվելու ու կինոռեժիսոր Պաոլո Սորենտինոյից ստացած ոգեշնչման մասին:

- Ինչո՞ւ հենց Իտալիա որոշեցիք մեկնել ու ընտրեցիք ձմեռային շրջանը:

- Երեք տարբերակ ունեինք՝ տոներից առաջ, հետո ու այդ ընթացքում, բայց ովքեր տոնական օրերին էին եղել Իտալիայում, խորհուրդ տվեցին սպասել, որպեսզի տուրիստական հոսքը մի քիչ նվազի: Այդպես էլ արեցինք ու մեկնեցինք ամենահանգիստ շրջանում, բայց միեւնույն է՝ մարդիկ էլի բավական շատ էին: Իսկ եթե ոչ Իտալիա, ապա որտե՞ղ (ծիծաղում է,-հեղ.): Այնտեղ լինելուց հետո հասկացանք, որ ավելի ճիշտ կլիներ պտտվել Եվրոպայում ու ճանապարհորդությունն ավարտել Իտալիայում: Տրեւիի շատրվանի մոտ երազանք պահեցի, որ նորից գնամ ու նույն տեղում էլի ջուրը մետաղադրամ գցեմ:

- Բայց մի՞թե երազանքի մասին ասում են:

- Ես բարձրաձայնում եմ, որ պատասխանատվությունն ավելի մեծանա, ու նորից գնամ: Բոլորը լսել են, որ վերադառնալու եմ (ծիծաղում ենք,-հեղ.):


- Հասցրել եք 4 քաղաքում լինել, սկսենք սկզբից ու Ձեր տպավորություններից:

- Ամենասկզբից եղանք Վենետիկում, որտեղ բավական տաք էր: Քաղաքում ասես 17-րդ դարն է՝ ժամանակակից ոչ մի ատրիբուտ չի խանգարում այնտեղ տիրող ներդաշնակությանը: Դժվարությամբ ես պատկերացնում, որ 21-դարում ես, ու մեկ էլ նկատում ես 2 քարի արանքում տեղադրված շատ փոքրիկ տեսախցիկների հսկումը, որ այդ խաղաղությունն ու հեքիաթը երբեք չվերանան: Վենետիկն ինձ համար ուղղակի ասեղնագործություն է մոլորակի վրա. վիզդ կարող էր կոտրվել՝ աջից ձախ, վերեւից ներքեւ չկար մի քար ու որեւէ մասնիկ, որին արվեստային մեկնաբանություն տրված չլիներ: Ամեն ինչից մշակույթ էին սարքել, եւ դա շատ սուր, համեղ եւ հյութեղ էր արտահայտված՝ հարստացնելով ու լայնացնելով ներաշխարհը:

- Իսկ այնտեղ հասցրի՞ք ծանոթանալ թատրոնների հետ եւ տեսնել, թե դերասաններն ի՞նչ պայմաններում են աշխատում:

- Ներկայացումներ չդիտեցինք. մեր այցելության օրերին պարզապես չկային, բայց որպես բեմի ու թատերարվեստի հետ կապ ունեցող մարդիկ, դրսից ուսումնասիրեցինք շքեղ «Լա Ֆենիչե» («Փյունիկ») թատրոնը: Մյուս թատրոններն էլ հերթով գնացիքն տեսնելու:


- Որտե՞ղ էր հենց Ձեր անկյունը Վենետիկում, ուր առավել ներդաշնակ էիք զգում ինքներդ Ձեզ հետ:

- Ամբողջ Վենետիկն էր իմ տեղը (ծիծաղում է,-հեղ.), թեեւ քաղաքի փողոցները շատ նեղ են ու կար կորչելու հավանականություն: Մեքենաները բացարձակ բացակայում են ու նրանց փոխարեն նավակներ են, ասես փոստային նամականիշերի մեջ ես հայտվում, այնքան տպավորիչ է: Սուրբ Մարկոսի հրապարակում էի հասկանում, որ չեմ կորել ու կողմնորոշվում, թե ուր գնալ. հիմնականում իմ բոլոր շարժումները սկսվում ու ավարտվում էին այդտեղ: Իսկական հեքիաթ էր, մի անգամ էլ էի կուլ տալիս աչքերով ու ամեն անգամ նետվում տարբեր ուղղություններով:

Սիրում եմ լինել ոչ շատ հայտնի փողոցներում ու թաղամասերում, որովհետեւ այնտեղ մշակույթն ավելի բազմերանգ ու հյութեղ է արտացոլվում: Ինձ հետաքրքիր էին ծայրամասերը, թե ինչպես են մարդիկ ապրում, պարաններից կախված հագուստները... Երկու պատշգամբներ միացնում էին, սեղան դնում եւ հարեւաններով հաց ուտում կամ սուրճ խմում: Շատ հյուրասեր, շփվող ու անմիջական ժողովուրդ են ու իսկապես նման են հայերին, դա հնարավոր չէր չնկատել: Կարծում եմ՝ եթե մենք ավելի շատ ոչ թե ասիական, այլ եվրոպական հոսանքների տակ գտնվենք, մոտավորապես կլինենք իտալացիների պես ազգ (ծիծաղում ենք,-հեղ.):

- Իտալիան աչքի է ընկնում ոչ միայն տեսարժան վայրերով, այլ նաեւ խոհանոցով:

- Իմ երազանքի խոհանոցն էր: Լեգենդար հացակեր ու խմորակեր եմ, այդ իմաստով լրիվ իմ տեղն էր: Ամեն ինչ փորձում էին համատեղել հացով, սպագետիով եւ պիցցայով՝ դրախտային էր: Իտալիայի մշակույթը նաեւ խոհանոցի միջոցով ուսումնասիրեցինք, մեծ հաշվով երկրի համը, գենետիկական կոդն ու մարդկային բնավորությունը հենց ճաշատեսակների մեջ են:


-Իսկ այդ դեպքում ի՞նչ համ ուներ Իտալիան, ի՞նչ բացահայտեցիք Ձեզ համար: Պիցցա ու սպագետի այստեղ էլ կա, բայց երբեք նույնը չէ, ինչ Իտալիայում:

- (Ծիծաղում է,-հեղ.), համաձայն եմ, բայց Վենետիկում պիցցաներն այնքան էլ տպավորիչ չեն եւ սովորական համ ունեն: Հռոմում հանդիպեցին այնպիսի պիցցաների, որոնց համը որպես դրական հիշողություն մնաց քիմքիս: Չեմ էլ հիշում՝ ինչ համեր էին, տարօրինակ խոտաբույսերի անուններ էին տալիս եւ առաջարկում, ես էլ բոլորին այո էի ասում, որովհետեւ ուզում էի ամեն ինչ փորձել: Բերում էին, ու հավանում էի: Ցավոք, երկրորդ անգամ նույնը գտնել չէի կարողանում, որովհետեւ չգիտեի, թե ինչին էի համաձայնել (ծիծաղում ենք,-հեղ.):

- Գանք Ձեր ուղեւորության հաջորդ քաղաք, որը Վերոնան էր:

- Հասնել Իտալիա ու չգնալ այն քաղաք, որտեղից սկիզբ է առնում Ռոմեո եւ Ջուլիետի պատմությունը, հնարավոր չէր (ծիծաղում է,-հեղ.): Այն յուրահատուկ մթնոլորտ ուներ, ինչը շատ արագ երեւաց՝ հետաքրքիր մշակույթների, բնավորությունների ու խտացված գույների բախում էր, ինչն ավելի ցցուն էր արտահայտված, քան Վենետիկում: Այդ ամենն ինձ շատ դուր եկավ, քանի որ կենտրոնական քաղաքներից հեռանալիս ավելի շատ են բացահայտվում ենթամշակույթները, մարդկային փոխհարաբերությունների տեսակներն ու բուն իտալացիները: Այնտեղ ամեն ինչ շատ վառ էր արտահայտված՝ հանդիպելիս անչափ տաք էին ու ոգեւորված փաթաթվում էին իրար, սիրահարներն այնպես էին հրաժեշտ տալիս, ասեք էլ երբեք չէին հանդիպելու, նույն կերպ էլ դիմավորում էին իրար: Մի դեպք եղավ՝ տեսանք, թե երեկոյան զույգն ինչպես է հրաժեշտ տալիս, իսկ հաջորդ առավոտյան այնպես էին գրկում, ասեք աշխարհի վերջին գրկախառնությունն էր (ծիծաղում ենք,-հեղ.):


- Փաստորեն իտալացիներից պիտի սովորել տեղը տեղին ու ամուր գրկախառնվել (ծիծաղում ենք,-հեղ.):

- Բա, ինչպես էին էմոցիոնալ կռվում: Մոտ 10 րոպեանոց մի միզանսցենի ականատես եղանք՝ փողոցում ամուսինները սկսեցին կռվել, իհարկե, ոչինչ չէինք հասկանում, բայց երկուսն էլ իտալերեն կրքոտ բառեր էին արտաբերում, միմյանցից առաջ ընկնելով՝ հասան մյուս փողոց, ապա լռեցին: Մի պահ անգամ մտածեցի՝ կարող է փողոցային շոու էր, բայց հետո հասկացա, որ պարզապես իտալացիներ են, որոնց կյանքը որոշակիորեն նման է ներկայացման:

- Իսկ որպես դերասան ու դասախոս, որը խաղալուց բացի, նաեւ բեմադրություններ է անում, այդ հույզերն ու երեւույթները հետագայում կոգեշնչե՞ն:

- Չեմ փորձում կենտրոնանալ ու տեղի ունեցողից սովորել, պարզապես տրվում եմ այդ իրականությանը: Ուզես, թե չուզես՝ ներաշխարհդ ու արտաքին աշխարհը միախառնվում են, ու երբեք վերադառնալուց հետո էլ առաջվանը չես լինում: Դա գիրք կարդալու ու լավ հեղինակի բացահայտելու պես մի բան է, որը մնում է քո ներսում ու նստվածքը երբեք չի վերանում:


- Ջուլիետի հետ կապված միֆն ինչպե՞ս էր արտահայտված, այնտեղ նկարահանված հայտնի ֆիլմ էլ կա՝ «Նամակներ Ջուլիետին», թե ինչպես են ամբողջ աշխարհի սիրահարները ձգտում Վերոնա:

- Կան երկրներ, որոնց մասին մանկության տարիներին լսել ենք, նրանք մեզ չափազանց հեռու են թվացել, այդպիսի զգացողություն եմ ունեցել Իտալիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ կապված: Շատ տարօրինակ էր ու բարդ «հենց այստեղ ու հիմայի» գիտակցությամբ ընկալել շուրջը տեղի ունեցողը: Նույնը նաեւ Ջուլիետի հետ կապված էր. պատմությունը վաղուց գիտեի, բայց տեսնում էի, թե ինչպես են աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ հավաքվում այդ խորհրդանշական վայրում: Փոքրիկ կողպեքներն էին ամրացնում իրենց անուններով, ձեռքը դնում Ջուլիետի արձանին ու երազանք պահում, հրաշալի էր մոտ տարածության վրա այդ ամենի ականատեսը լինել:

- Ինքներդ Ջուլիետից որեւէ բան չխնդրեցի՞ք:

- (Ծիծաղում է,-հեղ.), չէ, որեւէ բան չխնդրեցի, որովհետեւ մեջս սիրահարվածություն էր մտել Իտալիայի նկատմամբ ու երազային վիճակում էի, ուղղակի հասցրի Ջուլիետի հետ նկարվել (ծիծաղում ենք,-հեղ.):


- Այնտեղից գնացիք հավերժ քաղաք Հռոմ:

- Հռոմը շատ արագ քեզ գողանում է ու տանում լրիվ այլ իրականություն: Այնտեղ հասկացա, թե ինչու են ասում բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ: Բացառիկ են քաղաքի ճարտարապետությունն ու մշակույթը, տեսնում ես մ.թ.ա. 5-րդ դարում կառուցված տաճարի ոչ միայն հիմքը, այլ ամբողջ շենքը քո դիմաց կանգնած, նեոլիթ դարի շինություններ ու ջրային հեռացման համակարգեր: Մոտավորապես 1500 տարվա պատմություն ունեցող տաճարներն այնքան շատ էին, որ 17-18-րդ դարի շինությունները մեզ թվում էին նոր Հռոմի մաս (ծիծաղում է,-հեղ.): Այնպիսի տպավորություն էր, որ յուրաքանչյուր շենք փորձում է ամեն ինչ անել, որ ավելի գեղեցիկ լինի, քան իր կողքինը: Հռոմը գլխապտույտ առաջացնող էր:

- Կայի՞ն յուրահատուկ տեղեր, որ անպայման ցանկացել էիք այցելել Հռոմում:

- Ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գնալ Վան Գոգի ցուցադրությանը, որը Նապոլեոնի մոր պալատում էր անցկացվում, այդ մասին տեղյակ չէի ու իմ միակ չպլանավորած այցելությունն էր: Երկրորդ հաճելի հանգամանքն էլ այն էր, որ վերջին օրը ծանոթացա մի շատ լավ հայ աղջկա ու իր իտալացի ընկերոջ հետ, որոնք հարցրին՝ որտեղ կուզեի լինել՝ որպես իտալական ճանապարհորդության հետաքրքիր ավարտ: Մինչ այդ դեռ երբեք առիթ չէր եղել ձմռանը ծով տեսնել ու ցանկացա այնտեղ գնալ: Ընթացքում հասցրել ենք նաեւ Մխիթարյան միաբանություն այցելել՝ տպավորիչ բացահայտում էր իր առեղծվածային միստիկությամբ ու պատմությամբ: Հայտնվել էինք հայոց պատմագրության եզակի օջախներից մեկում, ի միջի այլոց, Սուրբ Ղազարը միակ կղզին էր Վենետիկում, որի անունը գրված էր միայն հայերեն տառերով: Ցավոք, բաց ենք թողել Սիքստինյան կապելլան, որովհետեւ փակ էր, բայց Իտալիա հաջորդ այցի ժամանակ անպայման կլինեմ: Այդ օրերի տպավորությունները հնարավոր չէ նկարագրել, այդ ամենը զգալու ու ապրելու մասին է: Այնտեղ հասկացա, որ շատ քաղաքներ հռոմեական մշակույթի ազդեցության կրողն են:


- Վատիկանից չխոսեցինք, այնտեղ ի՞նչ հասցրիք սիրել:

- Մետրոյով այնտեղ հասնելը շատ հեշտ էր, ինչն ինձ դուր եկավ: Վատիկանում մարդիկ փոխվում են, զգում ես լրիվ ուրիշ միջավայր ու այլ արժեքներ, որոնք հիմնված են  կրոնական ամուր հիմքի վրա, գիտակցում ես, որ գտնվում ես քրիստոնեության ամենակենտրոններից մեկում: Միլիարդավոր մարդիկ հասնում են Սուրբ Պետրոսի տաճարի մոտ ու նրանց հավատքի ուժը էներգետիկ իմաստով այնքան է կուտակված, որ այդ զգացողությունը սարսափեցնող ու պարտավորեցնող է միաժամանակ: Վախենում էի ավելորդ որեւէ բան թույլ տալ, որովհետեւ ամեն ինչ ներդաշնակված է էներգետիկ եւ ճարտարապետական իմաստով: Սուրբ Պետրոսն աննկարագրելի էր, առաջինը տպավորեցին Միքելանջելոյի գործերը, որը կարողացել է սովորական քարը նման կատարելության վերածել: Կարող էիր ժամերով քարացած մնալ ու չհասկանալ, թե ժամանակն ինչպես է անցնում:

- Իսկ Հռոմի Պապին տեսա՞ք:

- Հաջորդ օրը կիրակի էր, պետք է ժամը 12-ին դուրս գար իրեն սպասող հավատացյալների մոտ: Բայց քանի որ նախորդ օրն էինք գնացել, էլ չտեսանք նրան, հուսանք՝ Պապը մեզ կների (ծիծաղում է,-հեղ.):

- Փաստորեն ականատես եք եղել «Երիտասարդ պապը» սերիալի տեսարաններից մեկին՝ հրապարակում Պապին սպասող բազմաթիվ մարդկանց:

- (Ծիծաղում ենք,-հեղ.), ես էլ եմ հիշել այդ տեսարանը: Ամենազդեցիկ ռեժիսորը, որի գործերն ուսումնասիրելուց հետո ցանկացել եմ տեսնել Իտալիան, հենց Սորենտինոն է: Միշտ ուզել եմ հենց իր տեսած ու սիրած Իտալիան բացահայտել: Ինչպես նա էր սերիալում ցույց տվել այդ հրապարակն ու հավաքվածներին, ես էլ կանգնել էի այդ ամենի կենտրոնում ու անբացատրելի զգացողություններ ունեի:


-Ի՞նչ բերեցիք Ձեզ հետ Իտալիայից հոգեւոր առումով ու ինչո՞վ եք բավարարված այս ուղեւորությունից:

- Ներաշխարհի իմաստով ավելի գունավորված եկա, ավելի ստեղծագործական ու  մոտիվացված: Տեսա, թե հազարամյակների պատմություն ունեցող երկիրն ինչպես է կարողացել դողալ իր յուրաքանչյուր քարի ու ճարտարապետական կոթողի վրա:  Արձանագրություններ կան, թե ինչպես է 16-րդ դարում ապրող կայսրը փորձել վերականգնել 12-րդ դարում քանդված եկեղեցին: Պատմության մեջ մնալու մշակութային գիտակցությունն իրենց մեջ սուր է արտահայտված, անգամ անգլերենով խոսելուն են դեմ: Մենք էլ ենք ապրում ժամանակի միջով նմանատիպ զուգահեռով անցած երկրում եւ մեր իրականությունն էլ կարող էր նմանատիպ լինել, բայց մենք չունենք արժեքները սերնդեսերունդ փոխանցելու գիտակցում: Փորձում ես հասկանալ, թե ինչ կարող ես անել քաղած դասերի արդյունքում ու օգտակար լինել քո գործունեությամբ, որ կյանքը գոնե մի քիչ ավելի լավը դառնա:

- Ո՞րն է լինելու հաջորդ ուղեւորության վայրը:

- Դեռ մտածում եմ, բայց թերեւս հստակ է մի բան, որ հաստատ էլի Եվրոպայում է լինելու:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Արսեն Միքայելյանի անձնական արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW