×


«Զբոսանք» Սերգեյ Թովմասյանի փայտե գործերի հետ. Սոս Սարգսյանը, խոյերի ընտանիքը, մուսան ու ճախրանքը

Եթե վերջին շրջանում ինչպես հարկն է չեք զբոսնել ու այցելել որեւէ մշակութային վայր,  ժամանակն է շտապելու Նարեկացի արվեստի միություն, որտեղ բացվել է Սերգեյ Թովմասյանի ցուցահանդեսը:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանն իր փայտե յուրահատուկ աշխատանքների 7-րդ անհատական ցուցահանդեսն է անցկացնում, որն այս անգամ կրում է «Զբոսանք» խորագիրը:

Թովմասյանի հմուտ ձեռքերի շնորհիվ փայտը ստացել է ամենաանհավանական տեսքն ու ասես կենդանացել՝ մարդկանց հետ խոսելով սեփական լեզվով: Ներկայացված 32 աշխատանքները սիրո, մարդկանց ու բնության մասին են:


Արդեն երկար տարիներ սարեր բարձրացող դերասանն անչափ ուշադիր է բնության նկատմամբ ու պատահական չէ, որ նրա փայտե աշխատանքների մեծ մասը կենդանիներ են՝ ցուլ, բու, խոյ, ոզնի, բզեզ: Դրանք ստանալու համար օգտագործել է նաեւ հենց սարերից բերված տարբեր իրեր՝ պայտեր, մուրճ, լարեր, աշխատանքներից մեկում անգամ կտեսնեք փողոցային շների դակման համար օգտագործված նշանները, որոնք փողոցում է գտել:

Բայց ամենաշատը Թովմասյանի գործերում սիրո դրսեւորումներն ու ներկայացումների ազդեցությունն է նկատվում: Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին աղավնիներով է պատկերել ու գործն անվանել «Անուրջներ»:


«Իր հայտնի «Ճերմակ անուրջներ» ֆիլմի մոտիվներով է, աշխատանքն ամբողջովին սիմվոլիկա է՝ Սարգսյանի վրա պատկերված աղավնիները հենց դերասաններն են: Նրանից ավելի իմաստուն մարդ իմ կյանքում չեմ տեսել, Սարգսյանին միայն լսելը մեծ հաճույք էր, ամեն վայրկյան կարող էիր հարստանալ: Գիտեր՝ ում վերցնել թատրոն, նրա շնորհիվ է, որ Համազգայինն այսօր Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է»,- խոստովանել է Թովմասյանը:

Դերասանի ստեղծած ճախրող ու զբոսանքի դուրս եկած կերպարներին նայելիս ինքդ էլ ուզում ես կտրվել հողից ու հայտնվել օդում, զույգերից մեկի պես խնդրել, որ քեզ գրկեն, բնության մի մասնիկը դառնալ կամ «Բուկովսկի» վերնագրով ջութակի վրայի գրության պես «Երգես, ինչ էլ որ լինի»:


Թովմասյանը պատմել է, որ ընկերների հետ են մեկ օր առաջ չարչարվելով բոլոր գործերը կախել: Նրանց մեծ մասը ներկա էր ցուցահանդեսի բացմանն ու անձամբ շնորհավորեց դերասանին. «Անկեղծորեն եմ ասում, որ բոլորից եմ սովորում՝ երեխայից, կենդանուց, մարդկանցից, իմ ընկերներից: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, քանի որ նման ընկերներ ունեմ»:

Թովմասյանը շատ է ցանկացել 2019 թվականին ցուցահանդեսն անցկացնել Շուշիի Նարեկացի կենտրոնում, որտեղ նրա աշխատանքները մեկ անգամ արդեն ներկայացվել են: Սակայն համավարակն ու պատերազմն ամեն ինչ փչացրել են. «Հույս ունեի Շուշիում նորից ցուցահանդես ունենալ, բայց պարտված մարդու նման իմ բոլոր զենքերը վայր դրեցի: Բարեբախտաբար, իմ կողքին ունեմ մի շատ ուժեղ մարդ՝ Նարինեին, նա ինձ թեւ ու ուժ տվեց՝ ասելով. «Դու պիտի անես»: Շատ երկար ու դժվար էի ստեղծագործում սթրեսի պատճառով: Փայտը վերցնում էի ու չգիտեի՝ հետն ինչ անել, միտքս ուրիշ տեղ էր: Մտածում էի իմ երկրի ու հայրենիքի մասին, հարազատ զինվորների, այն երիտասարդ երեխաների մասին, որոնք զոհվել են: Չէի հասկանում, թե ինչի կամ ում համար շարունակեմ ստեղծել»:


Դերասանը խոստովանում է, որ ժամանակը վերքերը մի քիչ բուժում է, այդպես էլ աստիճանաբար նորից շարունակել է արարել: Ցուցահանդեսի համար նախապես այլ անվանում է մտածել, իսկ հետո որոշել. «Իսկ ինչո՞ւ չէ, եկեք միասին զբոսնենք ու տեսնեք, թե ինչ եմ արել»:

Թեեւ գործերը ստեղծել է կյանքի ամենաբարդ շրջաններից մեկում, սակայն դրանք լի են լավատեսությամբ ու սիրով, ինչն այսպես է բացատրում. «Եթե դրական որեւէ բանով չես կարող ուրախացնել մարդկանց, ավելի լավ է ոչինչ էլ չանել, առանց այն էլ դարդն ու ցավը մեր ազգի կնիքն են դարձել: Ինձ ընկերներս են ապրեցնում, ամեն մեկն առանձին տեղ ունի իմ սրտում, իրենցից սովորում եմ, սեր գողանում ու սեր նվիրում, դրա շնորհիվ էլ այս ամենը ստեղծվել է: Մենք բոլորս էլ սիրո արդյունք ենք»:


Թովմասյանի մուսան, ոգեշնչողն ու իսկական ընկերը կինն է՝ դերասանուհի ու ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որն արտերկրում նկարահանումների է ու ցուցահանդեսի բացմանը ներկա չէր:

«Նարինեն իմ կյանքի իմաստն է, միշտ մտածում եմ՝ «Տեր Աստված, ինձ ինչքան շատ ես սիրում, որ նրա պես կին ես տվել, իսկական հրաշք է»: Կան գործեր, որ Նարինեին եմ նվիրել՝ «Տառեխ», «Ոչ ցլամարտին», «Սեւ այրի», «Ոզնի» աշխատանքները թատրոնում նրա սեղանին են դրված լինում, «Զատիկը», «Շնիկը», «Բուկովսկին» երբեք ոչ մեկին չենք տա»,-ավելացնում է նա:


Ապա ներկայացնում է գործերից մի քանիսի ստեղծման պատմությունը: Պարզվում է՝ բվերի կերպարում պատկերել է իր ընկեր Էդիկին ու նրա թոռանը. «Առաջին թոռնիկն է, որի համար գժվում է: Առաջ նրա արվեստանոցում իր աշխատանքներն էին կախված, հիմա հանել է ու թոռնիկի նկարներն ամրացրել՝ պառկած, ժպտալիս, քայլելիս: Ես էլ իրենց այդպես եմ տեսել ու պատկերել»:

Նրա աշխատանքներից յուրահատուկ կերպով առանձնանում է «Ընտանիքը», որում պատկերված է 3 խոյ. «Մտածեցի, որ կարելի է նման ընտանեկան պատկեր ունենալ, բարդույթներ չունեմ ու ոչինչ, որ ոչխարների ընտանիք է ստացվել: Խոյը շատ կիրառվող խորհրդանիշ է ու պատկերված է մեր եկեղեցիների, խաչքարերի ու ժայռապատկերների վրա: Շատ ուժեղ ազգ ենք, պետք է գիտակցենք դա ու միասնական դառնանք»:


Թովմասյանը Նարեկացի արվեստի միության կողմից խորհրդանշական նուռ նվեր ստացավ, իսկ կենտրոնի նախագահ Նարեկ Հարությունյանից՝ արվեստի մասին գիրք:  

«Սերգեյի հետ մի քիչ զրուցելուց հետ շատ հարազատ բան ես զգում: Իր համեստությունն ու անկեղծությունը, հանգստությունն ու ներդաշնակությունը կան նաեւ իր գործերում: Այդ դրական թրթիռներն ասեք գրկում են մարդկանց: Տարիներ առաջ իր գործերից մեկը նվիրել է ինձ, որը հասցրել եմ ԱՄՆ ու իմ օջախում կախել, մինչեւ որ տունը վաճառեցի ու մշտական տեղափոխվեցի Հայաստան՝ այն ինձ հետ բերելով այստեղ»,- Թովմասյանի մասին ասել է Հարությունյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին