×


Ութ դերասան եւ սիրո կանթեղներ. «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը՝ հոգեպես ամոքվելու համար

Սուրբ Հարության տոնի նախօրեին մեծ էկրաններ բարձրացավ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը: Հոգեւոր երաժշտական նախագծում ներառված է Գրիգոր Նարեկացու 5 եւ 2 միջնադարյան տաղ, որոնց հեղինակների անունները հայտնի չեն ու մեզ են հասել Կոմիտասի կողմից գրի առնվելու շնորհիվ:

Ռեժիսոր Վահե Յանը BRAVO.am-ին պատմել է ֆիլմի խորհրդի, տաղերի կարեւոր ասելիքի եւ ստեղծագործական աշխատանքներ մասին: Նրա կարծիքով՝ Նարեկացու տաղերն առավել քան արդիական են, դրանք հնչում են դարերի խորքից ու ուղեցույց հանդիսանում նաեւ մեր օրերում:

Ռեժիսոր Վահե Յանը


«Տաղերը փրկության կանթեղ են, իսկ հանդիսատեսի սրտերին հասցնելը մեր առաքելությունն էր։ Որքան շատ ես ընկղմվում խավարի մեջ, այնքան լույսի թեկուզ հասարակ շողը կենսական պահանջ է դառնում: Այն մեր ինքնամաքրումն է ու ինքնակատարելագործումը, Աստծուն ավելի մոտ կանգնելն ու հոգեւոր վերարժեւորման լուրջ գործընթաց սկսելը, որը վաղուց պետք է արած լինեինք։ Նյութական աշխարհը հոգեւորի արտացոլանքն է՝ երբ մեկում թուլանում ես, անդրադառնում է նաեւ մյուսի վրա: Այսօր անդունդի եզրին ենք կանգնած, ինչը հոգեւոր անդունդի եզրին հայտնվելու հետեւանքն է: Եթե սկսենք ամոքել մեզ, վերադառնանք մեր էությանն ու կոչմանը, ինքներս էլ չենք հավատա, թե ինչպես ենք սկսում մետամորֆոզների ենթարկվել», - նշել է Վահե Յանը:



Ֆիլմի համար յուրահատուկ ձեւաչափ են ընտրել ու այն պետք է ստեղծվեր 7 տաղերի հիման վրա։ Տաղերի մենակատարը, ինչպես նաեւ սցենարի համահեղինակն ու խորհրդականը Վահե Բեգոյանն է։

«Վահեն տաղերը պետք է գրաբար կատարեր, բայց քանի որ այն ոչ բոլորի համար է դյուրամարս, խնդիր ունեինք բովանդակությունը հասկանալի դարձնել եւ տաղի գրաբար կատարումից առաջ որոշեցինք, որ այն աշխարհաբարով հնչի նաեւ դերասանների շուրթերից։ Պակաս կարեւոր չէր ընտրել այնպիսի արտիստների, որոնք հրաշալի մասնագետ լինելուց բացի, կունենային նաեւ ֆիլմի պահանջած հոգեւոր արժեհամակարգը: Ընտրության հարցում չսխալվեցինք. բոլորն էլ ֆիլմի գաղափարը, ասելիքն ու նպատակն իմանալուց հետո առանց նախապայմանի հաստատեցին իրենց մասնակցությունը: Բոլորս հեզ ծառայում ենք այն նպատակին, որ մեր առջեւ դրված էր», - ասել է ռեժիսորը:



Ֆիլմում նկարահանվել են Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Մարջան Ավետիսյանը, Սամվել Թոփալյանն ու Ռոզի Ավետիսովան: Աշխատանքները Հնեվանքում, Սուրբ Մինաս եկեղեցում, Գեղարդում, Սանահինում տեւել են 6 ամիս, ու ռեժիսորի խոսքով՝ անցել սիրով լի միջավայրում: Նշում է, որ հանուն մեծ գաղափարի հնարավորինս հեռու են մնացել սեփական հավակնություններից:

«Սովորություն չունեմ նկարահանման օրերը միմյանցից առանձնացնել ու գնահատականներ տալ։ Ստեղծագործելն ինձ համար նշանակում է կյանքի հետ երկխոսության մեջ մտնել: Սիրո եւ սեփական կարողություններդ Աստվածայինին ծառայեցնելու գեղեցկագույն ընթացք էր»,- ասել է Վահե Յանը:



Ռեժիսորը վկայում է՝ տարիքային սահմանափակում չկա. ֆիլմը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր այն դիտելու ցանկություն ունեն։

«Ցուցադրությունից հետո բազում մարդիկ շնորհակալություն էին հայտնում՝ հոգեպես ամոքվելու հնարավորություն ընձեռելու համար: Ֆիլմը նախատեսված է հենց նրանց համար, ինչպես նաեւ այն մարդկանց, որոնք դեռ չգիտեն «ամոքվել» բառի նշանակությունը՝ երեխաների։ Շատ կարեւոր է, որ նրանք նայեն ֆիլմը: Էյնշտեյնն ասում էր. «Եթե ուզում եք, որ երեխաներն արժեքավոր մարդիկ դառնան, նրանց համար հեքիաթներ շատ կարդացեք»։ Մեր դեպքում հեքիաթ չէ, այլ փոքր տարիքից Աստծո հետ հավերժական կապի ստեղծումը»։



Ռեժիսորն անկեղծացել է, որ «Տաղ. հոգու ճանապարհ»-ի մոնտաժման ընթացքը նման է եղել «Լեգո» խաղի։ Մանր աղյուսներով հավաքել են վերջնական պատկերն ու ավարտուն տեսքից հետո դժվար է ասել, թե որ մասնիկն էր ավելի հետաքրքիր կամ էլ գեղեցիկ՝ ամեն մեկն է ծառայել իր նպատակին:

«Բավականություն էի ստանում, երբ ռեժիսորական էկրանին տեսնում էի, թե ինչպես են մտապատկերներս կյանք ստանում ու դառնում իրական: Հաճույք էի ստանում համընդհանուր սիրո եւ նվիրվածության անկեղծ մթնոլորտից։ Բոլորը հասկանում էին, որ իրենց փոքրիկ աղյուսն են դնում մեծ վերջնապատկերի համար։ Վայելել եմ սեր տալու եւ սեր ստանալու ընթացքը»:



Ֆիլմի փակ ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 4-ին էր, իսկ երբ մեկ օր անց Վահե Յանը ցանկացել է նորից այն դիտել, դահլիճ մտնել անգամ չի կարողացել, քանի որ նույնիսկ կանգնելու տեղ չի եղել. «Շատ հուզված էի, հասկացա՝ այն սերն ու եռանդը, որը կես տարի դրել էինք այսչափ կարեւոր նախագծի մեջ, իր պտուղները տվեց»:

«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի գաղափարն Արտակ Ալեքսանյանինն է, գործադիր պրոդյուսերը «Վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արթուր Ջանիբեկյանն է:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW