×


«Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը». Ջիվան Գասպարյան կրտսերը՝ կյանքի դժվար փուլերի մասին

«Մանկության տարիներին ծննդյանս օրն անցնում էր ընտանեկան ջերմ միջավայրում։ Հայրս իմ, եղբորս կամ մորս ծննդյան օրերը դարձնում էր հեքիաթ։ Հիմա նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց այսօր արդեն ես եմ հայր եւ տղաներս են կողքիս՝ իմ ծնունդը նշելիս: Այն անսահման սերը, որ ունեի հայրիկիս հանդեպ, այսօր հետ եմ ստանում իմ որդիներից: Այսօր ես եմ իմ զավակների հետ, վաղը նրանք կլինեն իրենց երեխաների հետ, եւ հենց սրա մեջ է կյանքի շարունակությունը: Իսկ ամենամեծ նվերը, որ երբեւէ ստացել եմ, պապիկի կողմից ինձ վստահված անունն է ու դուդուկը»։

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի թոռան՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերի 44-ամյակն է: Այս առիթն օգտագործելով՝ զրուցել ենք նրա հետ։

- Ջիվան, ինչպիսի՞ն էր Ձեր մանկությունը։ Արդյո՞ք վաղ տարիքից գիտակցում էիք, որ կրում եք մի ազգանուն, որն առանձնահատուկ է։ 

- Շատ վառ ու պայծառ մանկություն եմ ունեցել։ Ծնողներիս, պապիկներիս ու տատիկներիս տված սերն ու դաստիարակությունն այն հիմքն են, որոնց շնորհիվ այսօր ապրում եմ վստահ ու ներդաշնակ՝ սեփական սկզբունքներին հավատարիմ։ Հպարտությամբ կրում եմ իմ անուն-ազգանունը. դա իմ ընտանիքի յուրահատուկ կնիքն է, որն ամենուր տանում եմ ինձ հետ՝ որպես ամենաթանկ ժառանգություն։ Շնորհակալ եմ ծնողներիս, հատկապես հայրիկիս, ով մեծ տեղ էր տալիս իմ զարգացմանը։ 

Ջիվան Գասպարյան կրտսերը


Սովորել եմ թիվ 114 անգլիական թեքումով դպրոցում: Հաճախում էի երաժշտական դպրոց, սպորտային տարբեր խմբակներ։ Կրթությունը՝ կրթություն, հարգանքը մեծերի հանդեպ՝ անկասկած, բայց ասել, որ «խելոք» երեխա էի, այդպես չի։ Հասցնում էի նաեւ բակում ակտիվ լինել՝ հեծանիվ, ֆուտբոլ եւ գնդակով այլ խաղեր։ Ինչպես բոլոր աշխույժ երեխաները՝ ես էլ թթի ծառ եմ բարձրացել, ցոգոլ «գողացել» ու հարեւանի բակից յասամանի ծաղիկներ քաղել։

Մեր տան հյուրընկալ ու ջերմ մթնոլորտն եմ միշտ հիշում։ Հաճախ էինք հյուրեր ունենում, նաեւ պապիկիս ընկերներն էին գալիս՝ հայտնի, հարգված մարդիկ։ Հայրս խոհարար էր, համեղ ուտեստներ էր պատրաստում։ Պապիկս նվագում էր: Հիմա բոլորը կյանքից հեռացել են, չկան: Տատիկներս, պապիկներս, հայրիկս... Մայրիկս է հիմա իմ կողքին։ Առողջություն ու երկար կյանք նրան:

- Երբ առաջին անգամ վերցրիք դուդուկը, դա Ձե՞ր անձնական ընտրությունն էր։ Ո՞րն էր այն բեկումնային պահը, երբ հասկացաք, որ այս գործիքը ոչ միայն նախասիրություն է, այլեւ Ձեր կյանքի ուղին։

- 15 տարեկանում եկա Միացյալ Նահանգներ, որ սովորեմ դեղագործի մասնագիտությունը։ Մորաքրոջս տանն էի ապրում։ Պատանի էի՝ ծնողներից, ընկերներից կտրված, անծանոթ մի երկրում։ Շատ էի կարոտում մերոնց, իմ բակը, Երեւանը։ Երեւի կարոտն էր պատճառը, որ սկսեցի պապիկի ձայնագրությունները լսել։ Լսում էի ամբողջ գիշեր, մինչեւ լուսաբաց, հետո գնում դպրոց: Գալիս էի տուն, դաս էի անում ու լսում, լսում... 

Հետո պապիկս եկավ Ամերիկա։ «Գլադիատոր» ֆիլմի երաժշտությունն էին ձայնագրում։ Ինձ իր հետ տարավ ստուդիա։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան հայտնի մարդիկ էին հավաքված այնտեղ՝ կոմպոզիտոր Հանս Ցիմերը, ռեժիսոր, դերասան Ռիդլի Սքոթը, երգչուհի Լիզա Ջերարդը։ Աստված իմ, ինչ հրաշք ձայն ուներ։ Եվ ես այդ մարդկանց կողքին էի օրս անցկացնում։ Խոսքերով չեմ կարող նկարագրել, թե ինչ միջավայր էր: Պապիկիս խնդրեցի․ «Դուդուկը կտա՞ս՝ մի հատ փորձեմ, տեսնեմ՝ կստացվի»: Ասաց. «Ջիվան ջան, իմաստ չունի, ուշացրել ենք։ Արդեն 16 տարեկան ես»: Էլի խնդրեցի. «Ոչինչ, ուղղակի ուզում եմ փորձել»: 

Երբ Ջիվանն ասում էր՝ «Ծանոթացեք, թոռս է՝ Ջիվանը», պարտադիր հարցնում էին՝ «Նվագո՞ւմ է», ու նա պատասխանում էր՝ «Չէ»։ Այնքան վատ էի զգում, այնքան էի ազդվում։ Ավելի շատ, երեւի, պապիկիս համար, որովհետեւ զգում էի, թե որքան մեծ էր նրա՝ «այո» ասելու ցանկությունը։ Մի օր էլ տվեց դուդուկն ու ասաց․ «Փորձիր»: Այնքան էի լսել նրա ձայնագրությունները, որ արդեն անգիր գիտեի: Ուզում էի, որ կատարումս նման լիներ նրա նվագին՝ նրա մեկնաբանությամբ, նրա ազդեցիկ զգացմունքայնությամբ։ Այսպես էլ սկսեցի նվագել:

Ավագ եւ Կրտսեր Ջիվան Գասպարյանները


- Բացի Ջիվան Գասպարյանից, եղե՞լ են ուսուցիչներ, որոնք որոշակի դերակատարում են ունեցել Ձեր կայացման հարցում։

- Պապիկն էր իմ Վարպետը։ Այն ժամանակ բջջային հեռախոսներ չկային։ Ձայնագրում էի ժապավենի վրա, ուղարկում Հայաստան։ Նա լսում էր ձայնագրությունն ու հեռախոսով իր դիտողություններն անում։ Միջքաղաքային  քարտեր կային, որոնցով 20 րոպե կարելի էր խոսել։ Այդ քսան րոպեն էլ մեր դասաժամն էր։ Տարին մեկ գալիս էր Ամերիկա՝ ձայնագրությունների կամ համերգների։ Այդ ժամանակ ինձ նոր ծրագիր էր տալիս ու ասում․ «Սա քեզ համար մի տարվա ուսում է, որովհետեւ իմ ասածը կարողանում ես շատ լավ ընկալել»։ Անհամեստ չհնչի, բայց իրոք, Ջիվանը որ նվագում էր, ես ոնց որ զգայի իրեն։ Միանգամից ընկալում էի, թե ինչ է ուզում, ու կատարում էի։ Դա մի աննկարագրելի ուրախություն էր նրա համար։ Ոնց էր ոգեւորվում, ասելու չի։ Մի օր էլ կանչեց ու ասաց, որ պատրաստ եմ եւ կարող եմ իր քառյակի կազմում նվագել․ «Եթե տեսնեի՝ չի ստացվում, կասեի՝ մի՛ զբաղվիր, բայց տեսնում եմ, որ քո մեջ գենը կա, ականջդ լավն է, հոգիդ լավն է, զգացմունքային ես։ Ես քեզ թույլ եմ տալիս, որ իմ անունը կրելով նվագես, թե չէ չէի թողնի միայն նրա համար, որ ասեն՝ թոռը նվագում է»։ 

Նվագում էինք չորս դուդուկով՝ պապին, ես, Արմեն Ղազարյանն ու Վազգեն Մակարյանը: Վերջինս բաս դուդուկ էր նվագում: Ի դեպ, բաս դուդուկը Ջիվանի ստեղծած գործիքն է, որը քառյակի ռիթմն է պահում։ Քսանյոթ տարի աշխարհով մեկ շրջագայել եմ նրանց հետ։ Համերգների հաշիվը կորցրել եմ։ Նվագել ենք հայտնի բեմերում՝ Բոլշոյ թատրոնից մինչեւ Մեծ Բրիտանիայի թագուհու պալատ։ 

Ստեփան Շաքարյանն էր չորս դուդուկի համար գործիքավորումներ անում։ Նա էլ դարձավ իմ հարմոնիայի ու սոլֆեջիոյի ուսուցիչը։ Ինձ շատ էր սիրում, ասում էր. «Ջիվան ջան, լավ ականջ ունես, կարեւորը դա է»: ։ 

- Ջիվան, կրելով Ձեր հայտնի պապիկի անունը, միեւնույն ժամանակ կերտում եք Ձեր սեփական ձեռագիրը։ Դուդուկի ավանդական հնչողությունը համադրում եք ջազի, ռոքի, էլեկտրոնային երաժշտության հետ։ Որքանո՞վ է դժվար պահպանել դուդուկի ավանդական հնչողությունը՝ միեւնույն ժամանակ համարձակ փորձարկումներ անելով նոր ոճերում։ 

- Պապիկի քառյակում նվագելուն զուգահեռ՝ նվագում էի նաեւ ռոք խմբում։ Հոլիվուդի հայտնի ու պատմական այնպիսի փոքր ակումբներում ենք ելույթ ունեցել, որտեղ ժամանակին համերգներ են տվել համաշխարհային լեգենդներ, այդ թվում՝ System of a Down-ը։ Մեր խմբի մենեջերը Սերժ Թանկյանն էր, եւ նրա հետ մեկուկես ամիս շրջագայել եմ Եվրոպայում՝ նվագելով ակումբներում, որտեղ բացում էինք նրա համերգները։ Խմբի անունը Viza էր։ Հինգ ալբոմ թողարկեցինք, բայց ժամանակի ընթացքում խումբը ցրվեց։ Ես որոշեցի սկսել ինքնուրույն երաժշտական ուղի։ Բայց, ամեն  դեպքում, դա ինձ համար հիանալի փորձառություն էր։

Իհարկե, արմատներից հեռու չես գնա եւ դուդուկի ավանդական նվագը միշտ մնում է հիմքում։ Սակայն անհրաժեշտ է փորձարկումներ անել՝ թե՛ քո, թե՛ հանդիսատեսի մեջ նոր հետաքրքրություն արթնացնելու եւ լսարանն ընդլայնելու համար։ Ռոք երաժշտություն լսողը միգուցե երբեք չգար ավանդական դուդուկ լսելու, բայց երբ ռոքի մեջ հանկարծ դուդուկ է լսում, զարմանում է․ «Սա ի՞նչ գործիք է»։ Դրանով դու նրան հնարավորություն ես տալիս, որ հետո մի օր էլ նստի ու լսի դուդուկի մաքուր, զուլալ մեղեդին։ Ես նվագել եմ տարբեր ոճերում ու ձեւաչափերով՝ ջազային կոլեկտիվներից մինչեւ սիմֆոնիկ նվագախմբեր։

- Ձեր պապիկը ցանկանում էր հիմնադրել դուդուկի դպրոց։ Ինչպե՞ս եք տեսնում դուդուկի ապագան երիտասարդ սերնդի շրջանում: Արդյո՞ք կա բավարար հետաքրքրվածություն։

- Հայաստանում դպրոց հիմնելու գաղափարն այդպես էլ իրականություն չդարձավ։ Վարպետը ցանկանում էր իր անձնական միջոցներով շենք կառուցել, դպրոց հիմնել, հավաքել որբ երեխաներին ու նրանց անվճար դուդուկ սովորեցնել։ Ցավոք, որոշ մարդկանց նախանձն ու չարակամությունը ձախողեցին այդ բարի գործը։ 

Ջիվան Գասպարյան կրտսերը


Հիմա մտածում եմ Լոս Անջելեսում բացել «Ջիվանի դուդուկի ակադեմիա», որտեղ, բացի դուդուկից, կդասավանդվեն նաեւ հայկական ազգային այլ գործիքներ, օրինակ՝ քամանչա եւ դհոլ։ Ես էլ դուդուկի դասեր կտամ՝ կիսվելով իմ վարպետությամբ եւ այն թանկարժեք խորհուրդներով, որոնք ժամանակին ինձ տվել է իմ վարպետը՝ Ջիվանը։ Դա, իհարկե, բարդ ու դժվարին խնդիր է, բայց անպայման կյանքի եմ կոչելու։ 

- Ջիվան, որպես հայր՝ կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները շարունակեն ընտանեկան ավանդույթն ու ընտրեն երաժշտի ուղին։

- Երաժշտությունը, արվեստն ու սպորտը իմ երեխաների արյան մեջ են։ Մեծ տղաս ինքնուրույն՝ YouTube-ի տեսադասերով, արդեն գեղեցիկ մեղեդիներ է նվագում, փոքրը հրաշալի նկարում է։ Երեխաներս նաեւ շատ լավ սովորում են ու ակտիվ են սպորտում։ Ես բակում եմ մեծացել, իսկ Ամերիկայում բակ չկա, դրա համար մեքենայիս մեջ միշտ ունեմ թենիսի ռակետներ, բասկետբոլի ու ֆուտբոլի գնդակներ, որպեսզի պուրակներում կարողանան խաղալ։ Տղաներն իմ արվեստի երկրպագուներն են։ Ալբոմիս ստեղծման ողջ ընթացքում՝ երգ գրելուց մինչեւ ձայնագրություն, նրանք իմ կողքին են: Տանն ունենք տարբեր գործիքներ՝ դաշնամուր, շեփոր, դուդուկ, սաքսոֆոն, կլարնետ, կիթառ։ Թող փորձեն ու իրենք որոշեն, թե որ գործիքն է իրենց ավելի հրապուրում եւ ինչով են ուզում զբաղվել։

- Ասում են՝ դուդուկը մարդու հոգու արտացոլանքն է։ Երբ տխուր կամ անտրամադիր եք լինում, դա զգացվո՞ւմ է Ձեր նվագի մեջ, թե՞ բեմն ու գործիքը ստիպում են մոռանալ ամեն ինչ։

- Ջիվանն ասում էր. «Դուդուկը տխուր գործիք չի, դուդուկը ռոմանտիկ գործիք է»: Թեեւ դուդուկն ունի իր սեփական տեմբրը, յուրաքանչյուր վարպետ ստեղծում է իր ուրույն հնչողությունը։ Ամեն մեկի մատը, հոգին, շուրթերը, սիրտն ու միտքը տարբեր են․ ամեն ինչ կապված է նվագողի կյանքի հետ։ Դուդուկահարը պետք է բարձր մշակույթ ունենա։ Դուդուկն այնպիսի գործիք չէ, որին կարելի է անփույթ մոտենալ։ Ոչ մեկին չեմ քննադատում, բոլորին էլ սիրում ու հարգում եմ։ Թող Աստված յուրաքանչյուրին առաջնորդի իր ընտրած ճանապարհով։ Բայց ես ընտրել եմ պապիկիս նվագը, որովհետեւ հենց դա է իմ հոգուն հարազատ։



- Ի՞նչ նոր, հետաքրքիր նախագծի վրա եք աշխատում, որի մասին կցանկանայիք պատմել։

- Այս պահին արդեն ունեմ յոթ ձայնագրված մեղեդի։ Եվս վեցը պետք է գրվի, որպեսզի ալբոմն ամբողջանա, եւ հաջորդ տարի այն կներկայացնեմ հանրությանը։ Շատ եմ ցանկանում այս ալբոմով համերգ ունենալ Հայաստանում։

Ալբոմում էլեկտրոնային երաժշտությունը միաձուլվելու է ժողովրդական գործիքների հետ։ Կլինեն նաեւ հայկական ստեղծագործություններ՝ ժամանակակից մշակմամբ։ Իհարկե, մեղեդիներն ամբողջությամբ չենք օգտագործում. վերցնում ենք միայն որոշակի հատվածներ եւ ներառում ստեղծագործության մեջ՝ յուրահատուկ «համ ու հոտ» հաղորդելու համար։ 

Այս ձեւաչափով արդեն հանդես եմ եկել Գառնիում։ Դա ամբողջական ծրագիր չէր, այլ ավելի շատ փորձ՝ հասկանալու համար հանդիսատեսի արձագանքը։ Զգալով, որ այս ոճի նկատմամբ հետաքրքրություն կա՝ շարունակում եմ աշխատել եւ զարգացնել ստեղծագործական այս ուղղությունը։



- Ինչպիսի՞ն է լինելու Ձեր առաջիկա համերգային աշխարհագրությունը։ Պլանավորո՞ւմ եք մոտ ապագայում մենահամերգներ ունենալ նաեւ Հայաստանում։

- Ջիվան Գասպարյանի 100-ամյակը լրանում է 2028 թվականին։ Մի շարք նախաձեռնություններ ունենք, որոնք անպայման պետք է կյանքի կոչենք, եւ այժմ ակտիվորեն զբաղվում ենք դրանցով։ Մասնավորապես, ցանկություն կա Հայաստանում փողոցներից մեկն անվանակոչել Ջիվան Գասպարյանի անունով եւ տեղադրել նրա կիսանդրին։
ԱՄՆ-ում նույնպես տարբեր ծրագրեր ունենք իրականացնելու։ Նախատեսում եմ կազմակերպել համաշխարհային տուր՝ ներկայացնելով նրա ստեղծագործական կյանքի ողջ ժառանգությունը։ Դա լինելու է շատ մեծ ու ընդգրկուն ծրագիր։ Տարբեր երկրներից կունենանք աշխարհահռչակ հյուրեր։ 

- Ինչպե՞ս էիք տոնում Ձեր ծննդյան օրը մանկության տարիներին եւ ինչպե՞ս եք տոնում հիմա։  

- Ծննդյանս օրերին ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում: Մանկությանս տարիներին հայրս էր կազմակերպում իմ ծննդյան տոնը. հավաքում էր մտերիմներին, ու մենք մի քանի օրով մեկնում էինք քաղաքից դուրս՝ մեր ամառանոց: Հայրս իմ, եղբորս կամ մորս ծննդյան օրերը դարձնում էր հեքիաթ։ Հիմա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց այսօր արդեն ես եմ հայր, եւ տղաներս են կողքիս՝ իմ ծնունդը նշելիս: Այն անսահման սերը, որ ես ունեի հայրիկիս հանդեպ, այսօր հետ եմ ստանում իմ որդիներից: Կյանքը շարունակվում է իր հունով. այսօր ես եմ իմ զավակների հետ, վաղը նրանք կլինեն իրենց երեխաների հետ, եւ հենց սրա մեջ է կյանքի շարունակությունը: 

Ջիվան Գասպարյան կրտսերը


Մենք միշտ կապի մեջ ենք եղել ու պարբերաբար այցելել ենք Հայաստան։ Նույնիսկ եղել է մի շրջան, երբ վեց տարի անընդմեջ ապրել եմ հայրենիքում։ Իսկ 2020 թվականին՝ համավարակի օրերին, երբ պապիկս ծանր հիվանդ էր եւ իմ կարիքն ուներ, ընտանիքիս հետ վերադարձա՝ նրա կողքին լինելու։

Վերջին երեք տարիներին ստեղծագործական ակտիվ գործունեություն չեմ ծավալել. պապիկիս կորստից հետո կոտրվել էի։ Իսկ երբ փորձում էի ուժերս հավաքել, կյանքն ինձ հերթական «անակնկալը» մատուցեց․ ընտանիքումս անձնական բնույթի փոփոխություններ եղան։ Դա մի անսպասելի, ծանր, իրավիճակ էր, որը շատ ազդեց ինձ վրա. խորապես վիրավորված էի նման վերաբերմունքից։ Բայց այդ թեմային անդրադառնալ չեմ ուզում։ Ինչպես Ջիվանն էր ասում՝ փառքից անպատվություն մի քայլ է։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա անել սխալ քայլ, որի պատճառով իմ երեխաները կտուժեն կամ իմ անունը կտուժի։ Ինչպես ես եմ հպարտությամբ կրում իմ ծնողների անունը, քանի որ նրանք ապրել են արժանապատիվ ու մաքուր, այնպես էլ ես եմ ապրում հիմա։ Ամեն ինչ անում եմ, որպեսզի իմ երեխաներն էլ ապագայում նույնպիսի հպարտությամբ տան իրենց հոր անունը։

Լուսանկարները՝ Ջիվան Գասպարյան կրտսերի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW