×


Սարյանի «խոսող կտավները» հասանելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցողների համար

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում այսուհետ կտավներից մի քանիսը շոշափելի ու լսելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար. նրանք հնարավորություն կունենան «տեսնել» այդ նկարները։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուի վեց ցուցանմուշի պատճենները, որոնց հնարավոր է դիպչել, շոշափել եւ զուգահեռաբար լսել, թե ինչ է պատկերված։


«Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել հայ կերպարվեստի գլուխգործոցները հասանելի դարձնել տեսողության հետ խնդիրներ ունեցող մեր բոլոր հայրենակիցների համար, որպեսզի նրանք հպման, ձայնի, հնչյունի միջոցով պատկերացում կազմեն արվեստի գործերի մասին։ Այս նախագծի շնորհիվ նրանք արդեն կարող են մտնել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ու «տեսնել» նկարչի գործերը»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց ծրագրի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռեւազովան։


«Խոսող կտավների» շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուից 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ, դրանք են՝  «Հայաստան» պաննոն (1964), «Արագած» (1925), «Կոստանդնուպոլսի շները» (1910), «VII դարի Կարմրավոր եկեղեցին» (1956), «Դեպի աղբյուր» (1928), «Երեւանյան բակը գարնանը» (1928) կտավները:  Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։


Յուրաքանչյուր շոշափելի կտավ լրացվում է տիֆլոմեկնաբանություններով (հակիրճ տեղեկատվություն, որը հատուկ նախատեսված է կույրերի եւ թույլ տեսողություն ունեցողների համար՝ փոխարինելու տեսողական տեղեկատվությունը)։ Դրանք ստեղծվել են նախագծի գործընկեր ARARAT թանգարանի հետ միջթանգարանային համագործակցության շրջանակում։ Պաշտոնական բացմանը մի առանձին հատվածում նաեւ ARARAT կոնյակների հյուրասիրություն էր նախատեսված հյուրերի համար։


Նախագծի  հնչյունային ռեժիսորը կոմպոզիտոր Վահան Նահապետյանն է, որը, լինելով նախագծի թիրախային լսարանի ներկայացուցիչ, հանդես է գալիս նաեւ որպես ներառական նախագծի գլխավոր փորձագետ։ Իր խոսքում նա անկեղծացավ, որ աշխատանքային ընթացքը բավական ծանր ու աշխատատար է եղել, քանի որ մեծ պատասխանատվություն կար։ Նահապետյանը շեշտեց, որ կտավները հասանելի են նաեւ օտարալեզու այցելուների համար․ ձայնագրություններն արվել են երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն։


Նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական պիլոտային նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել էին պատկերասրահի 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ։ Էռնա Ռեւազովան հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի, քանի որ Հայաստանում տեսողության խնդիրներ ունեցող 6000-ից ավելի քաղաքացիներին դեռ շատ գործեր ունեն ցույց տալու։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW