Աշտարակում 107 տարի առաջ՝ սեպտեմբերի 30-ին, ծնվել է անվանի գրող, բանաստեղծ ու թարգմանիչ Կառլեն Մուրադյանը: Ամենայն հավանականությամբ, այս անունով նրան չճանաչեցիք, քանի որ իր գրքերը նա հրատարակել է ու համաժողովրդական սեր վայելել Գեւորգ Էմին կեղծանունով:
«Իսկական անունս Գեւորգ է, որը 1930 թ. «կարմիր կնունք» էին արել եւ դարձրել Կառլեն: Գեւորգը վերականգնեցի, եւ սկսեցինք ազգանուն հորինել: Ընկերներս մեկ ամսից ավելի ինձ ասում էին «Գեւորգ Սեւանի» եւ ամեն ինչ անում էին, որ այդ անունը «կպչի»: Սողոմոն Տարոնեցին անունս դրեց Գեւորգ Սեւակ, գրքեր մակագրեց ու նվիրեց, բայց նորից «չկպավ»:
Վիգեն Խեչումյանի հետ մի օր դարձյալ կեղծանուն էինք որոնում ու թվարկում էինք շատ կարճ անուններ, այդ թվում՝ եւ Էմին… Գեւորգ Էմին… Կարծես թե ստացվեց: Որպեսզի այդ անունը վերջնական լինի, ես ու Վիգենը կոնդակ գրեցինք ու տվեցինք Ավետիք Իսահակյանին, որ հաստատի իր ստորագրությամբ: Շուտով հրատարակվեց առաջին գիրքս` «Նախաշավիղը»` Գեւորգ Էմին ստորագրությամբ»,- ինքնակենսագրականում գրել է բանաստեղծը։
Bravo.am-ը զրուցել է նրա որդու՝ թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արտաշես Էմինի հետ, որը կիսվել է հետաքրքիր պատմություններով ու հիշողություններով։
Բայց նախ պատմել է, թե ինչպես են սովորաբար նշանավորում բանաստեղծի ծննդյան օրը. «Նույն օրը նաեւ տղաս է ծնվել, եւ նրանց տարեդարձները միասին ենք նշում։ Սովորաբար գնում ենք Կարմրավոր եկեղեցի, որի բակում թաղված է, ծաղիկ ենք դնում գերեզմանին, ինչպես նաեւ Աշտարակի գինի խմում»։
Մարդ տեսակը
Բանաստեղծը ազնիվ, անկեղծ ու ճշմարտախոս մարդ էր եւ, ինչպես Արտաշես Էմինն է նշում, հեռու էր դիվանագիտական ունակություններից։
«Այդ պատճառով էլ շփման մեջ բոլորի համար չէ, որ հաճելի էր։ Դրա համար պաշտոններ չի ունեցել, ինչն արդեն խոսում է նրա մասին։ Նույն Պարույր Սեւակը՝ լինելով նույնքան հանճարեղ բանաստեղծ, Գրողների միության վարչության քարտուղար էր եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Իմ հայրը նման բաներից միշտ հրաժարվել է։ Նույնիսկ կատակով ասում էր. «Ռայկոմի քարտուղարին երբեք նարդի խաղալիս չեմ պարտվել, խաղալու դեպքում միշտ հաղթել եմ»»։
Բանաստեղծ դառնալու երեք գործոնները
Իր ինքնակենսագրության մեջ Գեւորգ Էմինը պատմել է, թե ինչպես է դարձել բանաստեղծ. «Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր, շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին` Եղիշե Չարենցին։ Ես նաեւ շնորհակալ եմ իմ մասնագիտության համար. միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգեւոր հավասարակշռություն՝ խուսափելով շատախոսությունից եւ հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի եւ իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով, սիրով` աշխարհի բոլոր մարդկանց համար»։
Արտաշես Էմինն էլ հոր գրական ուղին բնորոշելիս հղում է կատարում այդ գրքին։ Նրա խոսքով՝ քանի որ հայրն ինժեներ էր, այլ ոչ թե բանասեր, բանաստեղծություններ գրելիս ավելի շատ գերադասում էր կառուցվածքը, քան ճոռոմաբանությունը.
«Մի շարք ոչ պակաս տաղանդավոր, հանճարեղ գրողների բանաստեղծությունները կարդալիս մի քանի անգամ արդեն ուզում ես վերջակետ դնել, իսկ նա կուռ եւ առանց ավելորդությունների է գրել։ Շատ լավ է ասել Եվգենի Եվտուշենկոն. «Էմինի բանաստեղծությունները նման են թափանցիկ կափարիչով ձեռքի ժամացույցի, որտեղ հստակ երեւում է յուրաքանչյուր ատամնանիվի շարժումը: Բայց այդ ժամացույցը ոչ հետ է ընկնում, ոչ էլ՝ շտապում, այն ցույց է տալիս ճշգրիտ ժամանակը»»։
Իսկ թե ինչպես ինժեները սկսեց ստեղծագործել ու իր ժամանակի լավագույն բանաստեղծներից մեկը դարձավ, Արտաշես Էմինը 3 հանգամանք է առանձնացնում.
«Ինձ թվում է՝ առաջին հերթին Աշտարակի ազդեցության շնորհիվ է, որովհետեւ չէր կարող Քասախի ձորում պոետ չդառնալ։ Մյուս կարեւոր կետը 16 տարեկանում Չարենցի հետ հանդիպումն էր։ Հետո պատմել է, որ եթե խելքը կտրեր, չէր համարձակվի նրա հետ մտերմություն անել, քանի որ Չարենցին արդեն սկսել էին հետապնդել։ Մանավանդ այդքան վաղ տարիքում, երբ նոր ես սկսում ձեւավորվել, նման մեծ բանաստեղծի հետ հանդիպումը մեծ ազդեցություն է թողնում։
Եվ երրորդ գործոնը Մատենադարանում «Մայր ցուցակի» վրա աշխատելն էր: Ձեռագրերի հետ շփումը շատ է ազդել նրա վրա. երբ բռնում ես նման գործերը, երեւի տիեզերքի միջոցով որեւէ բան է անցնում քեզ»։
Գեւորգ եւ Արտաշես Էմինները
Հայրը
Արտաշես Էմինն անկեղծանում է, որ թեեւ հոր ազդեցությունն իր վրա մեծ է եղել, սակայն նրանից հատուկ խրատներ ու դաստիարակչական խոսքեր չի լսել: Ամեն ինչ եղել է հետեւելու եւ նրանից սովորելու միջոցով:
«Ազդեցությունը խոսքերով չի փոխանցվել, քանի որ երեխաներին ինչքան էլ դաստիարակես, նրանք ավելի շատ հետեւում են հոր օրինակին, քան թե ասածին։ Նույնն էլ իմ դեպքում է եղել. հենց բանավոր խրատներ չեմ ստացել, բայց դիտելով եմ սովորել իսկական տղամարդավարի պահվածքի օրինակը»։
Էմինի համար ամենահիշվողն ու տպավորիչը եղել են ընթերցողների հետ հանդիպումները, որոնց հայրը հաճախակի էր տանում։ Բայց դրա հետ մեկտեղ անկեղծանում է՝ հատուկ որեւէ պահ չի եղել, որ գիտակցի հոր մեծությունը. աչքը բացելուց ի վեր նրա շուրջ մեծ սեր ու ճանաչում է տեսել եւ այդ ամենին շատ սովորական վերաբերվել:
Նամակ՝ ընթերցողից
«Ընթերցողների հետ այդ հանդիպումներին միշտ միասին էինք գնում, եւ ամենահետաքրքիրն, իհարկե, տարբեր թղթիկների վրա լսարանի ուղղած հարցերն էին, որոնց հայրս միշտ շատ սրամիտ էր պատասխանում։ Իր ոտանավորները ասմունքողներից հատկապես հավանում էր Սիրվարդ Մեսրոպյանին: Հորս կարծիքով՝ նա ոչ թե պարզապես կարդում էր, այլ հասկանում, թե ինչ կա այդ տողերի տակ։ Դրա համար էլ ամենաշատը նրա ընթերցումն էր գովում»,- կիսվել է Էմինը։
Հանդիպումներից մեկը շատ առանձնահատուկ է եղել ու անչափ տպավորել բանաստեղծի որդուն։ Այն 1980-ականներին կազմակերպվել էր Մոսկվայի «Օստանկինո» համերգային ստուդիայում։ Այդ երեկոն դարձավ ազգային նշանակության մշակութային իրադարձություն։ Միջոցառմանը ներկա էին Էմինի մտերիմ ընկերները եւ դարաշրջանի ականավոր բանաստեղծները:
«Հանդիպումը նաեւ հեռարձակվում էր ամբողջ ԽՍՀՄ-ի 290 մլն հանդիսատեսի համար։ Այդ օրը շատ տպավորվեցի: Հավաքվել էր մշակութային ողջ սերուցքը՝ Եվտուշենկոն, Օկուջավան, Տարկովսկին ու էլի շատերը: Բոլորն ընթերցում էին իր բանաստեղծությունների թարգմանությունները։ Հայրս հայի մշակույթը շատ լավ եւ հաստատուն մատուցեց»։
Արտաշես Էմինի համար բանաստեղծի գործերից հատկապես առանձնանում է այս քառատողը. «Խոսքը զենքի պես զգույշ գործածիր, երբ խառն է դարը: Նույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու ... տառը»:
Իսկ ահա «Դաշնամուր» բանաստեղծության իսկական իմաստը բացահայտել է միայն տարիներ անց այն վերընթերցելուց հետո. «Միշտ չէի հասկացել, թե «Դաշնամուրն» ինչի մասին է։ Նա ամեն ինչ բաժիններով էր դասավորում, եւ մի անգամ իր ժողովածուները վերընթերցելիս տեսա, որ այն ընդգրկել է «Սեր» գլխի մեջ։ Հետո միայն հասկացա, որ այն սիրային բանաստեղծություն է»,- ժպիտով պատմել է Էմինը։
Իսկ հոր հետ անմոռանալի հիշողություններից մեկը կապված է իր գրելու ունակության հետ։ 5 տարեկանում հեքիաթներ էր հորինում ու պատմում, եւ Գեւորգ Էմինը մի անգամ նրան համոզել է ձայնագրվել. «Այն ժամանակ ձայնագրող սարք կար, որը պահարանի չափ էր: Հայրս ինձ խնդրեց ու համոզեց, որ ձայնագրի։ Մինչեւ հիմա հիշում եմ այդ պահը, ձայնագրությունն էլ պահպանվել է»։
Ասում են՝ տարիների հետ մենք սկսում ենք մեր ծնողներին ավելի շատ նմանվել արտաքնապես ու բնավորության գծերով։ Էմինն էլ այդպիսի ընդհանրություններ է նկատել. «Ես էլ դիվանագիտությունից զուրկ մարդ եմ, բայց, իհարկե, նրա մի քիչ ավելի մեղմ տարբերակն եմ։ Վաղամեռիկ մեծ եղբայրս՝ Վահանը, այդ իմաստով նույնական էր հորս հետ։ Նույնքան անբռնազբոս եւ ուղղախոս էր»։
Գեւորգ Էմինը մոր՝ Արուսյակ Մուրադյանի հետ
Ցեղասպանությանը նվիրված ուխտը
1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ, Գեւորգ Էմինն ուխտ էր արել չսափրվել այնքան ժամանակ, մինչեւ որ Եղեռնը չճանաչվի աշխարհի կողմից։ Այդ որոշման հետ կապված մանրամասների մասին Արտաշես Էմինը հետեւյալն է հիշել.
«Շատ փոքր էի դա հասկանալու համար, բայց 70-ականների վերջին մեր տուն էր եկել Ֆրանսիայից մի սփյուռքահայ ու հորս համար սափրվելու գործիք էր նվեր բերել։ Մինչ այդ նրան չէր տեսել, ու հանդիպման ժամանակ խոսակցություն բացվեց, որ հայրս չի սափրվում։ Պատմեց, որ խոստում է տվել՝ մինչեւ Ցեղասպանության հարցը չլուծվի, չսափրվել: Իհարկե, հասկացել էր, որ խոստումը միամիտ է, բայց դե այդպես էր որոշել։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի, ու մի հրաշքով կարող է որեւէ բան լինել»։
Ընդգծելու համար, թե հայրը որքան հայրենասեր էր ու կարեւորում էր հայերի միասնությունը, Էմինը Միացյալ Նահանգներում տեղի ունեցած մի հետաքրքիր միջադեպի մասին հիշատակեց.
«Անարդարություն տեսնելիս պարզապես չէր հանդուրժում, բարձրաձայնում էր ու դրա պատճառով ահագին տուժել է։ 1972 թվականին եղբոր հրավերով ԱՄՆ էր մեկնել: Հայ համայնքն այդ տարիներին շատ պառակտված էր՝ ռամկավարներ, դաշնակներ, հնչակյաններ եւ, այսպես կոչված, առաջադիմականներ՝ ԽՍՀՄ-ին համակրողներ, կային։ Այդ չորս խմբավորումները միմյանց նույնիսկ ամուսնության նպատակով աղջիկ չէին տալիս։ Երբ նրանցից մեկը հայրիկին կանչել էր երեկույթի, համայնքի պատմության մեջ առաջին անգամ ասել էր. «Մինչեւ բոլորդ մեկ տեղում չհավաքվեք, չեմ գա»։ Ու դա շոկ էր եղել իրենց համար: Առաջին անգամ միասին էին կազմակերպել միջոցառումը, ինչն աննախադեպ նվաճում էր»։
Գեւորգ Էմինը եւ Վիլյամ Սարոյանը
Հրաժեշտը
1998 թվականին Գեւորգ Էմինն անբուժելի հիվանդ էր ու գտնվում էր հիվանդանոցում, բայց ընտանիքը որոշեց, որ լավ կլինի՝ կյանքից հեռանա իր տանը՝ սիրելիներով շրջապատված։
«Վախճանը մոտալուտ էր, ես ու մայրս որոշեցինք նրան տուն տանել, որտեղ իրեն ավելի լավ կզգար։ Բերեցինք տուն, իսկ մյուս օրը հոգին ավանդեց, ասես՝ չէր ուզում հիվանդանոցում հրաժեշտ տալ։ Ընդ որում, ձգեց մինչեւ իր ամուսնության 40-ամյակն ու նոր մաhացավ: Ոնց որ հատուկ սպասեր այդ առիթին»։
Վերջին խոսակցությունը հոր հետ, որքան էլ տարօրինակ հնչի, եղանակից է եղել, բայց այնքան գեղեցիկ ու բանաստեղծական. «Խաղաղ ու անդորր ամառային լավ երեկո էր։ Նա հատուկ նշեց, որ հեռանալու համար լավ պայմաններ են»,- պատմել է Էմինը:
Գեւորգ Էմինը մահացել է 28 տարի առաջ՝ հուլիսի 11-ին՝ իր բնակարանում։
Չտպագրված գործերը
Միշտ էլ արվեստագետներից հետո մնում են անավարտ կամ չտպագրված գործեր, որոնք սպասում են իրենց ժամին։ Արտաշես Էմինը պատմում է, որ հայրիկի ոչ բոլոր գործերն են հրապարակված։
«Թղթեր կան, որոնցում ձեռագիրը համարյա անընթեռնելի է: Ես, որ այդքան ծանոթ եմ իր իրերին, 70 տոկոսն եմ կարողանում վերծանել: Իհարկե, պիտի փորձեմ։ Դրանցում ձեռագիրը սրտագրության պես է ու համարյա անհասկանալի է»,- բացատրել է նա։
Պարզվում է՝ Էմինն այն գրողներից չէր, որոնք գրելուն աշխատանքի պես էին վերաբերվում ու իրենց ստիպում նստել գրասեղանի առաջ. «Միշտ ներշնչանքով էր ստեղծագործում, իսկ դա մեն պահի կարող էր լինել: Դրա համար մանր-մունր թղթերի վրա ինչ ասես՝ կա գրված։ Հետը միշտ ծոցատետր ու գրիչ էր պահում, որոնք լիքն էին խզբզոցներով»։
Արտաշես Էմինը համարում է, որ նոր սերնդի համար բանաստեղծը շատ ազդեցիկ ուղերձներ ունի. «Իմ կարծիքով՝ դժբախտաբար, երիտասարդներն առանձնապես հետաքրքրված չեն իր գործերով: Նախ պետք է ուշադրություն դարձնել, որ նրանք սկսեն կարդալ: Բարեբախտաբար, իր գրածները համապատասխանում են նոր ժամանակների պահանջներին՝ կարճ են ու շատ դիպուկ: Մեր օրերում էլ չէին խանգարի, եթե տեղ հասնեին»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Գեւորգ Էմինի ընտանեկան արխիվից


×
91






