×


Նիկոլյանի՝ ուժեղ հայ կնոջը նվիրված հավաքածուի ցուցադրությունը՝ շարականի ու յարխուշտայի ուղեկցությամբ

Շարականով մեկնարկած, թմբուկի ուղեկցությամբ ընթացող ու յարխուշտայով ավարտված ցուցադրության հեղինակն Արամ Նիկոլյանն է։ Նա Երեւանի նորաձեւության շաբաթվա համար սկզբնապես այլ հավաքածու է ցանկացել ներկայացնել, սակայն տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, ինչի արդյունքում մեկ ամսվա ընթացքում ստեղծել է նոր զգեստներ:

BRAVO.am-ին դիզայները պատմել է, որ միանգամից կողմնորոշվել է նոր թեմայի ընտրության հարցում ու հասկացել, որ իր ոգեշնչումը պետք է լինի ուժեղ հայ կինը:


«Ցուցադրությունը նվիրված է այն կնոջը, ով պատմության ընթացքում տարբեր խնդիրների միջով անցնելուց հետո, միեւնույն է, երեխա է ունենում, կանգուն է մնում ու ապրում՝ ոչնչի առաջ ծնկի չգալով: Երաժշտության միջոցով էլ ցույց ենք տվել կնոջ զարգացումն ու պայքարը: Հայ կնոջ ուժն ինձ համար բացառիկ է, որեւէ այլ ազգությունում նման հատկություններով կանանց երբեք չեմ հանդիպել»,- նշել է Նիկոլյանը:


Ցուցադրությունը սկսվել է սեւ կիսաշրջազգեստով ու զգեստներով, ապա նրանք իրենց տեղը զիջել են տաբատներին, կիսատաբատներին ու կոստյումներին: Գույներից հայտնվել են դեղինը, մանուշակագույնն ու վարդագույնը, որոնք չեն իշխել ընդհանուր հավաքածուի մեջ, բայց տրամադրություն են հաղորդել: Գերակայել են զարդերը, որոնք ամենուր էին՝ մազերի մեջ, պարանոցին, ականջներին ու գոտկատեղին:


Նիկոլյանի խոսքով՝ էկլեկտիկ համադրություններն ու հաճախ հանդիպող գրպանները նորաձեւության աշխարհում առկա միտումներով եւ ժամանակի պահանջներով են պայմանավորված. «Կարծում եմ՝ իրարից տարբեր երկու մշակույթի համադրությունը ստացվել է: Ցուցադրությունն ավարտեցինք արքայական գույնով՝ մանուշակագույնով, եւ արծաթե գլխազարդով: Զարդերի մի մասը տրամադրել է «Նարեկացի» ապրանքանիշը, ինչի համար շնորհակալ եմ, հագուստի վրա եղածները ինքներս ենք հավաքել, ինչպես եւ գլխազարդը»:


Նիկոլյանը հագուստը ստեղծել է երիտասարդ հայ կանանց համար, ովքեր ապագայում մայր են դառնալու: Խոնարհման դիզայները դուրս է եկել որդու՝ 17-ամյա Նիկոլ Նիկոլյանի հետ, որը սովորում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ու ինքն էլ հետագայում ցանկանում է դիզայներ դառնալ. «Այս հավաքածուն ստեղծելիս տղաս է ինձ օգնել, էսքիզներից 10-ը նրանն են: Դրա համար էլ ցանկացա՝ ինքն էլ խոնարհման դուրս գա»:


Դիզայները պլանավորում է սեպտեմբերին անհատական ցուցադրություն ունենալ եւ ներկայացնել այն ապրումների արդյունքը, որոնք վերջին շրջանում ունեցել է:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW