Այսօր 83 տարեկանում կյանքից հեռացել է ռոքնռոլի աստղ Թինա Թըրները: Ինչպես հայտնում է Reuters-ը, նա երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը: Այդ մասին հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:
Թըրների՝ 1984 թվականին թողարկված What's Love Got to Do with It երգը դարձել է նրա մեծագույն հիթը եւ արժանացել չորս «Գրեմմիի», այդ թվում՝ «Տարվա ձայնագրություն» անվանակարգում։ Ռոքնռոլի թագուհի տիտղոսը կրող երգչուհին 8 «Գրեմմի» մրցանակ ունի:
Նա շարունակել է իր հաջող կարիերան 1980-ական եւ 1990-ական թվականներին, այդ ընթացքում թողարկել է մի շարք ալբոմներ, ինչպես նաեւ բազմաթիվ սինգլներ՝ We Don't Need Another Hero (Thunderdome), Typical Male, The Best, Private Dancer, I Don't Wanna Fight եւ GoldenEye երգը՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող համանուն ֆիլմի համար։
1988 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ունեցած նրա շոուն հավաքել է 180 հազար հանդիսականի, ինչը բոլոր ժամանակներում առանձին կատարողների ունեցած ամենամեծ լսարանով համերգն է:
Երգչուհու կարիերային զուգահեռ Թըրները հանդես է եկել ֆիլմերում. Մել Գիբսոնի հետ նկարահանվել է «Խենթ Մաքսը» ֆիլմում, իսկ 1993 թվականին՝ «Վերջին կինոհերոսը» ֆիլմում։
Կյանքի վերջին տարիներին նա պայքարել է մի քանի հիվանդությունների դեմ, իսկ 2018-ին ընտանեկան դժբախտություն ունեցել. ավագ որդի Քրեյգը 59 տարեկանում ինքնասպանություն է գործել Լոս Անջելեսում, իսկ կրտսեր որդի Ռոննին մահացել է 2022-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: