Աշխարհահռչակ թավջութակահար Հաուսերի երեւանյան համերգն անցավ տպավորիչ, էմոցիոնալ ու կրքոտ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրան «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում լսելու համար հազարավոր մարդիկ էին հավաքվել։
Մինչ համալիր ուղեւորվելը Հաուսերի համերգային ծրագրին ծանոթանալու համար դիտեցի Բուդապեշտի ելույթը, որն էլի դինամիկ ու գեղեցիկ էր, բայց կենդանի կատարման ժամանակ բոլորովին այլ հույզեր ու ապրումներ են լինում։ Դրանում է իսկական երաժշտության ուժը։
«Բարի երեկո, այնքան ուրախ եմ առաջին անգամ այստեղ լինելու համար, շնորհակալ եմ, որ եկել եք համերգին, հուսամ՝ կմնաք։ Նախ դասական երաժշտություն կլինի, իսկ ավելի վայրի կատարումները կլսեք հետո։ Հիմա այստեղ ներկա կանանց համար շատ ռոմանտիկ երգեր կհնչեն»,- համերգն այս խոսքերով սկսեց Հաուսերն ու հենց առաջին նոտաներից հուզեց ներկաներին։
Խոստովանեց, որ Էնրիկո Կարուզոյի գործերն ամենահուզիչն են ու իր ամենասիրելին, առիթը բաց չթողեց դրանից մեկը նվագելու, ապա համալիրում տարածվեցին հայտնի «Hallelujah»-ի հնչյունները՝ ներկաներն էլ երգում էին նրա հետ, ինչից հետո Հաուսերն անկեղծացավ. «Բավական լավ երգիչներ ու երաժշտական ազգ եք, ուրեմն՝ կշարունակեք երգել ինձ հետ»։
Աստիճանաբար երաժշտությունն ավելի կրքոտ, ակտիվ ու պարային դարձավ. հնչեցին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից ու «Գահերի խաղը» սերիալից հայտնի երգերը։
Իսկ մինչ մի քանի րոպե երաժիշտներն էին բեմի վրա փայլում, Հաուսերը հասցրեց զգեստափոխվել՝ հայտնվեց ջինսով, մարզակոշիկներով ու մի քանի կոճակն արձակած վերնաշապիկով։ Հասկանալի էր, որ երեկոն ավելի է թեժանալու՝ դրանում օգնեց Իգլեսիասի երգը, ապա եկան լատինո հիթերը՝ «Despacito»-ն, ապա ներկա սենյորիտաներին նվիրեց հայտնի համանուն հիթն ու «Bonita»-ն։
«Volare»-ի ժամանակ բոլորին հորդորեց կանգնել ու պարել իր հետ, «Bamboleo»-ն ավելի բարձրացրեց ներկաների տրամադրությունը, իսկ «Waka Waka»-ի ընթացքում իջավ բեմից ու շրջան արեց հանդիսականների ուղեկցությամբ։
Հաուսերի երեւանյան համերգի վերջին հնչյունները լատինո ռիթմերի ու պարերի ուղեկցությամբ էին։ Ավարտին նա հանդիսականներին օդային համբույրներ ուղարկեց ու իր երաժիշտների հետ հեռացավ բեմից՝ գեղեցիկ երեկոյից թողնելով վառ ու անմոռանալի պահեր։
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: