Արդեն երկար տարիներ մայիսի առաջին երկուշաբթին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում նշանավորվում է նորաձեւության աշխարհի ամենամեծ երեկույթով. Met Gala-ին ներկա են լինում տարբեր ոլորտների ամենահայտնի մարդիկ:
Այս տարի Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը միջոցառումը նվիրել էր իր ընկերոջ՝ 2019 թվականին կյանքից հեռացած դիզայներ Կառլ Լագերֆելդի հիշատակին: Իսկ դա նշանակում է, որ հյուրերը պետք է կրեին Chanel, Fendi, Karl Lagerfeld, Chloé, Balmain ու Patou բրենդների հագուստներ, որոնց ստեղծմանը մասնակցել է դիզայները:
Այս տարի երեկոն անցնում էր «Կառլ Լագերֆելդ. գեղեցկության գիծ» խորագրով, Աննա Վինտուրից բացի, ժյուրիի կազմում էին դերասանուհի Պենելոպե Կրուսը, թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, սցենարիստ Միքայելա Կոելն ու երգչուհի Դուա Լիպան:
Կրուսն առաջիններից մեկն էր, որն անցավ կարմիր գորգով. նա Chanel-ի մեծ սիրահար է ու նախապատվությունը սեզոնի թրենդային գլխարկով զգեստին էր տվել: Դուա Լիպան էլ ընտրել էր բրենդի 1992 թվականի աշուն-ձմեռ կուտյուրային հավաքածուի զգեստ, որը ցուցադրության ժամանակ հագել է Կլաուդիա Շիֆերը: Կերպարը նա ամբողջացրել է Tiffany-ի ադամանդե վզնոցով:
Պատահական չէ, որ ժյուրիի կազմում էր նախորդ տարին կարիերան ավարտած Ռոջեր Ֆեդերերը: Աննա Վինտուրը միշտ հիացել է նրա խաղով ու ներկա եղել մրցումներին: Խմբագրի ու թենիսիստի ընկերությունը երկար տարիների պատմություն ունի: Բացի այդ էլ, Ֆեդերերը ամենաոճային մարզիկներից է ու նորեկ չէ Met Gala-ում:
Վինտուրն ու Բիլ Նային առաջին անգամ ներկայացել են որպես զույգ: Խմբագիրն ընտրել է Chanel-ի նոր հավաքածուից զգեստ: Լուրերն այն մասին, որ նա հանդիպում է դերասանի հետ, տարածվել են 2021-ին, սակայն հաստատում չէին ստացել:
Սերենա Ուիլյամսը միջոցառմանը ներկա էր ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ: Հենց կարմիր գորգին նա հայտնեց իր երկրորդ հղիության մասին. «Մենք երեքով ենք»: Զույգի ավագ դուստր Օլիմպիան 5 տարեկան է:
Հաստատվեցին եւս մեկ հղիության մասին լուրերը. իրենց երկրորդ փոքրիկին են սպասում նաեւ սուպերմոդել Կարլի Քլոսն ու Ջոշուա Քաշները:
Մինչ միջոցառումը լուրեր էին տարածվել, որ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները հնարավոր է՝ հյուրերի ցանկում չլինեն: Բայց ոչ մի մեծ իրադարձություն չի անցնում առանց Քարդաշյան-Ջեններ ընտանիքի: Քայլին նախապատվությունը տվել էր Հայդեր Աքերմանի զգեստին, Քենդալը՝ Marc Jacobs-ի, իսկ Քիմը՝ 50 հազար մարգարիտներով ու 16 հազար բյուրեղներով Schiaparelli-ի:
Դերասան Ջարեդ Լետոն երեկոյին եկել էր հսկայական կատվի հագուստով: Բանն այն է, որ 2011 թվականից Լագերֆելդը սկսել է պահել Շուպետ կատվին ու հենց նրան է կտակել 252,5 մլն դոլար: Դիզայներն ամենուր էր կատվին տանում իր հետ ու նրան իր միակ սերը համարում: Հենց դրա համար էլ Լետոն որոշել էր կատվի վերածվել.
«Ճանաչում էի Կարլին, նա միշտ այնքան բարի է եղել իմ նկատմամբ: Միայն կարող եմ պատկերացնել, թե ինչպես է հիմա ժպտում: Հաճելի էր գալ այստեղ ու հարգել նրա հիշատակը»:
Սուպերմոդել Իրինա Շեյքն էլ ամբողջությամբ սպիտակ ընտրած հյուրերի թվում էր: Կրել է The Row-ի զգեստ ու ուշադրություն գրավել տափակ կոշիկի շնորհիվ:
Նիկոլ Քիդմանն ընտրել էր 2004 թվականի Chanel № 5-ի գովազդային արշավի զգեստը: Այդ մինի ֆիլմում հենց ինքն էլ նկարահանվել էր :
Տարբերվող զգեստներով հյուրերը բազմաթիվ էին, մյուսներին կարող եք ծանոթանալ ֆոտոշարքով:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: