59 տարեկանում մահացել է ռուս հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը, լուրը հայտնել է ռուսական Առաջին ալիքը: Մահվան մասին տեղեկացրել է նրա կինը՝ Մարինա Յուդաշկինան, որի հետ 33 տարի ապրել են միասին:
Դիզայներին 2016 թվականին քաղցկեղ էին ախտորոշել, վերջին տարիների ընթացքում նա պայքարել է հիվանդության դեմ ու փորձել ակտիվ գործունեություն ծավալել:
«Սկզբում երիկամի քաղցկեղ էր, ապա մետաստազներ հայտնաբերվեցին նաեւ գլխուղեղում: Ապա հիվանդությունը շատ արագ տարածվեց ամբողջ մարմնով»,- 2021-ին տված հարցազրույցում պատմել է Յուդաշկինը:
Նա առաջին ռուս դիզայներն է, որի 150 հագուստից բաղկացած «Ֆաբերժե» հավաքածուն 1991 թվականին ներկայացվել է Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում: Նրա աշխատանքները պահպանվում են Լուվրի կոստյումների թանգարանում, Նյու Յորքի Մետրոպոլիտենում, Կալիֆոռնիայի նորաձեւության թանգարանում:
Ապրիլի 30-ին էլ 86 տարեկանում կյանից հեռացել էր մոդելավորող Վյաչեսլավ Զայցեւը: Այդ օրը Յուդաշկինը նրան անվանել էր մեծագույն նկարիչ:
Վյաչեսլավ Զայցեւը
«Հիշում եմ, թե ինչպես եկա նորաձեւության տուն՝ Զայցեւի մոտ սովորելու: Անմոռանալի էին նրա հետ բոլոր հանդիպումներն ու կողքին անցկացրած տարիները: Կարող էի անվերջ նայել, թե ինչպես էր ստեղծում արվեստ ու պատմություն», - նշել էր Յուդաշկինը:
Իր տելեգրամյան ալիքում նա նաեւ հիշել էր, թե ինչպես էր Զայցեւն իրեն հրավիրում գործուղումների ու հանդիպումների. «Նա շատ է օգնել, հատկապես՝ երիտասարդ ու սկսնակ դիզայներներին: Բաց մարդ էր ու իր գործի պրոֆեսիոնալ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: