Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանի նկարների վերականգնողները 1900 թվականին արված Պաբլո Պիկասոյի «Մուլեն դե լա Գալետ» կտավի վրա հայտնաբերել են շնիկի, որը թաքնված է ներկի մուգ շերտի տակ:
Ինչպես հայտնում է CNN-ը, շնիկին նկատել են «Երիտասարդ Պիկասոն Փարիզում» ցուցահանդեսից առաջ արված տեխնիկական զննման ժամանակ: Գուգենհայմի թանգարանի աշխատակիցներին օգնել են Մետրոպոլիտենի թանգարանի եւ Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի մասնագետները:
Նկարի հետին պլանում պատկերված են պարող բազմաթիվ զույգեր, իսկ առջեւում՝ սեղանի շուրջ կանգնած 3 հոգի: Կարմիր վզկապով շնիկը նստած է եղել սեղանի շուրջ, մինչդեռ հետագայում նկարիչը որոշել է ծածկել նրան:
Բնօրինակը վերականգնել հնարավոր է եղել ռենտգենյան ֆլուորեսցենտային հետազոտության արդյունքում, որը թույլ է տալիս տեսնել նկարի մեջ առկա քիմիական տարրերը:
Փորձագետները չգիտեն, թե ինչու է Պիկասոն որոշել ներկել շանը: Վարկածներից մեկի համաձայն՝ նկարիչը համարել է, որ նրա գեղեցիկ մռութը կարող էր չափից շատ ուշադրություն գրավել ու խանգարել լավ ուսումնասիրել նկարի մյուս կերպարներին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
3,359





