Ապրիլի 4-5-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում «Հարսանեկան պինգ պոնգ» է լինելու, ներկայացման ռեժիսորն Արշո Հարությունյանն է: Դերերում են Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Լեւոն Հախվերդյանը, Անի Խաչիկյանը եւ Մանե Մխոյանը: Ներկայացման մասին բացահայտումներ անելու համար BRAVO.am-ը հանդիպել է ստեղծագործական թիմի հետ:
- Մենք զրուցում ենք երեկոյան համարյա ժամը 23:00-ին, ինչո՞ւ են ձեր փորձերը սկսվում այսքան ուշ:
Արշո. Դերասանական կազմում պահանջված ու զբաղված աստղեր են, որոնք իրենց հիմնական աշխատանքն ունեն՝ հեռուստատեսություն, սերիալներ, ֆիլմեր, ներկայացումներ, եւ ստիպված ենք լինում այս ժամերին հավաքվել: Լեւոնը չի կարող ձախողել Դրամատիկականի աշխատանքը, Իննան՝ իր նկարահանումները թողնել, Հանրայինը՝ մեր ժամերին հարմարվել, Գոռի մասին էլ չասենք: Ամենաազատը ես եմ, որ ժամին ասում են՝ սուսուփուս գալիս եմ (ծիծաղում են,-հեղ.):
Բաբայան Հասմիկը եւ Արշո Հարությունյանը
Երեկոյան հավաքվելու մեջ մի հետաքրքիր բան կա՝ օրվա խնդիրներն արդեն լուծել ենք, էլ ոչ մի տեղ չենք շտապում, մեզ չեն զանգում, գիշերն էլ երկար է ու հեշտագին, հաճելի ստեղծագործական մթնոլորտը բորբոքում եւ խանդավառում է մեզ (ծիծաղում են,-հեղ.):
- Դերասանները թող ասեն՝ ինչպե՞ս է գիշերը ստեղծագործելը:
Արշո. Դեմքերին նայեք, կհասկանաք (ծիծաղում ենք,-հեղ.): Վերջին շրջանում նրանց գերհոգնածության պատճառով անկումներ ունեցանք. բոլորը հերթով հիվանդացան (զրույցն ու փորձերը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին դերասաններից մի քանիսի հազով,-հեղ.): Այնքան էին հյուծվել, որ մի քանի փորձ չարեցինք, բայց հիմա մարտական են տրամադրված (էլի հազ տարբեր կողմերից,-հեղ.):
- Դե, հիմա թող ճիշտն ասեն ու կիսվեն, թե արդյո՞ք շատ եք տանջում նրանց (ծիծաղում ենք,-հեղ.):
Անի. Հոգնում ենք ու ուժասպառ լինում, շատ դժվար է այս ժամին հավաքվել, բայց Արշոն այնպիսի էներգիա ու խանդավառություն ունի, որ դրանցով չվարակվելու ու գործի չանցնելու տարբերակ չունենք:
Մանե Մխոյանը, Իննա Խոջամիրյանը, Անի Խաչիկյանը, Լեւոն Հախվերդյանը եւ Գոռ Հակոբյանը
Մանե. Անին ամեն ինչ ասաց. բոլորս համակարծիք ենք:
Արշո. Միայն Անին չէ, ամեն մեկդ իմ մասին մի կենաց պիտի ասեք (ծիծաղում ենք,-հեղ.):
- Իսկ ինչո՞ւ եք հենց այս դերասանական կազմն ընտրել:
Արշո. Հնարամիտ ու հեռատես նախագիծ է, երկար քննարկումների արդյունքում ենք ընտրել շատ հետաքրքիր, պահանջված ու տաղանդավոր մարդկանց: Պրոդյուսերներ Տիգրան Վիրաբյանի ու Արման Միտոյանի հետ վաղուց էինք նախատեսել այս կազմով մի բան անել, բայց չկարողացանք ընտրել պիեսը, որ դերաբաշխումը ճիշտ լինի: Ու քանի որ չգտանք, ստիպված ինքներս ստեղծեցինք՝ մի քիչ հորինեցինք եւ բստրեցինք: Աշխույժ ու խանդավառ ներկայացում է, հանդիսատեսը կտրվելու է առօրյա հոգսերից, զվարճանալու է, հայտնվելու սիրո մթնոլորտում ու լավ տրամադրությամբ գնալու տուն:
«Հարսանեկան պինգ պոնգ» ներկայացման փորձին
- Զգացվեց, թե ով է այս ժամին բոլորիդ էներգիա տալիս (ծիծաղում ենք,-հեղ.): Քանի որ պինգ պոնգի հետ է կապված անվանումը, ուզում եմ իմանալ՝ սիրում եք սեղանի թենիս խաղալ:
Իննա. Ուաու, դպրոցական տարիքում սեղանի թենիսի առաջնության մրցանակակիր եմ եղել:
Արշո. Լո՞ւրջ, ինչ լավ բան ասացիր: Շատ լուրջ սպորտաձեւ է, բայց մենք տեղյակ չէինք:
Իննա. Շատ վաղուց չեմ զբաղվել, որոշեցի դառնալ դերասանուհի, արդյունքում նա էլ կիսատ մնաց, սա էլ (ծիծաղում ենք,-հեղ.):
Լեւոն. Սա հարաբերությունների պինգ պոնգ է:
- Ի՞նչ է լինում, երբ պինգ պոնգը վերածվում է հարսանեկանի: Մի քիչ պատմեք ներկայացման մասին, որովհետեւ ամեն ինչ շատ գաղտնի եք պահում:
Իննա. Սպասում էինք Ձեզ:
Արշո. Իսկապես առաջին զրույցներից է, որ առհասարակ խոսում ենք ներկայացման մասին:
Անի. Զարգացումները շատ անսպասելի են տեղի ունենում, մի բան ասելու դեպքում անսպասելիության տարրը կորչելու է:
Արշո. Ներկայացման մեջ իրավիճակն անընդհատ փոփոխվում է՝ կախված նրանից, թե կերպարներից ամեն մեկն իր խնդիրն ինչպես է փոխանցում, մյուսներն էլ՝ հնարամտորեն ընդունում: Մոտ 1 ժամ 40 րոպե այդ փոխանցումների մեջ են լինելու: Նայում ես այս սիրուն ու տաղանդավոր մարդկանց եւ տեսնում աչքերի խանդավառությունը, ուզում ես հասկանալ, թե 2 ամիս ի՞նչ են արել այս հարմարավետ դահլիճում, որ մենք էլ չալարենք ու հավաքվենք ներկայացումը նայելու (ծիծաղում ենք,-հեղ.):
- Իսկ ինչո՞ւ եք ներկայացումն անհետաձգելի կատակերգություն անվանել:
Գոռ. Մեռանք հետաձգելով, հետո գրեցինք անհետաձգելի, որ էլ չհետաձգենք:
Գոռ Հակոբյանը
Արշո. WhatsApp-ում խումբ ունենք ու վերնագիր էինք քննարկում, առաջարկեցի «Հարսանեկան պինգ պոնգ» անհետաձգելի կատակերգություն անվանել, բառախաղ արեցի, ու բոլորին դուր եկավ: Այդ իրավիճակում հերոսները մի վայրկյան կորցնելու տարբերակ չունեն, դրա համար էլ անհետաձգելի է (լսվում են դերասանների ծիծաղը, ծափերն ու բրավոներ,-հեղ.): Անհետաձգելի է նաեւ այն իմաստով, որ հենց հանդիսատեսն իմանա այդ մասին, բոլոր գործերը թողնելու է ու գա դիտելու: Նախօրոք ասեմ, որ քիչ ենք խաղալու, որովհետեւ մարդիկ զբաղված են, ու ներկայացումն արգելվում է չդիտել:
Անի. Ճիշտն ասած՝ մենք նոր իմացանք, որ քիչ ենք խաղալու (ծիծաղում են,-հեղ.):
- Թույլատրելիի սահմաններում ու գաղտնիքներ չբացելով՝ պատմեք ձեր կերպարների մասին ու թե ինչո՞ւ եք համաձայնել խաղալ այս ներկայացման մեջ:
Անի. Անհետաձգելի էր ուղղակի (ծիծաղում ենք,-հեղ.): Մեր հոգնածության չափաբաժնից է:
Մանե. Մառան եմ: Աշխատանքի ընթացքում կերպարը շատ փոխվեց. Մառան շատ ավելի լավ երանգներ, համուհոտ ստացավ եւ հետաքրքիր դարձավ: Մի աղջիկ է, ով աշխատում է հյուրանոցում, լիքը խնդիրներ, վարկեր ու պարտքեր ունի, բայց միշտ լայն ժպիտով է նայում կյանքին, որովհետեւ մեծացել է ֆիլմերի ազդեցության տակ: Նրան հետաքրքրում են սերիալները, իր ընկերուհիներն ու հյուրանոցում տեղի ունեցող ինտրիգները: Հիմա մոտավորապես Մառայի նման եմ այդ ամեն ինչը պատմում (ծիծաղում ենք,-հեղ.): Բայց այս քառյակի պատմությունն ինչ կփոխի նրա կյանքում, կիմանաք ներկայացման ժամանակ:
Մանե Մխոյանը
Իննա. Հարսն եմ՝ Էվելինան: Մի հետաքրքիր բան կա՝ երբ սցենարը կամ պիեսը կարդում եմ եւ դեռ չգիտեմ՝ առաջարկը որ կերպարի համար է լինելու, ներքուստ այն ընտրում եմ, ներսումս նրա նկատմամբ ինչ-որ բան է տաքանում: Այս անգամ էլ կարդալիս գիտեի, որ Էվայի համար եմ գալիս, այդպես էլ եղավ: Կերպարն ինձ շատ բարդ է տրվել: Աշխատանքի ընթացքում Արշոն նրա գույնը սիրուն եւ անսպասելի կերպով տվեց, եւ Էվան այդ օրվանից ծաղկեց:
- Իսկ ո՞րն է այդ գույնն ու ինչպե՞ս օգնեց նրան դրսեւորվել:
Իննա. Մանուշակագույնն է: Հայերեն համարժեքը չեմ գտնում՝ մի քիչ «ստերվա» ու տիրակալ է իր տարածքում, շատ մեծ ու խոր դրամա ունի: Այդ բարդույթներն արտացոլվում են նրա վարքում, մեկ չակերտ էլ բացեմ՝ խմելու հետ սեր ունի: Ու երբ սկսում է խմել, ամենաանպաշտպան էակն է իր մեջ երեւում՝ ուրախությունը, անկեղծությունն ու ցավը միաժամանակ բացվում են, եւ ամենեւին էլ նույն մարդը չի լինում, որին տեսնում եք սկզբում: Նրան շատ եմ սիրել: Որքան մոտենում ենք պրեմիերային, լարվածությունն ու պատասխանատվությունը մեծանում է, որովհտեւ ամեն փորձի ժամանակ նոր գծեր ենք ավելացնում, ու շատ վախենալու է դառնում:
- Սա Ձեր 2-րդ աշխատանքն է «Երկնագույն շան աչքերը» ներկայացումից հետո, ինչո՞ւ ուզեցիք նորից գալ թատրոն ու ի՞նչն էր պակասում առանց նրա:
Իննա. Դերասանուհի չլինելով՝ որոշակի նշաձող եմ ինձ համար սահմանել, եւ թատրոնն այդ մեծագույն նշաձողերից է, քանի որ ուզում եմ խաղալ բեմում: «Երկնագույն շան աչքերն» իմ առաջնեկն է ու իմ մշտական առաջին սերը կլինի թատրոնում, որովհետեւ ուրիշ զգացողություններ եմ ունեցել, կապ չունի՝ հաջողել եմ, թե ոչ: Սա երկրորդ փորձս է, թվում է՝ հեշտ ու ժամանցային մի բան պետք է լիներ, բայց կատակերգությունը բարդագույն ժանր է, ու ամեն օր փոքրիկ խնդիրներ եմ իմ մեջ հաղթահարում:
Անի. Հույսներս քեզ վրա է (ծիծաղում ենք,-հեղ.), մենք էլ ենք վստահ, որ կստացվի:
- Անի, Դուք եւս մեկ պրեմիերա էլ ունեցաք այս օրերին, ինչպե՞ս եք հասցնում համատեղել ու ամեն ինչ հասցնել:
Մանե. Այսօր էլ այնտեղից է եկել:
Անի Խաչիկյանը եւ Լեւոն Հախվերդյանը
Անի. Շատ դժվար է համատեղել: Առաջին բանը, որ ինձ բերել է այս նախագիծ, Արշո Հարությունյանի գործոնն է. ֆիլմում նրա հետ արդեն աշխատել եմ, բայց ուզում էի բեմում էլ փորձել: Իսկ կերպարի հետ կապված, Իննա, նույնն էլ ինձ հետ է եղել: Պիեսը կարդալու ընթացքում ընտրել եմ հենց այն, որն ինձ համար էր սահմանված: Ընթացքը բավական դժվար է եղել, որովհետեւ չէի կարողանում գտնել կերպարի գույնը, ինձ համար շատ մոխրագույն էր, չէի հասկանում ոչ նրա մոտիվը, ոչ էլ գործողությունների տրամաբանությունը: Դերասանների ու ռեժիսորի հետ ամեն կերպարի համար փորձել ենք ստանալ հիմնավորումներ: Ինձ համար կարեւոր էր, որ կերպարս նման չլինի խաղացած դերերիս:
Լեւոն. Նույնը ե՞ս:
Անի. Չէ, դու քո կերպարից խոսիր (ծիծաղում ենք,-հեղ.):
Լեւոն. Նույն կերպ էլ ինձ առաջարկեցին խաղալ, կարելի է ասել՝ ոչ մեկին չէի ճանաչում:
Մանե. Հա՞, ստոր (կատակում է,-հեղ.):
- Բայց Մանեի հետ նույն թատրոնում եք խաղում:
Լեւոն. Անգամ նույն ներկայացման մեջ ենք ես ու Մանեն խաղում, բայց միասին տեսարան էլ չունենք, բեմում իրար չենք տեսնում:
Մանե. Փորձ էլ միասին չենք արել:
Լեւոն. Սկզբնական տարբերակից, երեւի, միայն 10 տոկոսն է մնացել: Պիեսն ընթացքում է գրվել. Արշոն ամեն առավոտ մի պայուսակ թղթերով գալիս էր, հետո ջնջում, նորից գրում, ընթացքում շատ բաներ են ստեղծվել՝ տեսարաններ, իրավիճակներ: Հետաքրքիր ստեղծագործական ընթացքի մի մասն ենք եղել: Ներկայացումն ընկերության ու սիրո մասին է, որը մեզ էլ փոխանցվեց. իրար չէինք ճանաչում, բայց բոլորիս միավորեց:
- Լեւոն, ամեն ինչի մասին պատմելով, կերպարից չխոսեցիք:
Մանե. Ամեն ինչ արեց, որ չխոսի (ծիծաղում ենք,-հեղ.):
Լեւոն. Ինձ դուր է գալիս, որ գովազդից, մեր պաստառից ու հիմա էլ պատմածից ոչ ոք մինչեւ վերջ այդպես էլ չի հասկանալու, թե ինչի մասին է ներկայացումը: Այն մարդն եմ, որը որոշում է ամուսնանալ:
- Իսկ ինչպե՞ս է հասկանում, որ Էվայի հետ է ամուսնանալու:
Մանե. Հենց դա է խնդիրը, որ չենք կարող պատմել:
Լեւոն. Իսկ ի՞նչ գիտեք հենց Էվայի հետ է ամուսնանալու:
Իննա. Սա հարսանեկան քվեստ է:
«Հարսանեկան պինգ պոնգ» ներկայացման փորձին
Լեւոն. Հիմա ես Ձեզ հարց տամ, գուշակեք՝ ով ում հետ է ամուսնանալու:
Գոռ. Պարզ է, որ 2 տղամարդ, 3 կին է, նրանցից մեկը մնում է չամուսնացած:
- Ես կասեի՝ մնում է ավելի երջանիկ (բրավոներ են լսվում, ծիծաղում ենք,-հեղ.):
Գոռ. Միակ պատճառը, որ համաձայնել եմ խաղալ այս ներկայացման մեջ, թատրոնի բեմում լինելու հետաքրքրությունն էր: Ճիշտ է՝ կատակերգության ժանրում աշխարհի շատ բեմերում խաղացել եմ «Ֆուլ հաուս»-ի կազմում: Հետաքրքիր էր Արշոյի հետ աշխատել, թեեւ իր գործերը գիտեի, բայց ինքն անծանոթ էր ինձ: Հիմա կիտրոնի պես մեզ բռնում է ու քամում: Կերպարիս հատկանշական է ընկերասիրությունը: Լեւոնի հետ երկու ընկեր ենք, ու այն ամենն, ինչ կատարվում է, ջարդվում է իմ վզին:
Անի. Ընդ որում՝ մի քանի անգամ:
Գոռ. Իմ անձը զոհաբերելով՝ փորձում եմ փրկել ընկերոջս:
Մանե Մխոյանը, Իննա Խոջամիրյանը, Անի Խաչիկյանը եւ Լեւոն Հախվերդյանը
- Իսկ առհասարակ դրական ու բացասական կերպարներ կա՞ն:
Մանե. Ամեն մեկիս համար մեր կերպարը դրական է, որովհետեւ փորձում ենք մեզ արդարացնել:
Իննա. Այս ներկայացումը կարելի է բնորոշել մեկ հետաքրքիր նախադասությամբ՝ ինչ կարող է պատահել, եթե վստահ չես՝ պատրա՞ստ ես ամուսնանալ, թե՞ չէ:
Արշո. Խրատական բան կա. կողմնորոշվել է պետք:
Ռեժիսոր Արշո Հարությունյանը
Անի. Բացասական է ստեղծված իրավիճակը, եւ ամեն մեկը փորձում է իր հնարավորությունների շրջանակում դա հաղթահարել: Բայց թե ինչո՞ւ է իրավիճակն այդպիսին, նրանից է, որ յուրաքանչյուրը չի կարողացել ճիշտ ժամանակին ազնիվ ընտրություն կայացնել:
Գոռ. Մեր ասածները պետք է չէ այդքան լուրջ ընդունել, սա կատակերգություն է:
- Ի՞նչ է տալու ներկայացումը մարդկանց ու ի՞նչ բերելու մեր թատերական կյանք:
Մանե. Հաստատ ժպիտներ է տալու, մարդիկ հումորներ են հիշելու ու հետո օգտագործելու: Որոշակի պահի այն լրջանալու է, ու ամեն մեկը հոգու խորքում մտածելու է ինքն իր հետ անկեղծ լինելու մասին:
Մանե Մխոյանը, Իննա Խոջամիրյանը եւ Անի Խաչիկյանը
Արշո. Բայց խորհուրդ չի տրվում այդ իրավիճակը կրկնել: Ինտրիգը նաեւ նրանում է, որ դահլիճում նստած մարդիկ հաստատ չեն ցանկանալու նման իրարանցման մեջ հայտնվել: Միայն վերջում է ամեն ինչ իր տեղն ընկնելու: Սա սիրո, ընկերների, հարաբերությունների ու միմյանց հանդեպ ազնիվ լինելու մասին է: Արդեն ժամանակն է, որ անտրեպրիզային գործերը հաղթական ճանապարհ ունենան:
Մանե. Նշենք նաեւ, որ Գարեգին Եվանգուլյանը բեմի ձեւավորումն է արել, իսկ Լուսինե Երնջակյանը՝ մեր հագուստների:
- Մի քանի օր առաջ թատրոնի տոնն էր, ի՞նչ կմաղթեք իրար ու ձեր գործընկերներին:
Իննա. Այսօր գույներից շատ խոսեցինք, ու գունավոր զրույց ստացվեց: Թատրոնը տեսակների եւ որակների միավորում է, այդ ամենին հենց գույնն էլ ավելանա՝ երանգները կհայտնվեն նաեւ հանդիսատեսի երակներում:
Արշո. Մենք անկեղծ ենք աշխատել, իսկ թատրոնը հենց դա է սիրում, այն կյանքի փոքր մոդուլն է, որտեղ մարդիկ գալիս են զգալու եւ մտածելու:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: