Հեռուստադիտողին «Վերջին ուսուցիչը» սերիալից հայտնի Վահագն Սամվելյանն օրերս նշում էր ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է ամենաստացված տարեդարձի, երազանքների եւ պատերազմում վիրավում ստանալուց հետո իր կյանքի մասին:
Վահագնը, հիշելով իր ամենաստացված ծննդյան տարեդարձը, պատմել է. «Համավարակի թեժ փուլն էր, առանձնահատուկ բան չկար անելու, բայց մենք՝ ընկերներով, շատ լավ անցկացրինք այդ օրը: Հենց այդ տրամադրությունն եմ ցանկանում ստանալ միշտ»:
Դերասանն ունի երազանքներ ու նպատակներ՝ կապված ստեղծագործական կյանքի հետ. «Հիմա ավելի շատ դեպի թատրոն եմ ձգտում, ցանկանում եմ վերադարձնել համալսարանական հաճելի ժամանակները, երբ խաղում էի բեմում: Այս պահին ոչ մի բանով չեմ զբաղվում, բայց նպատակներս թատրոնի հետ են կապված: Ընդմիջման մեջ եմ, նախապատրաստվում եմ ծրագրերս իրականացնելուն»:
Մտածելով, թե ինչ է փոխվել այս տարիներին իր բնավորությունում՝ Վահագնն ասել է. «Ցանկացած մարդ ամեն ամիս փոխվում է, իմ կյանքի վերջին տարիներն առատ էին փոփոխություններով, որոնք օգնեցին ավելի լավ ընկալել աշխարհը: Հիմա ակնոցը, որով նայում էի աշխարհին, ավելի լավ է մաքրված»:
2020-ի սեպտեմբերի 28-ին Արցախում Վահագն Սամվելյանը ծանր վիրավորում էր ստացել՝ գանգոսկրի աջ ճակատային հատվածի կոտրվածք: Նա 12 օր արհեստական կոմայի մեջ էր: Դերասանը հավատացնում է՝ պատերազմից հետո իր կյանքում ոչ մի բան չի փոխվել. «Ուղղակի կետ էր, որով ես անցա, ու եթե չլիներ այդ կետը, կլիներ մեկ ուրիշը: Իմ դեպքում հենց պատերազմը շարժիչ ուժ հանդիսացավ մեծանալու, իրատես դառնալու համար: Երբ կոմայից արթնացա, գիտեի դեռ մեր զորամասում եմ, ուղեղս դեռ չէր ընկալել իրականությունը, տպավորություն էր, որ պատերազմը երազ էր: Հետո օրերի ընթացքում արդեն ամեն ինչ ընկալեցի»:
Նա խոստովանել է, որ պատերազմի առաջին րոպեներից միայն մտածում էր իր ընկերներին, ռազմի դաշտում գտնվող բոլոր մարդկանց օգտակար լինելու մասին: Որքան էլ զարմանալի է, նշում է՝ վախեր ընդհանրապես չի ունեցել. «Օդում մի մտածելակերպ կար՝ եթե դու այդտեղ ես, ուրեմն գործ ունես անելու, առավել եւս, եթե պատերազմ է սկսվել»:
Հեռուստադիտողները կհիշեն «Վերջին ուսուցիչը» սերիալում հայրենասեր երիտասարդի՝ Արմենի կերպարը, որն ամեն գնով ուզում էր մնալ իր հայրենի երկրում, չնայած նրան, որ ընտանիքն ուզում էր մեկնել արտասահման։ Այս դերը կերտած Վահագնն անգամ պատերազմում վիրավորում ստանալուց հետո առաջնահերթ մտածում էր Հայաստանում մնալու մասին, իսկ իր առողջական վիճակի հետ կապված մտավախություններ չուներ. «Ինձ ասացին, թե ինչ վիրահատություններ են սպասվում, ինչի միջով եմ անցնելու եւ ինձ միայն մի բան էր հետաքրքրում՝ եթե երկրից դուրս չեն հանելու, ապա ամեն ինչ լավ է»:
Դերասանը հիշում է՝ ինչ-որ պահի ունեցել է մտավախություններ իր արտաքին տեսքի վերաբերյալ, բայց վերջերս կրկին համոզվել է, որ ոչ մի տարբերություն էլ իր արտաքինում չկա:
Տեքստը՝ Տաթեւեր Լազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վահագն Սամվելյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: