×


Գնալով «անհավանական» ճանապարհով․ Eleven Green-ի նոր ալբոմի համերգ-շնորհանդեսը

Ռոքի, էլեկտրոնային երաժշտության եւ ինդի փոփի տարրերով՝ առանց ժանրային սահմանափակման. «Eleven Green» խումբը ներկայացրել է «Against The Odds» դեբյուտային ալբոմը: Բաբելոն թատրոնում կազմակերպված համերգ-շնորհանդեսը ձեւաչափով ավելի նման էր ընկերների, երկրպագուների հետ հանդիպում-զրույցի, խմբի անդամներն ասում են՝ հենց այդ նպատակով էլ ընտրել են միջոցառման վայրը, որ բոլորով հանդիպեն մտերմիկ ու ջերմ միջավայրում։

Eleven Green-ի նոր ալբոմի համերգ-շնորհանդեսին


Ովքեր հետեւել են Eleven Green-ի գործունեությանը, կհիշեն, որ դեռեւս 2016 թվականին խումբը մեծ մասամբ ինստրումենտալ գործեր էր թողարկում եւ կոչվում էր «Mik Aelian»։ Իսկ մեկ տարի անց, երբ կիթառահար Խորեն Միքայելյանին միացավ վոկալիստ Նարե Նիկոյանը, խումբն անվանափոխվեց, եւ երաժշտությանն ավելացան վոկալային հատվածները։ Քանի որ երգերի մեծ մասն անգլալեզու է, Eleven Green-ի համերգներն էլ հիմնականում անցնում էին արտասահմանյան բեմերում։ Վերջին շրջանում Խորենն ու Նարեն հայերեն երգեր էլ են գրում, դրանցից մեկի պրեմիերան երեկ էր. «Ուզում ենք՝ մեր հայալեզու հանդիսատեսը շատանա, որովհետեւ մեզ համար կարեւոր է՝ հենց մեր երկրում գնահատեն մեր երաժշտությունը»,- ասում է Նարեն։

Նարե Նիկոյանը


BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ նոր ալբոմում ընդգրկել են խմբի հին ու նոր երգերը՝ ամփոփելով նախորդ տարիների իրենց աշխատանքը. «Մեր օրերում ալբոմ թողարկելն այնքան էլ պահանջված չէ, արտիստները հիմնականում սինգլներ են ներկայացնում, բայց երբ հավաքվում է երգերի մի որոշակի քանակ, կարծես ցանկանում ես մի փաթեթով դա ամփոփել։ Ալբոմն անվանել ենք «Against The Odds» (Հավանականությունների դեմ). մեկ-մեկ լինում է, որ մտքերով եմ ընկնում ու սկսում եմ հասկանալ, թե ինչքան անհավանական սցենարներ կան, որ կուզեի՝ իրականանային։ Դրանից վախենալով՝ շատերը հանձնվում են, բայց ես ուզում եմ՝ չհանձնվեն, ուզում եմ այդ հավանական սցենարները մի կողմ դնել ու անհավանականով գնալ»։

Eleven Green-ի նոր ալբոմի համերգ-շնորհանդեսին


Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված՝ ապրիլի 11-ը խորհրդանշական է խմբի համար. «Քովիդի ժամանակ, երբ տանը փակված էինք, որոշել էինք, որ ամեն ամսվա 11-ին նոր երգ պիտի թողարկեինք։ Բայց այդ ավանդույթը կես ճանապարհին մնաց. վերջինը սեպտեմբերի 11-ին էր։ Հետո բոլորիս հայտնի պատճառներով դադարեցրինք գործունեությունը, եւ շատ դժվար էր նորից վերականգնվել ու շարունակել աշխատանքը։ Փորձեցինք հավաքվել, զգում ենք՝ արդեն հասունացել է այդ պահը։ Սա շատ կարեւոր էր մեզ համար, որ հասկանայինք՝ ինչ-որ փոքրիկ լումա ներդրել ենք երաժշտական աշխարհում։ Հետո էլ դեռ ուրիշ՝ ավելի մեծ ծրագրեր պիտի իրագործենք»,- ընդգծում է Խորեն Միքայելյանը։

Nemra խմբից Վան եւ Վասպուր Եղիազարյանները՝ Eleven Green-ի համերգին


«Against The Odds» ալբոմն արդեն հասանելի է երաժշտական թվային հարթակներում, իսկ առջեւում սպասվում է «Ո՞ւմ» երգի պրեմիերան ու նոր տեսահոլովակների թողարկումը։ Խորենն ու Նարեն համերգի ընթացքում էլ հանդիսատեսին խոստացան, որ նորությունները երկար սպասեցնել չեն տա։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին