×


«Օրրան»-ի հունիսմեկյան տոնը. Ալեքսանյանի կատակը, Շահիրյանի անսպառ էներգիան ու Նառայի մաղթանքը

Արդեն 23-րդ տարինն է, որ «Օրրան» բարեգործական կենտրոնը երեխաների համար հունիսի 1-ին ջերմ միջոցառում է կազմակերպում:

Տոնական տրամադրությունը զգացվում էր հենց մուտքի մոտ. ձեռքերին հատուկ սթիքերներ ամրացնելուց հետո հյուրերը հայտնվում էին «Օրրան»-ի բակում ու պատրաստվող համբուրգերների բույրով լցված օդի, փուչիկների ու երաժշտության ուղեկցությամբ նշում Երեխաների պաշտպանության միջազգային օրը:


«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենց երեխաները հյուրեր ընդունել շատ են սիրում ու ամբողջ տարին այս տոնին են սպասում: Հատուկ ցանկացել են, որ հյուրընկալեն Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:

«Շնորհակալ ենք Արթուրին, որ մեր հրավերն ընդունել է: Բազմաթիվ ընկերներ ու բարեկամներ ունենք՝ անվանի երգիչներ, դերասաներ, մարզիկներ, որ գալիս են ու երեխաների տոնն ավելի ուրախ դարձնում»,- խոստովանեց նա:

Արթուր Ալեքսանյանը եւ Արմինե Հովհաննիսյանը


Հովհաննիսյանը բոլոր փոքրիկներին առաջին հերթին խաղաղություն մաղթեց, որ ապրեն ամուր ու ապահով հայրենիքում. «Հայ երեխաներն այնքան տաղանդավոր են, որ իրենց ճանապարհը կգտնեն, մեզ մնում է նրանց հայրենիք ժառանգել ու անվտանգ կյանք ապահովել: Կարծում եմ, որ այս միջոցառումներն ավելի շատ բան հենց մեծերիս են տալիս, քան երեխաներին. ուրախանում ենք, որ կարողանում ենք նրանց հիշարժան տոն պարգեւել: Ուզում եմ երեխաները հիշեն այս օրերը, գույնզգույն փուչիկները, երաժշտությունն ու մթնոլորտը: Կյանքը հենց նման փոքր դրվագներից է կախված. երբ լավ մանկություն են ունենում, բարի մարդ են մեծանում»:

Նա այն համոզմունքն ունի, որ երեխաներին շատ սեր ու երես տալ է պետք, իսկ ամենալավ դաստիարակությունը սեփական օրինակով սովորեցնելն է, նույնն էլ մյուս ծնողներին է խորհուրդ տալիս:

Արթուր Ալեքսանյանին կենտրոնի երեխաները պատվո միջանցքով դիմավորեցին, բուռն ծափահարություններով ու «չեմպիոն» վանկարկումներով: Հասնելուն պես գոգնոց տվեցին, որ սեփական ձեռքերով համբուրգերներ պատրաստի, ինքն էլ կատակեց. «Որ իմանայի, ըմբշամարտի հագուստով կգայի»,-գոգնոցը մարզահագուստին նմանեցնելով՝ ասաց նա: Նշեց, որ պատրաստելու մեծ փորձ չունի, բայց իր կարծիքով՝ համեղ է ստացվել:

Արթուր Ալեքսանյանը


Մարզիկը վստահ է՝ շատ կարեւոր է աջակցել երեխաներին, լինել նրանց կողքին, լսել նպատակների ու խնդիրների մասին եւ փորձել լուծել դրանք. «Նրանք են մեր ապագան: Պետք է ամեն ինչ անենք, որ անհոգ մանկություն ունենան ու խաղաղ երկնքի տակ մեծանան, որպեսզի պիտանի մարդ դառնան մեր երկրի համար: Նրանց տարիքում իմ բոլոր երազանքները սպորտի հետ էին կապված ու կարեւորն այն է, որ բոլորին էլ հասել եմ, նույնն էլ իրենց եմ ցանկանում՝ անկախ նրանից, թե ինչով կզբաղվեն»:

Անկեղծացավ, որ ինքն ամենաքիչը 3 երեխա է ցանկանում ունենալ, 4-ը կատարյալ տարբերակ կլինի՝ 2-ական աղջիկ ու տղա: Դեմ չի լինի, որ նրանք էլ զբաղվեն ըմբշամարտով, բայց միայն թե ոչ աղջիկները:


Դերասանուհի Էվելինա Շահիրյանը, որը մի քանի օրից 82-ամյակն է նշելու, ինչպես միշտ, անկրկնելի տեսք ուներ ու էներգիայով լի էր, երեխաների հետ ուրախանում էր, երաժշտության ներքո ակտիվ շարժվում ու համբուրգերներ պատրաստում: Միջոցառմանը եկել էր դստեր՝ Նաիրա Շահիրյանի հետ:

«Իմ թոռնիկներին ու բոլոր բալիկներին մի բան ենք ցանկանում, որ խաղաղ երկինք լինի, երջանիկ լինեն ու հասնեն իրենց նպատակներին: Բոլորը թող կայանան, պիտանի մարդ դառնան ու սիրով լցված լինեն»,- մաղթեց նա:


Շահիրյանը պատմեց, որ ինքն էլ հաճախ է չարաճճիություններ անում, հատկապես, երբ ընկերների հետ է լինում: Սեփական տարիքը չի զգում ու եւս մեկ անգամ հաստատում է, որ հոգին չի մեծանում. «Մեկ-մեկ այնքան անհարմար եմ զգում, քանի որ կարող եմ երեխաներին հատուկ բաներ անել, բայց մեղք չունեմ՝ իմ ներսի մանուկն է արտահայտվում, իսկ ես կեղծել չունեմ: Մեկ-մեկ ինձ հավաքում եմ, քանի որ կողքից թոռնուհիս է նայում. «Տատա, այսպես ո՞նց», կամ աղջիկս ասում. «Մամա, դե, լավ էլի, ամոթ է»: Եթե տրամադրությունս լավ է, ուրախանում եմ, ուզում եմ թռչկոտեմ բալիկների հետ, անեմ՝ ինչ ուզում եմ, ընդհանրապես չեմ կաշկանդվում: Ճիշտը դա է, կյանքում երբեք չեմ խաղում, միայն բեմում»:


Երգչուհի Նառան բարեգործական միջոցառմանը թոռնիկների հետ էր եկել: Պատմեց, որ տոնին նախապես է պատրաստվում, նվերներ գնում, քանի որ 4 թոռնիկ ունի: Մինչեւ «Օրրան» գալն են նշել, երեկոյան էլ շարունակելու են:

Երգչուհի Նառան՝ թոռնիկների հետ


«Այսօր թոռնիկս զանգահարել էր ու ասել. «Տատիկ, դու էլ քո մամայի բալիկն ես, շնորհավոր»: Աշխարհի բոլոր երեխաների ու մեր բալիկների տոնը շնորհավոր, խաղաղություն եմ ցանկանում, առողջություն, թող երջանիկ լինեն ու կյանքում նպատակ ունենան: Արմինեն մեր 23 տարվա բարեկամն է, ոչ մի առիթ բաց չենք թողել: Շնորհակալ ենք նրան, որ երեխաներին ամեն հունիսի 1-ին տոն է պարգեւում»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW