Առաջին իսկ ակորդներից օդում տարածվում է այն ծանոթ, ջերմ ու լուսավոր տրամադրությունը, որը միայն նա էր կարողանում ստեղծել։ Հայկոյի հիշատակին նվիրված երեկոն արդեն ավանդույթ է դարձել: Սա պարզապես համերգ չէ, այլ յուրօրինակ երկխոսություն նրա թողած երաժշտական ժառանգության, սիրո եւ անփոխարինելի ներկայության հետ։ Ընկերները, հարազատներն ու արվեստի երկրպագուները կրկին համախմբվել էին մի միջավայրում, որտեղ երգչի ֆիզիկական բացակայությունը լրացնում էր նրա ամենամեծ, ապրող ներկայությունը՝ երաժշտությունը։
«Երբ Հայկոն կար, իր ծննդյան օրը՝ օգոստոսի 25-ին, բոլորիս միախմբում էր։ Այս օրը իսկապես խորհրդանշական է դարձել։ Ամիսներ առաջ երկրպագուները սկսում են հարցնել՝ ի՞նչ ենք պլանավորում այս տարի։ Այս անգամ որոշեցինք մի փոքր ավելի մասշտաբային նախագիծ իրականացնել»,- պատմել է «Հայկո Հակոբյան» հիմնադրամի հոգաբարձուների խմբի անդամ Իրինա Վարդանյանը։
Սիմֆոնիկ շունչ՝ պահպանելով հեղինակային ձեռագիրը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Հայկոյի երաժշտությունը ներկայացնելն արդեն ձեւավորված գեղեցիկ ավանդույթ է։ Կազմակերպիչների համար ամենակարեւոր սկզբունքը մեկն է՝ հնչեցնել ստեղծագործություններն այնպես, որ անաղարտ մնա Հայկոյի ձեռագիրը։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է. «Հայկոյի երաժշտությունն այնքան մեծ էմոցիոնալ ներուժ ունի, որ սիմֆոնիկ նվագախմբով, մենակատարներով ու երգչախմբով էլ չենք սպառում այդ անասելի պաշարը։ Սա այն արժեքն է, որը ցանկանում ենք պահպանել ու փոխանցել»։
Նախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ընդգծում է, որ հիշատակի երեկոյի նախապատրաստական աշխատանքները տեւում են մի ամբողջ տարի. «Սա ոչ թե պարտականություն է կամ ծանր աշխատանք, այլ մեծագույն հաճույք եւ գիտակցում, որ անում ենք մի բան, ինչը մնայուն արժեք է դառնալու»։
Արտիստների անձնական հուշերն ու չավարտված երկխոսությունները
Բեմ բարձրացած արտիստներից յուրաքանչյուրի համար Հայկոյի երգերը պարզապես երգացանկի հերթական համարներ չեն. դրանք անձնական հուշեր են, չավարտված երկխոսություններ ու հատուկ նվերներ՝ երբեմն հենց իրենց համար գրված։ Որքան էլ այլ կատարողներ վարպետորեն ներկայացնեն նրա ստեղծագործությունները, միեւնույն է, յուրաքանչյուր հնչյունի մեջ առաջին հերթին Հայկոյի ձայնն է արձագանքում:
Անդրե․ «Կարոտն ու զգացմունքները շատ խառն են։ Գալիս ես մի համերգի, որտեղ հնչում են նրա երգերը, եւ որքան էլ լավ երգեն մյուս կատարողները, ականջներումդ նրա ձայնն է։ Հայկոն այն եզակի երաժիշտն էր, որի գրած երգերը հենց իր կատարմամբ էին հասնում կատարելության։ Բայց ուրախալի է, որ այս երգերը ապրում են, հնչում են, եւ մենք հիշում ենք նրան»։
Սրբուկ․ «Առանձնապես հաճելի է Հայկոյի երգերը կատարելը։ Նա երգերի միջոցով տալիս է այն ազատությունը, որպեսզի յուրաքանչյուր կատարող կարողանա գտնել իրեն։ Նրա ամեն երգը երգելիս նոր բաներ եմ բացահայտում, նոր գույներ եմ բերում, որովհետեւ Հայկոն իսկապես թույլ է տվել դա անել»։
Վահե Հակոբյան (Հայկոյի եղբայրը)․ «Այս համերգով փորձել ենք պարգեւել հանրությանը Հայկոյի երաժշտությունը լսելու եւ հիշելու օր։ Նրա ծննդյան օրը միշտ տոնական մթնոլորտում է հիշվում, եւ այս համերգը լավագույն առիթն է երաժշտասերներին մեկտեղելու համար: Հայկոն իր ծնունդները միշտ ուրախ, զվարթ է անցկացրել՝ ընկերներով շրջապատված։ Այսօր էլ ներկաների մեծ մասը նրա ընկերներն են, հարազատներն ու արվեստը գնահատողները»։
Լիպարիտ Ավետիսյան․ «Սա երկխոսություն է Հայկոյի հետ։ Նման նախագծերը նպաստում են Հայկոյի երաժշտության հանրայնացմանը, որպեսզի հանրությունը նրան բացահայտի նաեւ այլ տեսանկյունից ու ըստ արժանվույն գնահատի նրա թողած ժառանգությունը»։
Սոնա Ռուբենյան․ «Հայկոյի երգերն ինձ միշտ տեղափոխում են մանկություն։ Վերջերս մայրիկիս հետ հիշում էինք, որ տանը տեսաերիզներ ունենք, որոնցում քույրս, եղբայրս ու ես 5-6 տարեկանում պարում ու խաղում ենք Հայկոյի երգերի ներքո։ Այն ժամանակ դեռ ձայնասկավառակներ չկային. ձայներիզներով էինք լսում։ «Բաց ինձ համար հոգիդ, իմ սեր»-ը իմ ամենասիրելի երգերից մեկն է: Հենց առաջին նոտաներն եմ լսում, մտովի տեղափոխվում եմ մանկություն, դառնում 5-6 տարեկան»։
Երգչուհի Անահիտ Շահբազյանը նախագծին մասնակցում էր առաջին անգամ։ Նա ներկայացրեց Հայկոյի գրած այն երգը, որը ժամանակին միասին կիսատ էին թողել ստուդիայում. «Այդ երգը Հայկոն գրել էր հենց ինձ համար... Իր հեռանալուց հետո ամբողջացրինք։ Նոտաներին ընդհանրապես ձեռք չեմ տվել. այն, ինչ ինքն է գրել, հենց դա էլ երգում եմ»։
Հայկոն շատ տարբեր ստեղծագործություններ է գրել՝ փոքր, անձնական երգերից մինչեւ մեծ սիմֆոնիկ պատմություններ, սիրային հիթերից մինչեւ կինոերաժշտություն. երգեր, որոնք կարելի է լսել մեքենայում, եւ գործեր, որոնց համար նվագախումբ է անհրաժեշտ։ Բայց դրանցում մի բան միշտ անփոփոխ էր. նա երբեք չէր փորձում ավելի զգացմունքային լինել, քան իրականում էր։ Թերեւս հենց դա էր պատճառը, որ մարդիկ նրան այդքան հավատում էին, եւ այսօր էլ նրա երաժշտությունը շարունակում է ապրել՝ հնչելով նորովի, տարբեր ձայներով, բայց նույն անկեղծությամբ։
«Արարատ»․ երեկոյի հուզիչ պրեմիերան
Համերգի ամենասպասված պրեմիերաներից մեկը Հայկոյի «Արարատ» գործիքային ստեղծագործությունն էր, որը նախկինում հնչել էր միայն նեղ շրջանակում։ Առաջին անգամ այն ներկայացվեց նոր՝ սիմֆոնիկ գործիքավորմամբ՝ Արարատի տեսարանի ներքո, իսկ մեղեդուն զուգահեռ դահլիճում հնչում էր հենց Հայկոյի ձայնը։
Դուդուկահար Կամո Սեյրանյանը հուզմունքով է հիշում ստեղծագործության ծնունդը․«Րոպեների ընթացքում ծնվեց... Ես, Հայկոն ու մեր ընկերը գնում էինք միջոցառման, երբ նա ասաց. «Արի մտնենք ստուդիա, նոր գործ ունեմ»։ Մտանք ուրախ տրամադրությամբ ու ստեղծագործությունը 20-25 րոպեում նվագեցինք, դուրս եկանք։ Հայկոյի մեջ այնքան երաժշտություն կար... Քանի մենք կանք, Հայկոն միշտ ապրելու է»։
Երաժշտություն, որը դարձել է հիշողության մաս
Այս երեկո յուրաքանչյուրը եկել էր իր երգի հետեւից՝ այն երգի, որը տարիներ առաջ ուղեկցել է մեզ կյանքի կարեւոր պահերին՝ սիրահարվելիս, բաժանվելիս, երջանիկ պահերին կամ այն ժամանակ, երբ երջանկության մասին միայն երազել ենք։
Ավետ Բարսեղյանն ասում է՝ մեզնից յուրաքանչյուրն իր Հայկոն ունի. մեկի համար նա «Վերեւ»-ն է, մյուսի համար՝ «Սիրուց հետո»-ն, մեկ ուրիշի համար՝ ֆիլմի երաժշտությունը։ Բայց առաջին իսկ նոտայից բոլորը ճանաչում են նրա ձեռագիրը։ Երբ երաժշտությունը դուրս է գալիս պարզապես հեղինակային ստեղծագործություն լինելու սահմաններից, այն մտնում է մարդկանց կյանք ու դառնում նրանց հիշողության անբաժանելի մասը։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
367






