×


Բրոդվեյից՝ Երեւան. «Սանսեթ բուլվար»-ի պրեմիերան, անքուն գիշերներն ու երազանքի իրականացումը

1950 թվականին նկարահանված «Սանսեթ բուլվար» ֆիլմի հիման վրա կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերը գրեց մյուզիքլ, որն առաջին անգամ Լոնդոնում ցուցադրվեց 1993 թվականին: Դրանից հետո այն աշխարհի տարբեր թատրոններում բեմադրվել է 10-ից ավելի անգամներ, երեկ երեկոյան էլ մյուզիքլի պրեմիերան կայացավ Երեւանում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում զգացվում էր բրոդվեյյան շունչը՝ տոնական զգեստներով հյուրերը նախ անցան կարմիր գորգով, ապա դերասանների հետ տեղափոխվեցին Լոս Անջելեսի գլխավոր փողոցներից մեկը՝ Սանսեթ բուլվար, որտեղ էլ տեղի են ունենում իրադարձությունները:

Արսեն Գրիգորյանը եւ Իննա Խոջամիրյանը


Անհաջող սցենարիստ Ջո Գիլիսին ավտոմեքենայի վթարից հետո հայտնվում է համր կինոյի աստղ Նորա Դեզմոնդի այգում ու նրա կյանքը կտրուկ փոխվում է: Առանց փառքի ու անցյալի հիշողություններով ապրող Նորման ցանկանում է նորից վերադառնալ կինոաշխարհ ու Գիլիսին առաջարկում է աշխատել սցենարի վրա, որը դերասանուհին իր մասին է գրել: Իսկ մանրամասների մասին կիմանաք մյուզիքլը դիտելուց հետո. այն համալիրում ցուցադրվում է ապրիլի 6-12-ը:

«Սանսեթ բուլվարը» բրոդվեյյան առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես բեմադրվել է Հայաստանում: SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերության ղեկավար Պողոս Հարությունյանը խոստովանեց, որ մտահղացումն իրականություն են դարձրել 5 տարվա ընթացքում, թեեւ քչերն են հավատացել, որ այն հնարավոր կլինի կյանքի կոչել:


Մյուզիքլի ռեժիսորն Անտոն Մուզիկանտսկին է, երաժշտական ղեկավարն ու դիրիժոր-բեմադրիչը՝ Մարիամ Բարսկայան: Բեմում Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբն էր, մյուզիքլի երեւանյան բեմադրությունն ամենամեծ կազմով նվագախմբով է անցել՝ 47 երաժիշտ, դերասանական խմբում 27-ն են, իսկ ամբողջ աշխատակազմը մոտ 100 հոգի է: Շքեղ ու վառ հագուստներն Անաստասիա Պուգաշկինայինն են, իսկ բեմը տպավորիչ ու հիշվող են դարձնում «Արմենֆիլմ» կինոստուդիայի սարքավորումները:

Թամարա Գվերդծիթելի (Նորմա Դեսմոնդ)

61-ամյա երգչուհին թեեւ կյանքի մեծ մասը բեմում է, խոստովանում է, որ ամեն անգամ ելույթից առաջ լարվածություն ու անհանգստություն է զգում, բացառություն չէր նաեւ երեւանյան շոուն:

«Ամեն անգամ պատասխանատվություն եմ զգում, մյուզիքլի դեպքում շատ կարեւոր է նաեւ կապն ամբողջ անձնակազմի ու մյուս դերասանների հետ: Նրանք ու նվագախումբն արտակարգ են, հույս ունեմ, որ մարդիկ կհավանեն մեր տարբերակը: Ռուսերենով Ուեբերի անմահ երաժշտությունն ավելի խոր է հնչում: Թեեւ աշխատանքների սկիզբը բարդ էր, բայց ընթացքում հասկացանք, որ բոլորը սրտանց են իրենց գործն անում ու լավ արդյունք ապահովելու համար ներդնում ողջ ուժերը»:

Թամարա Գվերդծիթելին


Եվգենի Ելպաշեւ (Ջո Գիլիս)

Դերասանն ընդգծում է, որ առաջին անգամն է մասնակցում նման մասշտաբային նախագծի, ինչի համար անսահման երջանիկ է:

«Ուրախ եմ լինել Հայաստանում եւ գլուխգործոց համարվող մյուզիքլում գլխավոր հերոսին մարմնավորել: Հույզերս շատ-շատ են, մեծ երջանկություն է այս ամենի մի մասը լինել: Դերս բավական բարդ է, երկար ընթացք է պետք եղել, որ այն ստանամ: Ռեժիսորն է օգնել՝ Մուզիկանտսկին մտածող ու խելացի է եւ միշտ ճիշտ ուղղություն է տալիս: Ժամանակն ու հանգամանքներն են օգնում գտնել ճիշտ կերպարը, ինչպես նաեւ անքուն գիշերները»:

Ելպաշեւը պատմում է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում 4-5 ժամ է կարողացել քնել եւ մտածել, որ պրեմիերայից առաջ անքուն գիշեր կունենա, սակայն ճիշտ հակառակն է ստացվել: Խոստովանել է նաեւ, որ հիացած է հայ դերասանների անկեղծությամբ եւ էներգիայով, որոնք իրեն լիցքավորում են:

Եվգենի Ելպաշեւը


«Նրանց շնորհիվ շքեղ թեւեր ունեմ իմ թիկունքում, բախտս այդ առումով շատ է բերել: Հանդիսատեսն աննկարագրելի հույզեր է ստանալու ու մտածելու առիթ: Նրանց մի քիչ նախանձում եմ, քանի որ ինքս էլ կցանկանայի մյուզիքլը դիտել: Շատ լուրջ ու որակյալ աշխատանք է ստացվել»:

Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ)

Դանիելյանն էլ թեեւ մյուս դերասանների պես պրեմիերայից առաջ անհանգիստ էր, սակայն հումորը նրանից անպակաս էր:

«Մեր մյուզիքլը շատ գունեղ է ստացվել, նայել եմ համացանցում եղած «Սանսեթ բուլվարներ»-ի համարյա բոլոր տարբերակները: Ամբողջ բեմն ընթացքում փոխվում է եւ շնչում, ինչը նաեւ դժվարություններ է առաջացնում՝ մեկ քայլ այս կամ այն կողմ, ու գնդակահարություն է: Մոտ 2 ամիս անդադար ամեն օր աշխատել ենք, վերջին ամսվա ընթացում մոտ 15 ժամ փորձեր ենք արել: Շատ հոգնած ենք, կուզեինք քնել, բայց բան չմնաց՝ մի քանի օր էլ կխաղաք ու վերջապես կքնենք»:

Սերգեյ Դանիելյանը


Դանիելյանի խոսքով՝ ուժերը փորձել է թատրոնի բոլոր ոճերում, ու սա իր կյանքի առաջին մյուզիքլն է: Նա էլ բոլորի պես քասթինգն անցել է ու մարմնավորում է մյուզիքլի միակ իրական կերպարին՝ հայտնի ու օսկարակիր ռեժիսոր Սեսիլ Դեմիլին. «Դերս փոքր է, բայց անկյունաքարային ու հետաքրքիր»:

Անահիտ Կիրակոսյան (դիմահարդար, կոսմետոլոգ, լրագրող)

«Երազանքները կատարվում են, մյուզիքլում լինելը դրանցից մեկն էր: Երբեք այսպիսի զգացողություն չեմ ունեցել, մեկ այլ բան է մտածել բրոդվեյյան մյուզիքլում լինելու մասին, մեկ այլ, երբ այն ինքն է գալիս Հայաստան»,- ոգեւորված պատմում է դերասանուհին ու նշում, որ բարդությունն այն էր, որ մի քանի կերպար ուներ եւ անհրաժեշտ էր շատ արագ կերպարանափոխվել:

Անահիտ Կիրակոսյանը


«Պետք է երգենք, խոսենք ու միաժամանակ շարժվենք, բայց այնպես, որ ամեն ինչ բնական ստացվի: Այս ժանրի առանձնահատկությանը ծանոթ չէինք, այն կենդանի հնչողություն ու երգեցողություն է պահանջում: Պետք է երգես, պարես, խոսես, ապրես, արարես: 200-ից ավելի մարդկանցից անցնել քասթինգն ու լինել 24 հոգանոց անձնակազմում, զգալ այս որակն ու մակարդակը, աշխատել Լոնդոնից եկած ռեժիսորի հետ, որն անձամբ եղել է Վեբերի սանը, երջանկություն է»:

Անի Լուպե (երիտասարդ Նորմա, պարուհի, կոսմետոլոգ, աստղագուշակ) եւ Վարուժան Մարգարյան (ոստիկան, հոլիվուդյան դերասան, ոճաբան, «Փարամաունթի» ծեր աշխատակից)

Դերասանները միասին են պատմում, որ պրեմիերայից մեկ օր առաջ հատուկ ներկայացում են խաղացել իրենց հարազատների ու ընկերների համար:

Վարուժան. Այսօր հասկացա, թե դա ինչի համար էր պետք՝ օգնեց մեզ լիցքաթափվել, սխալներ թույլ տալ ու գտնել դահլիճի հետ շփման մեջ մտնելու ձեւը:


Անի. Առաջին հանդիսատեսն ամենաբարդն էր, որովհետեւ մտերիմներն ավելի խիստ են դատում: Աշխատում ենք շատ պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ռեժիսորին պաշտում եմ, քանի որ ողջ աշխատանքի ընթացքում նա մեզ միայն օգնել է: Մեր երազանքն իրականություն դարձավ, հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում:

Վարուժան. Ներկայացման մեջ ներգրավված դերասաններից ես, Սեւակն ու Սուրենը միասին 2014 թվականին ընդունվել ենք թատերականի մյուզիքլ բաժինը (կանչում է նաեւ նրանց,-հեղ.): Ավարտելուց հետո անգամ չենք էլ մտածել, որ միասին բեմ կբարձրանանք:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW