×


«Հասկացա՝ այդ բացը պետք է լրացնել, այլապես կարող էի խելագարվել». Քրիստինե Պեպելյան

Քրիստինե Պեպելյանին հանդիպեցի Լոս Անջելեսում իր հիմնած Pepelyan Vocal Studio-ում: «Համերգի ենք պատրաստվում. նշում ենք դպրոցի 1,5 տարին: Մարդիկ միշտ հոբելյանական տարեթվերն են նշում, մենք էլ՝ հոբելյանական մեկուկեսը»,- ասում է երգչուհին: Զրույցը սկսում ենք հենց մանկավարժական գործունեությունից:

«Դեռ Երեւանում դասավանդում էի Կոնսերվատորիայում, Երգի թատրոնի ստուդիայում: Մեծագույն հաճույք է տեսնել երեխայի առաջին քայլերն, իսկ հետո արդյունքը: Էլ չեմ խոսում այն մասին, որ ժամանակի ընթացքում ընկերներ ենք դառնում: Կյանքում բծախնդիր չեմ, տողատակեր չեմ փնտրում, բայց գործում ամեն ինչ փոխվում է. դառնում եմ չափազանց բծախնդիր ու պահանջկոտ, ու դա է պատճառը, որ մայրս զարմանում է, թե այդքանից հետո ինչպես են գործընկերներս ինձ հետ շփում, բայց արի ու տես, որ ստացվում է»,- անկեղծանում է Քրիստինեն:

- Տեւական ժամանակ է՝ բնակվում ես Լոս Անջելեսում, արդեն դպրոց ես բացել, կարող եմ ենթադրել, որ մշտական բնակություն ես հաստատել: Համոզված եմ՝ այդ հարցը քեզ ամենաշատն են տալիս:

- Այո, շատ են հարցնում: 2,5 տարի առաջ 2,5 ամսով եկա եւ միտում չունեի այստեղ մնալու: Եկել էինք մեկուսացումից հոգնած, ընկերներին տեսնելու ու ժամանակ անցկացնելու, բայց սեպտեմբերին պատերազմը սկսվեց, իրավիճակը, ցավոք, այնպիսին էր, որ ավելի երկար մնացինք: Կոնսերվատորիայի աշխատանքից  ազատման դիմում գրեցի եւ որոշ ժամանակ անց հասկացա՝ այդ բացը պետք է լրացնել, այլապես կարող էի խելագարվել: Լուծումը տարիների երազանքս իրականություն դարձնելն էր՝ այս դպրոցի բացումը: Երեխաները օրս հագեցնում են:

Քրիստինե Պեպելյանն՝ իր սաների հետ


- Այսինքն՝ չե՞ս վերադառնում հայրենիք:

- Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե խուսափում եմ այս հարցից: Ու այնպես էլ չէ, թե այստեղ մնալու հստակ որոշում ունեմ, բայց քանի որ դպրոցը կա, այս պահին դժվար է պլանավորել երկարաժամկետ գալը: Չեմ կարող փակել դռներն ու գալ Հայաստան, քանի որ պատասխանատու եմ 50 աշակերտի համար: Չեմ կարող իրենց ասել՝ շնորհակալություն, հիմա գնացեք տներով: Այդպես չի լինում:

- Իսկ եթե ավելի անկեղծ՝ գո՞ւցե Հայաստանում ստեղծված անորոշ վիճակն է քեզ ստիպում այստեղ ապրել, թե՞ դա քեզ չի խանգարում:

- Ինձ ավելի շատ այստեղ պահում է այն զբաղվածությունը, որը հիմա ունեմ:

- Միացյալ Նահանգները դրսից այլ կերպ է երեւում, անձամբ համոզվեցի՝ մի քանի ամիս այստեղ բնակվելով: Քո դեպքո՞ւմ էլ պատկերացրած Ամերիկան բախվեց իրականի հետ:

- Ամերիկան իր դրսեւորումներով ինձ շատ չի զարմացրել: Առաջին անգամ այցելել եմ 17 տարեկանում, հետո հաճախ եմ եկել հյուրախաղերով: Բայց կենցաղի առումով տարբերվում է նրանից, ինչ տեսնում ենք կինոներում: Չեմ ուզում ասել՝ լավն է կամ վատը. ես այս երկրի քաղաքացին չեմ:

- Տարածված կարծիք կա, որ Ամերիկան փոխում է մարդկանց:  


- Զբաղվածությունն է փոխում: Չեմ մեղադրում իմ այն ընկերներին, որոնք ասում էին՝ այ, որ գամ Ամերիկա, շատ հարցեր միասին կկարգավորենք, բայց ինձ զանգեցին միայն տեղափոխվելուցս մեկուկես տարի անց: Մենք Երեւանում շատ մտերիմ ընկերներ էինք... Անկեղծ չեմ նեղանում ու հասկանում եմ, որ Ամերիկան ուղղակի մարդկանց կուլ է տալիս:

Արդար չի լինի չխոսել այն մարդկանց մասին, որոնք իմ կողքին էին ու ինձ ընդունեցին իրենց զավակի պես: Տարիներ շարունակ ապրել եմ Արամ Ավագյանի տանը: Ու այսօր այդ ընտանիքին չհիշելն ուղղակի ապերախտություն կլիներ: Բացի այն, որ Արամն ու կինն Արեգիս կնքահայրն ու կնքամայրն են, սարի նման կանգնած են եղել կողքիս բոլոր հարցերում:

Քրիստինե Պեպելյանը


- Այսօր շատ հայտնիներ են տեղափոխվել ԱՄՆ: Հայաստանում նրանց ճանաչում էին  ամեն քայլափոխի, իսկ այստեղ շատերն իրենց ոլորտից հեռացան, կարելի է ասել՝ նրանց «աստղը» մարեց: Մտավախություն չունե՞ս, որ այդ ամենը կարող է քեզ էլ  սպառնալ:

- Անկեղծ ասած՝ ոչ: Քանի որ իմ ասպարեզից չեմ հեռացել:

- Տարածքը փոխո՞ւմ է մարդուն, թե՞ մարդն այնպիսին է, ինչպիսին կա։

- Ինչքան էլ մարդու կյանքի որակը լավանա, միեւնույն է՝ ներքին անորակությունը երբեք չի փոխվելու։ Որեւէ թանկ հագուստ, շռայլ կյանք չի կարող փոխել մարդուն, եթե նա բնությունից անորակ է։ Զավեշտալի է, երբ ինքնահաստատվում են՝ այս կամ այն բրենդային տոպրակների հետ նկարվելով։

- Վերջերս սոցցանցային էջերումդ անշարժ գույքի գործակալություն էիր գովազդում, եւ շտապեցին գրել, որ անշարժ գույքի գործակալ ես:

- Իհարկե, անշարժ գույքի գործակալ չեմ, պարզապես գովազդել եմ: Շատ բծախնդիր եմ գովազդի հարցում: Երբեք որեւէ գումարի դիմաց չեմ համաձայնի գովազդել ծխախոտ կամ խաղատներ՝ մի բան, որը քանդում է մարդկանց տները:

- Վերադառնանք բեմին: Մի անգամ ասել էիր, որ սիրում ես նայել, թե ինչպես է  դահլիճը լցվում, ինչպես են մարդիկ իրենց տեղերը փնտրում եւ այլն:

- Շատ ուշադիր ես, իսկապես շատ գեղեցիկ պահ է: Ոչինչ չի փոխվել՝ նույն կերպ հետեւում եմ մարդկանց: Սիրում եմ այն պահը, երբ մեկը սկսում է ծափ տալ, հետո միանում են մյուսները:

Քրիստինե Պեպելյանը


- Երբ որեւէ նոր երգ հանձնում ես հանդիսատեսի դատին, դատարկություն զգո՞ւմ ես:

- Չէ, բայց երգեր կան, երբ անհամբեր եմ սպասում արձագանքներին: «Կյանքս կյանքիդ գնով» երգը երբ թողարկվեց, շատ էմոցիոնալ վիճակում էի:

- 44-օրյա պատերազմի ժամանակ ու նաեւ հիմա այդ երգը հնչում է:

- Հանրային ռադիոյով Ավետի եթերի ժամանակ եմ լսել առաջին անգամ: Երիտասարդ աղջիկ էր երգում ու կիթառով նվագում՝ Վիկտորյա Խաչատուրյանը: Նա ցանկություն էր հայտնել, որ այդ երգն ինչ-որ մեկը կատարի: Ու երբ լսեցի, միանգամից ինձ գրկեց  ու կպավ սրտիս:

- Միայն անկեղծ՝ կուզեի՞ր այդ երգն ընդհանրապես չերգեիր:

- Առաջին օրվանից ասել եմ՝ երանի չունենայինք նման դրվագներ ու չլինեին այսպիսի երգեր: Քչերը կպատկերացնեն՝ ինչ ապրումներ եմ ունենում, երբ տեսնում եմ ու լսում իմ ձայնը՝ զոհված 18-20 տարեկան տղաների նկարների ուղեկցությամբ: Մտածում եմ՝ տեսնես այս տղան հասցրե՞լ է պարել իմ որեւէ երգի տակ: Ախր Արթուր Գրիգորիչը մեզ այլ կերպ կապեց զինվորների ու բանակի հետ՝ ինձ ու շատ արտիստների Արցախն ու Հայաստանը նվիրեց: Գնում էինք Եղնիկներ, Հադրութ՝ ամենահեռու կետերում էինք լինում: Այդ  բոլոր տեղերում Գրիգորիչը ստիպում էր, որ բարձրակրունկներ հագած երգենք զինվորների համար, որ նրանք տեսնեին՝ արտիստ է եկել իրենց համար, ու կապ չունի՝ գետինը փոշոտ է ու կեղտոտ: Թեկուզ սառնամանիքին մենք պետք է երեկոյան զգեստով ելույթ ունենայինք:

- 4 տարի առաջ ծնվեց  քո ամենակարեւոր ստեղծագործությունը: Ու ինչպես դու ես ասում, չորս տարի է՝ քո տանը գարուն է: Սկզբում Արեգի դեմքը ցույց չէիր տալիս, իսկ այսօր քո տղան ավելի ճանաչելի է, մրցակացությունի՞ց էիր վախենում։

- Զգում էի, որ մրցակցություն լինելու է (ծիծաղում է,-խմբ․): Անկեղծ ասած՝ ուզում էի ուշադրություն եւ էներգետիկա չկենտրոնացնել իր շուրջը, բայց հակառակը ստացվեց: Երբ մեծացավ, ավելի շատ էի պատրաստ դեմքը ցույց տալու: Գուցե հոգեբանական պահ էր:

- Արեգը փոխեց առօրյադ, սկսեց քո օրակարգը ձեւավորել:


- Նա շատ բան փոխեց, բայց ես իմ կյանքից չեմ հրաժարվել՝ հետաքրքրություններ ունեմ, ընկերներ եւ ուզում եմ՝ տղաս իր կողքին տեսնի ինքնահաստատված, կայացած եւ ուրախ մայրիկի:

Քրիստինե Պեպելյանը՝ որդու հետ


- Մանկությանդ մասին խոսելիս միշտ նշել ես, որ դժվար է եղել: Հիմա փորձում ես այնպես անել, որ Արեգը չտեսնի բոլոր այն դժվարությունները, որոնց միջով անցել ես: Գուցե հարցս տարօրինակ հնչի՝ երբ մարդն ամեն ինչ ունի, արդյո՞ք չի կորցնում երազելու ունակությունը:  

- Միտումնավոր շատ բաներ չեմ անում, որպեսզի որդիս հեշտին չսովորի, ունենա երազելու, գնահատելու ունակություն։ Բավական խիստ մայր եմ. ինձ շրջապատող մարդիկ լավ գիտեն այդ մասին: Անում եմ ամեն ինչ, որ Արեգը մարդկանց շատ սիրի, շփվի ու իրականությունից չկտրվի: Աշխատում եմ հնարավորինս հեռու պահել հեռախոսից, առայժմ ստացվում է։

- Ինչպե՞ս է արձագանքում, երբ տեսնում է քեզ եթերում:

- Ես նրա համար «Քրիստինե Պեպելան»-ն եմ: Սկզբում չէր հասկանում՝ մաման ու Քրիստինե Պեպելյանն ինչ են անում միաժամանակ՝ մեկն էկրանին, մյուսը տանը:

- Իսկ երազե՞լ ես բազմազավակ մայր լինել:

- Այո, երբ փոքր էի, երազում էի 4 տղաների մայր լինել: Հարցնում էին՝ ինչու, ասում էի՝ որ լինեմ սիրուն մամա: Բայց արի ու տես, որ մեկ տղա ունեցա:

- Կյանքն առջեւում է:

- Չեմ կարծում, թե իմ մասին է. բազմազավակությունն ինձ չի սպառնում, բայց կշարունակեմ սիրուն մամա մնալ:

- Վախենո՞ւմ ես:

- Երբեմն: Բայց զենքեր չեմ տալիս թշնամիներս ձեռքն ու վախերիցս չեմ խոսում:

- Ափսոսո՞ւմ ես:

- Շատ բաների համար:

- Քո երգի բառերով ավարտենք՝ «անցած ճամփան չես անցնի երբեք երկրորդ անգամ»:

- Կան ճանապարհներ, որոնցով երկրորդ անգամ չէի անցնի:

Հ․Գ. Համերգն արդեն տեղի է ունեցել, եւ Քրիստինեն տրամադրել է լուսանկարները: Երբ երգչուհուն խնդրեցի փոխանցել նկարներ նաեւ Արեգից, պատմեց՝ որդին առաջին անգամ է իրեն տեսել բեմում, ու չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Վազելով եկել է բեմ ու փարվելով նրան՝ ասել. «Մայրիկ, ես հպարտ եմ քեզնով»։

Զրույցը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Քրիստինե Պեպելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW