×


Ֆրունզիկի թանգարանը՝ ներսից. նախկին խաշարանը, հնդիկ երեխային անակնկալն ու ֆոտոխցիկը

Մհեր Մկրտչյանի թանգարանում հայտնվում եմ ցուրտ առավոտյան, երբ Գյումրին քնած է: Դրսում միայն ես եմ, քաղաքը մաքրողներն ու հատուկենտ մեքենաները. անգամ փողոցային շներն են պատսպարվելու տեղ գտել:

Էքսկուրսավար Ալեքսանդր Այվազյանը համաձայնել է մինչեւ թանգարանի բացվելը շրջել ինձ հետ այնտեղ: Մկրտչյանի թանգարանն ամենափոքրերից է Գյումրիում ու միաժամանակ շատ մարդ հյուրընկալել չի կարողանում: Այդպես էլ գրեթե լույսը նոր բացված իմ ամենավաղ այցելությունն եմ կատարում թանգարան:


Չնայած իր փոքր չափերին՝ այն Ֆրունզիկի ջերմությամբ ու էներգիայով է դիմավորում, լցնում նրա կյանքի ուրախ եւ տխուր հուշերով: Ամբողջ թանգարանը մեկ մեծ սենյակ է զբաղեցնում, որը պայմանականորեն 3 մասի է բաժանված. անձնական իրերն են, թատերական ու կինոյի, որոնք բերվել են նրա՝ Գյումրիի, Կոմիտասի եւ Իսրայելյանի վրա գտնվող բնակարաններից:

Դերասանի իրերը

Սկսում ենք հեռավոր անկյունից, որտեղ տեղավորել են Մհեր Մկրտչյանի անձնական ու նրա ընտանիքին պատկանող իրերը: Այվազյանը միանգամից ցույց է տալիս իր ամենասիրելի ցուցանմուշը՝ թաշկինակը.

«Այն շատ բաների մասին է պատմում՝ Ֆրունզն այս թաշկինակն օգտագործել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում. կինը կողքին չէր, որ լվանար: Վրան գրիմի հետքերն են, շատ հավանական է, որ Ֆրունզի արցունքների հետքերն էլ կան թաշկինակի վրա»:


Ուշադրություն է գրավում նաեւ տպագրական մեքենան, որի վրա Մկրտչյանը սիրել է նամակների պատասխանները հավաքել, ելույթներին ու թատերական ներկայացումներին պատրաստվել: Շատ է սիրել երաժշտություն, ու պատեֆոնն էլ առանձնահատուկ դեր է ունեցել նրա տանը. Այվազյանը պատմում է, որ հատկապես սիրել է առավոտյան երգով արթնանալ ու կատարել հայկական ժողովրդական գործեր:


Դերասանը հաճախ է ճանապարհորդել ու ոչ միայն գործի բերումով: Ծանր «Կիեւ» տեսախցիկն իրենն է, դրանով փորձում էր ֆիքսել իրեն դուր եկած վայրերն ու իրադարձությունները. այդ կադրերից բավական կան թանգարանում պահված ֆոտոալբոմներում: Այվազյանը պահարանի դարակից հանում է դրանք, ու մեր աչքի առաջ հառնում է Մհեր Մկրտչյանի կյանքը, նրա հանդիպումներն ընկերների հետ, կինոդերերը, նկարահանումներից կադրեր, ֆիլմերը, որոնցում նա ժպտում է, խոսում՝ պարզապես երջանիկ է:


Այս մեկն արվել է ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանին՝ Նիագարա ջրվեժի մոտ: Հենց այնտեղ է հանդիպել Կանադայից ընկերների հետ՝ առանց սահմանը հատելու:

«Ֆրունզը հաճախ էր ուշանում նկարահանումներից. աշխատանքին ռոբոտի պես չէր վերաբերվում: Նման մի դեպք էլ Հնդկաստանում է պատահել ու բավական ուշագրավ դարձել: Նա հնդկական 2 ֆիլմում է նկարվել՝ «Ալի Բաբան եւ 40 ավազակները» եւ «Լեգենդ սիրո մասին»: Շտապելիս է եղել, երբ նրան մոտեցել է ռիքշան, որոնք սովորաբար երեխաներն են վարում: Ֆրունզը ծանր մանկություն է ունեցել եւ ազդվել է, երբ տեսել է նիհար, հոգնած ու խեղճ երեխային: Փողը տվել է տղային, նրան նստեցրել սայլի մեջ ու վարելով հասել նկարահանման հրապարակ: Տղային էլ խնդրել է, որ ամբողջ ճանապարհին գոռա. «Իմ անունը Պրակաշ է», որ նա էլ իրեն այս աշխարհում մարդ զգա, կարեւոր լինի ու իմանա՝ հույս միշտ կա, քանի որ Խորհրդային Միության մեծ դերասանն է իրեն տեղ հասցնում: Ուզում էր տղան հասկանա, որ նա էլ Ֆրունզի պես կարող է ծանր վիճակից դուրս գալ»:


Այս հատվածում առանձնակի տեղ է գրավում դերասանի խամաճիկը, որը թոռնուհին է նվիրել ու ասել. «Այնքա՜ն բան կարող էր պատմել, եթե խոսել իմանար»: Մկրտչյանի թոռնուհին ապրում է Արգենտինայում, թանգարանում եղել է 2006 ու 2013 թվականներին, շատ ցուցանմուշներ հենց նրա նվերներն են:

Մարդկային տեսակը

Դերասանի մահից երկար տարիներ են անցել, բայց նրա մասին բոլորը միշտ ջերմությամբ են հիշում: Կենդանության օրոք էլ, հիմա էլ նրա հանդեպ սերը չի պակասել: Դժվար է ասել, թե այդ բարձր գնահատանքին ու մեծ ուշադրությանն ինչի շնորհիվ է արժանացել՝ տաղանդի, խարզիմայի, թե մարդկային որակների: Այվազյանն այդ ֆենոմենն այսպես է բացատրում.

«Դրա պատասխանը Ֆրունզն է մի օր տվել՝ ասելով. «Գիտեմ, որ մարդիկ ինձ շատ են սիրում, բայց դա նրանից է, որ ես էլ նրանց եմ շատ սիրում՝ բոլորին միասին ու ամեն մեկին առանձին-առանձին»: Նախ եւ առաջ իր մարդկային տեսակի համար էին նրան գնահատում, իրեն ոչ մեկից չէր անջատում, միշտ հասարակ էր մնում, աստղայինով չէր տառապում. տեսեք, թե ժողովրդի հետ որքան նկարներ կան ալբոմում, ընդ որում՝ շատ դեպքերում պատահական մարդկանց տներում են դրանք արվել»:


Ապա մի տարբերվող դեպք է հիշում, որը դերասանի հետ է պատահել ու առավել լավ է նրան բնութագրում՝ մրցանակ է ստանում ու գնում Ազատ Շերենցի հետ նշելու, մի քիչ գինովցած են լինում ու միակողմանի Աբովյան փողոցում հակառակ ուղղությամբ են երթեւեկում: Ոստիկանը կանգնեցնում է դերասանի մեքենան, բայց երբ տեսնում է, որ Ֆրունզն է, ասում է. «Այս ի՞նչ ես անում, խմած ես ու վտանգում ես քո եւ մյուսների կյանքը, բացի այդ էլ, հակառակ ուղղությամբ ես գնում, ի՞նչ բացատրություն ունես»: Մկրտչյանը պատասխանում է. «Գիտեմ, ցավդ տանիմ, քեզի հեռվից տեսա, էկա բարեւ տամ, հիմա կֆռամ ու հետ կերթամ»:

Թատերական սրահը

Այս հատվածում էլ կարելի է գտնել թանկ ու կարեւոր նմուշներ: Թանգարանում «Պաղտասար աղբար» ներկայացման կրկնակի ցուցանմուշ կա՝ բնօրինակը պատկանում է Հրաչյա Ներսիսյանին, որի մահից հետո երկար ժամանակ ոչ մեկը նրա դերը չէր խաղում: Հաջորդը Պաղտասար աղբար դարձավ Մկրտչյանն ու հանդիսավոր միջոցառման ժամանակ նրա հագուստը նվեր ստացավ:


«Հրաչյա Ներսիսյանին համարելով ավելի տաղանդավոր ու մեծ դերասան՝ Ֆրունզը խալաթն օգտագործում էր, բայց իր համար 2-րդ գլխարկ պատրաստել տվեց: Ներսիսյանի գլխարկը որպես թալիսման էր հետը տանում, իրենը ներքեւինն է: Ներսիսյանին ու Վահրամ Փափազյանին Ֆրունզը պարզապես պաշտում էր, նրանց լուսանկարները միշտ հարդասեղանին են եղել, որը Սունդուկյանի թատրոնից են բերել»:

Բոլոր ունեցած թատերական հագուստից հատկապես առանձնացնում են վերնաշապիկն ու տաբատը, քանի որ դրանցով է դերասանը վերջին անգամ 1992 թվականին բեմ բարձրացել ու խաղացել «Հացթուխի կինը» ներկայացման մեջ: Այնպես է ստացվել, որ թատերական գործունեությունը սկսել ու ավարտել է իր հարազատ Գյումրու թատրոնում:

Կինոիրերը

Երբ մտնում ենք թանգարան, առաջինն ուշադրությունը գրավում է հայտնի կոմոդը, որի պատճառով Ռուբենն այդքան տանջվում է «Մեր մանկության տանգո»-ում: Այվազյանը նշում է, որ նկարահանումների ժամանակ մի քանի կոմոդ է օգտագործվել եւ ֆիլմում էլ դրանց տարբերությունը երեւում է: Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի խոսքով՝ կոմոդների ստույգ թիվը 6-ն էր: Տարբերակներից մեկն էլ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում է, մյուսները չկան: Այվազյանի համար Մկրտչյանի գործերից ամենասիրելին «Հին օրերի երգն է», որը նրա պես շատերն անգիր գիտեն ու ամեն անգամ դիտելիս հուզվում են:


Սրահում են հայտնի տակառիկը՝ «01-99» ֆիլմից, որում Մկրտչյանն իր առաջին գլխավոր դերն է խաղացել, Արսենի երաժշտական գործիքը՝ «Նվագախմբի տղաներ»-ից, «Մենք ենք մեր սարեր»-ից՝ Իշխանի եւ «Կտոր մը երկինք» ֆիլմից՝ Գրիգոր աղայի հագուստը: Հագուստներ կան նաեւ «Նահապետ»-ից (Ափրոյինը), «Մեր մանկության տանգո»-ից (Ռուբենի բաճկոնը), «Զինվորն ու փիղը» ֆիլմից (Արմենակի համազգեստը):


2020-ին դերասանը 90 տարեկան կդառնար, եւ Գյումրու ավագանու որոշմամբ նրան հետմահու շնորհվել է պատվավոր քաղաքացու կոչում: Հետմահու եւս 3 մրցանակ ունի՝ «Անահիտ»-ը, «Կարոտ»-ը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պարգեւը:

Խաշարանից՝ թանգարան

Թանգարանի շենքը նախկինում Մկրտչյանի սիրելի խաշարանն է եղել, իսկ տունը որտեղ նա բնակվել է ընտանիքի հետ, լավ վիճակում է գտնվում ու որպես բնակարան ծառայում: Մհեր Մկրտչյան փողոցի վրա գտնվող տան դիմաց ցուցանակ կա, որպեսզի մարդիկ իմանան, թե որտեղ է նա մեծացել:

«Քանի որ բնակվում էին շենքի 2-րդ հարկի մի սենյականոց բնակարանում, այն հնարավոր չէր թանգարանի վերածել: Ֆրունզը 1953 թվականին տեղափոխվեց Երեւան, ընդունվեց ինստիտուտ ու աշխատեց Սունդուկյանի անվան թատրոնում, երբ վերադառնում էր Գյումրի, կա՛մ այստեղ խաշ էր ուտում, կա՛մ էլ թատրոնում լինում»:


Եվ երբ 2006 թվականին թանգարանի համար տեղ էին փնտրում, Գյումրու քաղաքապետարանի ընտրությունը հենց այս շենքի վրա կանգ առավ: Բայց միեւնույն է՝ տարածքը բավական փոքր է, ու բոլոր ցուցանմուշները ցուցադրելու հնարավորություն չունեն: Թանգարանն ընդարձակելու հստակ պլաններ չկան, եղածն էլ միայն խոսակցություններ են:

«Եթե 2016-ին խնդրի առաջ էինք՝ ինչպես շատ այցելու ունենալ, հիմա մտահոգված ենք, թե ինչպես բոլորին տեղավորել, որովհետեւ շատ են գալիս, ու մեծ մասին միաժամանակ ընդունել չենք կարող: Տեղը սահմանափակ է, եթե մեծ շենք ունենանք, բոլորին էլ կընդունենք»:

Այցելուների քանակը հատկապես ամռանն է շատ լինում, տարվա ընթացում մոտ 10-15 հազար հյուր են ունենում, ամենաշատը եղել է 2019-ին՝ 17 հազար:

Թանգարանում մի սովորություն կա՝ եթե այցելուները որեւէ բան են նվիրում, ցուցադրում են: Այս սեղանի վրա այդ նվերներից որոշներն են, ամենայուրահատուկը Ֆրունզիկին նմանվող ծառի արմատից ստացված դեմքն է, այն պարզապես մաքրել են ու լաքով պատել, որեւէ այլ փոփոխություն չեն արել:



Դերասանի գնած իրերը

Մհեր Մկրտչյանը մեծ էսթետ է եղել, դա երեւում է նրա կրած հագուստից ու սիրելի իրերից, որ հետը տարբեր երկրներից է բերել: Դրանց թվում է Հնդկաստանում գնված ջահը, որը նախ նրա բնակարանում է կախված եղել, ապա տեղափոխվել թանգարան:

«Սիրում էր նվերներ անել ու շատերի համար է տարբեր իրեր գնել: Եթե որեւէ բան էր պետք լինում, նույն ազատ Շերենցը Ֆրունզին էր դիմում, ու միասին օգնում էին որեւէ մեկին գործի տեղավորել, տուն ստանալ, կամ էլ քննություն հանձնել: Ֆրունզը սիրված լինելուց բացի, մեծ հեղինակություն էր վայելում, շատ ծանոթներ ու կապեր ուներ, ոչ մեկը չէր ուզում սիրելի դերասանին մերժել»:

Մհեր Մկրտչյանի` արտերկրում ձեռք բերած ջահը



Տիկնիկները

Քանի որ թանգարանում հաճախ նաեւ երեխաներ են լինում, տիկնիկներն օգտագործում են էքսկուրսիաների համար: Դրանք «Զինվորն ու փիղը» ֆիլմի մոտիվներով են ու այն ծերուկն է, որին «Գտնված երազ» մուլտֆիլմում հնչյունավորել է Մկրտչյանը:

«Ֆրունզը ժամանակին ասել է, որ ֆիլմերը ոչ թե պետք է ցույց տան, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում ու կյանքում, այլ ձեւավորեն այդ ամենը: Իսկ հիմա լրիվ հակառակն է տեղի ունենում: Նրա կարծիքով՝ կինոն ու թատրոնը ձեւավորում են ճաշակ, ոչ թե անճաշակությունը ցույց տալիս: Ֆրունզի ֆիլմերը միշտ էլ կլինեն, «01-99»-ը 1959-ին է նկարահանվել, բայց մինչ օրս կլանված նայում ենք, իսկ 2 տարի առաջ ինչ սերիալ ենք նայել, չենք էլ հիշում: Նա սիրել է իր բոլոր դերերը թատրոնում ու կինոյում»:

Այվազյանը պատմում, է որ 1993-ին՝ մահից մի քանի ամիս առաջ, դերասանին հրավիրել են Թատերական ինստիտուտ, որ շփվի ուսանողների հետ: Հեռանալիս մուտքի մոտ ասել է. «Եթե կուզեք թատրոնին օգնել, գնացեք որպես հանդիսատես, ոչ թե որպես դերասան»:


Այվազյանի համար էլ դերասանը միշտ յուրահատուկ է եղել, փոքրուց նայել է նրա ֆիլմերն ու բոլորովին այլ կապվածություն զգացել: Ուսումնասիրելուց հետո է բացահայտել դերասանի ողջ յուրահատկությունը:

«Նա ուրիշ էր ինձ համար, չեմ կարող բացատել, թե ինչու, յուրահատուկ տեղ ուներ: Երբ սկսեցի աշխատել թանգարանում, ավելի սիրեցի: 2016-ից եմ այստեղ, ինձ հիմնականում ռուսերենի իմացության համար են ընդունել: ԽՍՀՄ նախկին ու Մերձբալթյան երկրներից շատ են գալիս մեզ մոտ, Մկրտչյանի ֆիլմերին լավ ծանոթ են: Նախկինում ինքս էի թանգարան եկել դպրոցից, բայց չէի էլ կարող պատկերացնել, որ կաշխատեմ այստեղ: Այն ժամանակ թանգարանային գիշերը շատ էի սիրում, բայց հետո ամեն ինչ փոխվեց՝ մի բան է գալ որպես հյուր, մեկ այլ բան՝ մինչեւ ուշ գիշեր մնալ որպես աշխատող»:

Ավելացված մասը

Փոքրիկ թանգարանի առաջին հարկում հետագայում ավելացել է կինոդիտումների սրահը, որտեղ կազմակերպվում են դերասանի աշխատանքների կամ իր մասին նկարահանված ֆիլմերի դիտում:


Այնտեղ, ինչպես եւ Գյումրու կենտրոնական այգում, կա «Մեր մանկության տանգո»-ի հերոսների հետ նկարվելու հնարավորություն, պարզապես այս տարբերակում Մուշեղի ու Վարդանուշի դեմքերն ավելացնելու հնարավորություն կա:
Այս սենյակը հատկապես ձմռանն է մարդաշատ լինում, շատ տաք է ու այցելուներն այն օգտագործում են որպես սպասասրահ:

Լուսանկարները եւ տեքստը՝ Հասմիկ Բաբայանի

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին