×


«Երկու գումարած երկու» ներկայացման պրեմիերան, Մկոյի նոր դերը եւ սիրային պատմությունը

Ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա՝ սիրային կատակերգություն, որի կազմում ներգրավված են թատրոնի դերասանները, ինչպես նաեւ հրավիրված է Մկրտիչ Արզումանյանը, որն առաջին անգամ է հանդես գալիս ռուսալեզու թատերական նախագծում։ BRAVO.am-ը լուսանկարել է «Երկու գումարած երկու» ներկայացման առաջնախաղի հետաքրքիր դրվագները, ինչպես նաեւ զրուցել բեմադրության հեղինակի ու դերասանների հետ։

«Վաղուց միտք ունեի այսպիսի մի գործ բեմադրել եւ հանկարծակի գտա այս պիեսը, որն այդ պահին ինձ շատ հոգեհարազատ էր։ Հեղինակը Բեատա Գուլչինսկայան է, պիեսը կոչվում է «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից»։ Հունվարից սկսեցի բեմականացման աշխատանքները, իսկ փետրվարին մեկնարկեցին փորձերը. մեկ ամսում հասցրինք անել անհնարինը»,- մեր զրույցում պատմեց բեմադրության հեղինակը՝ դերասան եւ ռեժիսոր Իրա Հարությունյանը։


Նրա խոսքով՝ ներկայացումը հնարավորություն կտա հանդիսատեսին նոր գույներով ու դերասանական վարպետության նոր դրսեւորումներով ճանաչել Մկրտիչ Արզումանյանին, քանի որ բեմադրությունը միայն հումորային չէ, այստեղ հերոսները լինում են տարբեր իրավիճակներում ու տարբեր տրամադրություններում։

Ներկայացման մյուս դերերում էլ ընդգրկված են թատրոնի դերասաններ Աննա Բալանդինան, Հայարփի Զուռնաչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Իվան Ստեպանովն ու Արմեն Մարգարյանը։ Ի դեպ, Իվան Ստեփանովը երիտասարդ դերասան է Մոսկվայից, որը վերջերս է միացել թատրոնի կազմին։


Մկրտիչ Արզումանյանը խոստովանեց՝ ինչքան էլ դժվար լինի առաջին անգամ օտար լեզվով ներկայացում խաղալը, փորձել են հաղթահարել բոլոր դժվարությունները. «Հրաշալի դերասանների հետ եմ աշխատում ու հրաշալի ռեժիսորի՝ Իրա Հարությունյանի, որի հետ առաջին անգամ ենք համագործակցում։ Յուրաքանչյուր օրը մեզ համար իսկապես տոն է, ամպագոռգոռ բառեր չեմ հնչեցնում, իսկապես չենք ուզում, որ փորձն ավարտվի։ Երեկ մեզ համար շատ ծանր օր էր. երեք անգամ խաղացինք ներկայացումը, բայց երեկոյան, երբ հավաքվեցինք հետնաբեմում, ասացի՝ «Ո՞նց, վաղը մի անգա՞մ ենք խաղալու ընդամենը» (ժպտում է,- հեղ․)։ Ամեն մի վայրկյանից, իրար ներկայությունից հաճույք ենք ստանում, որովհետեւ հավաքվել են մարդիկ, որոնք պարզապես հարգում են իրենց գործը»։


Ներկայացման մեջ նրա դստերը մարմնավորող Հայարփի Զուռնաչյանն էլ իր հերթին անկեղծացավ՝ ուրախ է, որ վերջապես կատակերգական նախագծում է ներգրավված, քանի որ այն ավելի ազատ ստեղծագործելու, իմպրովիզներ անելու եւ նոր մտքերով հանդես գալու հնարավորություն է տալիս․ «Երկար ժամանակ է՝ խնդրում էի, որ մի լավ կոմեդիա բեմադրեն, խաղանք, քանի որ վերջին շրջանում դրամաները կարծես գերակշռում են իմ խաղացանկում (ժպտում է,- հեղ․)։ Ու վերջապես կատակերգություն, որը լրիվ ուրիշ աշխարհ է։ Մկրտիչ Արզումանյանի հետ առաջին անգամ ենք համագործակցում, շատ տպավորված եմ իսկապես։ Պարտաճանաչ, գործընկերոջը հասկացող, տեսնող, ընկալող, ինչ-որ տեղ զիջող, մի խոսքով՝ շատ լավ խաղընկեր է Մկոն»։


Ներկայացման պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Հանդիսատեսն իսկապես ոչ միայն ծիծաղելու, այլեւ հուզվելու, մտածելու, հիշելու բազմաթիվ առիթներ ունեցավ։ Տպավորիչ էր ոչ միայն դերասանների խաղը, այլեւ ներկաների շարքերում քննարկում էին նրանց նորաձեւ հագուստներն ու բեմի յուրօրինակ ձեւավորումը:  Բեմանկարիչն Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլյա Ֆինկը, կոմպոզիտորը Մարինա Բրուտյանն է, պարերը`Նունե Կիրակոսյանի։

Յուլիա Ֆինկը եւ Սիմա Բաղդասարյանը


«Երկու գումարած երկու» ներկայացումն արդեն Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում է եւ սպասում է նոր հանդիսատեսին՝ սիրո մի հետաքրքիր ու ծիծաղաշարժ պատմություն պատմելու։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին