×


«Հայերը հյուրընկալ են ու հաճելի». արգենտինական Otros Aires-ի էլեկտրո տանգոյի երեկոն՝ Երեւանում

Երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տիրում էին արգենտինական տանգոյի էլեկտրո ռիթմերը: Դրանք ամբողջ աշխարհում յուրահատուկ կերպով ներկայացնող հայտնի «Օտրոս Այրես» խումբը երեւանյան հանդիսատեսին ներկայացավ մի քիչ ձեւափոխված դահլիճում. վերանորոգման արդյունքում հիմնական աթոռները բացակայում էին, իսկ նորերը տարբերվող շունչ էին հաղորդել: Խմբին լսելու համար հավաքվել էին տանգոյի ու էլեկտրոնային երաժշտության սիրահարները:

Կոմպոզիտոր ու երաժիշտ Միգուել Դի Ջենովան «Օտրոս Այրեսը» ստեղծել է 2003 թվականին՝ Բարսելոնայում, ու այն համարում է աուդիովիզուալ էլեկտրոնային տանգո նախագիծ: Համերգներով հանդես են եկել ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում առաջին անգամ էին:


BRAVO.am-ին երաժիշտը պատմել է, որ Արգենտինայում մեծ հայկական համայնք կա ու իրենք էլ հայազգի ընկերներ ունեն. «Այստեղ մարդիկ ջերմ, հյուրընկալ ու հաճելի են, մեզ շատ լավ ընդունեցին: Հենց այդպիսին են առաջին տպավորությունները երկրից ու համերգներից»:

Երեկոյի ընթացում խումբը մի քանի նոր երգ կատարեց, որոնք երաժշտի խոսքով՝ նախաքովիդային շրջանի մասին են ու պատմում են, թե ամբողջ աշխարհում ինչ էր տեղի ունենում մարդկանց հետ:


«2 տարի բոլորս մեկուսացած էինք, համերգներ ու պարեր չկային, մարդիկ չէին շփվում միմյանց հետ: Արգենտինայում արտահայտություն ունենք, որ իրար երկար չհանդիպելուց հետո ասում ենք. «Հաճելի է քեզ տեսնել»: Երգերից մեկը հենց այդ անվանումն ունի: Ստեղծագործելու համար ամենակարեւոր մոտիվացիան սեփական կյանքն է, տեղի ունեցողն արտացոլվում է նաեւ երգերում: Արգենտինայի համար վերջին 8 տարիները բավական ծանր են եղել, իսկ ազգային հավաքականի հաղթանակն Աշխարհի առաջնությունում թարմ օդի պես էր, որի կարիքն այնքան ունեինք: Մեր թմբկահարը ֆրանսիացի է, ու քանի որ Ֆրանսիան զիջեց եզրափակչում, կատակով ասում ենք՝ նախ մենք կանցնենք, հետո՝ նոր դու»,- ասաց Միգուել Դի Ջենովան:

Նա նշեց, որ իրենց հայաստանյան համերգներին տանգոյի սիրահարների պակաս չի եղել, նրանից մեկն էլ Արման Աստաբացյանն է, որի նախաձեռնությամբ էլ կայացել են ելույթները:


Նա պարել սկսել է մոտ 14 տարի առաջ՝ Կանարյան կղզիներում: Այդ ընթացքում Բարսելոնայում էր ու անպայման ցանկանում էր հմտանալ տանգոյում, քանի որ մեկնելու էր Արգենտինա: Տանգոն սիրում է, քանի որ ավելի խոր է ու օգնում է արտահայտել այն, ինչ բառերով չես կարող ասել:

«Նախ հոբբի էր, բայց հետո ամեն ինչ լրջացավ, մոտ 8 տարի առաջ էլ սկսեցի դասավանդել: Գործարար եմ, ու շատ քչերը գիտեին նախասիրությանս մասին, անգամ բարեկամներս նոր են բացահայտել: Բեմում ելույթ ունենալ չեմ սիրում, սակայն այս համերգին բացառություն արեցի»,- պատմեց Արմանը:


Համերգի ընթացքում հանդես եկած 3 զույգերից մեկը նա ու Մարիա Արիստովան էին: Աստաբացյանը նշում է, որ հայ տանգո պարողների դիմել է ելույթ ունենալու համար, սակայն տարբեր պատճառներով հրաժարվել են, իսկ ռուսները համաձայնել են միանգամից: Շատ կցանկանար, որ հայերն ավելի ակտիվ լինեին ու ներկայացնեին իրենց ունակությունները:


Իսկ «Օտրոս Այրես»-ին է հրավիրել Հայաստան, քանի որ ինքն է խմբի սիրահար, բացի այդ էլ ցանկանում է տանգոն մեր երկրում զարգանա ու տարածվի. «Այս ամենն առանց հովանավորի կազմակերպեցինք: Համաշխարհային ճանաչում ունեցող այսպիսի բենդ բերելու ռիսկերը մեծ էին, բայց ամեն ինչ լավ անցավ: Հարեւան երկրներում տանգոյի մեծ փառատոններ են անցկացնում, մեզ մոտ էլ պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ: Նոր ալիք ու շունչ բերեցինք, մարդիկ տանգոյի nuevo ոճին էլ ծանոթացան, մեզ մոտ հիմնականում ավանդական տանգոյին են տիրապետում: Երեւանում տանգոյի դպրոցներ կան, շաբաթական մի քանի անգամ երեկոներ են անցկացվում, եւ ցանկության դեպքում կարելի է սովորել»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW