×


Հայկ Սայադյան. «Իմ առջեւ խնդիր դրեցի ստեղծել «ուրիշ Սեւակ»՝ նոր ու անսպասելի»

Մոտ մեկ ամիս առաջ Project LA-ն ու Գոռ Սուջյանը ներկայացրին «Ինչի՞ համար» անիմացիոն հոլովակը, որի հեղինակը Հայկ Սայադյանն է: Bravo.am-ի հետ զրույցում Հայկը պատմել է Պարույր Սեւակին «կենդանություն» տալու ընթացքի, անիմացիոն աշխատանքներ ստեղծելու, ամեն ինչում գեղեցիկը տեսնելու եւ մեր մեծերին նորովի անդրադառնալու մասին:

- Դուք նկարիչ եք, անիմացիոն ֆիլմերի ու երաժշտական հոլովակների հեղինակ եւ ռեժիսոր, գրող, կոմպոզիտոր, որտեղի՞ց այդքան տաղանդ։

- Իմ ամենաթանկ «Այնտեղից»` ծննդավայր, ծնողներ, մանկություն ու պատանեկություն...

- Իսկ հիմա՞ էլ եք շարունակում գրել, թե՞ ավելի երիտասարդ տարիքում եք հիմնականում ստեղծագործել:

- Քանի որ մասնագիտական կրթությունս ու որակավորումս սահմանափակվեց միայն կերպարվեստի ասպարեզում, որոշեցի չհավակնել ու չդիրքավորվել որպես գրող կամ երգահան։ Գտա այդ ամենը մեկտեղելու լավագույն տարբերակը` հեղինակային անիմացիոն ֆիլմերը։ Ուստի կարող եմ վստահ ասել, որ շարունակում եմ գրել եւ երաժշտություն ստեղծել` հեղինակային ֆիլմերիս սցենարների ու դրանց սաունդթրեքերի տեսքով։

- Ձեր վերջին գործերից մեկը «Ինչի՞ համար»-ն է՝ Սեւակի խոսքերով, որում բանաստեղծին շատ տպավորիչ եք պատկերել: Ինչպիսի՞ն է եղել ստեղծագործական ընթացքն ու որքա՞ն տեւել:

- Այս հոլովակը ստեղծվեց անիմացիոն ֆիլմարտադրության ոլորտի համար անհամատեղելի, գուցե նաեւ ծիծաղելի ժամկետներում` ընդհանուր առմամբ 20 օրում։ Նպատակն էր անակնկալ նվեր անել Project LA-ի հիմնադիր եւ այդ բոլոր չքնաղ երգերի հեղինակ Լեւոն Արեւշատյանի տարեդարձի առթիվ։ Անակնկալի հեղինակն ու նախաձեռնողը Լեւոնի կինն էր` Արմինե Անտիկյանը։ Այս հոլովակի ստեղծումը եզակի երեւույթ էր, որովհետեւ նախկինում ծանոթ չլինելով՝ կես խոսքից իրար հասկացանք ու վստահեցինք եւ ամենքս անցանք մեր գործին։ Աշխատանքի արժեքի գիտակցումն ու փոխվստահությունն այնքան բարձր էր, որ նույնիսկ հոլովակի ստեղծման ողջ ընթացքում Արմինեին պատրաստի կադրեր ցույց չտվեցի։ Եվ ունեցանք նման վերջնարդյունք։ Հանդիսատեսի արձագանքն էլ մեկ անգամ եւս հաստատեց, որ նման գործերը ստեղծվում են միմիայն նման վստահության ու գիտակցումի պայմաններում։

Հայկ Սայադյանը


- Ինչպե՞ս եք գտել Սեւակի Ձեր տարբերակն ու ի՞նչն է օգնել որոնումների ճանապարհին՝ կարդացե՞լ եք նրա գործերից, ուսումնասիրե՞լ:

- Բանաստեղծին արդեն անդրադարձել էի մեկ տարի առաջ` շարժանկարի վերածելով Սարգիս Մուրադյանի հայտնի որմնանկարը Սեւակի տուն֊-թանգարանի պատին։ AR հավելվածի միջոցով սմարթֆոնի էկրանին որմնանկարի Սեւակը կենդանանում եւ իր իսկ ձայնով խոսում է։

Իսկ այս հոլովակի ստեղծման առաջին իսկ պահից իմ առաջ խնդիր դրեցի ստեղծել «ուրիշ Սեւակ»՝ նոր ու անսպասելի դիտանկյուններից բացված պատկերակերպարային ու թեմատիկ առումներով։ Ու երբ դիտողն ասում է. «վա՜յ Սեւակը... բայց ի՜նչ լավն ա», հասկանում ես, որ եւ չես «ստել», «համոզել ես»։ Իհարկե, բանաստեղծի ստեղծագործություններին ծանոթ լինելը եւս կարող էր օգնել, բայց այս պարագայում դա մի կողմ դրեցի, փորձեցի Սեւակին գտնել իր արվեստից ու աշխարհից դուրս՝ մեր աշխարհում։

- Ի՞նչն է Ձեզ համար ամենագեղեցիկն այդ աշխատանքում, որը համախմբել է տարբեր տաղանդավոր մարդկանց՝ Սեւակից մինչեւ Գոռ Սուջյան:

- Ամեն ինչ։ Գեղեցիկ ու պատասխանատու է։ Նման թեմաներին կամ չպետք է մոտենալ, կամ մոտենալ ու համալրել այն՝ պահելով այն նշաձողը, որը քեզնից առաջ արդեն դրվել է բոլոր առումներով` բովանդակություն, թեմա, պատվիրատու, կատարողներ։



- Մտավախություն չունեի՞ք, որ չստացվելու դեպքում քննադատություններ շատ կլինեն կամ մարդիկ չեն հավանի Սեւակին:

- Չգիտես ինչու` այս հոլովակի դեպքում մտավախության նշույլ անգամ չունեցա։ Համոզված էի, որ կստացվի, բացի այդ էլ՝ ժամանակ չունեի։ Իսկ քննադատություններ միշտ են լինում։ Առողջ քննադատություններն ինձ արժեքավոր դաս են տալիս, իսկ անառողջները մի լավ ծիծաղեցնում ու տրամադրություն բարձրացնում։

- Ի՞նչ կարծիքներ եք հիմնականում ստացել ու սովորաբար կարդո՞ւմ եք մեկնաբանությունները:

- Կարծում եմ՝ դրական են եղել արձագանքներն ու կարծիքները, որքանով դրանք ինձ են հասու։ Բայց ամենահաճելին այն էր, որ հրապարակումից օրեր անց գրախանութում էի ու ծանոթ հնչյունների վրա շրջվեցի։ Գրավաճառ աղջիկներն իրար գլխի հավաքված տեսահոլովակն էին դիտում սմարթֆոնով։ Նրանց արձագանքը լավագույն պատասխանն էր այս հարցին ու բոլորիս կատարած աշխատանքին։


- Նման աշխատանքներն օգնո՞ւմ են մեր գրողներին կամ պատմական տարբեր կերպարների, որոնք Ձեր գործերում հաճախ են հանդիպում, ավելի լավ ճանաչել ու ուսումնասիրել:

- Չեմ կարծում, այլ համոզված եմ, որ օգնում են։ Նման մոտեցումը պարտադիր կիրառելի է, եթե իրական կերպարների, մշակույթի մեծերի, պատմական անձանց կամ պատմական անցքերի հանրայնացման նպատակ ու խնդիր է դրված։ Մենք մեկ շատ մեծ ու կարեւոր խնդիր ունենք` դիրքավորում եւ մատուցում։ Մեզ ժառանգված գանձեր ունենք, բայց դրանք աննպատակ ենք դիրքավորում, անգրագետ ենք մատուցում, անհրապույր ենք «փաթեթավորում»։

Միջին վիճակագրական անցորդին խնդրեք նկարագրել Մաշտոցին, Նարեկացուն, Մոմիկին, Սայաթ Նովային ու այլոց։ Լավագույն դեպքում կստանաք միեւնույն կերպարը` երկարամորուս, երկար թիկնոցով, մռայլ ու մտախոհ, հոգեւոր եւ սրբազան այր... Որովհետեւ տարիներ ի վեր նրանք հենց այդպես էլ մատուցվել են մեզ` անտեսելով նրանց առաջին հերթին մարդ ու «ապրող» լինելու, հույզեր ու վախեր, սերեր ու թուլություններ ունենալու գործոնը։ Ի վերջո` հենց նման մանրուքներն են էլ ավելի հրապուրիչ ու «մերոնքական» դարձնում մեծերին։

- Ինչպե՞ս ու քանի՞ տարեկանում է սկսվել նկարելու նկատմամբ Ձեր սերն ու ինչպե՞ս եղավ, որ նկարները սկսեցին շարժվել ու վերածվեցին անիմացիայի։

- 2-3 տարեկանից սկսած․ մայրս բոլոր գործերս մինչ օրս պահում է։ Քիչ ավելի ուշ՝ 6 տարեկանում, նույն նկարչական ալբոմների էջերի անկյուններում շարժափուլեր էի նկարում, որոնք ալբոմն արագ թերթելիս կենդանանում էին։ Երեւի հենց այդ ժամանակ եմ զգացել, որ պարզապես նկարն ինձ չի բավարարում` պետք է այն կենդանացնել ու շարժել։ Հետագայում արդեն ավելի հմտանալով ու տիրապետելով աշխատանքային գործիքներին` համեմեցի  այդ ամենը հնչյուններով ու դարձրի լիարժեք շարժանկար։



- Ո՞րն էր առաջին անիմացիոն աշխատանքը, որ ստեղծեցիք, ու ինքներդ գո՞հ էիք արդյունքից:

- Առաջին անիմացիոն աշխատանքս «Նազարեն» է՝ ազգային ծիսական տիկնիկագործի մասին։ Տեխնիկական ու կատարողական առումներով, բնականաբար, անհամեմատելի է ներկայիս աշխատանքների հետ, սակայն շարունակում եմ դիտարկել այն որպես ամենամաքուրն ու ամենաազդեցիկը։ Գուցե առաջինի գործոնն է...

- Հետագայում ինչպե՞ս ավելի կատարելագործեցիք ու գտաք Ձեր ոճը, թե՞ հենց սկզբից էլ հասկանում էիք, թե որ ուղղությամբ եք ուզում առաջ գնալ:

-  Պարզապես փորձում եմ ինքս ինձ գերազանցել ամեն նոր ֆիլմի կամ հոլովակի ստեղծման ժամանակ։ Երբեք չեմ վերադառնում նախորդ` թեկուզ բարձր նշաձողին։

- Աշխատելու ընթացքում հիմնականում ինչպիսի՞ դժվարությունների եք առնչվում:

- Գուցե եղել են ու չեմ նկատել, որովհետեւ սա ստեղծագործական պրոցես է, որից հաճույք եմ ստանում։ Հեղինակային ստեղծագործողի պարագայում դա հաճելի առավելություն է։ Անգամ պատվիրատուների հարցում է բախտս բերում․ իմանալով, որ հեղինակային ստեղծագործող եմ, գրեթե չեն միջամտում աշխատանքային ողջ ընթացքին՝ սցենարից մինչեւ կատարում ու վերջնամշակում։

Հայկ Սայադյանը


- Երաժշտական հոլովակներ արդեն մի քանիսն ունեք, շա՞տ առաջարկներ եք ունենում ու ինչպե՞ս եք հասկանում, որ պետք է համաձայնվեք:  

- «Ինչի համար»-ը 10-րդ երաժշտական հոլովակն էր։ Բնականաբար, բազում դեպքեր են եղել եւ լինում, երբ հրաժարվում եմ պատվերից` ստեղծագործական ճաշակների ու հայացքների անհամատեղելիությունից ելնելով։

- Պատերազմի թեման Ձեր գործերում բավական հանդիպում է՝ 2020 թվականին եղել է «Հաղթեցինք»-ը, ապա հաջորդել է «Դու միայն ապրիր»-ը՝ Աբել Կյուրեղյանի երգի հիման վրա: Կպատմե՞ք դրանց ստեղծման, Ձեր ասելիքի ու ուղերձների մասին:

- Պատերազմի թեմայով 4 հոլովակ ունեմ նկարած, մի քանիսից էլ հրաժարվել եմ։ Միակ բանը, որ կասեմ` չէի ուզի առիթ լիներ այդ հոլովակները նկարելու...  Չնայած, այդ հոլովակները վստահորեն իրենց «գործն արել» են...



- #Genomen շարքում ներկայացրել եք միջին վիճակագրական հային: Ի՞նչն է Ձեզ դրդել ցույց տալ նրա կերպարը՝ ընդգծելով շատ ցավալի ու իրական կողմեր:

-  Շարքը ստեղծեցի ու շարունակում եմ նկարել մի նպատակով` ի ցույց դնելու մեր ֆենոմենալ գենի (GEN+FENOMEN) ամենատարբեր դրսեւորումները։ Միայն ֆենոմենալ գենի կրողը կարող է ունենալ պատմություն, եւ իր ձեռքով փչացնել այդ պատմությունը, ստեղծել մշակույթ ու իր ձեռքով պղծել այդ մշակույթը, ծնել սպարապետներ ու իր ձեռքով սպանել այդ սպարապետներին...



- Վերջին շրջանում աշխարհում ստեղծված անիմացիաներից Ձեզ համար որո՞նք են առանձնացել:

- «Spider-Man: Into the Spider-Verse2018» ու «Spider-Man: Across the Spider-Verse 2023 »։ Բայց երկար տարիներ ինձ համար որպես վարպետ անգերազանցելի է մնում Ռիչարդ Ուիլիամսը` անիմացիայի եւ անիմացիոն գովազդի հիմնասյուներից մեկը։

- Ի՞նչն է ընկած լավ անիմացիոն աշխատանքներ ստեղծելու հիմքում, որո՞նք են կարեւոր նախապայմանները:

- Պատմությունը, սյուժեն, բովանդակալից ու ճիշտ ասելիքը եւ, իհարկե, ճաշակը, անսպասելիության ձիրքը, հավատն ու աշխատասիրությունը։


- Ձեզ ի՞նչն է ոգեշնչում, որտեղի՞ց եք նոր գաղափարներ ու մտքեր քաղում:

- Կյանքը՝ իր բոլոր նրբերանգներով։ Շատերն ապրում են ու ողջ կյանքը վատնում մահվան մասին մտածելով ու խոսելով, իսկ մահվան շեմին մտածում ու երազում են ապրելու մասին։ Կարելի է պարզապես ապրել ու վայելել «ապրելու» փաստը, ցանել ու քաղել կյանքի «դաշտում»։

- Ինչպե՞ս կարող են արվեստն ու գեղեցիկը բուժել մարդկանց եւ օգնել չհանձնվել:

- Մեզ շրջապատող ամեն ինչ արվեստ է` բառիս բուն իմաստով, ոչ թե փոխաբերական կամ էպիկ։ Ամենաաննկատ կենցաղային բաներից սկսած` հագուստ, կահույք, գույք, սնունդ, պատկերներ, հնչյուններ, ինֆորմացիան, լանդշաֆտը... Այս ամենի ակունքում եւ թիկունքում կանգնած է արվեստագետը` նկարիչը, դիզայները, գրողը, ճարտարապետը, ստեղծագործողը։ Ու երբ այդ ամենն ակնահաճո, հարմարավետ, գեղեցիկ ու կիրառելի է` այն կյանքի որակը փոխում է դեպի լավը։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Հայկ Սայադյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW