×


«Անձամբ նրան չեմ էլ ճանաչում». Սոֆի Մխեյանի «Ամենա»-ն ու Բրյունետի լուսանկարով շապիկը

Սոֆի Մխեյանը երկրպագուներին խոստացավ ներկայանալ, ինչպես ինքն է գրել, «ԱՄԵՆԱանսովոր, ԱՄԵՆԱտարբերվող» կերպարով ու երգով եւ ներկայացրեց «Ամենա»-ն: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր նոր ստեղծագործության, տեսահոլովակում Բրյունետի լուսանկարով շապիկով ներկայանալու եւ ապագա ծրագրերի մասին:



Երգի հեղինակն Արտակ Հայրապետյանն է, գործիքավորողը՝ Նիկ Էգիբյանը, ոճաբանը՝ Մանուկ Ալեքսանյանը: «Արտակի հետ արդեն համագործակցել էի: Նրա նոր առաջարկը սիրով ընդունեցի, ուղարկեց «Ամենա»-ն, որն ինձ անչափ դուր եկավ: Երգը երկու ամիս է, ինչ պատրաստ էր, բայց չցանկացա լուսանկարով տեղադրել Յութուբում. ծանոթ լինելով Դավ Ակոբսի աշխատանքներին՝ նրան առաջարկեցի հետաքրքիր բան մտածել»,- ասել է Սոֆին:

Երգչուհին նշել է, որ ոճային կտրուկ փոփոխության առաջարկը Մանուկ Ալեքսանյանից է ստացել. «Շատ տարբերվող կերպարներ առաջարկեց, իսկ ես, սիրելով փոփոխություններ, համաձայնեցի: Կարծում եմ՝ նոր կերպարներով ներկայանալը միշտ հետաքրքիր է»:


Մխեյանն այս տարիների ընթացքում չի ներկայացել չափազանց համարձակ ու բաց հագուստներով: Պատասխանելով հարցին, թե արդյոք խուսափում է դրանից, պատասխանել է. «Եթե դա արվում է գեղեցիկ, էսթետիկ, ապա մարդիկ հենց այդպես էլ ընկալում են: Եթե անգամ մերկ էլ հայտնվես բեմում, բայց դա արվի շատ գրագետ, ապա ոչ ոք վատ բան չի տեսնի դրանում»:

Աննկատ չմնաց նաեւ նոր տեսահոլովակում Սոֆիի շապիկն՝ այս տարի «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի լուսանկարով. «Կարծում եմ՝ ամեն բան պարզ էր. իմ կողմից երիտասարդ, տաղանդավոր աղջնակին աջակցություն է: Այդպիսով, իրեն հաջողություն եմ մաղթել: Ինքս անձամբ նրան չեմ էլ ճանաչում»:

Բրյունետը դեռ չի արձագանքել:

Երգչուհին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին երբեք չի մտածել. «Շատ դեպքեր են եղել, երբ ասել են՝ ձեւաչափին համապատասխանում եմ ու լավ կլինի, եթե մասնակցեմ: Որպես արտիստ՝ հետեւել եմ, հետեւում եմ, եթե կարողանում եմ, աջակցում եմ եւ տարիներ առաջ նախընտրական փուլում եղել եմ ժյուրիի կազմում»: Արդյոք որոշումը կարող է փոխվել ապագայում՝ դժվարանում է ասել՝ բացատրելով, որ ժամանակն ու հանգամանքները կարող են ինչ-որ բանի բերել:


Վերջին 1.5 տարում Սոֆին բավական բուռն գործունեություն էր ծավալում: Նա ներկայացրել է 7 ստեղծագործություն, որոնցից չորսը մեծ արձագանքի են արժանացել ու լայն տարածում են գտել՝ գրանցելով մեկ միլիոնից ավելի դիտում յութուբյան հարթակում («Գնա գալիս եմ», «Բոց ու հրդեհ», «Ամպերից վեր» «Դեպի երազ»):

Շուտով Սոֆին եւս 3 ստեղծագործություն կներկայացնի: Դրանցից մեկն արդեն պատրաստ է, այն լինելու է նոր սիթքոմի՝ «Գրանդ հոթելի» սաունդթրեքը: Մյուսը լինելու է զուգերգ, բայց թե ում հետ է ներկայանալու, դեռ չի բացահայտում:

Վերջում խոսելով այն մասին, թե ինչպես են երկրում ու աշխարհում տիրող իրադարձություններն ազդում իր թե՛ ստեղծագործական կյանքի, թե՛ առօրյայի վրա, Մխեյանն ասել է. «Մենք հիմա աշխատում ենք, ապրում ենք, բայց կստենք, եթե ասենք, որ ամեն բան կարգին է: Ամեն օր արթնանալով՝ չենք հասկանում, թե որ ուղղությամբ է կյանքը գնում, փորձում ենք հարմարվել: Մի պահ կար, որ ես կտրականապես ոչինչ չէի անում, որովհետեւ իրավիճակն ու տրամադրությունս թույլ չէին տալիս: Հիմա էլ իրավիճակը լավ չէ, բայց մենք էլ ենք մարդ, արտիստ ու պետք է ապրենք՝ շարունակելով մեր աշխատանքը: Հենց հիմա էլ մենք խոսում ենք իմ սպասվող աշխատանքների մասին, բայց Արցախը դեկտեմբերից շրջափակման մեջ է:

Հույս ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի ու կկարողանանք անցնել այս ամենի միջով»:

Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոֆի Մխեյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին