×


«Ցուրտ օր դժոխքում» մոնոդրամայի պրեմիերան, Ներսեսին քամող կերպարը եւ Քեշիշյանի սիրելու բանաձեւը

Երգի թատրոնի բեմում Ներսես Ավետիսյանն էր։ Մոտ մեկ ժամ հանդիսատեսը շունչը պահած հետեւում էր մոնոդրամայի զարգացումներին։ Դերասանին նման կերպարում հանդիսատեսը տեսնում էր առաջին անգամ՝ մի քանի շերտ էր նրա խաղը։

Ամերիկացի հեղինակ Յան Քաուքենբուշի «Ցուրտ օր դժոխքում» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումում ապրումների, հոգեբական ծանր իրավիճակների մի ամբողջ տարափ է: Ու այդ ամենում՝ սեր. ինչպես այն փայփայել, ինչպես կյանքդ արժեւորել եւ ունեցածդ գնահատել։


«Անգամ ես ինձ այսպես չեմ ճանաչում, մինչեւ հիմա դողում է մարմինս. շատ էմոցիոնալ էր ու պատասխանատու»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծանում է դերասանը մոնոներկայացման ավարտից րոպեներ հետո. «Ուրախ եմ, որ հենց հիմա ենք խոսում այս ամենի մասին ու այն էլ՝ մեր երկրում։ Այնքան կարեւոր ենթակետեր կան, որ չեմ ուզում ոչ մեկն առանձնացնել։ Պարզապես ապրեք ձեր լավագույն կյանքն՝ առանց հետ նայելու, առանց երկար մտածելու ու առանց վերլուծելու»։


Պատմում է՝ երբ առաջին անգամ ձեռքը վերցրեց պիեսը, վախենալու էր, բայց ընթերցելիս հասկացավ, որ շատ ընդհանուր գծեր ունի Չարլիի հետ. «Քամող ու քերող կերպար է, էմոցիաների տեղատարափ։ Ասես 17 տոննայանոց քար է ընկել ուսերիցս։ Ամեն ինչ դրա մասին էր՝ ղեկին, ուտելիս, քնելուց առաջ, բայց հիմա կարող եմ ասել, որ ասելիքս տեղ հասավ։ Այն է՝ ապրեք սիրելով»:


«Երգի թատրոնը միշտ ընկալել ենք էքսպերիմենտալ լաբորատորիա, որտեղ կարող ենք ստեղծագործել ու փորձել»- ասում է Մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյանը, որը պիեսի թարգմանիչն է ու բեմադրող ռեժիսորը. «Այս ներկայացումը սիրելու բանաձեւ է տալիս, նայելու ապրած կյանքին, որը չենք գնահատում, չենք հավատում այն օրհնություններին, որ տրվել է։ Կամ ամեն անգամ այնքան կեղտոտ են մեր մտքերը, որ բարությունը խորտակում ենք ամենախոր օվկիանոսում։ Ի վերջո, այս ներկայացումը մեր մասին է»։


Մոնոներկայացման ժանրում Քեշիշյանը բացահայտել է նոր Ներսեսի. «Նա այնքան բազմաշերտ է՝ մտածող մարդ ու խոր դերասան։ Կարողանում է ճիշտ վերապրել, զգալ ու տալ։ Ուրախ եմ, որ կարողանում եմ այդ շերտերը բացահայտել»։


Ներկայացման խորեոգրաֆը Ալեքսեյ Նարուտտոն է, հատուկ «Ցուրտ օր դժոխքում»-ի համար գրված երաժշտություն հեղինակը՝ Արթուր Ալեքը։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին