×


Artlife Kempinski Residences. Երեւանում բրենդավորված լյուքս դասի համալիրի բացումն ազդարարվեց շքեղ երեկույթով

Մարգարիտներ, փետուրներ, շատ շամպայն, ջազ կատարումներ ու պարեր. երեկոյան Երեւանի կենտրոնական այգիներից մեկում տիրում էր 1920-ական թվականների ոճը եւ Մեծն Գեթսբիի կազմակերպած երեկույթների շունչը՝ կանայք փայլուն զգեստներով ու գլխազարդերով էին, տղամարդիկ էլ՝ էլեգանտ կոստյումներով:

Առիթը «Ռենշին Ուրբան Ինվեսթմենթս»-ի եւ աշխարհահռչակ Kempinski ընկերության համագործակցության պաշտոնական մեկնարկն էր, որի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ լինելու է բրենդավորված լյուքս դասի բազմաֆունկցիոնալ բնակելի եւ ժամանցի համալիր։


Պայմանագիրը ստորագրեցին «Ռենշին»-ի օպերացիոն տնօրեն Լեւոն Կասպարովը եւ Kempinski Hotels խմբի զարգացման գծով տնօրեն, կառավարման խորհրդի անդամ Քրիստոֆ Պիֆարետին։

Կասպարովը հյուրերին պատմեց այս պայմանագրի կարեւորության մասին եւ նշեց, որ իրենք ստանձնում են պատասխանատվություն հավատարիմ մնալ միջազգային լավագույն չափանիշներին եւ բազմաթիվ նոր հնարավորություններ ստեղծել «Կյանքն արվեստում եւ արվեստը կյանքում» նախընտրողների համար։


«Artlife Kempinski Residences-ը հերթական թաղամասը չէ, այն Հայաստանի միջազգային հայտն է անշարժ գույքի նախագծերի իրականացման ոլորտում, նաեւ մեր երկրում ու տարածաշրջանում միակ բրենդավորված բնակելի եւ ժամանցի համալիրը։ Kempinski-ի չափանիշները դրսեւորվում են յուրաքանչյուր անկյունում, եվրոպական ամենաբարձր ստանդարտներն արդեն իսկ ներդրված են ու խստագույնս պահպանվելու են։ Համալիրի ամեն բնակիչ ապահովված է լինելու 5 աստղանի հյուրանոցին համապատասխան սպասարկմամբ ու ամենատարբեր ծառայություններով, որոնք հասանելի են աշխարհի լավագույն հյուրանոցներում», - նշեց «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրենը:


Համալիրը շահագործման կհանձնվի 2025 թվականի դեկտեմբերին. բոլոր բնակարաններն ունենալու են լյուքս դասի վերանորոգում։ Կասպարովի խոսքով՝ այդ համագործակցությանը կարողացել են հասնել «Ռենշին»-ի գործունեության հիմնական մոտեցումների արդյունքում, որոնք են միջազգային չափանիշների պահպանումը, լավագույն փորձի կիրառությունը եւ հաճախորդների պահանջները հաշվի առնելը։


«Artlife Kempinski Residences-ը նաեւ ներդրումային խոշոր ծրագիր է. համալիրի վրա ծախսված գումարի ընդհանուր չափը կգերազանցի 80 մլրդ դրամը։ Հետագայում էլ ներդրումները շարունակական կլինեն ու կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Այն նոր նշաձող է Հայաստանի անշարժ գույքի, սպասարկման եւ այս մասշտաբի նախագծեր կառավարելու տեսանկյունից»,- ավելացրեց Կասպարովը։


Պիֆարետին էլ խոստովանեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել նման երեկույթի։ Շատ լավ ծանոթ լինելով հյուրընկալության ոլորտին՝ հիանալի է հասկանում, թե այն կազմակերպելը որքան բարդ է եղել. ««Ռենշին»-ի գործունեությունը որակի, կրքով կատարված աշխատանքի ու նվիրվածության արդյունք է։ 125 տարվա փորձ ունենալով՝ մենք եվրոպական հյուրընկալությունը բրենդավորում ենք Երեւանում։ Խոստանում եմ՝ այն, ինչ գիտենք ու սովորել ենք այս ոլորտում, բերելու ենք Հայաստան, Ձեր ընտանիքի հետ կկարողանաք զգալ լավագույն որակն ու ծառայությունները»։


«Ռենշին»-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանն էլ ասաց. «Հոգացել ենք, որ համալիրում ձեւավորվեն եւ զարգանան նորաձեւության ենթակառուցվածքները, գեղեցկության սրահները, մշտական գործող ստեղծագործական ակումբները։ Իր բոլորովին նոր մոտեցումներով` համալիրը կդառնա բարձրաշխարհիկ ապրելակերպի նոր հասցե մեր քաղաքում՝ փոխելով կենտրոնի մասին ավանդական պատկերացումները։ Մի վայրում կենտրոնացրել ենք այն ամենն, ինչ պետք է գեղեցիկ, ներդաշնակ եւ հարմարավետ կյանքի համար։ Ու այս ամենը բաց է լինելու Երեւանի բնակիչների եւ հյուրերի համար։ Գործելու են նաեւ պատկերասրահ, կինոթատրոն, միջոցառումների անցկացման ու մանկական ժամանցի կենտրոններ»։


Երեկոյի հյուրերը տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ու հանրային դեմքեր էին, ինչպես նաեւ համալիրի ապագա բնակիչները։

Լուիզա Ներսիսյանը, որը նոր է վերադարձել Սերբիայում Կամերային թատրոնի հետ շրջագայությունից, ուրախ էր երեկույթին մասնակցելու համար: Խոստովանեց՝ կտրվել է իրականությունից ու «մեկնել» 20-30-ական թվականներ:


«Նախագծին որոշակի չափով ծանոթ եմ եւ հույս ունեմ՝ արվեստի ու նորաձեւության հետ կապված բոլոր խոստումները կկատարեն։ Հաճելի է, որ այսօր բոլորը շքեղ ու գեղեցիկ են: Սիրում եմ այդ ժամանակաշրջանի յուրահատուկ ոճը, այն թույլ է տալիս շատ կանացի լինել։ Վերջին վայրկյանին եմ կողմնորոշվել՝ ինչ հագնել, զգեստիս համար շնորհակալ եմ դիզայներ Նարինե Կարապետյանին»,- նշեց դերասանուհին:


Թամարա Պետրոսյանը երեկույթից մի քիչ ուշացել էր, քանի որ «Անտանիք ընտանիք» ներկայացման մեջ էր խաղում. ավարտից հետո արագ զգեստափոխվել է ու շտապել իր սիրելի «Գեթսբի»-ի ոճով միջոցառմանը: Դերասանուհին խոստովանեց՝ գործի բերումով մեկ ամիս ուսումնասիրել է այս ոճը. «Ամեն ինչ այնքան գեղեցիկ է կազմակերպված, մարդիկ էլ ուրախ են, ինչը շատ լավ է»:


Արմեն Երիցյանը, որն առանձնահատուկ ոճ ունի եւ երեւանյան գրեթե բոլոր կարեւոր երեկույթներին ներկա է լինում, ջանք չէր խնայել տարբերվելու համար՝ ընտրել էր «Գեթսբի»-ի ժամանակներին բնորոշ կոշիկ, պիջակ եւ աքսեսուարներ. «Հարուստ դիզայնի, հետաքրքիր համադրությունների եւ էկլեկտիկայի ժամանակաշրջանն է եղել։ Շատ ու հնարավորինս երկար մարգարիտներն էին նորաձեւ, ժանյակներն ու փետուրները, իսկ տղամարդիկ կրում էին գունավոր պիջակներ, որոնց եզրերը խիստ տարբերվող երանգի էին։ Որոշեցի դրես կոդը մի քիչ խախտել ու կերպարս ավելի հետաքրքիր դարձնել ակնոցի միջոցով»։


Երեկոյին դիզայները եկել էր երգչուհի Մարինե Հակոբյանի(Marbey) հետ, որին հոգեհարազատ են 1900-ականների սկզբի ջազային կատարումները, ինքն էլ այդ ոճում է հանդես գալիս։

Դիզայներ Դիանա Շատվերյանն Ինստագրամում հարցում էր արել՝ ինչ զգեստով ներկայանա երեկույթին, եւ ուրախ էր, որ հետեւորդները ընտրել էին հենց իր նախընտրած տարբերակը։ Խոստովանեց՝ վարդագույն էր ուզում կրել, քանի որ «Մեծն Գեթսբի»-ին նվիրված նախորդ երեկույթների ժամանակ սեւով է եղել:


«Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է, եթե անկեղծ՝ ինձ ավելի շատ ոգեշնչում է ԴիԿապրիոն, մի օր անպայման փորձելու եմ հենց տղամարդու կերպարով լինել։ Ինձ դուր են գալիս այդ ժամանակներին հատուկ զարդերն ու մեծ քանակությամբ մարգարիտները։ Ուրախ եմ, որ հավաքվել ենք Kempinski-ին դիմավորելու Հայաստանում, ակնկալիքս է լավ երեկո անցկացնել եւ տեսնել գեղեցիկ հագնված մարդկանց։ Սիրում եմ նման թեմատիկ երեկոները, ժամանակին մարդիկ դրես կոդը դժվար էին պահում, հիմա պատկերը փոխվել է»,- ընդգծեց Շատվերյանը:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW