Երեկոյան «Շէնէ»-ում տրվեց «Երեւան Մասկարադ» դիմակահանդեսային փառատոնի մեկնարկը. այն ամեն տարի անցկացվելու է հուլիսի երկրորդ շաբաթ օրը։
Մինչ հյուրերը հավաքվում էին քաղաքից դուրս գտնվող բացօթյա հարթակում, նրանց համար տպավորիչ հիթերով երեկոն հաճելի ու պարային դարձրեց DJ Mill-ը, որից հետո բեմը YereOne նախագծինն էր, որն ուժեղացող քամու ներքո կատարեց արտասահմանյան ու հայկական հայտնի եւ սիրելի հիթեր։ «Իրարից բռնվեք, որ չքշի»,- կատակեց խմբի կատարող Ռոբերտ Եսայանը։
«YereOne» խումբը
Միջոցամռան հատուկ հյուր Մեգի Գոգիտիձեի՝ բեմում հայտնվելուն ներկաները բուռն արձագանքեցին: Նա Սիբիրում համերգներից հետո միանգամից հայտնվել էր շոգ Երեւանում։
Գլխարկների նկատմամբ մեծ սեր ունեցող վրացի երգչուհին հայաստանյան համերգի համար ընտրել էր կապույտը եւ բեմ բարձրացավ քամու տակ ծածանվող երկար ալիքաձեւ մազերով։ Հենց առաջին կատարումից նա ներկաներին վարակեց իր էներգիայով ու գրավեց ուժեղ ձայնի հնչյուններով։ Համերգի ընթացքում երկու անգամ՝ հենց ամենասկզբում ու վերջում, իջավ եւ շրջեց մարդկանց շարքերի միջով՝ հղելով նրանց իր խոսքերը։
Մեգի Գոգիտիձեի ելույթը «Երեւան Մասկարադ» փառատոնին
«Եվս մեկ անգամ կասեմ, շատ եմ սիրում հայերեն այդ բառը՝ շնորհակալություն, Հայաստան։ Դուք շատ զիլ եք, զգացվում է, որ էմոցիոնալ եք, այնքան եմ ձեզ սիրում եւ այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ»,- խոստովանեց Գոգիտիձեն։
Վրացերենով ու ռուսերենով կատարումները հաջորդում էին իրար, երգչուհին շատ ջերմ էր ու առիթը բաց չէր թողնում շնորհակալություն հայտնելու եւ իր սերն արտահայտելու համար:
Մեգի Գոգիտիձեին
«Ձեզ շատ սիրում եմ, ցանկանում եմ՝ միշտ երջանիկ լինեք, երբեք չկորցնենք Աստծուն, հավատաք եւ ուժեղ լինեք։ Առանց հավատի մարդուն հեշտ է կոտրել, նա կորցնում է անհատականությունը, կամքի ուժն ու ազատությունը։ Այն, ինչ մաղթում եմ իմ երկրին, ձեզ էլ եմ ցանկանում»,- նշեց վրացի երգչուհին:
Գոգիտիձեն հույս հայտնեց, որ Հայաստանում ելույթ ունենալու դեռ շատ առիթներ կլինեն եւ մեծ սիրով նորից կվերադառնա. «Այստեղ դեռ էլի եմ լինելու իմ սիրելի հարեւաններ ու թանկագին ընկերներ»։
«Երեւան Մասկարադ»-ի կազմակերպիչ Արման Մկրտչյանը BRAVO.am-ին պատմեց, որ ցանկացել են կազմակերպել հնարավորինս գունեղ ու տարբերվող փառատոն եւ ընտրել են այս ձեւաչափը։
«Որոշեցինք դիմակահանդես անել, բայց գիտեինք, որ մեր գաղափարն առաջին միջոցառմանը լիովին իրագործել հնարավոր չի լինի. դրան կհասնենք առաջիկա տարիների ընթացքում։ Այսօր էլ, թեեւ ոչ բոլորը, բայց հյուրերի մի մասը դիմակներով է եւ հետեւել է դրես-կոդին, համոզված եմ՝ մյուս տարի նրանց թիվը կավելանա»,- նշեց Մկրտչյանը։
Հասմիկ Բաբայանը եւ «Երեւան Մասկարադ»-ի կազմակերպիչ Արման Մկրտչյանը
Նրա խոսքով՝ չեն ցանկացել կրկնել Վենետիկի հայտնի դիմակահանդեսը, այլ սեփական տարբերակն են մտածել, որն ավելի ֆուտուրիստիկ է ու կապված բարձր տեխնոլոգիաների հետ։
«ARLOOPA հայկական հավելվածի միջոցով կարող են ներբեռնել «Մասկարադ»-ի դիմակները եւ օգտագործել։ Միտք ունենք փառատոնը դարձնել VR 360° տարբերակով, երբ յուրաքանչյուր ցանկացող կարող է միանալ ու առցանց հետեւել միջոցառմանը։ Նպատակ ունենք փառատոնը դարձնել տեխնոլոգիապես հագեցած ու հետաքրքիր, հավատում եմ, որ ժամանակի ընթացքում մարդկանց համար շատ սպասված կդառնա»,- ավելացրեց նա։
Մեգի Գոգիտիձեն
Մկրտչյանի խոսքով՝ այդ ամենն իր մեջ ներառելու է նաեւ տարբերվող ու լավ երաժշտությունը, հենց դրա համար էլ որոշել են փառատոնի բացման համար հրավիրել Մեգի Գոգիտիձեին, որն իր տարբերվող ու յուրահատուկ ոճն ունի։ Հետագայում էլ այդ սկզբունքը փորձելու են պահել։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Արթուր Խաչատրյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: