×


«B 1427»-ը՝ Կամերայինում, կամ ինչ է լինում, երբ սերը պակասում է

Երիտասարդ դերասանի առաջին ներկայացումը՝ Երեւանի կամերային թատրոնում․ Ժորա Մարտիրոսյանը դետեկտիվ ժանրի պիես է բեմադրել, որը, կարելի է ասել, նորություն է ոչ միայն իր եւ դերասանական կազմի, այլեւ այս թատրոնի հանդիսատեսի համար։ BRAVO.am-ը զրուցել է «B 1427» ներկայացման ռեժիսորի ու դերասանների հետ՝ անկեղծ պատմություններ լսելով այն մասին, թե ինչպես են ընթացել նախապատրաստական ու բեմադրական աշխատանքները։

«Ուսանողական տարիներից սկսած՝ միշտ ուզել եմ բեմադրել, տարբեր բաներ եմ մտածել, փորձել, բայց ամեն անգամ կիսատ է մնացել։ Մի օր որոշեցի թատրոնի տնօրինության դուռը թակել ու հարցնել՝ կարելի՞ է բեմադրել։ Նրանք էլ ասացին՝ «Փորձիր»։ Պիեսը բարդ ճանապարհ անցավ, որովհետեւ բնօրինակում կերպարները տղաներ էին։ Թատրոնի ավագ սերնդին պիտի ներգրավեինք, բայց երբ ժամանակն էր փորձերը սկսելու, նրանք երկրում չէին։ Որոշեցինք սպասել, այդ ընթացքում պիեսն էլի փոփոխեցի։ Բայց մի օր առաջարկ եղավ աղջիկների հետ բեմադրել, եւ այդ միտքն ինձ դուր եկավ, մտածեցի՝ ինչո՞ւ ոչ։ Ստիպված էի պիեսը նորից փոփոխել, մոտ ութ ամիս էլ փորձերն ընթացան»,- պատմել է Ժորա Մարտիրոսյանը։


Նա նկատել է, որ հանդիսատեսի համար պատմությունն առաջին հայացքից կարող է բարդ ու խճճված թվալ, քանի որ անունները շատ են, փոխհարաբերությունները՝ բարդ, բայց մի բան հստակ է՝ պատմության հիմքում սերն է կամ դրա բացակայությունը՝ թե որքան հարթ ու ներդաշնակ է ամեն ինչ, երբ հարաբերություններում կա սեր, եւ թե ինչ է լինում, երբ մարդու կյանքում սերը պակասում է։


Դերասան-ռեժիսորը խոստովանել է, որ մեծ փորձառություն էր իր համար այս ներկայացման բեմադրությունը, որից առավելագույն հաճույք է ստացել՝ չնայած դժվարություններին. «Ինձ դերասաններն էլ են շատ օգնել։ Անկեղծ ասած՝ սա միակ գործն էր, որ երկար ժամանակ ուզում էի բեմադրել. ուրիշ պիեսի շուրջ մտքեր չեմ ունեցել։ Բայց այս բեմադրության ընթացքում պատահաբար մի ուրիշ գործ գտա ու հիմա վրան աշխատում եմ։ Հույս ունեմ՝ թատրոնի տնօրինությունը թույլ կտա այս ամենից հետո, որ ես եմ արել (ժպտում է,- հեղ․), նորից մեկ այլ բան բեմադրել։ Սա արդեն այլ ժանրի գործ է՝ ավելի կոմեդիոն ու երաժշտական»։


Ներկայացման գլխավոր դերերում հանդես են գալիս Զիրոյանը, Էվա Խաչատրյանը, Սոնա Մաթեւոսյանը, Վիկտորյա Սահակյանը, Էրմինա Զախարովան ու Մոհանան։ Մեր զրույցում Էվա Խաչատրյանը նույնպես խոստովանել է, որ բավական բարդ ու երկար ճանապարհ են անցել վերջին մի քանի ամիսներին, երբ արդեն փորձերն էին ընթանում:

«Շատ դժվար էր, հատկապես որ ես էմոցիոնալ փորձ անող դերասանուհի եմ։ Մինչեւ եկանք հասանք պրեմիերային, ինձ լրիվ դատարկ էի զգում։ Գործն էլ շատ սթրեսային է, ներվերի հետ կապ ունեցող, այդ իսկ պատճառով շատ լարված են անցել ամբողջ ութ ամիսները։ Շատ կռիվներ ենք նաեւ ունեցել, որոնք, իհարկե, արդեն անցյալում են։ Ուրախ եմ, որ դրանք եղել են, որովհետեւ դրանց միջոցով նոր ընկերություններ ու նոր միջավայր է ստեղծվել, որոշ մարդիկ իրար գտել են, որոշ մարդիկ իրար կարող է եւ կորցրել են։ Բայց վերջապես հասանք այն կետին, որին ուզում էինք հասնել»,- ասել է Էվան:


Զիրոյանն էլ պատմում է, որ իր համար ամեն ինչ ավելի հարթ է ընթացել. «Դե, ես հեշտ մարդ եմ, ժողովրդական լեզվով ասած՝ մենք կարողացանք իրար հետ լեզու գտնել (ժպտում է,- հեղ․)։ Ինչքան էլ նա տարիքով փոքր է, դա ոչ մի բան չի նշանակում։ Երբ բեմ ես բարձրանում, ու քո դիմաց կա ռեժիսոր, պիտի ենթարկվես նրան ու լսես նրա մտքերը, պատկերացումները՝ անկախ նրա տարիքից ու անցած ճանապարհից։ Եթե պիտի չհամաձայնես ռեժիսորի տված խնդիրների հետ, ուրեմն ամենասկզբից չպիտի համաձայնեիր այդ գործին»։


«B 1427»-ն արդեն թատրոնի խաղացանկում է։ Հանդիսատեսը դիտման ավարտին իր ծափերով ողջունել է երիտասարդ ռեժիսորի ու դերասանների աշխատանքը, որ ոչ միայն կառուցվածքով էր նոր ու ավելի բարդ, այլեւ տեխնիկական լուծումներով։ Այնպես որ, ներկայացումը շարունակելու է փնտրել իր նոր ու գուցե մշտական դարձող հանդիսատեսին, ինչպես Կամերայինի մյուս սիրված ներկայացումների դեպքում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW