×


«Իմ մեղքը պիտի քավեմ, եթե կինս թույլ տա». Ռազմիկ Ամյանի անկեղծ հարցազրույցը 15 տարի անց

Երգիչ, երգահան Ռազմիկ Ամյանը հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին եւ ավելի քան տասնհինգ տարվա դադարից հետո անկեղծ խոսել ընտանիքի, ԱՄՆ տեղափոխվելու, վատ սովորությունների եւ տարատեսակ խոսակցությունների պատճառ դարձած այլ թեմաների շուրջ։

Նախ՝ անդրադարձ եղավ հարցին, թե արդյո՞ք երգիչն իր ընտանիքով տեղափոխվել է Լոս Անջելես կամ նման պլաններ ունի առաջիկայում։ Ռազմիկն ասաց՝ աշխատանքի բերումով հաճախ է լինում տարբեր երկրներում, բայց որեւէ այլ տեղ մշտական բնակության ծրագրեր չունի, թեեւ երեխաներն այժմ ապրում են ԱՄՆ-ում․ «Անկեղծ ասած՝ վերջին անգամ այնտեղ եղել եմ թղթաբանության հետ կապված հարցերով, բայց նպատակս այն չէր, որ փախչեմ, կամ որովհետեւ ինձ նեղացրել են, ու նաեւ չկա այնպիսի մի արարք, որի պատճառով չկարողանամ ինչ-որ մեկի աչքերին նայել։ Ես ամեն տեղ կարող եմ բնակվել, որովհետեւ հոգիս մաքուր է։ Աշխատանքային առումով աշխարհի քաղաքացի եմ՝ ամեն տեղ եմ»։

Հաղորդավարի ճշտող հարցին՝ երբեք չի էլ դիմել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, Ամյանը խոստովանեց՝ հիմա դիմել է․ «Թղթերն ընթացքի մեջ են, բայց դա այն նպատակով չէ, որ ուզում եմ տեղափոխվել: Ես չեմ կարող այնտեղ ապրել, այստեղ ինձ ավելի հանգիստ եմ զգում, առօրյաս շատ ավելի բուռն է անցնում։ Պարզապես երեխաներիս խնդիրն է. ես չեմ որոշել, որ հիմա նրանք ԱՄՆ-ում լինեն, իրենք են որոշել, համաձայնել եմ։ Իհարկե, դժվար է հեռավորությունը, բայց ուրախ ենք, որ խելացի երեխաներ ունենք»։

Հարց հնչեց նաեւ այն լուրերի մասին, թե Ռազմիկն ու կինն ամուսնալուծվել են։ Երգիչը նշեց, որ դժվար փուլեր շատ են ունեցել, բայց նաեւ շեշտեց, որ իրենց հաջողվել է զրուցել, հասկանալ միմյանց ու շարունակել միասին լինել․ «Չէ, իրար հետ ենք, մենք երբեք ամուսնալուծված չենք եղել։ Դրա համար շատ առիթներ են եղել, բայց փա՛ռք Տիրոջը, որ կինս հասկացող է, եւ մենք իրար հետ ենք։ Կան ցավալի բաներ, ես իմ կնոջից ոչ մի գաղտնիք չունեմ, մենք խոսել ենք ու վերջակետ դրել բոլոր մութ հարցերին, որովհետեւ 22 տարի է՝ միասին ենք։ Ես նրա աջակցությամբ շատ բաների եմ հասել, շատ սխալ քայլերից ինձ հետ է պահել, որ զբաղվեմ իմ սիրած գործով։ Բուժելու խնդիրներ շատ կան, խոստացել ենք, պիտի անենք։ Իմ մեղքը պիտի քավեմ, եթե նա թույլ տա։ Անչափ շնորհակալ եմ նրան դրա համար»։

Զրույցի ընթացքում Ռազմիկը նաեւ հրաժարվեց գինու հյուրասիրությունից՝ նշելով, որ ալկոհոլ այլեւս չի օգտագործում, քանի որ վերջին շրջանում հաճախ է դրա ազդեցության տակ եղել․ «Ինձ պես խմող երեւի չի եղել, դրա համար հիմա չեմ խմում։ Դրա կարիքը չկա, սթափ լավ է։ Կարիերան ինձ ստիպեց լինել այնպիսի տեղերում, որտեղ կարող են լինել վատ սովորություններ։ Ուզում եք ավելի՞ կոնկրետ ասեմ։ Խմելուց սկսած՝ վերջացրած ամենավատ սովորություններով։ Այ դա քեզ գցում է, այ դա չի կարելի։ Երիտասարդներին ուզում եմ ասել՝ մի արեք, պիտի թքեք դրա վրա։ Ես կարող եմ, չէ՞, օրինակ ծառայել, ուզում եմ լինել լավ օրինակ ու կլինեմ։ Հիմա այլեւս չկան այդ սովորությունները։ Ինչպե՞ս կարողացա՝ ուղղակի հասկացա, որ ամենաթանկը չեմ կարող կորցնել․․․»։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW