×


Կոտրված բաժակներ ու սրտեր, բուռն հույզեր. «Հարսանեկան պինգ պոնգ»-ի պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հյուրերը

Պարոնյանի անվան թատրոնի բեմում սիրային ու մտքային խառնաշփոթ էր. կայացավ Արշո Հարությունյանի «Հարսանեկան Ping Pong» ներկայացման առաջնախաղը: Կատակերգություն, որը եւս մեկ անգամ հիշեցրեց րոպե առաջ արված սիրո խոստովանության ու ազնվության կարեւորությունը։

Դերասանական հետաքրքիր կազմ է՝ Գոռ Հակոբյան, Իննա Խոջամիրյան, Լեւոն Հախվերդյան, Անի Խաչիկյան եւ Մանե Մխոյան։


Գոռ Հակոբյանը համարում է՝ սա թատերական իր առաջին բեմելն է. «Փորձերը «դաժան» են անցել, որովհետեւ վեց ամիս ամեն երեկո պատրաստվել ենք  ներկայացմանը, այսօր արդեն զգում ենք նաեւ հանդիսատեսի էներգիան: Թատրոնն իմ կյանքում «լեվլ ափ» է՝ մեկ քայլ առաջ, որն եկավ իր բնականոն ռիթմով, եւ եթե լինեն նոր ներկայացումների հրավերներ, սիրով կընդունեմ»։


Սցենարային երգիծանքը եւ հեգնանքը միաձուլվել էին հաղորդավարուհի, դերասանուհի Մանե Մխոյանի բնական անմիջականությանը, եւ հանդիսատեսը նրան նորովի բացահայտելու հնարավորություն ունեցավ: Մանեի կերպարն ամբողջ ներկայացման զգացմունքային եւ լարված պահերի միջով անցնող սթափեցնող քամին է:

«Այս կերպարն ինձ նոր գույն տվեց. հատկապես թատրոնում դերերս հիմնականում դրամատիկ են: Ռեժիսորները, որոնք տեսել են ներկայացումը, ասում են՝ իսկական բացահայտում եմ, ինչը ոգեւորում է: Իմ առավելությունը խմբում այն է, որ բոլորի հետ առիթ ունեցել էի աշխատել, բացի Գոռից, որի հետ նույն քաղաքից ենք»,-նշեց Մանեն:


Անհասկանալի հարաբերությունների ու կոտրված սրտերի կողքին բեմում շտապեցին չնախատեսված կոտրվել նաեւ գինու բաժակները: Իննա Խոջամիրյանը կենտրոնացել էր իր գինովցած կերպարի վրա. «Հույզերս այնքան շատ են։ Սա բարդագույն ժանր է, հիմա չեմ կարող ասել՝ ստացվեց, չստացվեց, քանի որ շատ քննադատաբար եմ մոտենում ինձ։ Այնքան հաճելի լարվածություն էր, որ իրական էմոցիաներս, կարծում եմ, երազումս կարտահայտվեն։  Իմ կերպարներից վերցնում եմ անձնային հատկանիշները, ոչ թե ինձ եմ տալիս կերպարին»,-նշեց դերասանուհին՝ հավելելով, որ Արշո Հարությունյանն է օգնել կերտել Էվելինային:


Անի Խաչիկյանն առաջնախաղից հետո նշեց, որ հույզերը շատ են. առաջին անգամ էր նման մեծ դահլիճում խաղում. «Կերպարս հայտնվել է անսովոր իրավիճակում՝ ոչ իր մեղքով, եւ որքան էլ ունի որոշակի մեղքի բաժին, փորձում է ոչ մեկին չներքաշել դրա մեջ։ Տարբեր բեմերում եղել եմ, բայց այս թատրոնի բեմը քեզնից մեծ էներգիա է պահանջում, որ ոչ միայն ձայնդ տեղ հասնի, այլեւ մարմնիդ շարժումները տեսանելի լինեն անգամ վերեւում նստածներին։ Սա լավ փորձառություն էր ինձ համար»։


Դերասան Լեւոն Հախվերդյանը եւս առաջնախաղից հետո էմոցիաների տարափ ուներ, սկզբում կատակեց, որ իրենց խմբից մինչ այս միայն ինքն իրեն էր լավ ճանաչում. «Մտածում էի՝ Գոռն անտանելի գոռոզ անձնավորություն է, բայց նա դարձավ իմ ընկերը... Ներկայացման նախորդ օրը բոլորս տարբեր երազներ ենք տեսել, որ խաղում ենք, բայց հանդիսատեսի արձագանքն այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում էինք։ Մի խոսքով՝ դաժան գիշեր էր, նյարդային էինք, հուզմունքը մեծ էր։ Ներկայացման ավարտին վերածնվեցինք»:


Ներկայացման պրոդյուսերներն են Արման Միտոյանը եւ Տիգրան Վիրաբյանը, տարբեր պատմություններից հավաքված պիեսը թարգմանել եւ ադապտացրել է Բաբկեն Չոբանյանը, բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Երնջակյանը, իսկ վերջում կոտրված սրտերը միացան, որոշ բախտավոր հանդիսատեսներ էլ ստացան տարոսիկներ:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին