×


«Որպեսզի իմանաս, թե ինչ է սերը, պետք է դու սիրես, սեր տաս, չսպասես, որ քեզ սիրեն». Մեգի Գոգիթիձե

Սիրո ու վերափոխված արժեքների մասին երգող վրացի երգչուհի Մեգի Գոգիթիձեն օրերս Երեւանում էր։ Նրա հանդիպումը հայ հանդիսատեսի հետ նույնքան զգացմունքային էր, որքան իր ստեղծագործությունները։ Մեգին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ Երեւանում զգում է իրեն հարազատ միջավայրում, սիրում է հայկական ճարտարապետությունն ու լեռները։

- Ինձ զարմացրեց, որ Դուք անձամբ պատասխանեցիք հարցազրույց անցկացնելու առաջարկիս։ Նույնքան բա՞ց եք Ձեր հետեւորդների, երկրպագուների հետ, պատասխանո՞ւմ եք նրանց։

- Փորձում եմ։ Իհարկե, հնարավոր չէ բոլոր նամակներին պատասխանել, բայց ես ջանում եմ։ Ասել, որ շատ շփվող եմ, ճիշտ չի լինի, բայց շատ եմ սիրում իմ հանդիսատեսին։ Ինձ դուր է գալիս կենդանի շփումը նրանց հետ։ Համերգների ժամանակ ես իջնում եմ բեմից, երգում եմ հանդիսատեսի հետ։ Այսպես զգում եմ նրանց էներգիան, էմոցիաները, ոգեշնչվում եմ։

- Երբ պատրաստվում էի մեր զրույցին, գտա Ձեր լուսանկարներից մեկը, որը ես արել եմ տասը տարի առաջ՝ Թբիլիսիում։ Դուք, իհարկե, շատ եք փոխվել այս ընթացքում, բայց մարդկանց տեսանելի չէ, թե ինչ ճանապարհ եք անցել որպես արտիստ կայանալու համար։ Ինչպիսի՞ն էր այդ ուղին։

- Երբ սկսեցի իմ երաժշտական կարիերան, հստակ գիտեի՝ ինչ եմ ուզում։ Այո, դուք ճիշտ եք, մարդիկ տեսնում են արդյունքը, բայց չեն տեսնում, թե ինչպես ես դրան հասնում, ինչ ճանապարհ ես անցնում, ինչպես ես այն անցնում, ինչ դժվարությունների ես բախվում։ Բայց ես չեմ ուզում, որ մարդիկ իմանան այդ մասին: Դա իմ պատմությունն է, թող այն մնա իմ գլխում։

Մեգի Գոգիթիձեն՝ Երեւանում


- Կայի՞ն շրջադարձային պահեր, երբ ուզում էիք ամեն ինչ թողնել։

- Երբեք։ Նույնիսկ նման մտքեր չեմ ունեցել։ Միշտ մարտական եմ տրամադրված եղել, նույնիսկ մղձավանջներում ինձ առանց երգի ու բեմի չեմ պատկերացնում։

- Դուք շատ եք երգում սիրո կարեւորության, կյանքի արժեքների, «պլաստմասսե տների մասին, որոնք քամին կտանի»։ Ձեզ անհանգստացնո՞ւմ է կյանքի նկատմամբ մարդկության ժամանակակից վերաբերմունքը։

- Այո, ճիշտ եք նկատում, ցավոք սրտի, աշխարհին պակասում են սերը, արժեքները։ Մարդիկ վերափոխել են դրանց իմաստը։ Ասում են՝ սերն այն է, երբ սիրում ես ինքդ քեզ։ Բայց այդպես չէ: Որպեսզի իմանաս, թե ինչ է սերը, պետք է դու սիրես, սեր տաս, չսպասես, որ քեզ սիրեն եւ պատասխանես այդ սիրուն։ Պետք է սովորել սիրել սերը։ Սերը փոխարինել փողով, շքեղությամբ, բարեկեցիկ կյանքով, աղետալի է:

Հիմա ասում են՝ ազատությունն այն է, երբ անում ես այն, ինչ ուզում ես։ Բայց վերջիվերջո ազատ է այն մարդը, ով կառավարում ու վերահսկում է իրեն բանականության սահմաններում: Չէ՞ որ հենց սրանով ենք մենք տարբերվում կենդանիներից։ Կա հոգեւոր կոդեկս, այն թղթի վրա գրված չէ, բայց առանց դրա ապրելը մեզ հեռվացնում է կարեւորից՝ սիրուց։ Կյանքի հանդեպ ներկայիս մոտեցումը խանգարում է հոգուն շնչել, ուստի աշխարհում շատ է սթրեսը, դեպրեսիան, շատերն ապրում են ռոբոտների, զոմբիների պես, առանց էմոցիաների։

Այս հարցն ինձ շատ է անհանգստացնում։ Ես ունեմ երկու երեխա եւ միշտ պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի աշխարհը, երբ նրանք մեծանան։ Շատ եմ ուզում, որ նրանք չկորցնեն իրենց մարդասիրությունը, սերը, հավատարիմ մնան իրենք իրենց, իրենց ցանկություններին։ Կարծում եմ՝ սա միակ արժեքավոր միտքն է 21-րդ դարում, որ ծնողը կարող է փոխանցել իր երեխային։ Սիրո քանակն աշխարհում բավարար չէ, սերը պակասում է, եւ դա արտացոլվում է բոլորիս կյանքում:

Մեգի Գոգիթիձեն՝ դուստրերի հետ


- Իսկ Ձեզ ինչպե՞ս է հաջողվում չկորցնել մարդասիրությունը, չփոխարինել սերը բարեկեցությամբ։ Այդ կյանքը գայթակղիչ չէ՞։

- Ես ունեմ այն ամենն, ինչն ինձ անհրաժեշտ է: Ես դեմ չեմ փողին, հասկացեք, ես դեմ եմ, երբ փողը փոխարինում է մարդկությանը, երբ մարդիկ իրենց հոգիները վաճառում են հանուն մեծ տների կամ շքեղ մեքենաների, երբ արժեքները փոխարինում են փողով։ Ինչ վերաբերում է ինձ, ես նման բնույթ չունեմ։ Մանկուց չեմ սիրում պաթոսը, ինձ հարազատ է պարզությունը, հարազատ են պարզ մարդիկ, շատ խիստ եմ ամբարտավան մարդկանց նկատմամբ, միաժամանակ չեմ կարողանում անտարբեր լինել, օրինակ, փողոցն ավլող կնոջ նկատմամբ։ Ունեցվածքը, հարստությունը չպետք է լինեն մարդու արժանիքները։

- Հետաքրքիր է, իսկ կանանց դերի մասին ինչպիսի՞ մոտեցում ունեք։ Հիմա նորաոճ է մտածել ոչ թե ընտանիք կազմելու, այլ կարիերայի մասին։

- Եթե երեխա չես ունենում, որովհետեւ ժամանակ չունես, բիզնես ես վարում, մատնահարդարման ես գնում, դա չեմ հասկանում: Երեխա լույս աշխարհ բերելը մեր գերուժն է։ Իսկ կարիերան չի փախչի։ Ես ամուսին ունեմ, երկու երեխա, երգել եմ հղի ժամանակ, համերգներ եմ տվել, երեխաներիս ծնվելուց հետո էլ չեմ կորել։ Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է:

Մի հարց կա, շատ հիմար հարց է՝ ընտանի՞ք, թե՞ արվեստ, ո՞րն է առաջին պլանում։ Ես կարող եմ ինձ հետին պլան դնել, բայց ոչ՝ երեխաներիս: Կողմնակից չեմ, որ կինը տանը նստի, ոչինչ չանի, բայց դա չպետք է լինի ընտանիքի հաշվին։ Իմ արվեստը ես եմ։ Ես չեմ կարող ինձ վեր դասել ընտանիքից։

Մեգի Գոգիթիձեն


- Մենք՝ կովկասցիներս, տարիներով ապրել ենք նման ավանդույթներով, բայց հիմա շատերի համար այս մոտեցումը խորթ է։

- Եվ մենք չենք սխալվել։ Երբ ընտանիքն առաջին տեղում է, դա ճիշտ է Աստծո առաջ, պարզապես չպետք է մոռանալ ավանդույթները, ավանդույթներից բխող արժեքները։

- Դուք շատ եք երգում եւ խոսում Աստծո մասին։ Չնայած՝ հավատքի մասին հարցը չափազանց անձնական եմ համարում, բայց չեմ կարող չհարցնել՝ երբ սկսեցիք հավատալ Աստծո գոյությանը: Մարդիկ հաճախ հավատացյալ են դառնում կորստից, ողբերգությունից, հիվանդությունից հետո եւ այլն:

- Այո, չեմ սիրում խոսել այդ մասին, չեմ սիրում, երբ մրցում են, թե ով է ավելի հավատացյալ, ով՝ ոչ, բայց կարող եմ ասել, որ սիրում եմ Աստծուն։ Մանկուց գնացել եմ եկեղեցի, մանկուց վստահել եմ Աստծուն։ Գլխավորը երախտապարտ լինելն է, երբ քո կյանքում ամեն ինչ լավ է։ Կարծում եմ, որ պետք է դիմել Աստծուն ոչ միայն այն ժամանակ, երբ կարիքավոր ես նրա զորությանը, այլ նաեւ, երբ քեզ լավ ես զգում, երբ ամեն ինչ լավ է։

Մեգի Գոգիթիձեն


- Վերջերս Դուք համերգ ունեցաք «Երեւան Մասկարադ» փառատոնի շրջանակում: Մեծ թվով մարդիկ էին եկել Ձեզ լսելու, նրանք հիացած էին պարզապես։ Սա Ձեր առաջին այցը չէ Հայաստան։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում մեզ մոտ։

- Այնքան հաճելի էր, Երեւանն ինձ շատ ջերմ դիմավորեց։ Համերգից հետո այնքան շատ նամակ եմ ստացել հայ հանդիսատեսից, չէի հասցնում կարդալ ամբողջը։ Ես իսկապես սիրում եմ Հայաստանը, հայկական մշակույթը, մարդկանց։ Սիրում եմ ճարտարապետությունը, լեռները։ Ես ինձ Երեւանում հարազատ միջավայրում եմ զգում։

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարները՝ Մեգի Գոգիթիձեի անձնական արխիվից եւ Ակսել Թահմասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW