×


Թբիլիսին եւ Ծինանդալին՝ Radisson Hotels-ի եւ Silk Hospitality-ի հետ

Արձակուրդներին (եւ հատկապես՝ «երկար հանգստյան օրերին») Թբիլիսի մեկնելը շատերի համար ավանդույթ է դարձել. քաղաքի հին ու նոր ճարտարապետությունը, տարբեր վայրերում արտահայտված էկլեկտիկ համադրությունները, բազմամշակութային շունչը եւ վրացական խոհանոցը մշտապես լավ ու «համեղ»  էմոցիաների երաշխիք են հանդիսանում:  

Վրաստանում Radisson Hotels հյուրանոցային ցանցի եւ նրա գործընկեր Silk Hospitality ընկերության հրավերի շնորհիվ հնարավորություն ստացանք ընդլայնել հերթական ուղեւորության շրջանակները եւ վայելել ոչ միայն Թբիլիսիի մթնոլորտը, այլեւ ուղեւորվել դեպի Վրաստանի արեւելք՝ Կախեթի մարզ՝ բացահայտելու մոգական բնությունը, պատմական վայրերը եւ գինիների բոլոր հնարավոր երանգները:

Թբիլիսիում հյուրընկալվելու տարբերակները շատ են եւ բոլորն էլ ունեն իրենց յուրովի հմայքը, լինի դա «հին թիֆլիսյան» ոճով բնակարան, բուտիկ-հոթել, թե մոդեռն հյուրանոց:

Անշտապ ու շքեղ հանգիստը ըմբոշխնելու համար լավագույն տարբերակը Radisson Blu Iveria հյուրանոցն է, որի այցեքարտը, անխոս, ցանկացած կետից բացվող քաղաքի պանորամիկ տեսարաններն են:


Ամբողջությամբ ապակեպատ Radisson Blu Iveria-ն առաջարկում է հինգ աստղին իրապես համապատասխանող ծառայություններ: Այցելուները կարող են օգտվել հյուրանոցի երկու (բաց եւ փակ) լողավազաններից, ֆիննական եւ արեւելյան բաղնիքներից, ֆիթնես սրահից: Տանիքի տակ, փակ լողավազանի հարեւանությամբ, գործում է նաեւ Anne Semonin Spa կենտրոնը, որտեղ առանց վարանելու կարելի է «հանձնվել» գրագետ եւ պրոֆեսիոնալ աշխատակիցներին, իսկ գնացուցակը հաճելիորեն զարմացնում է:


Դանդաղ վայելքների թվին է պատկանում նաեւ համեղ սնունդը:

Միդիաներ, ռիզոտո, սթեյք


Այս հարցում Radisson Blu Iveria-ն նույնպես կաջակցի. Հյուրանոցում գործում է FILINI իտալական ռեստորանը, որտեղ ձեզ կմատուցեն ամենահամեղ բուրատա, հյութալի սթեյք, ճիշտ եփվածության սնկային ռիզոտո, թարմ միդիաներ, քանոլիների սեթ, սեմիֆրեդո եւ այլ գայթակղություններ:

Իսկ առավոտյան FILINI-ում ձեզ սպասում է ճոխ նախաճաշը:

Քանոլիների սեթ, սեմիֆրեդո


Էկզոտիկայի սիրահարները կարող են այցելել Umami Asian Fusion ռեստորանը եւ համտեսել բաց խոհանոցում պատրաստվող  ուտեստները, ասիական ալկոհոլային խմիչքները եւ կոկտեյլները:

Umami Asian Fusion ռեստորանը


Հյուրանոցից 100 մետր հեռավորության վրա գործում է Iveria Café-ն, որի ճաշացանկում գերակշռում են թեթեւ ուտեստները՝ առավոտյան զբոսանքից վերադառնալու եւ սուրճի հետ մի համով ու օգտակար բան ուտելու շարքից:

Դե, իսկ վրացական խոհանոցի, խինկալի-խաչապուրիների հավատարիմ երկրպագուները միշտ կարող են օգտվել Republic 24 ռեստորանի շուրջօրյա ծառայություններից: Այն գտնվում է Silk Hospitality-ին պատկանող Republic բազմաֆունկցիոնալ չորսհարկանի շենքի առաջին հարկում՝ հյուրանոցի դիմացը:  Երկրորդ եւ երրորդ հարկերում տեղակայվել են միջոցառումների համար նախատեսված սրահները, իսկ չորրորդում Republic ռեստորանն է՝ քաղաքի վրա բացվող գեղեցկագույն տեսարանով:


Հագեցած օրը պատշաճ կերպով ավարտին հասցնելու տարբերակներից է վերադառնալ հյուրանոց, լոգանք ընդունել եւ փռվել հարմարավետ մահճակալի վրա, կամ էլ հասնել հյուրանոց, բայց ներս մտնելու փոխարեն իջնել հարեւանությամբ գտնվող երբեմնի ստորգետնյա անցումը, որն այսօր քաղաքի ամենաոճային գիշերային ակումբներից մեկն է: Այն տարբերվում է իր մթնոլորտով, մասնավորապես՝ դիզայներական լուծումների շնորհիվ:


Երեւի կռահեցիք, որ Noble Savage ակումբը նույնպես Silk Hospitality-ի մաս է կազմում:

Silk Hospitality-ի այս չորս տարրերից բաղկացած (Radisson Blu Iveria, Iveria Café, Republic, Noble Savage) «կղզյակը» գտնվում է քաղաքի ամենակարեւոր՝ Ռուսթավելի  պողոտայի սկզբում, ինչը, քայլելու տեսանկյունից, ավելի քան շահավետ է, քանի որ ինքնատիպ ելակետ է հանդիսանում: Այստեղից կարելի է իջնել ավանդական՝ Ռուսթավելի-Լեսելիձե-Շարդեն երթուղով, կամ, որպես այլընտրանք, քայլել դեպի Ռուսթավելու արձանը, զբոսնել գեղեցիկ Վերե այգում (որտեղ գտնվում է Շախմատի տունը): Անկասկած, Թբիլիսին ամեն անգամ հնարավոր է նորովի բացահայտել:

Բացահայտումների եւ անմոռանալի տպավորությունների շարունակության հետեւից անհրաժեշտ է ուղեւորվել Կախեթի՝  Վրաստանի գինեգործության գլխավոր տարածաշրջան: Կախեթին հայտնի է իր Սապերավի խաղողի տեսակով (որը հենց այս կլիմայական պայմաններում է ձեռք  բերում իր չկրկնվող համը) եւ գինու պատրաստման ավանդական եղանակով: Գինին «հասնում» է հատուկ կարասներում՝ «քվեւրիներում»:


Կախեթիի վարչական կենտրոնը Թելավի քաղաքն է, մեր հարազատ Վալիկոյի  ծննդավայրը՝ «Միմինո» ֆիլմից: Թելավին անցնելուն պես Ծինանդալին է, որտեղ Ճավճավաձեների իշխանական տոհմի կալվածքի տարածքում 2007 թվականից գործում է Silk Hospitality-ը պատկանող Tsinandali Estate-ում, որը ներառում է Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարանը, խաղողի այգիները, գինու գործարանը, Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցը եւ վերջերս բացված Park Hotel-ը:

Tsinandali Estate A Radisson Collection հյուրանոցը դասվում է հինգ աստղանի հյուրանոցների կարգին: Այն կատարյալ կերպով միաձուլված է պատմական շինությունների հետ եւ հիացնում է բարձրաճաշակ ինտերիերով: Ոչ պակաս տպավորիչ է տանիքում գտնվող բացօթյա լողավազանը՝ Մեծ Կովկասյան լեռնաշղթայի տեսարանով: Լողավազանը տաքացվող է եւ կարելի է պատկերացնել, թե ինչ հեքիաթային զգացողություն է օգտվել դրանից ձմռան ամիսներին:


Այստեղ նույնպես գործում է Anne Semonin SPA-ն եւ հատկապես գրավիչ են ֆիրմային արարողակարգերը՝ գինու օգտագործմամբ:

Հյուրանոցի տարածքում կան թենիսի կորտեր, մեծ լողավազան, մանկական խաղահրապարակ:

Հյուրանոցային համալիրի պատմական մասի ստորգետնյա տարածքում Natella եւ Prince Alexander ռեստորաններն են, բար-գրադարանը, մանկական խաղասենյակը եւ բացվող պատի ետեւում թաքնված VIP-սենյակը` Հոգվարթսյան «լողացող» մոմերով:


Տպավորիչ են նաեւ Tsinandali Estate-ի փակ սրահը եւ 1200 հոգու համար նախատեսված ամֆիթատրոնը: Այստեղ կազմակերպվում են կոնֆերանսներ, հարսանիքներ, ծննդյան տարեդարձներ, բայց ամենակարեւորը՝ 2019 թվականից անցկացվող «Ծինանդալի երաժշտական փառատոնի» շրջանակներում, այս սրահներում հնչում է դասական երաժշտություն՝ համաշխարհային աստղերի կատարմամբ:


Ծինանդալիում ելույթ են ունեցել այնպիսի հռչակավոր երաժիշտներ, ինչպիսիք են՝ դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Մարտա Արգերիխը, թավջութակահար Միշա Մայսկին, նոր սերնդի ներկայացուցիչներ, դաշնակահարներ Յուջա Վանգը, Դենիս Կոժուխինը եւ այլոք:


Tsinandali Festival-ի ժամանակ կազմավորվում է նաեւ Համակովկասյան  նվագախումբը, որի մասնակիցների համար էլ կառուցվել է Park Hotel-ը: Կարելի է միայն բարի նախանձով պատկերացնել, թե ինչ առանձնահատուկ մթնոլորտ է տիրում այդ օրերին եւ ինչ փորձ են ձեռք բերում երիտասարդ երաժիշտները:

Ի դեպ, փառատոնից դուրս Park Hotel-ը հյուրընկալում է բոլոր ցանկացողներին եւ այնտեղ հանգստացողները կարող են օգտվել Tsinandali Estate-ի բոլոր բարիքներից:


Tsinandali Estate-ում մնալու ընթացքում պարտադիր է խաղողի այգիների եւ գինեգործարանի այցելությունը: Այստեղ կարող եք համտեսել երիտասարդ գինի, ճաճա, ծանոթանալ Ճավճավաձեի գինիների մեծ հավաքածուին: Գինովնալու լավ տարբերակներից է սպիտակ «Ծինանդալին», Tsinandali Estate Sparklinգ Եxtra Brut-ը եւ միանշանակ՝ «amber wine»-ը, որն իր նարնջագույն երանգը ստանում է սպիտակ խաղողը կեղեւից չազատելու եւ այդ եղանակով կայունացման շրջանը անցնելու շնորհիվ:


Ծինանդալիում չի շրջանցվելու նաեւ մշակութային ծրագիրը. Ճավճավաձեների տոհմական կալվածքի հետ կապված են բազմաթիվ զարմանալի, գեղեցիկ եւ ողբերգական իրադարձություններ: Գեներալ, թարգմանիչ, պոետ Ալեքսանդր Ճավճավաձեն զրոյից կառուցեց այս կալվածքը իր ընտանիքի համար՝  նպաստելով Վրաստանի եվրոպականացման գործընթացին: Շինարարության մեջ եվրոպական ճարտարապետական հնարքները կիրառելուց բացի, նա ստեղծեց նաեւ շքեղ անգլիական այգին՝ Եվրոպայից հրավիրելով այգեպաններ եւ պատվիրելով ծառեր ու  բույսեր: Այսօր էլ, այդ հսկայական այգու տարածքով զբոսնելիս,  վայելում ես դարավոր ծառերի կազդուրիչ հովը՝ ծիտիկների անվերջ ծլվլոցի ուղեկցությամբ:


Ճավճավաձեն նաեւ կառուցել է Վրաստանի առաջին գինու գործարանը, որտեղ գինին շշալցվում էր: Ժամանակի ընթացքում գեներալի կալվածքը դարձավ Վրաստանի մտավորականության հավաքատեղին: Վրաստանում առաջին դաշնամուրը հնչել է հենց Ճավճավաձեի տանը:


Այստեղ հյուրընկալվել են Պուշկինը, Լերմոնտովը, Ալեքսանդր Դյումա-հայրը, ինչպես նաեւ՝ Ալեքսանդր Գրիբոյեդովը, ով հետագայում դարձավ Ալեքսանդր Ճավճավաձեի դստեր՝ Նինոյի ամուսինը:

Ճավճավաձեի տուն-թանգարանում առավելագույն կերպով վերստեղծված են այդ դարաշրջանի ինտերիերները եւ ներկայացված են ընտանիքի անձնական իրերը. իշխանի աշխատանքային սեղանը, ժամացույցը, գրքերը: Կա նաեւ դաշնամուրը, որը Գրիբոյեդովը նվիրել էր իր սիրելի հարսնացուին:

Ճավճավաձեների կալվածքի տարածքում հյուրանոց կառուցելու նպատակներից մեկը իշխանական տոհմի  ավանդույթները վերակենդանացնելն եւ պահպանելն է, թե՛ երաժշտական փառատոնի անցկացման, թե՛ նոր գինեգործարան կառուցելու եւ խաղողի այգիներ տնկելու միջոցով:

Աննա Բուբուշյան

Լուսանկարները՝ հեղինակի եւ Silk Hospitality-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW