×


Վահե Խաչատրյան. «Ինձ վիրավորում են միայն նրա համար, որ ողջ եմ մնացել ու ապրում եմ»

Շոումեն եւ սցենարիստ Վահե Խաչատրյանի հետ զրուցել ենք ակտիվ ստեղծագործական ու դեռ բավական ծանր անձնական ապրումների շրջանում: BRAVO.am-ի համար նա բացահայտել է նոր նախագծերը, խոսել Հայաստանում հումորի առանձնահատկությունների, սեփական վիշտը հաղթահարելու դժվար փորձերի մասին ու կարեւոր խնդրանքով դիմել մարդկանց:

- Դուք հիմա ակտիվ աշխատանքային փուլում եք, նկարահանումներ ունեք ու տարբեր նախագծերում եք ներգրավված: Կպատմե՞ք դրանց մասին:

- Հետաքրքիր մտահղացում ունեինք, որն իրականացրինք «Նոր Հայաստան»-ով՝ «Մադամ Սուսոյի թանգարան»-ը: Հայտնի կերպարները՝ սկսած Թումանյանից ու Կոմիտասից մինչեւ ջրահարս ու Ալադինի գորգը, սթենդ ափի ձեւաչափով անդրադառնում են կարեւոր խնդիրների: Շռայլ միջոցներ չունեինք, բայց եղածով էլ կարողացանք ստանալ լավ արտադրանք:

Այդ նախագիծն իրականացնում էինք եղբորս՝ Վարդան Խաչատրյանի հետ, ով որպես հրաշալի հաղորդվար՝ վարում էր հաղորդումները։ Վարդանի դերն ու նշանակությունը շատ կարեւոր է իմ անձնական ու գործնական կյանքում, քանի որ նրա հաղորդավարական վարպետությունը սահմաններ չունի։ Վերջերս էլ նա ֆենոմենալ կերպով անցկացրեց հայկական ավանդական երգի երեկոն, որտեղ հանդես եկան մեր երկրի ազգային երգի վարպետները։ Եվ հավատացեք, առանց Վարդանի կոլորիտի այդ երեկոն կիսատ կլիներ։

Անդրանիկ Մանուկյանը եւ Վարդան Խաչատրյանը


Սկսում ենք նաեւ մեր սրտի նախագիծը՝ «Հումորի լիգա»-ն, որն ընկերներով՝ Արամ Մելիքյանի, Արսեն Հարությունյանի եւ Արմեն Սուքիասյանի հետ անում ենք 2018-ից: Ներառելու է ողջ Հայաստանը, Ռուսաստանից էլ հյուրեր կլինեն: Փորձել ենք ստեղծել մեծ հումորային հարթակ, որը ՈՒՀԱ-ից հետո վաղուց չկար: Եթե երեխան ուզում է ֆուտբոլով կամ երաժշտությամբ զբաղվել, գնում է համապատասխան վայր, բայց հումորն այդպիսի տեղ չունի: «Հումորի լիգա»-ն մեծ շարժում կդառնա, որտեղ բոլոր ցանկացողները կփորձեն իրենց ուժերը: Մեր ժամանցային ոլորտն էլ նոր դեմքեր կմտնեն՝ սցենարիստներ, կատարողներ:

Շուտով «Արմենիա»-ով հեռարձակվելու է հումորային «Վարչապետ 2050» սերիալը, որն ընդհանրապես քաղաքականացված չէ: Արմեն Պետրոսյանի նախագիծն է, շատ լուրջ կազմ է աշխատում, ես էլ թիկնապահի դերում եմ:

- Ինչպիսի՞ն է, Ձեր գնահատմամբ, Հայաստանում հումորի ոլորտը եւ ինչո՞ւ է այսքան թերանում:

- Շատ ծավալուն թեմա է, կարճ դժվար է ասել: Եթե մանրամասնեմ, ինչ-որ մեկին հաստատ նեղացնելու եմ:

Վահե Խաչատրյանը


- Դպրոցական տարիքում դիտել եմ ՈՒՀԱ-ն, այնտեղ հումորի ուրիշ մակարդակ էր: Հումորն ինձ համար առաջին հերթին պետք է ինտելեկտուալ լինի, ոչ թե այն տարրականը, որը հիմա կա:

- Ինտելեկտուալ հումոր հասկացություն գոյություն չունի՝ հումոր կա՛մ կա, կա՛մ չկա, այն լավն ու վատն էլ չի լինում: Եթե կատակում ես, ու ծիծաղում են, հումոր կա: Ցուցիչը ծիծաղն է: Կարող ենք բազմաթիվ հումորիստների թվարկել, որոնք Ձեզ ու ինձ համար ծիծաղելի չեն, բայց արի ու տես, որ հազարներով հանդիսական են հավաքում, գումար վաստակում եւ իրենց երջանիկ զգում: Ինձ էլ երբեմն դուր չի գալիս այն, ինչ գրում եմ: Շատ վիճելի դաշտ կմտնենք, եթե փորձենք, մեր ճաշակից ու արժեհամակարգից ելնելով, գնահատական տալ հումորին: Չենք խոսում վիրավորանքների ու ճշմարիտ թեմաներով հումորի մասին: Այնպես չէ, որ 90-ականների ՈՒՀԱ-ում շատ լավ հումոր է եղել. երբ 2015-ին Ռուսաստանում ինքներս էինք խաղում, Գարիկ Մարտիրոսյանը մեզ ասաց. «Տղաներ, այն, ինչ մենք անում էինք, էլ պետք չէ կրկնել»:

- Դե, որովհետեւ ժամանակն ու դեպքերն իրենց հետքն են թողնում նաեւ հումորի վրա:

- Այո, իրենց արած հումորն այն ժամանակ էր տեղին, հիմա հումորն ուրիշ է անգամ տարբեր երկրներում: Շատ կուզեի հումոր գրել Կաֆկայի, Բուլգակովի, Պազոլինիի, Բրոդսկու կամ Տարկովսկու մասին, բայց առաջնային է լսողի տեղեկացվածությունը. մարդիկ ուզում են առանց մտածելու ծիծաղել, որ մեկն իրենց հիշեցնի հարսանիքներում շատ կոլորիտային կերպով տաշի գոռացող տիկնոջ մասին:

- Հանգում ենք պահանջարկին՝ տալիս եք այն, ինչ մարդիկ են ուզում:

- Եթե երեխային ընտանիքում չեն սովորեցնում Գի դը Մոպասանի «Փափլիկը» կարդալ, այլ հեռախոսն են տալիս, որ իրենց չխանգարի, մենք ի՞նչ կարող ենք անել:

- Գուցե հումորի առումով մի քիչ նպաստե՞նք կրթվածության բարձրացմանը:

- Վան Գոգի ու Գոգենի օրը կընկնենք, բայց ուզում եմ ինձ կյանքիս ընթացքում հիշեն, հիմա լավ ապրեմ եւ գոնե եղածի չափով կարողանամ մարդկանց նոր բան տալ, այդպես կլինի «Մադամ Սուսոյի թանգարան»-ի դեպքում: Այդ հաղորդման շրջանակում Թումանյանը կբողոքի, թե այս ինչ օրն ենք ընկել, իսկ Կոմիտասը կդժգոհի, որ մեր երաժշտությունն արեւելյան ելեւէջներից նրա համար չի մաքրել, որպեսզի այն նորից լսեն: Թեեւ փորձում ենք նոր բան հաղորդել, բայց միջին վիճակագրական հայը նման հումոր չի ուզում: Նպատակը մեկն է՝ գործից գա, վարկերի մասին չմտածի եւ թեթեւ բաներ լսի: Պատճառը երկրի կենսամակարդակն է. ժամանցն ի վերջո երկրորդական է, առաջնային շատ կարեւոր հարցեր կան:

Հասմիկ Բաբայանը եւ Վահե Խաչատրյանը


- Ճանապարհորդական «Աշխարհը սեր է» հաղորդման նկարահանումներով էլ եք զբաղվում:

- Այն կարեւոր գործի շարունակությունն է: «Ճամպրուկս ու ես» նախագիծ կար, որը կինս (Արմինե Ճաղարյանը,-հեղ.) էր վարում: Բայց քանի որ ամեն ինչ այդպես եղավ, հարց էր առաջանում, թե ի՞նչ անեմ: Երկու լուծում կար՝ կա՛մ պիտի մի բան անեի ինքս ինձ հետ, կա՛մ չանեի, իսկ դրա համար խթանիչ միջոցներ էին պետք, որ ֆիզիկապես գոյություն ունենայի: Ոչ մի հայտնի միջոց, բնականաբար, չօգնեց, հիմա էլ չի օգնում:

- Իսկ որո՞նք էին դրանք:

- Հոգեբանը, մարդիկ, ոչ ոք չօգնեցին, միայն ծնողներս ու եղբայրս են ինձ պահում, քանի որ գիտեմ՝ նրանց պետք եմ: Ինքս ինձ վաղուց պետք չեմ, աշխարհին էլ, ու որ այդ  մարդկանց կյանքը վերջնական չկործանվի, պատասխանատվություն ունեի: Հասկանում ես, որ ամեն ինչ վերջացել է, ու կյանքն էլ իմաստ չունի: Մազից կախված գիտակցում ես, որ եթե չլինես, եւս 3 հոգի էլ կարող են չլինել: Ու միջոցներ ես փնտրում գիտակցությունդ կառավարելու: Ընկերներ էլ կան, որ կողքիս են, բայց նրանց չեմ ուզում տանջել, քանի ամեն ինչ շատ բարդ ու դժվար է: Հարցը սեփական ճակատագիրը չէ, պարզապես կար մի մարդ, որն էլ չկա, այդ ցավն է տանջում, չես կարողանում հաշտվել: Ու որպեսզի ցավը թուլացնես, պիտի միջոցներ գտնես: Ընթացքում հասկացա՝ միակ ելքն աշխատելն է:

- Ե՞րբ կարողացաք վերադառնալ աշխատանքին:

- Երեւի, 20 օր հետո: Հասկանում էի, որ կործանվում եմ: Մինչ այդ ֆուտբոլային ակումբի մասին վավերագրական ֆիլմ կար պլանավորած, անկախ ինձնից՝ սկսեցի մտածել դրա շուրջ ու հասկացա, որ պահի տակ ցավի մասին մոռանում եմ: Փորձեցի աշխատել, ու դա ցավազրկողի պես ինձ բուժում էր:

- Իսկ աշխարհն իսկապե՞ս սեր է:

- Հաղորդման ձեւաչափը շատ կարեւոր է, քանի որ իմ աղջիկն այն շատ էր գնահատում: Չեմ ուզում այս թեմայի շուրջ շահարկումներ լինեն ու տպավորություն ստեղծվի, թե փորձում եմ օգտագործել:

Վահե Խաչատրյանը


- Բայց Արմինեն Ձեր կյանքի մի մասն է, ու ինչից էլ խոսենք, նրան եւս առնչվելու է:

- Մեր հասարակության մեջ կան այնպիսի չարակամ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում իմ քայլերի վերաբերյալ կարծիք հայտնել. մեղադրում են, թե ինչպես կարող եմ կանգնել բեմում ու շփվել մարդկանց հետ, այն դեպքում, երբ մտերիմներս չեն էլ անդրադառնում այդ թեմային: Զզվելի է տեսնել, թե ինչպիսի մեկնաբանություններ են թողնում «Հումորի լիգա»-ի յութուբյան հոլովակի տակ:

- Իսկ ի՞նչ պետք է անեք նրանք կարծիքով, իրավո՞ւնք չունեք այդ դժբախտությունից հետո փորձել կյանք վերադառնալ:

- Ինքս էլ չգիտեմ, չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, որ ինձ վիրավորում են միայն նրա համար, որ ողջ եմ մնացել ու ապրում եմ: Նման բան են իրենց թույլ տալիս, բայց դիմացս կանգնել ու աչքերիս մեջ նայել չեն համարձակվի: Այդ քննարկումներն ինձ տիեզերական ցավ են պատճառում ու վնաս տալիս: Խոսակցություններ են պտտվում. «Եթե այդ դեպքը չլիներ, քեզ ո՞վ էր ճանաչում», ախր ես մինչ կնոջս ճանաչելն էլ երկար տարիներ աշխատել եմ հեռուստատեսությունում ու ամենավարկանիշային նախագծերում եղել: Բայց բազմաթիվ են նաեւ դեպքերը, որ մարդիկ մոտենում են փողոցում ու աջակցում:

- Վերադառնանք հաղորդման անվանմանն ու թե ինչու որոշեցիք այն կապել սիրո հետ:

- Պատահական չէ, որ նման անուն եմ ընտրել: Երբ հայտնվում է ճիշտ մարդը, երեւույթները փոխվում են, մեկ էլ հանկարծ լույսը բացվում է, ամեն ինչին յուրահատուկ անկյունից ես նայում եւ արժեւորում: «Աշխարհը սեր է» հաղորդման շրջանակում առաջին հերթին դրանից ենք խոսելու. ճանապարհորդելու ենք ու փորձելու հասկանալ, թե ինչպես ենք մենք, արաբները կամ մյուս ազգերն իրար սիրում:

Վահե Խաչատրյանը


- Ստացվելու է ճանապարհորդություն սիրո շուրջ:

- Սիրո մասին ենք խոսելու ու նաեւ ճանապարհորդական վայրերը բացահայտելու: Բավական պարզ, բայց եւ կարեւոր հաղորդում է ինձ համար: Չեմ էլ ցանկանում համեմատվել իմ աղջկա հետ, որովհետեւ նա ֆենոմենալ հաղորդավարուհի է. նրա արածի կեսի չափ էլ չեմ կարող անել: Այն, ինչ մենք սիրում էինք ճանապարհորդության մեջ, փորձել եմ ներկայացնել գեղեցիկ ու ճիշտ, որովհետեւ եթե ի վերջո այդ անտեր սերը չլինի, էլ ինչո՞ւ ենք ապրում:  

- Շատ սիրուն եք ասում «իմ աղջիկը», ինչպիսի՞ն էր Արմինեն ու, թեեւ երկար չեք ապրել միասին, բայց ինչպե՞ս փոխեց Ձեր կյանքը:

- 2018-ի օգոստոսին իր ռադիոհաղորդմանը հյուր էի գնացել, ծանոթացանք ու սեպտեմբերից սկսեցինք ընկերություն անել, ամուսնացանք 2021-ի հոկտեմբերի 8-ին: Իր ներկայությամբ ավելի բարի եմ եղել, եթե ինչ-որ մեկը քեզ համար կարեւոր է, ձգտում ես այնպիսին դառնալ, որ կողքիդ իրեն լավ զգա: Իր արժեհամակարգով բարձր կին է, կիրթ, մի քանի լեզու իմացող, Եվրոպայում ապրած, մարքեթինգի մասնագետ, հաղորդավար: Միասին լավ էինք զգում, իրար շատ սիրում, վայելում ամեն վայրկյանը: Երկուսս էլ հասուն տարիքում ենք ծանոթացել ու ընտանիք կազմել:

- Պակասը շատ եք զգում:

- (Գլխով է անում, երկար լռություն,-հեղ.):

- Շարունակում եք ձեր տանն ապրել:

- Այդ տունը երկուսով ենք կառուցել, ամեն ինչ իր ճաշակով է, շատ դժվար է այնտեղ լինել (երկուսս էլ հուզվում ենք,-հեղ.):

Վահե Խաչատրյանը


- Իսկ կա՞ մի բան, որ շատ կուզեիք հասցրած լինել ասել:

- Միշտ ու ամեն օր եմ ասել, որ իրեն շատ եմ սիրում: Օր չկար, անգամ վայրկյան, որ այդ մասին չասեի: Տա Աստված, որ յուրաքանչյուրն իմ ապրած զգացմունքի գոնե կեսը զգա: Ամենամեծ ցավն այն է, որ նա չկա: Շատ եմ խնդրում, որ մարդիկ հարգեն իմ անձնական կյանքը, հանդիպելիս ու շփվելիս այդ մասին չխոսեն: Եթե պետք լինի, ինքս կասեմ: Չեմ ուզում իրենց անձնական ապրումների հետ համեմատություն անցկացնեն, սեփական չստացված պատմությունների հետ կապեն: Դա իմն է, մերն է...

- Ասում են՝ ցավի ընդունման մի քանի փուլ կա՝ ժխտում, զայրույթ, դեպրեսիա եւ ընդունում: Դուք ո՞ր փուլում եք հիմա:

- Կարծում եմ՝ այս պահին ժխտումն է ու զայրույթը, դեպրեսիան չի էլ անցել: Միակ դեղամիջոցն աշխատանք է, դա է ինձ օգնում միայն:

- Խոսքերով հնարավո՞ր է օգնել մարդկանց:

- Անհատական է: Ամեն մարդ իր կորուստը սեփական մաշկի վրա է զգում: Կապ ունի նաեւ, թե ինչպիսի կորստի մասին ենք խոսում: Պատերազմում զոհված տղայի ցավը լրիվ ուրիշ է, իմ դեպքը՝ բոլորովին այլ: Կան մարդիկ, որոնք համարում են՝ Աստված մեզ հենց այնպես չի տալիս փորձություն, հասկացել եմ, որ մարդն ինչքան համարձակ է, այդքան պատասխանատվությունը փորձում է իր վրա վերցնել: Պիտի գիտակցես, որ կյանքում արածդ ամեն քայլի դիմաց ստանում ես համարժեք պատասխան. մեզ հետ տեղի ունեցող ամեն ինչ կատարած ընտրությունների արդյունքն է: Ինձ ոչ մի խոսք չի կարող սփոփել,  ինչ էլ ասեն, չի օգնի:

- Երբեմն մարդիկ էլ չգիտեն՝ ինչպես պահել իրենց ու ինչ ասել նման իրավիճակներում:

- Պետք է ամենը շատ բնական լինի, արհեստական տարր չմտցնեն: Արհեստական մաղթանքներն ու կենացներն անիմաստ են: Երեխա կորցրած ծնողին ի՞նչ ասես: Մարդիկ են կարեւոր այս հողի վրա: Քանի մարդիկ կան, հողն ու հիշողությունը մնալու են:

Վահե Խաչատրյանը


- Այս մեկ տարվանից հետո ի՞նչն է հիմա Ձեր կյանքում կարեւոր:

- Որ կարողանամ միշտ աշխատանքի մեջ լինել, ծնողներիս եւ եղբորս կողքին մնալ, ինչքան էլ պաթոսային հնչի՝ այլապես իմ այստեղ մնալն իմաստ չի ունենա: Ամեն մարդ այս երկիր մոլորակի վրա իր նշանակությունն ունի:

- Ի՞նչ կուզեք ավելանա ժամանակակից աշխարհում:

- Ժամանակը հետ տալու մեքենա:

- Իսկ ի՞նչն է քիչ մեր օրերում:

- Կուզեի՝ մտածող մարդիկ շատ լինեն:

- Ի՞նչի կարիքն ունեք ամենաշատը:

- Ինչի չէ, ում:

- Ինչի՞ց եք հոգնել:

- (Երկար լռություն,-հեղ.), այնքան բարդ բան եք հարցնում: Չգիտեմ՝ ինչից եմ հոգնել, բայց հոգնել եմ: Թող լռեն ու հարգեն իմ անձնական կյանքը, ինչքան կուզեն, թող վատ կարծիքներ գրեն գործիս, արտաքինիս մասին, բայց կյանքիցս չխոսեն:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին