Ամբողջ աշխարհն այսօր նշում է սիրահարների օրը, փողոցները պատված են կարմիր սրտերով, խանութներում նվերներ գնելու եռուզեռ է ու տոնական տրամադրություն: Պատմում ենք հայ ու արտասահմանցի գեղեցիկ ու ներդաշնակ մի քանի զույգի մասին, որոնք շարունակում են ապացուցել, որ սերն ամենագեղեցիկ ու կարեւոր զգացմունքներից է:
Գարիկ Պապոյան-Մարիաննա Վարդանյան
Հայկական շոուբիզնեսի ամենագեղեցիկ ընտանիքներից մեկը Գարիկ Պապոյանինն ու Մարիաննա Վարդանյանինն է: Գարիկը շարունակում է իր երաժշտական ու հաղորդավարի գործունեությունը, իսկ Մարիաննան սոցցանցերի էջերում առողջ ապրելակերպ ու ճիշտ սննդակարգ սովորեցնում:
Ծանոթացել են «X-Factor» նախագծի շրջանակում՝ Մարիաննան այն ժամանակ հանդես էր գալիս «Mars On» խմբում: Ամուսնացել են 2012 թվականի օգոստոսին, սիրային հարաբերությունները փորձել են գաղտնի պահել՝ հեռու մնալով տեսախցիկներից, պսակադրության օրն էլ հյուրերին արգելված է եղել տեսալուսանկարահանել միջոցառումը: Զույգն այժմ 3 դուստր ունի, Վարդանյանը խոստովանել է, որ ընտանիքն իր ամենամեծ ձեռքբերումն է համարում:
Ընտանիք կազմելուց հետո էլ հնարավորինս քիչ են համատեղ լուսանկարներ տեղադրում կամ ցույց տալիս անձնական կյանքը: Շարունակում են համատեղ հանգստի ու ճանապարհորդությունների մեկնել, բայց այդ ամենը հեռու են պահում կողմնակի աչքերից: Կարեւորն այն է, որ երջանիկ են ու շարունակում են վայելել սերը:
Արամ MP3- Աննա Մարգարյան
Երգիչն ու նրա կինը միասին են արդեն 15 տարի՝ 2 որդի ու մեկ դուստր ունեն, որը վերջերս է 6 ամսական դարձել:
Նրանք ամուսնացել են 2008 թվականին, իսկ 3 տարի անց ծնվել է Առնոն, որն օրեր առաջ «Խատուտիկի գինի» ներկայացման մեջ մարմնավորել է հերոսներից մեկին՝ Թոմին: Ամբողջ ընտանիքն՝ առանց դստրիկի, ներկա է եղել պրեմիերային:
Մյուս որդին՝ Դավիթը, լույս աշխարհ է եկել 2017 թվականի հոկտեմբերին, իսկ ահա դուստրն ընտանիքը համալրել է 2022-ին: Աղջկա ծնվելու մասին երգիչը հայտնել է սոցցանցերում ու գրել. «Սիրտս կրակով լցվեց, Շողեր ջան։ Շողեր Արամի Սարգսյան»:
Օրեր առաջ էլ երգիչը թողարկել է նոր՝ «Լսիր» երգն ու սիրո տոնից առաջ սիրահարներին հերթական հուզվելու առիթը տվել:
Արամ MP3-ն ու Աննա Մարգարյանը եւս փորձում են անձնական կյանքը հնարավորինս փակ պահել:
Աշոտ Տեր Մաթեւոսյան- Սոֆյա Պողոսյան
2017-ին լրատվամիջոցները գրում էին, որ դերասաններ Աշոտ Տեր-Մաթեւոսյանն ու Սոֆյա Պողոսյանը սիրավեպ ունեն, մինչդեռ իրենք ամեն ինչ հերքում էին ու նշում, որ պարզապես գործընկերներ են:
Պողոսյանն ամուսնացած է եղել, 2016-ին բաժանվելուց հետո տեւական ժամանակ ապրել են Տեր-Մաթեւոսյանի հետ ու ամուսնացել 2019-ի սեպտեմբերին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Դերասանն առաջին ամուսնությունից դուստր ունի:
«Երկուսս էլ չենք սիրում մեծ խնջույքներ, հետեւաբար, ամենահարազատ մարդկանց հետ նշել ենք եւ նույն գիշերը մեկնել ճանապարհորդության»,-ասել է Սոֆյան:
Նրանց որդին՝ Միքայելը, ծնվել է 2021-ին՝ ԱՄՆ-ում, համավարակի պատճառով հայրիկը երեխային կարողացել է տեսնել բավական ուշ:
Դերասանուհին խոստովանել է, որ ներդաշնակ կյանքով են ապրում ու չեն սիրում ի ցույց դնել անձնական կյանքը. «Երբ այն դառնում է հանրային քննարկման առարկա, դադարում է պատկանել միայն մեզ, չենք սիրում, երբ որեւէ կերպ միջամտում են մեր հարաբերություններին: Միայն կասեմ՝ միմյանց նկատմամբ դարձել ենք ավելի ներողամիտ եւ հոգատար։ Ինքս ընտանեկան ներդաշնակությունը շատ եմ կարեւորում: Մեծ երջանկություն է, երբ ամուսինները նաեւ ընկերներ են»:
Հոակին Ֆենիքս-Ռունի Մառա
2019-ի ավարտին նրանք առանց իսկ սեփական ցանկության Հոլիվուդի ամենաքննարկված զույգերից մեկը դարձան: Երկար ժամանակ թաքցնում էին հարաբերությունները, բայց «Ջոկեր»-ի հայտնիությունից հետո սկսեցին հետաքրքրվել նաեւ դերասանի անձնական կյանքով:
Ռունի Մառան Ֆենիքսին ուղեկցում էր բոլոր կարեւոր միջոցառումների ժամանակ, բայց միասին չէին նկարվում: Անգամ Օսկար ստանալիս դերասանը չխոսեց սիրելիի մասին:
Ծանոթացել են «Նա» դրամայի նկարահանումների ժամանակ ու նախկին ամուսինների մարմնավորել: Մառան ֆիլմում քիչ տեսարաններ ունի, առհասարակ պատահական է ընդգրկվել, հենց այդ ընթացքում էլ նրանց միջեւ կայծ է առաջացել:
«Միակն էր, որին համացանցում հետեւում էի, մինչ այդ երբեք որեւէ կնոջ մասին տեղեկություններ չէի փնտրել: Սկզբում ընկերներ էինք ու շփվում էինք էլեկտրոնային փոստով»,- պատմել է Ֆենիքսը:
4 տարի անց նորից են նույն նկարահանման հրապարակում հայտնվել՝ «Մարիա Մագդալենա»-ի համար. Մառան գլխավոր դերում էր, իսկ Ֆենիքսը մարմնավորում էր Աստծուն: Մինչ ֆիլմը էկրաններ կբարձրանար, նրանք արդեն էլ չէին թաքցնում, որ միասին են:
Ապա գաղտնի նշանվեցին, ինչի մասին 2019-ին գրեց US Weekly-ն: Բայց այդ ընթացում լրատվամիջոցներին դերասանը թյուրիմացության մեջ էր գցել՝ հայտնելով, որ նշանված է յոգայի հրահանգիչի հետ: Դերասանների հարսանիքի մասին էլ տեղեկություն չեղավ, միայն հայտնի է, որ որդի են ունեցել:
«Ռունին իմ երկրորդ կեսը չէ, ես եմ նրա կեսը»,- խոստովանել է Ֆենիքսը:
Մեթյու Մակքոնահի-Կամիլա Ալվես
Մինչ ընտանիք կազմելը դերասանը բավական կնամոլ է եղել ու շատ հայտնի սիրեցյալներ ունեցել, որոնց թվում են Պենելոպե Կրուսը, Սանդրա Բուլոքը, Էշլի Ջեդը:
Մակքոնահիի ու մոդել Ալվեսի ծանոթությունն ասես կադր լինի ֆիլմից: Առաջին անգամ իրար տեսել են 2006 թվականին՝ Լոս Անջելեսի բարերից մեկում: Կամիլան չի ճանաչել դերասանին, որն այն ժամանակ բավական երկար մորուք ուներ ու չի էլ ցանկացել հետը շփվել: Մակքոնահին միանգամից է գերվել նրա գեղեցկությամբ եւ հրավիրել միանալ իր խմբին: Ալվեսը խոսել է հարազատ պորտուգալերենով, իսկ Մեթյուն կարողացել է նրան պատասխանել նույն լեզվով:
Դրանից մի քանի օր անց պաշտոնապես առաջին ժամադրությունն է կայացել, Մեթյուն Կամիլային հրավիրել է Մալիբուի իր բնակարան ու նույնիսկ անձամբ ընթրիք պատրաստել: Այն ժամանակ էլ հասկացել է, որ ցանկանում է հանդիպել միայն այդ կնոջ հետ, ու այդ օրվանից միասին են:
Երկու տարի անց ծնվել է նրանց որդի Լեւին, ապա ընտանիքը համալրել է Վիդան: 2011-ին հայտնել են նշանադրության մասին, իսկ մեկ տարի անց ամուսնացել, ապա 3-րդ անգամ ծնողներ դարձել: Որդուն Լիվինգսթոն անունն են տվել:
«Երբեք չեմ երազել ամուսնանալու մասին, ծնողներիս էլ եմ այդ մասին ասել»,- խոստովանել է մոդելը, որը միայն հարսանիքից հետո է հասկացել, թե որքան կարեւոր էր իր համար հարսանեկան արարողությունը:
Իսկ երջանկության գաղտնիքն այսպես է բացատրում. «Հաճախ ենք մնում տանն ու ժամադրություն կազմակերպում: Միասին որեւէ բան ենք պատրաստում կամ մեր տնից 10 րոպե հեռավորության վրա գտնվող հյուրանոցում համար վերցնում»:
Դերասանն էլ վկայում է, որ միմյանց սիրում են հենց այնպիսին, ինչպիսին կան. «Ոչ մեկը չի փորձում մյուսին փոխել: Կամիլան օգնում է, որ ավելի հավատարիմ մնամ ինքս ինձ, հույս ունեմ՝ նույնն էլ ես եմ անում նրա համար»:
Լեո Մեսսի-Անտոնելա Ռակուցո
Անգամ ֆուտբոլ չսիրողները լավ գիտեն, թե որքան միասեր է աշխարհի չեմպիոն ու մեր մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվող Լեո Մեսսին: Նրա ամբողջ կյանքի սերը կինն է, որին ճանաչում է մանուկ հասակից:
Երկուսն էլ ծնվել են արգենտինական Ռոսարիո քաղաքում ու ծանոթացել, երբ ֆուտբոլիստը 5 տարեկան է եղել, իսկ Անտոնելան՝ 4: Դրանից հետո կորցրել են իրար, միջանկյալ սիրավեպեր ունեցել ու նորից միմյանց տեսադաշտում հայտնվել պատանի տարիքում:
Երբ Մեսսին առողջական խնդիրների պատճառով ստիպված էր հեռանալ Բարսելոնա, նրանց սերն ավելի ամուր է դարձել: Այն ժամանակ ֆուտբոլիստը բավականաչափ գումար չուներ Անտոնելային զանգելու համար, բայց շաբաթական գոնե մեկ անգամ պարտադիր խոսում էին իրար հետ: Ապա Անտոնելան որոշեց մեկնել սիրելիի մոտ Իսպանիա, ու այդ պահից սկսած անբաժան են: Երկար տարիներ միասին ապրելուց հետո 2017-ին վերջապես որոշեցին ամուսնանալ, հարսանիքը հայրենի Արգենտինայում էր ու բավական մարդաշատ, այդ ժամանակ Տիագոն ու Մատեոն արդեն ծնվել էին, հետագայում ունեցան նաեւ Չիրոյին:
Ողջ ընտանիքը Կատարում հետեւում էր առաջնության ընթացքին ու երկրպագում Մեսսիին, որին վերջապես հաջողվեց իրականություն դարձնել կյանքի ամենամեծ երազանքը: Անտոնելան արցունքն աչքերին վայելում էր ամուսնու չեմպիոնությունը:
«Մենք քեզնով շատ ենք հպարտանում, Լեո: Շնորհակալ ենք, որ սովորեցրիր մեզ երբեք չհանձնվել ու պայքարել մինչեւ վերջ: Վերջապես դու Աշխարհի չեմպիոն դարձար: Գիտենք, թե որքան ես տառապել ու ցանկացել այդ տիտղոսը»,- գրել է Անտոնելա Ռակուցոն:
Բեն Աֆլեք-Ջենիֆեր Լոպես
Սերը վաղեմության ժամկետ չունի ու հաղթում է, որքան էլ ժամանակ անցնի եւ դժվարություններ լինեն: Դա են ապացուցում Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը, որոք ընտանիք կազմեցին առաջին սիրավեպից 20 տարի անց:
Առաջին անգամ Լոպեսն ու Աֆլեքը նշանվել են հեռավոր 2002-ին, սակայն հետագայում հարսանիքը հետաձգել են, իսկ 2004-ին՝ բաժանվել: 2-րդ անգամ ամուսնության առաջարկություն դերասանը երգչուհուն արել է 2022-ի ապրիլին: Ամուսնության վկայական զույգը ստացել է Լաս Վեգասում:
«Հենց այդպես էլ ուզում էինք, որ ամեն ինչ լինի: Գիշերը ժամանել ենք հարսանեկան մայրաքաղաք, եւս 4 զույգի հետ հերթ ենք կանգնել, որ մեզ ամուսնացնեն: Ասացինք մեր երդումները փոքրիկ մատուռում ու նվիրեցինք միմյանց մեր ամուսնական մատանիները, որոնք կրելու ենք մինչեւ կյանքի վերջ: Ամենալավ հարսանիքն էր, որը կարող էինք ունենալ», - խոստովանել է երգչուհին:
Այդ ինքնաբուխ արարողությունից հետո Ջեյ Լոն եւ Բեն Աֆլեքն ամուսնացան նաեւ հարազատների ու ընկերների ներկայությամբ։ Այդ առիթով նրանք բոլորին հավաքվեցին Ջորջիայի ռանչոներից մեկում:
Լոպեսը նախկինում 3 անգամ ամուսնացած է եղել պրոդյուսեր Օհանի Նոայի, պարուսույց Քրիս Ջադի ու երգիչ Մարկ Էնթոնիի հետ: Վերջինից երկվորյակներ ունի՝ Մաքսին ու Էմմային: Աֆլեքն էլ 2005-ին ամուսնացել է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, ամուսնալուծվել են 2018-ին: Նրանք 3 երեխա ունեն:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: