Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի Վահե Շահվերդյանի վերջին՝ «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացման պրեմիերայից առաջ BRAVO.am-ը սեղանի շուրջ հանդիպել է Շահվերդյանի մահից հետո գլխավոր ռեժիսորի պարտականությունները ստանձնած Սարգիս Մանուկյանի ու գլխավոր դերակատարներ Նոնա Սաֆարյանի եւ Էդգար Քոչարյանի հետ:
- Ե՞րբ են սկսվել «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացման աշխատանքներն ու ի՞նչ փուլերով են անցել:
Էդգար. Ընթերցումները սկսել ենք նախորդ տարվա սկզբներին, Սուրենիչը մի քանի անգամ սկսել է ներկայացումն ու կիսատ թողել, ուզում էր այս անգամ վերջացնել, բայց ճակատագրի հեգնանքով այդպես էլ չկարողացավ: Պարտավոր էինք այն շարունակել ու, Փառք Աստծո, արդեն պատրաստ է հանձնման:
Նոնա. Փորձերին զուգահեռ սուսերամարտի ու պարերի փորձեր ունեինք, շատ մարտական էինք տրամադրված եւ ուզում էինք ներկայացումն անպայման կյանքի կոչել: Բոլորս միասին նվիրված աշխատեցինք ու հասանք վերջնագծին:
Էդգար. Սուրենիչը միշտ սիրում էր ժամանակակից հագուստներով անել ներկայացումը, բայց «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ»-ի դեպքում ցանկացավ վերադառնալ անցյալ ու այն օրերը նորովի ցույց տալ:
Լուսանկարը՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի արխիվից
- Վահե Շահվերդյանի մահն ամեն մեկիդ ու աշխատանքների վրա ինչպե՞ս ազդեց, Սարգիս, ո՞ր փուլից ստանձնեցիք ներկայացումը:
Սարգիս. (Լռություն է,-հեղ.): Բավական խառն էր ամեն ինչ, հիմնական միզանսցենները դրված էին, շորերն ընթացքում էին: Ես ներկայացման նկարչական եւ կոստյումների ձեւավորման հեղինակն էի լինելու, բայց պարոն Շահվերդյանի մահից հետո դարձա նաեւ ռեժիսորը: Մեկ ամսից ավելի ծանր վիճակում էինք եւ գործ անելու տրամադրություն չունեինք, բացի այդ էլ հասկանալի չէր՝ ինչից սկսել: Կարեւորն այն էր, որ դերասանական խումբը շատ կուռ էր ու գործն ավարտին հասցրեց:
- Այդ ծանր օրերին մտածո՞ւմ էիք, որ ամեն դեպքում ներկայացումը կարողանալու եք հանձնել:
Սարգիս. Այն ժամանակ չգիտեինք ոչինչ, բավական մշուշոտ էր իրականությունը, հետո հասկացանք, որ պարոն Շահվերդյանի վերջին խոսքն անպայման պետք է հասցնել հանդիսատեսին, ու բոլորիս համար սկզբունքային գործ դարձավ:
- Դերասանների վրա ինչպե՞ս էր այդ ամենն անդրադառնում ու ո՞նց կարողացաք հաղթահարել:
Նոնա. Օդում տխրություն կար, ու այդ օրերին չէի հավատում, որ ներկայացումը Շահվերդյանի մահվան պատճառով կարող է չկայանալ: Մինչեւ հիմա էլ հուզվում եմ ու դժվար է նրա մահն ամբողջովին ընկալել. մեզ թվում է, որ պարզապես հեռու է, ինչ-որ տեղ փորձ է անում կամ այլ երկրում է: Բայց ինչքան էլ տխուր եւ ընկճված լինեինք, փորձեցինք անել մի բան, որը հաստատ իր սրտով կլիներ: Սարգսի շնորհիվ կարողացանք գեղեցիկը պահպանելու իր գաղափարին հավատարիմ մնալ:
Լուսանկարը՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի արխիվից Վահե Շահվերդյանը
Էդգար. Մեզ համար այդքան բարդ ու ծանր էր նաեւ այն առումով, որ պարզապես դերասան ու ռեժիսոր հարաբերություններ չէին. մեզ համար ավագ ընկեր էր դարձել, որը մեզ իր տուն էր հրավիրում, կամ ինքը ներկա լինում մեր կազմակերպած խնջույքներին, նեղանում էր, եթե չէինք կանչում: Շատ մտերիմ էինք, ու դա էր ծանրացնում իրավիճակը:
- Մի քիչ Շահվերդյանի որակների մասին պատմեք՝ ինչպիսի՞ ռեժիսոր էր ու ի՞նչ հետք է թողել Վանաձորի թատրոնում:
Էդգար. Հոգատար էր ու պատասխանատվություն էր զգում բոլորի նկատմամբ, փորձում էր միշտ օգտակար լինել: Նրա ամենացցուն հատկանիշն ինձ համար առատաձեռնությունն էր՝ ոչինչ չէր խնայում որեւէ մեկի համար, ամեն ինչ պատրաստ էր տալ ու նվիրաբերել:
Նոնա. Մեծահոգի ու մեծ մարդ էր, բեմում աշխատելիս պահանջում էր, որ կերպարների նկատմամբ շատ ուշադիր լինենք: Միշտ ասում էր. «Մասշտաբ եմ ուզում տեսնել, մասշտաբ տվեք»: Մանավանդ այս ներկայացման փորձերին անընդհատ կրկնում էր. «Ուրախացրեք ինձ, չեք ոգեւորում, ուզում եմ գաք ու տրամադրությունս բարձրացնեք: Խելառ բաներ ու հիմարություններ արեք, բայց ինձ ուրախացրեք»:
- Իսկ ի՞նչն էր նրան ուրախացնում, ո՞րն էր նրա պահանջածը դերասաններից:
Նոնա. Երբ ինչ-որ տարօրինակ ու հետաքրքիր բան էր անում դերասանը, դրանից շատ էր ոգեւորվում, նա ապրում էր թատրոնի աշխարհով:
Սարգիս. Սիրում էր, որ դերասանը բեմում աշխատում է:
Էդգար. Ի միջի այլոց, Սուրենիչի հետ ստեղծագործական առումով մի հակասական պահ ունեինք. եթե փորձերին մյուսներն այդքան էլ լուրջ չեն, չեմ կարողանում առավելագույնը տրվել, վերջին փորձերին է միայն ստացվում, երբ բոլորը հավաք են ու լուրջ ստեղծագործում են: Սուրենիչը հակառակն էր ուզում ու ասում. «Ներկայացումը ձեզ համար եք խաղում, հետո էական չէ՝ լավ կստացվի, թե վատ»: Ու նեղանում էր եւ նեղացնում, եթե փորձին ամբողջությամբ չէիր տրամադրվում:
Լուսանկարը՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի արխիվից
Նոնա. Մի հետաքրքիր բան էլ կար՝ կապ չուներ կատակերգություն կլիներ, թե դրամա, կարող էր փորձերին այնպիսի մի նուրբ կետ գտնել, որ միանգամից բոլորս կհուզվեինք եւ կկտրվեինք իրականությունից: Շատ անտեսանելի ու անհավանական շերտեր էր կարողանում բացահայտել: Ներկայացումներ նայելիս էլ նոր բան էր գտնում ու ընթացքում փոփոխություններ անում:
Էդգար. «Չար ոգիներ»-ի ու «Լիր արքա»-ի դեպքում ասում էր, որ արդեն հին են ու անպայման պետք է որեւէ բան փոխել: Ավելի շատ դրամատիկ գծեր հայտնաբերելու ռեժիսոր էր, կատակերգություն քիչ է արել ու դրա համար ուզում էր այս մեկը բեմադրել:
Նոնա. Երբեմն այնպիսի կարծիքներ էր հայտնում, որ թվում էր՝ ես եմ հնաոճ ու հնադարյան, իսկ ինքը լրիվ նոր ու ժամանակակից մարդ է:
- Իսկ ինչպե՞ս էր գովում ու անո՞ւմ էր առհասարակ:
Էդգար. Երբ ասում էր «բեզդարնի» (անտաղանդ,- հեղ.), ուրեմն՝ գովում էր:
Նոնա. Եթե քեզ անդրադառնում էր, արդեն իսկ լավ էր (ծիծաղում ենք,-հեղ.):
Էդգար. Այն դերասաները, որոնց չէր անդրադառնում, նեղանում էին, որովհետեւ գիտեին՝ ում Սուրենիչը սիրում է, նրան էլ հանդիմանում է: Ասում էր. «Չե՞ս հասկանում, այդպես եմ ասում, որ քեզնից ինչ-որ բան ստանամ»:
Նոնա. Շատ բաներ կարող էր պարզապես մի հայացքով, ժպիտով կամ գլխի շարժումով հասկացնել: Նման դեպքերում մեր երեւակայությունը բացվում էր, սկսում էինք մտածել, թե ինչ կա մտքում:
«Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացման փորձին
Սարգիս. Ուսանողական տարիներին ինստիտուտում իմ վարպետն է եղել: Երբ առաջին անգամ կուրս հավաքեց, մեր բախտը բերեց, այն ժամանակից գովելու հատկություն չունի: Պարզապես ասում էր. «Լավ» (արտաբերում է Շահվերդյանի պես,-հեղ.): Եթե, օրինակ, ներկայացման փորձերին Նոնան իր առաջադրանքը լավ էր անում, չէր արձագանքում, իսկ Էդգարի արածը չհավանելու դեպքում մի 3 ժամ խոսում էր: Երբ դերասանը կարողանում էր նրա հետ աշխատելու ձեւը գտնել, շատ բան էր ձեռք բերում ու որակային տրանսֆորմացիայի ենթարկվում: Իր ներդրումը յուրաքանչյուր դերասանի հարցում շոշափելի էր: Շատ ճկուն էր մասնագիտական առումով, հաճախ այնպիսի բեմական լուծումներ էր գտնում, որ զարմանում էիր:
- Յուրովի էր կարողանում զգալ ժամանակի պահանջները:
Սարգիս. Շահվերդյանի կյանքի վերջին տարիներին նրա մասին արած ամենամեծ բացահայտումն այն էր, որ բավական երիտասարդ ռեժիսորների հետ իր լուծումներով կարող էր մրցել: Բացի այդ էլ, Վահե Շահվերդյանը միայն հայկական անուն չէր, նրան ճանաչում էին ու հրավիրում բեմադրություններ անել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, ու ոչ միայն հայ համայնքները:
Էդգար. Թբիլիսիի Ադամյանի անվան նորակառույց հայկական թատրոնը սպասում էր, որ նրա բեմադրած «Պեպո»-ով բացվի, Գյումրու թատրոնը 5 տարի է՝ ուզում էր հետը Շիլլերի «Սեր եւ խարդավանքը» բեմադրել, ռուսական թատրոնում ու Պարոնյանում էր ներգրավված աշխատանքներում:
- «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացումը Շահվերդյանի վերջին աշխատանքն է, որքանո՞վ է դա մեծացնում պատասխանատվությունը: Սարգիս, փոփոխություններ արե՞լ եք, թե՞ հավատարիմ եք մնացել նրա ձեռագրին:
Սարգիս. Ինձ համար կարեւոր էր հավատարիմ մնալ Շահվերդյանին, բայց գիտեմ, որ ամեն ինչ նույնությամբ պահել էլ չէինք կարող: Աշխատել եմ նրա էսթետիկայի մեջ ու իր առաջ քաշած դետալներով:
Նոնա. Ովքեր փորձերը նայել են՝ միշտ ասել են, որ ձեռագիրը նույնն է:
Սարգիս. Երկար ժամանակ է թատրոնում եմ, թեեւ շարֆն ու բերետը չկան (դրանք Շահվերդյանի ոճի անբաժան մասն էին,-հեղ.), բայց հենց այս վերջին ներկայացման աշխատանքային ընթացքն է ինձ համար բացահայտում եղել: Տպավորված եմ դերասաններով ու նրանց համախմբվածությամբ, անգամ՝ զարմացած: Այնպես սկզբունքայնորեն են տրվել այս գործին ու նվիրվել մեկը մյուսին: Եթե անգամ ես որեւէ փորձի ներկա չլինեի, միեւնույն է՝ այն կայանում էր: Մի օր բավական զայրացա, գոռգոռացի ու դուրս եկա, այդպես էլ է լինում, միջանցքում լսում էի, որ շարունակում են խաղալ: Այդպես մինչեւ վերջ էլ չեկա, նեղացել էի:
- Ռեժիսորը կարո՞ղ է նեղանալ ու գնալ (ծիծաղում ենք):
Սարգիս. Կարող է: Մի ամբողջական մարմին էինք դարձել, ու եթե գլուխը կամ մարմնի այլ մաս պոկվեին, անմիջապես դրանց փոխարեն ուրիշները կառաջանային, անկասելի էինք: Չնայած դժվարություններին՝ բոլորը շատ ուժեղ գտնվեցին: Գեղարվեստական խորհրդի քննարկման ժամանակ զարմացել էին մեր ջահելների վրա: Բայց մտածում եմ՝ ինչպիսին էլ լինի թատրոնի ապագան, նրանցով է պայմանավորված լինելու: Տեսնում եմ բոլորի ցանկությունը, եւ հենց դրա համար էլ շատ ուրախ եմ ու վստահում եմ նրանց: Ուսերիցս ավելի մեծ քար ընկավ ոչ թե ներկայացումը հանձնելու համար, որքան դրանում համոզվելու:
«Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացումը
- Պրեմիերայից առաջ ի՞նչ անհանգստություն ունեք, ո՞նց են անցել վերջին օրերը:
Նոնա. Հենց այս պահին էլ՝ մեր զրույցի ընթացքում, կերպարները հասունանում են, անկախ մեզնից՝ մեր ուղեղում են ու մեզ հետ քայլում են: Հուսամ՝ այնքան կհասունանան, որ ամսի 17-ին ծնվեն (ծիծաղում է,-հեղ.): Առհասարակ` կերպար որոնելու ընթացքն անվերջ է:
Էդգար. Ամեն ինչ պատրաստ է: Ճիշտ է՝ հանգիստ լինել պետք չէ, բայց գեղարվեստական խորհուրդը գործը հավանել է, ու խիղճներս հանգստացել է: Լարվածությունը մի քիչ թուլացավ, բայց պատասխանատվությունը մնում է բարձրակետին: Դերասանի համար կարեւոր է լարվածության եւ հանգստության որոշակի չափաբաժին ունենալ, որ չթուլանա, ստեղծագործի եւ իմպրովիզներ անի:
Սարգիս. Գիտեն, որ խորհրդի հավանելը դեռ քիչ է:
- Ի վերջո, ամենակարեւորը հանդիսատեսն է, որը դեռ պետք է հավանի ներկայացումը: Ինչպիսի՞ն է Վանաձորի հանդիսատեսը:
Նոնա. Շատ պահանջկոտ ու նրբանկատ:
Սարգիս. Միշտ գլուխ եմ գովում, որ նման հանդիսատես ունենք:
Էդգար. Պարոն Ղազանչյանն ամեն անգամ Վանաձոր գալիս ասում է, որ հիանում է մեր հանդիսատեսով: Թեեւ քանակապես շատ չեն, բայց որակապես բավական լավ ու մեզ սիրող հանդիսատես ունենք: Տնտեսական վիճակն ու արտագաղթն ազդել են քանակի վրա:
Սարգիս. Մոտ տարիներին կավելանան, Երեւանից էլ են գալիս:
«Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացումը
- Մի քիչ ձեր կերպարներից խոսենք ու բացահայտումներ անեք ընթերցողների համար:
Նոնա. Երբ պիեսը նոր էի կարդացել, առաջին տպավորությունս այն էր, որ բարքերն են թելադրում պարտադիր ամուսնանալ, որպեսզի հերոսուհիս կարողանա իր ուզած կյանքով ապրել: Բայց վերջերս սկսեցի ավելի լավ ծանոթանալ Մարգարիտային ու հասկանալ նրան: Նա ապրում է իր քմահաճույքներով ու ամուսնացած լինելն էլ իր հետաքրքրությունն ունի, կարծես՝ նոր խաղ է:
Էդգար. Մարմնավորում եմ Լեոնին, որը քրոջ միջոցով իմանում է մի համեղ պատառի մասին եւ վստահ է՝ հիմարի դեր խաղալով, կարող է հասնել նրա հարստությանը: Բայց Սուրենիչի հետ քննարկումների ժամանակ հասկացանք, որ կերպարը փոքրանում է, երբ միայն փողի է ձգտում, ավելի է հարստանում, երբ Լեոնը սկսում է իսկապես սիրել: Անգամ տեսարան ունենք, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ Մարգարիտան գրավում է նրան: Նրան դուր է գալիս, որ Լեոնը չի զայրանում կամ զարմանում իր կամակորությունները տեսնելով, բայց սերն էլ չի պակասում: Հենց Մարգարիտայի այդ տեսակն եմ հավանում ու նա էլ ինձ է սկսում սիրել, իրականում սերն է նրան սանձում:
Նոնա. Մի բան է, որ շրջապատի մարդիկ քեզնից շահ ունեն ու դրա համար են ենթարկվում ու «սիրում», մեկ այլ բան, որ քեզ տալու ոչինչ չունեն, եւ դու նրանց հետ երջանիկ ես զգում: Մարգարիտան ժառանգորդուհի է ու երբեք էլ չի մտածել, որ սիրո կարիք ունի, ժամանակ էլ չի ունեցել այդ մասին խորհելու: Միշտ ստացել է այն ամենն, ինչ ցանկացել է: Լեոնը սիրում է նրան այնպիսին, ինչպիսին կա, դա էլ Մարգարիտային ստիպում է ավելի լավը դառնալ, որովհետեւ սիրած մարդու համար ամեն օր ես ուզում այդպիսին լինել:
«Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացումը
- Իսկ կերպարներից որեւէ բան սովորո՞ւմ եք, ինքներդ եք նրանց ստեղծում, իսկ ինչպե՞ս են փոխհատուցում:
Նոնա. Հետաքրքիր հարց է:
Սարգիս. Չի կարող մեկն առանց մյուսի լինել:
Էդգար. Փորձում եմ կյանքում անընդհատ սովորել, անգամ՝ իմ երեխաներից, ամեն պահ որեւէ բան եմ քաղում ու, հավատացեք, անգամ Լեոնից եմ նման որակներ վերցրել: Շատ չակերտներ չեմ բացի, բայց սովորել եմ որոշակիորեն տանել կնոջ քմահաճույքներն ու մի քիչ ավելի զուսպ լինել: Էմոցիոնալ եմ, փոխարենը Լեոնն է սառնասիրտ ու իրեն զսպում է այնպիսի իրավիճակներում, երբ տղամարդը կարող էր պարզապես պայթել: Փորձում եմ այդ զսպվածությունը սովորել:
Նոնա. Մարգարիտայից սովորել եմ ավելի ուշադիր լինել ցանկացած մանրուքի նկատմամբ: Վերջերս հասկացա, որ անկախ ինձնից բեմում առաջինը նայում եմ բոլոր տղամարդկանց կոշիկներին:
«Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացումը
-Ի՞նչ է տալու ներկայացումը մարդկանց ու ի՞նչ նորություն է բերելու մեր թատերական աշխարհ:
Նոնա. Կապ չունի՝ քո քաղաքում, երկրում կամ աշխարհում ինչ կկատարվի, ցանկացած պայմաններում պետք է փորձել սեր գտնել ու այն պահպանել: Պիեսը գրելու ընթացքում Իսպանիան պատերազմի մեջ էր գտնվում, բայց հեղինակները ցույց են տալիս այդ ամենի հակառակ կողմը՝ կյանքի ու սիրո դրսեւորումները: Հիմա մեր երկիրն էլ ծանր վիճակում է՝ դժբախտ դեպքերի, զոհերի ու վիրավորների մասին ենք անընդհատ իմանում: Սերը հույս է տալիս բոլորին, եւ նման ներկայացումները պետք է նայել:
Սարգիս. Մեր ժողովուրդը սիրում է դարդի մեջ լինել, թող մի քիչ էլ ուրախանան:
Էդգար. Հրաշալի ներկայացում ունենք Եղեռնի մասին՝ «Մեկ ժամ հիշողությունը», բայց Սուրենիչն այնպես է արել, որ ոչ մի արյուն չլինի, դա նաեւ Կարինե Խոդիկյանի պիեսով է պայմանավորված: Այն տարվա լավագույն ներկայացում է ճանաչվել, բայց քանի որ կյանքն առանց այն էլ դժգույն է, մարդիկ ուզում են թատրոնում ուրախանալ, դրա համար նման ծանր գործեր քիչ են նայում:
«Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացումը
Սարգիս. Թատրոնում որեւէ բան չի կարող լինել սովորական, դրան փողոցում էլ կարող են ականատես լինել, բեմի վրա ամեն ինչ պետք է տարբերվի՝ ուրախն էլ, տխուրն էլ, դրաման էլ, ֆարսն էլ լինեն կախարդական: Եթե բեմից ես ցույց տալիս, ուրեմն ասելիք է պետք ունենալ, իմաստավորված անել, անդրադառնալ այդ պահին հասարակությանը հուզող խնդրի: Ռեժիսորի անձնական խնդիրն էլ կարող է լինել ներկայացման հիմքում, բայց եթե կարողանում է դրանով հանդիսատեսին սովորելու ու մտածելու առիթ տալ: Կարեւոր է, որ մարդիկ բեմին այնպիսի բաներ տեսնեն, որ թատրոնից դուրս գալուց հետո չմոռանան: Եթե նրանց մեջ ինչ-որ բան շարժեցիր, ուրեմն՝ որոշ չափով հասել ես քո ուզածին:
Էդգար. Թեեւ ճանապարհներն այնքան էլ լավ վիճակում չեն, բայց մարդկանց կհրավիրենք Վանաձորում վայելել ներկայացումը:
Սարգիս. Մի քիչ խաղանք, գարունն էլ կգա, այդ ժամանակ թող անպայման գան դիտելու: Ներկայացմանն էլ ժամանակ է պետք, ճաշի պես պիտի եփի, որ համերը խառնվեն իրար:
Էդգար. Ամեն դեպքում թող չսպասեն հյուրախաղերի ու գան հենց Վանաձորում այն նայելու:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աբելյանի անվան թատրոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: