×


Արամ Մելիքյան. «Երեխաներ որդեգրելը մեզ համար մարտահրավեր էր, որը սիրով ենք ստանձնել»

Հաղորդավար եւ պրոդյուսեր Արամ Մելիքյանի եւ նրա կնոջ՝ Լիլիթի ընտանիքում մեծ համալրում է եղել՝ նրանք աղջիկներ են որդեգրել: 17-ամյա Էլիզան ու 14-ամյա Ստելլան արդեն մի քանի ամիս է՝ նրանց հետ են ապրում: BRAVO.am-ը հյուրընկալվել է Մելիքյաններին ու հետաքրքիր զրույց ունեցել բոլորի հետ:

- Ինչպե՞ս են սովորաբար սկսվում ձեր առավոտները:

Արամ. Զարթուցիչների նվագախմբով՝ երեքինն էլ հերթով զնգում են: Մոտ 25 անգամ Ստելլիկինն է հնչում:

Լիլիթ.  Ժամը 6:50-ից դնում է, որ ժամը 7:30-ին արթնանա:

Արամ. Լիլոյի հետ առավոտյան շուտ արթնանում ենք, միասին սրճում եւ զրուցում, մինչեւ բոլորը պատրաստվում են եւ գնում դասի:

Անրի. «Ուրարտու» ակումբում ֆուտբոլ եմ պարապում:

- Այս ամիս նշվում էր ընտանիքի միջազգային օրը, ի՞նչ է այն առաջին հերթին նշանակում Ձեզ համար:  

Արամ. Եկեղեցում ասել եմ՝ «տեր եմ», եւ լուրջ եմ վերաբերվում խոսքիս: Ընտանիքում ամենակարեւորը պատասխանատվությունն ու հոգատարությունն են միմյանց նկատմամբ, ինչն էլ իմ հերթին անում եմ: Լինում են դեպքեր, երբ Լիլոն է տեր, իսկ ես հնազանդ եմ դառնում. դերերը երբեմն փոխվում են:  

Լիլիթ. Այդ ե՞րբ է լինում:

Արամ. Մեկ-մեկ (ծիծաղում ենք,-հեղ.):

Մելիքյանների ընտանիքը


Լիլիթ. Ինձ համար էլ ընտանիքը ջերմ տեղ է, ուր ուզում ես միշտ վերադառնալ: Ընտանիքում կարեւոր են մթնոլորտը, հոգատարությունը, վստահությունն ու սերը:

Արամ. Վերջերս տարեդարձս էր, ու միասին գնացել էինք Դիլիջանում նշելու: Բոլորով ինձ նվեր էին արել, այդ ընթացքում վայելել ենք Անրիի անսպառ էներգիան. մեզ լիովին քամել է: Իրականում ամեն ինչ շատ լավ է անցել:

- Ձեր ընտանիքում վերջերս համալրում է եղել՝ աղջիկներ եք որդեգրել: Ի՞նչ զգացողություն է, երբ ընտանիքն ավելի մեծ է դառնում:

Արամ. Տան մեջ կիսատաբատով էլ չեմ կարողանում քայլել (ծիծաղում ենք,-հեղ.): Շատ հաճելի է: Առաջ առանց Անրիի չէինք կարող, իսկ աղջիկներն ավելի լեցուն են դարձրել մեր կյանքը: Երբ Ստելլան ինձ գրկում է, հայրական այլ զգացողություն է. արդեն սովորել է ու առանց ասելու էլ գրկում է:

Լիլիթ. Ինձ էլ դուր է գալիս, որ երեկոյան հավաքվելիս կամ հաց ուտելիս շատ ենք լինում:

Արամ. Աղբն է շատացել, միայն դա սրտովս չի (ծիծաղում ենք,-հեղ.):

Լիլիթ. Պատասխանատվություն է շատացել, հիմա Անրիից բացի մտածում եմ նաեւ Ստելլիկի ու Էլիզի մասին, բայց դա էլ իր լավ կողմերն ունի:

Լիլիթ Մելիքյանը՝ երեխաների հետ


- Իսկ աղջիկներն ի՞նչ են իրենց հետ բերել ձեր տուն, որ մինչ այդ չկար ու կարիքն ունեիք:

Լիլիթ. Աղջիկ չունեինք (ծիծաղում ենք,-հեղ.):

Արամ. Նրանց շնորհիվ ուրիշ ձեւ եմ սկսել սիրել: Անչափ նրբանկատ եմ դարձել, գործողություններիս մեջ զսպվածություն է եկել, թեեւ պոռթկումներ էլի լինում են, բայց սիրելու նոր մակարդակի նրանց շնորհիվ եմ հասել:

Անրի. 4 տարի երազել եմ, որ քույրիկ կամ ապերիկ ունենամ: Աղոթում էի, որ իրականանա:

Ստելլա. Սկզբում անսովոր էր, բայց բոլորին միանգամից սիրեցի:

- Իսկ ինչպե՞ս էիք եկել երեխաներ որդեգրելու որոշմանը:

Արամ. 2011-ին Լիլիթն ասաց՝ միշտ երազել է սեփական երեխաներից բացի, ուրիշներին էլ մերը դարձնել: Այդ միտքն այնքան դուրս եկավ, բայց մնաց արխիվում, մինչեւ տարիներ անց իրականացրինք: 2016-ին մեր ընտանիքում բավական դժվար փուլ եղավ՝ Լիլոն 5 ամսական հղի էր, բայց կորցրինք փոքրիկին, դրանից հետո նման մի դեպք էլ եղավ, ու որդեգրման միտքը նորից ծագեց: Բայց չէի ցանկանում, որ դա լրացնի այն մյուս բացը: Սպասեցինք, այդ էջը փակվեց, եւ 2020-ի համավարակի օրերին նորը բացեցինք: Բավական ազատ ժամանակ ունեինք, որը միասին անցկացրինք, զգացինք, թե որքան լավ բան է ընտանիքը (ծիծաղում ենք,-հեղ.): Այդ ընթացում 2 որոշում կայացրինք՝ զարգացման կենտրոն բացել ու երեխա որդեգրել:

Մելիքյանները


Լիլիթ. Մինչեւ ամուսնանալը, երեւի, ֆիլմերի ազդեցությամբ էր նման միտք առաջացել: Իսկ հետո ընկերներ ունեինք, որոնց երեխային հաճախ էի պահում, զգացի՝ կարող եմ ուրիշի երեխային սեփականի պես սիրել, դրա համար էլ համոզված էի՝ կկարողանանք (մեզ է միանում Էլիզան, բոլորն ուրախանում են,-հեղ.):

Արամ. 2021-ին արդեն որոշել էինք թղթերը տալ քաղաքապետարան, բայց մի դեպք եղավ, որը բեկումնային դարձավ ինձ համար, ինչի մասին քիչ հետո կպատմեմ: Այդ ընթացքում զանգ ստացա մի հիանալի կենտրոնից՝ «Նագաշյան», սոցպատասխանատու տիկին Գայանեն հրավիրեց իրենց միջոցառման հաղորդավարը լինել: Երբ իմացա կենտրոնի գործունեության մասին, սիրով համաձայնեցի անվճար վարել. այդպես էլ նախատեսել էին, քանի որ գումար չունեին: Խոստացա հետս երգիչներ էլ տանել:

Կենտրոնում իմացա, որ այնտեղ ծնողներ չունեցող երեխաներ էլ կան: Հենց Ստելլային տեսա, անբացատրելի բան զգացի, այն ժամանակ դեռ չգիտեի, որ քույր էլ ունի: Լիլիթի հետ ամեն ինչ քննարկեցինք, բացատրեց, որ չենք կարող էմոցիոնալ որոշում կայացնել. այն ամբողջ կյանքի համար է: Երբ պարզվեց, որ Էլիզան 16 տարեկան է, բարձրաձայն ասացի. «Պատրաստ չեմ մեծ աղջիկ ունենալ, տղաները սիրահարվելու են ու գան ինձ հետ հանդիպելու», աշխատողներն էլ ծիծաղեցին: Լիլոյի որոշումն է եղել, որ երկուսին էլ որդեգրելու ենք: Էլիզային հանդիպելուց հետո նրան էլ սիրեցի ու վստահություն ունեցա, որ ամեն ինչ կստացվի:

Լիլիթ. Միշտ պատկերացրել եմ, որ փոքր երեխա պետք է որդեգրենք, մեծի դեպքում պատասխանատվություն ավելի շատ էր թվում, բայց հասկացանք՝ ոչ մի տարբերություն էլ չկա:

Արամ Մելիքյանը՝ դուստրերի հետ


- Ստելլա, իսկ դու ի՞նչ ես հիշում Արամի հետ ծանոթությունից:

Արամ. Վայ, խնդրում եմ, պատմիր, ինձ էլ է հետաքրքիր:

Ստելլա. Մեր կենտրոնի 10-ամյակն էր, հենց սկզբից էլ շատ սիրեցի նրան, բայց այդ օրն իրար հետ չխոսեցինք:

Արամ. Էլիզի հետ մեր հանդիպումն է շատ զվարճալի եղել:

Էլիզա. Խանութում էի, երբ եկավ մեր կենտրոնի մոտ, մեքենայի պատուհանից նայեց, ու  ժպտացինք իրար:

Արամ. Միանգամից հարցրի. «Ստելլիկի քույրի՞կն ես», թեեւ իրար նման չեն, ժպիտից հասկացա:

- Աղջիկներ, իսկ դուք ինչպե՞ս արձագանքեցիք որդեգրման լուրին:

Էլիզա. Դե, սկզբից էլ համաձայնել ենք, ինչից հետո սկսել են գործընթացը: Միասին խոսել ենք ու ամեն ինչ քննարկել:  

Մելիքյանները


- Արամ, երեւի, արդեն ժամանակն է, որ պատմեք այն բեկումնային պահի մասին, որն այդքան վճռորոշ է եղել Ձեզ համար:

Արամ. Հավաքվել էինք իմ ավագ ընկերների հետ, որոնց մեծ մասը ջրագնդակի մասնագետներ են: Այնպես ստացվեց, որ իմ մտքով կիսվեցի նրանց հետ ու իմացա` Սերգեյն արդեն 6 տարի է՝ տղա ունի որդեգրած: Հետաքրքրվեցի, թե ինչպես է որոշումը կայացրել, եւ շատ յուրահատուկ միտք ասաց. «Մի օր կորած էի, ու Աստված ինձ որդեգրեց, նույն բանն էլ ինքս արեցի»: Նման բան ինձ հետ էլ է եղել: Այդ պահին նույն զգացումն էլ ես ունեցա, բավական աստվածապաշտ մարդիկ ենք, փորձում ենք, որ մեր ապրածն Աստծո կամքով լինի: Այն ժամանակ Լիլոյի միտքն էի կիսում, հետո այն իսկապես իմը դարձավ:

- Ինչպիսի՞ն էր որդեգրման ընթացքն ու ի՞նչ բարդությունների հանդիպեցիք:

Անրի. 6-7 ամիս տեւեց:

Լիլիթ. Անցած տարվա մայիսին արդեն դիմել էինք, ու նոր է հաստատվել: Թվում էր՝ ավելի շուտ կլինի, բայց դատական նիստերը երկար տեւեցին, դեռ անձնագրերի հարցը չի լուծվել. աղջիկներն իրենց ազգանունները փոխում են, հունիսի 12-ից հետո էլ դրանով կզբաղվենք:

Արամ. Ուզում ենք արագ ավարտվի, որ նոր փուլ մտնենք, թե չէ ընթացքը մեզ որեւէ նեղություն չի տվել:

- Իսկ որո՞նք են օրենքի պահանջները մարդկանց, որոնց երեխաներ են վստահում:

Լիլիթ. Դե, որոշակի թղթեր ես լրացնում, պետք է որոշ հիվանդություններ չունենալ, ֆինանսապես կայուն լինել: Նաեւ եկել են մեր տուն ու խոսել հետներս:

Անրի. Երբ Ստելլան առաջին անգամ եկել էր մեր տուն, չգիտեի՝ մեզ հետ է ապրելու, հարցրի՝ իր ծնողներն ուր են:

Լիլիթ. Անրիին թեեւ ասել էինք որդեգրման մասին, բայց ուզում էինք ամեն ինչ վերջնական հաստատվի, նոր խոսենք հետը: Այդ էր պատճառը, որ Ստելլայի հետ հանդիպմանն այդպես էր արձագանքել:

Արամ. Հենց Էլիզայի հետ կապված հարցրերն էլ լուծվեցին, ընտանիքով գնացինք ռեստորան ու նշեցինք:

Էլիզա. Հոկտեմբերի 19-ն էր:

Անրի. Դրանից 6 օր անց իմ ծնունդն էր:

Արամ. Բոլորով նշեցինք, Էլիզը կվադրացիկլից սարսափելի ընկավ, շատ վտանգավոր էր, բավական վախեցա:

Էլիզա. Տարածքում միայն մեկ խողովակ կար, որին էլ հաջողացրի հարվածել (ծիծաղում ենք,-հեղ.):

Ստելլան եւ Անրին


- Ինչպիսի՞ն են Մելիքյանները՝ ինչո՞վ են նման ու տարբերվում իրարից:

Էլիզա. Բոլորս Մելիքյան ենք:

Արամ. Անրին, միանշանակ, տարօրինակ է:

Էլիզա. Յուրահատուկ տարօրինակ է (Անրին ծիծաղում է,-հեղ.):

Լիլիթ. Իրականում Անրին, Արամն ու Էլիզն իրար շատ են նման՝ աշխույժ են, ակտիվ, խարիզմատիկ, ես ու Ստելլիկն էլ՝ իրար. մենք ավելի հանգիստ ենք:

Էլիզա. Նախասիրություններով ենք նման, սիրում ենք լավ ժամանակ անցկացնել, հավես ու հետաքրքիր զբաղմունք գտնել:

Արամ. Բա՞ ընտանեկան հավաքույթները:

Էլիզա. Հավաքվում ենք ու զրուցում, տարբեր հարցեր քննարկում:

Անրի. Ու գնում քնելու:

Արամ. Մեկ ամիս է՝ չենք հավաքվում, քանի որ մի քիչ զբաղված եմ: Բայց մի 3-4 անգամ հասցրել ենք, գոռում էի՝ «ընտանեկան հավաք», բոլորը գալիս էին հյուրասենյակ: Կինո էինք նայում, խոսում կամ խաղում:

Արամ եւ Լիլիթ Մելիքյանները


- Արամ ու Լիլիթ, քանի որ ընտանիքի հիմքում դուք եք, վերադառնանք ձեր ծանոթության պատմությանը:

Արամ. (Սրտի խորհրդանիշն է ցույց տալիս,-հեղ.): Մոտ երեք տարի ճանաչել ենք իրար, ծանոթացել ենք ճամբարում, մինչեւ որ 2008-ին զգացել եմ՝ անտարբեր չեմ: Եղեգնաձորի ճանապարհին միջադեպ եղավ՝ Լիլոյի ընկերուհուն գետը տարավ, ու ես հանեցի: Շատ էի զայրացել, նրա վրա էլ գոռգոռացի: Մեծ վթար էր եղել, ու նոր էի վիրահատվել: Երբ ձեռքերս սարքերով ամրացված տանը պառկած էի, մայրս գնում էր աշխատանքի, Լիլոն իր ընկերուհիների հետ հերթափոխով գալիս էին ինձ կերակրելու: Այդ ժամանակ ավելի մտերմացանք, ու ամեն ինչ շատ արագ եղավ՝ 2009-ի գարնանը նշանվեցինք, մեկ տարի հետո էլ ամուսնացանք, ապա ծնվեց Անրին:

Լիլիթ. Ընկերներ էինք, բայց երբեք չէի պատկերացնի, որ կամուսնանանք (ծիծաղում է,-հեղ.): Զգացի, որ անտարբեր չէ, շատ ուշադիր էր դարձել, ճամբարից հետ գալն է բավական տպավորվել, այնպես արեց, որ բոլորին մի գազելով ճանապարհեց, իսկ մյուսում միասին մնացինք: Արդեն զգում էի, որ ինչ-որ բան է ասելու:

Արամ. Լարված նստել էր ու ամբողջ ճանապարհին իմ կողմ չէր նայում:

Լիլիթ. Մտածում էի՝ միայն թե ոչինչ չասի (ծիծաղում ենք,-հեղ.): Բայց ասաց: Չէի մտածում, որ նման բան հնարավոր է, ժամանակ անցավ, եւ զգացի, որ ես էլ անտարբեր չեմ:

Արամ. Այնպես արեցինք, որ հարազատ եղբորս հետ նույն օրն ամուսնանանք: Շատ հիշվող ու լավ հարսանիք ենք ունեցել, քանի որ երաժիշտ եմ, հատուկ երգ գրեցի ու նվիրեցի Լիլիթին: Բայց այնպես ստացվեց, որ իրենք էլ երկու հարսներով էին երգ պատրաստել ու նույն մարդու մոտ: Իսկապես անակնակալ էր ինձ համար:

Լիլիթ. Ինձ դուր էր գալիս, որ հարսանիքների ժամանակ երգում են, թեեւ երաժշտական տվյալներ չունեմ, բայց Արամին առաջարկեցի միասին ձայնագրվել, հրաժարվեց՝ ասելով, որ չի ստացվի: Ես էլ որոշեցի հակառակն ապացուցել (Արամը սկսում է երգել. «Խոստանում եմ ամբողջ կյանքում լինել հնազանդ», ծիծաղում ենք,-հեղ.): Երեխաների հետ էլ նայել ենք տեսանյութը:  


- Ի՞նչ փոխվեց, երբ Ձեր կյանքում հայտնվեց Անրին:

Արամ. Շատ մեծ փոփոխություն էր:

Լիլիթ. Պատրաստ էինք ծնող դառնալ, բայց միեւնույն է` մինչեւ վերջ չես կարող իմանալ, թե ինչ է սպասվում: Նոր ու լավ փուլ սկսվեց մեր կյանքում:

Արամ. Ամենակարեւորն այն է, որ Լիլիթի հետ մենք թիմակիցներ ենք, ցանկացած որոշում միասին ենք կայացնում: Սովորաբար, ես շտապում եմ, իսկ ինքն ամեն ինչ հանգիստ է անում, իրար թեւ ու թիկունք ենք լինում: Անրիի ու հիմա էլ աղջիկների հետ կապված շատ հարցերի չեմ խառնվում. Լիլոյին եմ վստահում:

- Համատեղ տարիների ընթացքում իրար ո՞նց եք ավելի լավ ճանաչել:

Լիլիթ. Ավելի ենք մտերմացել, ամեն իրավիճակում նորովի բացահայտել, թեեւ հիմնական գծերը չեն փոխվել:

Արամ. Միանշանակ, սերն է շատացել, երբեմն ռոմանտիկայի պակաս է զգացվում, բայց առօրյայի զբաղվածությունն է խանգարում, ոչ թե միասին երկար տարիներ ապրելը: Մտածում ենք ռոմանտիկ մի բան անել, հետո որոշում՝ ավելի լավ է ուղղակի պառկենք ու հանգիստ շփվենք (ծիծաղում ենք,-հեղ.): Սերը բորշչի նման է, ինչքան հին, այնքան՝ լավ:

- Ինչո՞ւ որոշեցիք Ինստագրամում ընտանեկան էջ բացել ու կիսվել համատեղ առօրյայով:

Արամ. Դրա հետ կապված միտք ունեմ, որը դեռ եփվում է: Իսկ սկսվեց նրանից, որ հանդիպել էի բավական լուրջ պրոդյուսերի հետ, որպեսզի քննարկենք համատեղ աշխատանքը: Նա նկատել էր մեր ընտանիքում եղած փոփոխությունն ու ոգեւորվել, խորհուրդ տվեց այնպես անել, որ մարդկանց կյանքում էլ այն հետք թողնի: Պետք էր հարթակ ստեղծել, որում մարդիկ էլ իրենց հարցերը կուղղեին մեզ: Բոլորով քննարկեցինք այդ հարցն ու էջը բացեցինք: Շատ լավ խոսքեր ու դրական կարծիքներ ենք լսել: Էջով հիմնականում Էլիզն է զբաղվում, տեսանյութերի մտահղացումները իրենն են:


- 3 ամիս է՝ միասին եք ապրում, ո՞նց սովորեցիք միմյանց:

Լիլիթ. Սկիզբը բավական ուրախ էր, բայց 3 ամիսը դեռ քիչ է, ավելի շատ ժամանակ է պետք:

Արամ. Արդեն տուն մտնելիս ընտանիքի հոտը զգում եմ:

Էլիզա. Մենք էլ ենք այդ հոտն առնում: Սկզբում դժվար էր, ճիշտ է՝ մեզ շատ ջերմ են ընդունել, որ չլարվենք ու մեզ լավ զգանք, բայց մենք էինք ամաչում եւ որոշակի հարցերում չէինք արտահայտվում: Լարված պահեր եղել են, բայց միայն այն պատճառով, որ դեռ նոր էինք: Այս միջավայրն ու իրենք միանգամից են դուր եկել:

- Իսկ ո՞նց եք դիմում Արամին ու Լիլիթին, արդեն հաղթահարել եք այդ կարեւոր սահմանը:

Անրի. Արամ են ասում, Արամ ապեր, ուզում եմ՝ պապա ասեն:

Արամ. Անրիին դուր չի գալիս, բայց դեռ այդպես են դիմում: Իմ ծննդյան տարեդարձին տորթ էին նվիրել, որի վրա «Պապ ջան» էր գրված (Ստելլան գլխով է անում, երբ ասում ենք, որ ժամանակ է պետք այդպես դիմելու համար,-հեղ.):

- Ինչպիսի՞ն եք ուզում, որ լինի Ձեր ընտանիքի համատեղ ապագան:

Արամ. Կարեւոր հարց եք տալիս, բայց դեռ այդ փուլին չենք հասել: Նույն արժեքներով ու սկզբունքներով պետք է ապրենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Մեզ մոտ սուտն արգելված է, չեմ ասում՝ չենք խաբում, բայց երեխաների մոտ երբեմն նման բացթողում լինում է:

Լիլիթ. Աղջիկներով որոշել ենք, որ ամեն փոքր խնդիր քննարկելու ենք:

Մելիքյանները


- Հիմա հարցեր երեխաներին. Արամի եւ Լիլիթի հատկանիշներից որո՞նք եք հատկապես շատ սիրում:

Արամ. Դզեց, ես էլ եմ ուզում լսել:

Էլիզա. Լիլիթը կատարյալ մամա է. 4 ամսվա ընթացքում իրենից շատ բան եմ սովորել: Հիանալի մարդ է, որի հետ կարող ես հանգիստ զրուցել: Երբեք չի նեղանում, շատ-շատ համով է պատրաստում:

Արամ. Անրիից բացի, բոլորս չաղացել ենք (ծիծաղում ենք,-հեղ.): Ինձ Ստելլիկն է սիրում:

Ստելլա. Արամի բնավորության գծերից շատերն են դուր գալիս՝ հասկացող է, մարդկանց հետ հեշտ է լեզու գտնում, հոգատար է:

Անրի. Մաման ինձ սիրում է, իսկ պապան՝ հետս ֆուտբոլ խաղում:

- Ո՞վ է ավելի խիստ:

Անրի. Երկուսն էլ:

Ստելլա. Ավելի հետեւողական են:

Էլիզա. Խիստի լինելու կարիք չկա, բոլոր ընտանիքներում էլ կան կանոններ, պետք է դրանք պահել, ընթացքում մենք էլ կսովորենք:

Լիլիթ եւ Արամ Մելիքյանները


- Ի՞նչ եք սիրում ամեն մեկի հետ անել:

Անրի. Պապայի հետ ֆուտբոլ խաղալ, մամայի հետ՝ կինո նայել:

Լիլիթ. Միշտ բողոքում է, որ իր հետ ուզում եմ դաս անել:

Ստելլա. Լիլիթ քուրիկի հետ զրուցել:

Արամ. Իսկ պապայի՞ (ծիծաղում ենք,-հեղ.):

Ստելլա. Իսկ հայրիկի հետ ուրախ ժամանակ անցկացնել:

Էլիզա. Հայրիկի հետ (ծիծաղում ենք,-հեղ.), Արամի հետ հիմնականում աշխատում ենք ու շատ լավ է ստացվում, իսկ Լիլիթի հետ տներն ենք մաքրում: Ամենաշատը դուր է եկել, որ ուղղակի զբոսնել ենք ու խոսել:

- Իսկ հիմա պատասխանեք դուք՝ Արամ եւ Լիլիթ, ո՞վ է ամենամաքրասերը:

Լիլիթ. Էլիզան

-Ամենաչարաճճին:

Անրի. Ես:

Արամ. Ստելլան է հաստատ, տունը շուռ է տալիս (կատակում է,-հեղ.), իրականում ամենահանգիստն է, ձայնը հազիվ ենք լսում:

- Ո՞վ է ամենաշատը սիրում ընթերցել:

Արամ. Ես եմ մեր տանը կարդացողը:

Մելիքյանները


- Ո՞վ է ամենալռակյացը:

Անրի. Ստելլան:

Լիլիթ. Եթե պատմելու բան ունի, լավ էլ ոգեւորված խոսում է, պարզապես մյուսների համեմատ է լռակայց:

Էլիզա. Ընկերների շրջապատում էլ ակտիվ է:

Արամ. Կուկլաս է:

- Իսկ համեղ ուտե՞լ:

Լիլիթ, Արամ. Էլիզան:

- Ո՞վ է ամենաշատ համբուրողը:

Լիլիթ. Անրին ու Արամը:

- Եվ ի՞նչ կուզեք ասել որպես վերջաբան, քանի դեռ այստեղ եմ:

Էլիզա. Սոված մեռանք (ծիծաղում ենք,-հեղ.):

Արամ. Շատ ուրախ եմ, որ իրար ունենք, այդ ամենը որքան հնարավոր է՝ երկար վայելել է պետք: Մեզ համար սա մարտահրավեր է, որի տակ սիրով ենք ստորագրել: Ես եմ առաջամարտիկը, որ ընտանիքս դարձնեմ օրինակելի ու շատերին կարողանանք օգուտ տալ: Ինձ համար ամենակարեւոր բանը հասարակությանն օգտակար լինելն է, իսկ դա հնարավոր է մեր ժառանգների շնորհիվ: Մեր հրաշք ընտանիքի նոր փուլը կարող է մարդկանց մտածելակերպի վրա դրական ազդել:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Նարեկ Արշակյանի եւ անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW