×


Սեղանի շուրջ «Վիյի» հետ. միստիկա, տարօրինակ միջադեպեր եւ արյուն՝ բեմում

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվել է նոր ներկայացմամբ: Նորա Գրիգորյանը բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Վիյ» պատմվածն ու ստացել մեծերի համար սարսափելի հեքիաթ: Հենց դրա մասին էլ BRAVO.am-ի համար սեղանի շուրջ զրուցել են ռեժիսորը, դերակատարներ Մանվել Խաչատրյանը, Լիլյա Մուկուչյանը, Իրինա Հարությունյանն ու Գրիգոր Խոջայանը:

- Հետաքրքիր է, թե ամեն մեկիդ համար ո՞րն է մանկության առանձնացող հեքիաթը:

Գրիգոր. «Կռնատ աղջիկն» է, որը վատ առումով է տպավորել ու հետք թողել ինձ վրա: Նման հեքիաթներ երեխաների համար պետք չէ կարդալ, կմեծանան ու նոր կծանոթանան:

Իրինա. Ինձ վրա էլ մանուկ հասակում «Գիքորն» է ազդել, հոգեբանական տրավմա է թողել, թեեւ հեքիաթ չէ, բայց սարսափելի ծանր էր: Հիմա փոքր երեխա ունեմ ու վերջերս անընդհատ նայում էինք «Գնդիկ բոքոնիկը», շատ դաժան հեքիաթ է, մանավանդ վերջին նկարահանած տարբերակը, երբ աղվեսն ուտում է ու ասում. «Իսկ հիմա ժամանակն է քնելու» եւ մոմը հանգցնում է: Մտածեցի՝ այս ինչ եմ միացնում երեխայիս համար:

Լիլյա Մուկուչյանը եւ Մանվել Խաչատրյանը


Մանվել. Նույն կերպ էլ «Կարմիր գլխարկն» է սարսափելի:

Իրինա. Բայց վերջում Կարմիր գլխարկը գոնե փրկվում է:

Լիլյա. Ես Գրիմ եղբայրների հեքիաթները կառանձնացնեմ, բայց այդ ժանրն ինձ վրա մանկուց որեւէ տպավորություն չի թողել, թեեւ շատ եմ կարդացել՝ ռուսական ժողովրդական հեքիաթներ, Հովհաննես Թումանյան:


Նորա. Երեւի 10 տարեկան էի, երբ մեր տանը գտա կապույտ գիրք, որը կոչվում է «Կախարդված նավը»՝ մարդիկ հայտնվում էին նավի վրա, որտեղ միայն հոգիներ էին: «Կարմիր գլխարկն» էի շատ հավանում, ու ինձ պատում են, որ քրոջս ստիպում էի մոտ 20 անգամ կարդալ ինձ համար:

Լիլյա. Որ այդ գիրքը նշեցիր, «Կապույտ մորուքը» հիշեցի, էլի տարօրինակ հեքիաթ է:

- Չէի պատկերացնում, որ այսքան միստիկ ու վախենալու հեքիաթներ կնշեք (ծիծաղում ենք,-հեղ.) ու ճիշտ անցում կկատարենք ներկայացմանը. «Վիյի» մասին ե՞րբ եք առաջին անգամ լսել ու կպատկերացնեի՞ք, որ ինքներդ էլ դրանում կխաղաք:

Գրիգոր. Դպրոցում եմ առաջին անգամ լսել, բայց չեմ կարդացել, հետո ինստիտուտում ծանոթացա գործին եւ ինձ հետաքրքրեց:

Լիլյա. Մի քանի անգամ կարդացել եմ ու հատկապես գիշերը, որ վախենամ, բայց չէի պատկերացնում, որ այն հնարավոր է բեմադրել:

Մանվել. Առաջին հանդիպումը «Վիյի» հետ ֆիլմի տեսքով է եղել, քանի որ սովետական առաջին սարսափն էր, ու պարտադիր դիտում էինք: 2-րդ անգամ հանդիպեցինք տիկնիկային թատրոնում, ու խաղացի նույն դերը (Խոմա Բրուտ), այս մեկն արդեն 3-րդն է: Ստանիսլավսկիում դիտելու էր եկել նախորդ բեմադրության ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն ու ասաց, որ ընդհանրապես նման չէի նախորդ կերպարիս, ինչն, իհարկե, գովասանք էր:

Մանվել Խաչատրյանը եւ Իրինա Հարությունյանը


Իրինա. «Վիյն» իմ սիրելի գործերից չի ու պարտադրողաբար եմ կարդացել վաղ տարիքում, հետո հետն ինստիտուտում առնչվեցի, քանի որ քննության համար փոքր հատված պետք է բեմադրեինք, բայց չէի պատկերացնում, որ մի օր ինքս կխաղամ: Շատ սնահավատ եմ ու, Փառք Աստծո, որ իմ տեսարաններն ընդհանրապես միստիկ չեն. ես ներկայացման մեջ կենցաղ եմ մտցնում, սեր ու կյանք:

- Նորա, ինչպե՞ս աշխատեցիք այդ բարդ ու Լիլյայի նշած չբեմադրվող գործի հետ:

Նորա. Ես էլ դպրոցական տարիքում այն կարդացել եմ, հետո ինստիտուտում ենք վերլուծել ու փորձել հասկանալ՝ ինչպես բեմադրել, ֆիլմն էլ նայել եմ: Այդ ընթացքում անընդհատ պիես էի փնտրում, որ բեմադրեմ, ու Մոսկվայում տեսա Սերգեյ Ֆեդոտովի ներկայացումը:

Լիլյա. Փնտրելը որն է, մի 4-5 ամիս դրանով էր զբաղվում, ինձ էլ էր խնդրել լավ գործ գտնելու դեպքում ուղարկել իրեն, բայց ոչինչ չէր հավանում, մի օր էլ գրեցի. «Կարծես ոչինչ էլ չես ուզում բեմադրել, ինձ մի տանջիր, էլ չեմ ուղարկելու» (ծիծաղում ենք,-հեղ.), ու Նորան մեկնեց Մոսկվա:

Նորա. Ոգեւորված վերադարձա, ի դեպ, միստիկ բաների հավատում եմ: Ֆեդոտովի հետ ծանոթացանք ու համարներով փոխանակվեցինք, բայց երբ նրան գրեցի, չպատասխանեց: Արդեն հայտնել էի, որ Գոգոլ եմ բեմադրելու ու, մոտավոր երկխոսությունները հիշելով, ստիպված սկսեցի պիեսը գրել: Մի օր եկա մեր «Չսեր» ներկայացումը դիտելու ու դրսում Ֆեդոտովին տեսա, մտածեցի՝ հնարավոր չէ, որ ինքը լինի (ծիծաղում է,-հեղ.): Թաքուն Google-ում բացեցի նկարն ու սկսեցի համեմատել: Մոտեցա ու ասացի. «Սերգեյ Պավլովիչ», արձագանքեց, հաստատ ինքն էր (ծիծաղում ենք,-հեղ.): Ինձ հիշեց ու զարմացավ, թե ինչու չեմ զանգել, այդպես էլ ամեն ինչ սկսվեց, նա ուղարկեց պիեսը, եւ աշխատանքները մեկնարկեցին:

Գրիգոր Խոջայանը եւ Նորա Գրիգորյանը


Մեկ միստիկ բան էլ եղավ՝ պրեմիերան նշանակված էր նոյեմբերի 26-27-ին. ուղիղ մեկ տարի առաջ այդ օրը հայրիկիս 85-ամյակին նվիրված հիշատակի երեկոն էր, որի ժամանակ Մանվելը «Ռեւիզոր»-ից հատված էր կարդում, մտածեցի, թե Գոգոլն այս ինչ կերպ է գրել՝ չենթադրելով, որ մի օր ինքս եմ նրան բեմադրելու:

Լիլյա. 2 տարի առաջ «Չսեր» ներկայացման հանձնումից հետո Կամերայինի դերասանուհիներն ինձնից հարցազրույց վերցրին, որում Նորային դիմեցի ու խնդրեցի ինձ վհուկի դեր տալ: Այնպես որ, հետեւեք ձեր խոսքերին, դրանք իրականանում են:

- Ինչպե՞ս իմացաք, որ «Վիյ»-ում ներգրավված եք լինելու ու առաջինն ի՞նչ մտքեր ունեցաք:

Մանվել. Ինչպես թատրոնի բոլոր լուրերը, այդ մեկն էլ ինձ Լիլյան հայտնեց: Միակ մտավախությունս այն էր, որ հանկարծ նախորդ դերիս հետ կրկնություն չստացվի:

«Վիյ» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում


- Իսկ ի՞նչ արեցիք, որ նույնը չստացվի՝ ռեժիսորի՞ օգնությամբ էր, թե՞ բեմադրության շնորհիվ:

Մանվել. Կանխազգացմամբ լրիվ նոր կերպար ստացվեց, ռեժիսորն ու բեմադրությունն էլ դրան նպաստեցին:

Լիլյա. Լեզուն արդեն իսկ տարբեր է. առաջին անգամ նա հայերենով էր խաղացել, իսկ հիմա մենք գործ ունենք բնօրինակի հետ: Ոչ մի դեպքում էլ չի կարող նույնը ստացվել, բացի այդ էլ, լավ դերասանը չի կարող կրկնել:

- Իսկ Դուք ինչպե՞ս վհուկ դարձաք ու խաղացիք Ձեր այդքան ցանկալի դերը:

Լիլյա. Վայ, այդ հարցի շուրջ չենք կարողանում ընհանուր հայտարարի գալ ռեժիսորի հետ (ծիծաղում ենք,-հեղ.): Ի՞նքն է ինձ տվել դերը, թե՞ ես եմ խնդրել: Արդեն հայտնի էր, որ «Վիյն» է բեմադրելու, բայց չէր ասում՝ արդյոք ես էլ կամ ներկայացման մեջ: Չդիմացա ու ինքս հարցրի, պատասխանեց. «Բնականաբար, կաս» (Նորան ծիծաղում է,-հեղ):

Գրիգոր Խոջայանը եւ Նորա Գրիգորյանը


Նորա. Մյուս կնոջ կերպարն Իռայինն է, բոլոր դերասանուհիները սիրահարված են այդ դերին:

Լիլյա. Ասացի Նորային. «Տուր ինձ վհուկի դերը, շատ եմ խնդրում», գործին ծանոթ էի ու գիտեի, որ վհուկը նաեւ բավական երիտասարդ պաննա է դառնում, թեեւ էլ այդ տարիքում չեմ, բայց համոզված էի, որ մի բան կստացվի: Բայց սցենարը կարդալուց հետո Պարասկային սիրահարվեցի ու մտածեցի. «Այ հիմար, ինչի՞ վհուկին ուզեցիր, ահա հիանալի դեր», հետո իմացա, որ այն Իրինա Հարությունյանն է խաղալու:

Նորա. Իմ առաջին աշխատանքն է Իռայի հետ:

Իրինա. Երեւի արդեն ես պատմեմ իմ կերպարից:

Մանվել Խաչատրյանը եւ Իրինա Հարությունյանը


- Իսկապես բացահայտեք այդ երազանքի դերը, որը բոլորին գրավում է (ծիծաղում ենք,-հեղ.):

Իրինա. Ես էլ սիրեցի իմ կերպարը, այդքան էլ ճիշտ (Մանվելն է փռշտում,-հեղ.): Չնայած՝ իմ յուրաքանչյուր կերպար, անգամ եթե դուրս չի գալիս, ինձ ստիպում եմ սիրել, քանի որ առանց դրա ոչինչ չի ստացվի:

Մանվել. Առանց սեր չկա գարուն (երգում է,-հեղ.):

Իրինա. Նորայի հետ մեր առաջին աշխատանքն է այս կարգավիճակում, հակառակն ենք ունեցել, երբ նա փոքրիկ բալիկ էր ու իմ բեմադրած հեքիաթում արքայադուստր էր խաղում:

«Վիյ» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում


Նորա. Հիմա դու էլ իմ հեքիաթի արքայադուստրն ես (ծիծաղում ենք,-հեղ.):

Մանվել. Գյուղի ու կազակների արքայադուստրը (ծիծաղում ենք,-հեղ.):

Իրինա. Հետաքրքիր աշխատանքային ընթացք էր, տարբեր դերասաններից լսել էի, թե ինչպիսին է Նորան: Նրա ամենալավ հատկանիշներից մեկն այն է, որ իր դերասաններին շատ է վստահում: Իմ ամենաչսիրած բան է, որ սեփական հավակնությունների համար դերասանին խամաճիկի պես օգտագործում են: Նորան չի խանգարել, հակառակը՝ շատ է օգնել, ու ամեն ինչ քննարկել ենք: Մեր նկարչուհին ինձ համար վառ ու գունավոր գլխազարդ էր նախատեսել, բայց ֆոտոնկարահանման ժամանակ զգացի, որ այն խանգարում է, այդ մասին Նորային ասացի, եւ նա իմ կանխազգացմանը վստահեց:

Իրինա Հարությունյանը եւ Հասմիկ Բաբայանը


Գրիգոր. Ես ներկայացման մեջ պետք է փոքր դեր ունենայի:

Իրինա. Փոքր դերեր չեն լինում:

Գրիգոր. Ճիշտ է՝ կան մեծ ու փոքր դերասաններ: Տեսա, թե ներկայացման մեջ ինչպիսի դերասաններ են ընդգրկված. իրենք ինձ համար դեւեր են, ու ցանկացա նրանց հետ աշխատել, որ ինձ ուտեն:

Մանվել. Բայց ինքը մեզ կերավ:

Լիլյա. Կեցցես, շատ լավ աշխատեցիր:

Գրիգոր. Նորային հարցրի. «Հնարավո՞ր է ավելի մեծ մասնակցություն ունենալ», ու նա ինձ այդ հնարավորությունը տվեց:

«Վիյ» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում


Նորա. Վատ զգացի, թե ինչու չեմ վստահել Գրիգին, որովհետեւ իր լավ աշխատանքներից տեսել եմ ու բացահայտում է եղել ինձ համար: Երբ առաջարկեց, միանգամից համաձայնեցի: Կազմվածքից մինչեւ ձայնային տվյալները լրիվ համապատասխանում են կազակի դերին, ու հուսախաբ չարեց: Կան դերեր ու կատարումներ, որ թատրոնի ներսում ուրախություն են դառնում, այդպիսին է նաեւ Գրիգի այս կերպարը: Կարողացել է անել ավելին, քան սպասում էինք:

Գրիգոր. Ու ավելի մեծ պատասխանատվություն դրվեց ինձ վրա, ինքս էի ուզել կազակ լինել, սկսեցի ուսումնասիրել, ամեն տեղից մի բան վերցնել, համոզեցի, որ ինձ պոչիկ կպցնեն:

- Վախ չկա՞ր, որ այն ամեն պահ կարող է պոկվել:

Գրիգոր. Իհարկե, կար, ամեն անգամ, երբ Իռան այն բռնում է, թեեւ գիտի՝ ինչպես ճիշտ պահել, բայց, երդվում եմ, սկսում եմ դողալ, որ հանկարծ չպոկվի:

- Լիլյա, երբ հայտվում եք կիսակորացած ծեր կնոջ կերպարում, դժվար է պատկերացնել՝ ինչպես է հնարավոր այդպես քայլել ու խոսել: Ո՞նց եք վերափոխվել ու գտել անհրաժեշտ ձայնը:

Լիլյա. Փնտրտուքները տան խոհանոցում եմ արել. դուռը փակում էի, ձայնագրվում ու Նորային տարբերակներ ուղարկում, վերջնականը նա է ընտրել: Իսկ տատիկ ստանալն ինձ համար ամենահեշտն է եղել, ինտուիտիվ է ստացվել, տանն էի նրա պես քայլում, փորձասենյակում:

Լիլյա Մուկուչյանը


Մանվել. Ավտոբուսում (ծիծաղում ենք,-հեղ.):

Իրինա. Տե՞ղ էին տալիս, Լիլ:

Լիլյա. Ավելի դժվար էր վհուկ դառնալ, բայց ամեն դեր իր հատուկ էներգետիկան է բերում ու ենթագիտակցական մակարդակում է ստացվում, մարմինս է միանում: Հեղինակն էլ է շատ օգնում. եթե պիեսը մի սովորական Պետրով կամ Իվանով գրած լիներ, նրա ազդեցությունը երբեք չէր զգացվի, բայց երբ հանճարի հետ գործ ունես, նա քեզ օգնում է կամ էլ ոչնչացնում: Նման հեղինակները վտանգավոր են, ու ձախողվելը շատ հեշտ է: Բայց այս անգամ Գոգոլը մեզ օգնեց:

- Իսկապե՞ս օգնեց, ինչպե՞ս նպաստեց, որ ներկայացումը կայանա:

Նորա. Ինձ էլ է թվում, որ օգնեց: Տարօրինակն այն էր, որ որոշակի փուլերում բացասական բաներ ու կոնֆլիկտներ էլ են եղել, բայց դա շրջան էր, ու պետք էր այդ ամենը հաղթահարել: Կարեւորն այն էր, որ յուրաքանչյուրս այդ միստիկի ու նեգատիվի մեջ իրար անընդհատ ուժ էինք փոխանցում ու ասում. «Դու կարող ես, կստացվի»: Օրինակ, վերջաբանի տեսարանը շատ երկար էինք փնտրում, տեքստի էներգետիկան շատ ուժեղ է, դրա համար այդ կտորը նույնիսկ շատ քիչ էինք փորձում:

Լիլյա. Այո, միայն վերջում ենք սկսել փորձել: Ներկայացումն արդեն պատրաստ էր, բայց վերջաբան չունեինք: Ես, Մանվելն ու Նորան փակվում էինք փորձասենյակում ու փորձում գտնել այն: Խնդրում էի մյուսներին տուն ուղարկել, սովորաբար, նման բան երբեք չեմ անում, դա էլ գործի յուրահատկությունից էր:

Մանվել. Ինտիմ բան կա այդ հատվածում:

Լիլյա. Ու նաեւ շատ վտանգավոր, երբ վհուկը կանչում է սատանային, այդ մենախոսությունը բավական էպիկ է:

«Վիյ» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում


Նորա. 4 բալիկ ունեմ, մինչեւ երեկոյան նրանց քնեցնում էի, գիշերն էի պարտադիր նյութի վրա աշխատում: Սովորաբար, ասում են, որ վերջաբանը վերջում է գալիս, բայց ես շատ էի անհանգստացած, քանի որ ժամանակն էր, բայց այն դեռ չունեինք: Մի երեկո մինչեւ գիշերը ժամը 2-ը վրա-վրա կարդում էի ու միանգամից նկատեցի չերեւացող բան, Լիլյային էլ գրեցի. «Այդ աղջիկն ինքն էլ է ուզում բուժվել», հենց դա բանալի դարձավ, թե ինչպես ասի. «Տանջվում եմ ես, խեղդվում եմ ես»:

Լիլյա. Լավ հուշում էր ռեժիսորից, թե ոնց արտաբերեմ այդ բառերը, այդ հատվածում կերպարս համարյա արտասվում է, վատ զգում ու ցանկանում, որ այդ ամենն ավարտվի:

Նորա. Ու դրանից հետո ամեն ինչ սկսեց սահուն գնալ. լուծումը գտանք:

«Վիյ» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում


Գրիգոր. Կարո՞ղ եմ մեր աղջիկներին գովել, ովքեր ներգրավված էին միստիկ, պարի տեսարաններում, նրանք կարողանում են մթնոլորտը շատ ազդեցիկ պահել, լուսային էֆեկտներն էլ շատ լավն են ու նպաստում են, որ խորհրդավորությունը չպակասի ներկայացման ողջ ընթացքում:

Նորա. Առհասարակ, բոլորը՝ լույսի ու երաժշտության մասնագետները, բեմի մոնտաժողները, դերասանները, կոստյումների հեղինակները, իրենց գործով են զբաղվել ու նպաստել, որ ներկայացումը ստացվի, ինչպես նաեւ՝ պլաստիկ դերակատարները: Հաջողության չասեմ, գլուխ չգովեմ, բայց լավ արդյունքի գրավականներից մեկը նաեւ դա է:

Գրիգոր Խոջայանը եւ Նորա Գրիգորյանը


- Կպատմե՞ք Ձեր սիրելի տեսարանների մասին, որոնք առավել հաճույքով եք խաղացել:

Լիլյա. Ես ասեմ էլի: Առաջին գիշերն է, երբ ես պառկած եմ, Մավը պետք է մոտենա, նայի ու ասի. «Ինչպիսի մահացու, կուրացնող գեղեցկություն»: Երբ մոտենում է, ակամայից նայում եմ նրան, չգիտեմ՝ դա որեւէ կերպ օգնում է, թե չէ, բայց այդպես եմ անում:

Մանվել. Շատ ես օգնում:

Լիլյա. Միայն տեսնեք, թե ինչպես է վախենում ու դողում, այնքան մեծ ցանկություն ունեմ ասելու. «Մի վախեցիր, ես եմ» (ծիծաղում ենք,-հեղ.): Աչքերում այնպիսի սարսափ կա, դա խոսում է նրա մասնագիտական բարձր սանդղակի մասին: Միշտ սպասում եմ, թե երբ է մոտենալու:

Մանվել. Ինձ համար վերջաբանի մենախոսությունն է ազդեցիկ, ամեն դերասանի համար, երեւի, երազանք է: Չեմ կարող պատմել, թե ինչ եմ զգում, որովհետեւ հնարավոր էլ չէ բացատրել, պոկվում եմ ամեն ինչից: Շնորհակալ եմ, որ ինձ նման հնարավորություն է ընձեռվել:


Լիլյա. Երբեմն մեղադրում են, որ վերջում քիչ լույս կա: Սիրելիներս, մեզ մոտ այն դեռ շատ է, Գոգոլի գործում լրիվ մթություն է:

Իրինա. Իմ ու Մանվելի կերպարների միջեւ շատ հետաքրքիր քիմիա կա, այնքան եմ հավատում, որ իրեն իսկապես սիրում եմ, ու այս մանրապճեղ տղան կարող է սիրել նման կնոջ: Հատկապես շատ եմ սիրում ամուսնության առաջարկությունը. միակ տեսարանն է, որ ամեն անգամ տարբեր է ստացվում, դեռ այնքան բաներ ենք նորովի անում: Արդեն 2-րդ ներկայացումն է, որ մեզ հետ շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում բեմի վրա: Պրեմիերայի օրը ափսե ջարդվեց, հետո շիշը հանկարծակի մանր բեկորների վերածվեց, բայց բավական արագ կողմնորոշվեցի՝ ինչ անել:

Լիլյա. Ես որ հաստատ ելքը չէի գտնի, այդ տեսարանից հետո աղջիկները պետք է բարակ կոշիկներով պարեին, բայց համոզված էի, որ Իռան մի բան կանի, ու իսկապես սկսեց կերպարի մեջ գործել ու տեքստ էլ ասել. «Մի կողմ քաշվեք, հիմա ես ամեն ինչ կհավաքեմ»:

Նորա. Ներկայացման մաման է:

Իրինա. Վազեցի կուլիսներ ու գոռացի. «Ավել»: Երբեք մեր բեմն այդպիսի սիրով չեմ ավլել, ինչպես այդ օրը (ծիծաղում ենք,-հեղ.):

Գրիգոր Խոջայանը


Գրիգոր. Ես էլ ասեմ, թե ամսի 27-ի ներկայացմանն ինչ եղավ. Մավը դանակ էր փնտրում, որ ներսի էներգիան հանի, ու այն խփեց սեղանին, որի վրա անհնար է որեւէ բան ամրացնել: Ստացվեց, բայց արդյունքում ձեռքն էլ վնասեց հենց այն պահին, երբ ներկայացումը պետք է սկսվեր:

- Փաստորեն դրա համար ողջ ներկայացման ընթացում, Իրինա, տարբեր պատրվակներով նրա ձեռքը փաթաթում էիք:

Իրինա. Այո, շալս արյան մեջ կորել էր:

Գրիգոր. Մեր կռվի տեսարանից հետո էլ ուսերս էին արյուն դարձել:

Լիլյա. Վերջաբանի տեսարանում էլ արյունը դեռ չէր կտրվել:

«Վիյ» ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում


Մանվել. Մտածում եմ՝ այս ամենն ո՞ւր եք տեղավորելու (դիմում է ինձ, ծիծաղում ենք,-հեղ.):

Գրիգոր. Իմ սիրելին էլ վերջին տեսարանն է, շատ տպավորիչ է ստացվել, իսկ իմ մասնակցությամբ հատվածներից Սերգեյի հետ մենախոսությունն է, որում պետք է ուտեմ, լսեմ, նայեմ, խոսեմ:

- Վերջի տեսարանն իսկապես ազդեցիկ է, Դուք՝ Լիլյա, 5 մետր բարձրության վրա եք հայտնվում, վախենալո՞ւ չէ:

Իրինա. Մյուս ներկայցմանը Նորան քեզ օդապարիկով է թռցնելու:

Գրիգոր Խոջայանը, Լիլյա Մուկուչյանը, Նորա Գրիգորյանը, Մանվել Խաչատրյանը եւ Իրինա Հարությունյանը


Լիլյա. Նորան նախապես իմացել էր, որ բարձրությունից վախ չունեմ: Ոչ մեկը չէր պատկերացնում, որ այդքան բարձր է ստացվելու՝ 2 մետրը դարձավ 5: Զգեստիս տակ հատուկ ալպինիստական հանդերձանք կա կարված, որի շնորհիվ էլ վեր եմ բարձրանում: Երբ երկար եմ մնում, սկսում եմ վախենալ ու սպասել, թե երբ կիջեցնեն:

Մանվել. Մի անգամ սխալ իջեցրին, ու ինձ վրա ընկավ (ծիծաղում ենք,-հեղ.):

Նորա. Նման աշխատանք անելն իսկապես պատասխանատու է. ամեն մարդ յուրովի է հասկանում:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի եւ Ստանիսլավսկու անվան թատրոնի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW