Գեղեցկուհի Սալմա Հայեկը միայն 43 տարեկանում է առաջին անգամ ամուսնացել: 2009-ի Սուրբ Վալենտինի տոնին նա ընտանիք է կազմել ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանուսա-Անրի Պինոյի հետ: Որքանով են հոլիվուդյան գեղեցկուհին ու նրա ամուսինը երջանիկ միասին ու ինչ ընդհանուր կողմեր ունեն, փորձելու ենք բացահայտել այս հրապարակման մեջ:
Դերասանուհու ու միլիարդատիրոջ ծանոթությունը
Նրանք ենթադրաբար սկսել են հանդիպել 2006 թվականից, հենց այդ ժամանակներից են համատեղ լուսանկարները հայտնվել ԶԼՄ-ում: Մինչդեռ իրենք մինչեւ հիմա էլ այդ մասին չեն սիրում խոսել ու բացահայտումներ անել:
Այդ ժամանակ Հայեկը 39 տարեկան էր, հասցրել էր Օսկարի առաջադրվել «Ֆրիդա» ֆիլմի համար, նկարահանվել բավական հայտնի ֆիլմերում ու անգամ պրոդյուսերի դերում հանդես գալ: Նա բավական հայտնի էր ու ճանաչում ուներ ոչ միայն Հոլիվուդում, այլ ամբողջ աշխարհում:
Ֆրանսուա Անրի Պինոն ամենահարուստ ֆրանսիացի գործարարներից մեկն է ու այն ժամանակ PPR-ի՝ հետագայում «Kering» դարձած ընկերության գործադիր տնօրենն էր: Սալմայի հետ ծանոթանալուց 2 տարի առաջ էր ամուսնալուծվել կնոջ՝ Դորոթի Լեպերի հետ, որից հետ մեծացրել են 2 երեխաների՝ Ֆրանսուային ու Մաթիլդային: Պինոյի ընկերությունը տնօրինում էր Gucci եւ Yves Saint Laurent բրենդները, դրա համար էլ մամուլում հաճախ էին գրում նրա մասին:
Սալմային էլ ԶԼՄ-ները հաճախ էին հիշեցնում Էդվարդ Նորթոնի ու Ջոշ Լուկասի հետ սիրավեպերը, դրա համար սկզբում որոշեցին գաղտնի հանդիպել: Երբեմն միասին երեկույթների էին գնում, բայց որեւէ մեկնաբանություն այդ առնչությամբ չէին տալիս: Ոչ մեկ չէր էլ ենթադրում, որ սիրավեպն այդքան լուրջ կլինի ու ժամանակավոր բնույթ չի կրի:
Նշանադրությունը
Մինչեւ հիմա դերասանուհին չի բացահայտում, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ: Մի անգամ ուղիղ հարցին այսպես է պատասխանել. «Շատ ռոմանտիկ պատմություն է, բայց այն շատ անձնական է, չեմ ուզում բացահայտել»:
Փոխարենն անկաշկանդ պատմել է ամուսնանալու վախի մասին: 2015-ին հարցազրույցում ասել է, որ Պինոն նրան 3 անգամ է ամուսնության առաջարկություն արել ու 2 դեպքում մերժում ստացել:
«Անհրաժեշտ է հաղթահարել վախը, որպեսզի ներքին ազատություն ու ուժ զգաս»,- նշել է Հայեկը: Հիշել է, որ առաջին ժամադրություններին ամեն ինչից են խոսել՝ ֆուտբոլից, որը երկուսն էլ պաշտում են, գիտությունից, ֆիզիկայից ու տիեզերքից: Դերասանուհուն գրավել է Պինոյի խելքն ու կարդացած լինելը:
Համոզվելով, որ գտել է իր տղամարդուն, նա վերջապես հանձնվել է: 2007-ին մամուլը գրեց դերասանուհու նշանադրության ու հղիության մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, թե երբ է Պինոն 3-րդ անգամ առաջարկություն արել ու 200 հազար դոլար արժողությամբ ադամանդով մատանին նվիրել Հայեկին:
«Չէի հավատում ամուսնությանն ու չէի ցանկանում ընտանիք կազմել: Մի քանի անգամ նշանակել ենք հարսանիքի օրը, բայց չէի գալիս արարողությանը: Ամենասարսափելին այն էր, որ Ֆրանսուան իրենն էր պնդում»,- պատմել է դերասանուհին:
Անհաջող փորձերից հետո Պինոն Սալմայի ընտանիքի հետ պլան է մշակել. «Պատկերացում չունեի, որ այդ օրն ամուսնանալու եմ, եկան ու տարան ինձ: Ծնողներս ու եղբայրս պարզապես քաշ տվեցին ինձ այդ արարողությանը: Սկեսուրս հիանալի ճաշակ ունի եւ ամեն ինչ հիանալի էր կազմակերպել»:
2007-ի սեպտեմբերի 21-ին ծնվել է նրանց դուստրը՝ Վալենտինա Պալոման:
Երկու հարսանիքները
Դստեր ծնունդից 10 ամիս անց հայտնի դարձավ, որ Սալման ու Ֆրանսուան չեղյալ են հայտարարել նշանադրությունը: Պատճառը հեռավորությունն էր՝ Հայեկը տարվա մեծ մասն անցկացնում էր Լոս Անջելեսում, մինչդեռ սիրելին աշխատում էր Փարիզում: Սակայն բաժանումից որոշ ժամանակ անց Պինոն կարողացավ ճիշտ բառեր գտնել ու Հայեկին համոզել տեղափոխվել Փարիզ:
2009-ին կայացավ երկար սպասված հարսանիքը, որը 2 անգամ նշեցին: Նախ նրանք ամուսնացան փետրվարի 14-ին Փարիզում, իսկ արարողության պաշտոնական մասը կայացավ ապրիլին Վենետիկի Լա Ֆենիչե օպերային թատրոնում: Դերասանուհու հարսանեկան զգեստը Balenciaga-ից էր:
Հյուրերի թվում բոլոր այն մարդիկ էին, որոնց հետ ցանկացել էին կիսել իրենց երջանիկ պահերը: Նրանց թվում էին Պենելոպե Կրուսը, Էդվարդ Նորթոնը, Շարլիզ Թերոնը, Բոնոն, Աննա Վինտուրը, Ժակ Շիրակն ու ուրիշներ: Հարսանիքը տոնեցին մի քանի օր, այդ թվում դիմակահանդես եղավ Վենետիկի Պունտա դելլա Դոգանա գեղարվեստական թանգարանում:
Գաղտնի երեխան
Մինչեւ 2011 թվականը շատ քչերը գիտեին, որ Պինոն որդի ունի սուպերմոդել Լինդա Եվանգելիստայից: Մոդելը երկար ժամանակ այդ փաստը գաղտնի է պահել, բայց որոշել է դատարանի միջոցով հորից մշտական ֆինանսական աջակցություն ստանալ: Այդպես հանկարծակի բոլորն իմացան, որ Հայեկի հետ սիրավեպից առաջ ֆրանսիացին 4 ամիս հանդիպել է մոդելի հետ:
Նրանց որդի Ավգուստինը ծնվել է 2006 թվականին, երբ Պինոն արդեն Հայեկի հետ ժամադրությունների էր գնում: Մեկ տարի չանցած էլ ծնվել է Վալենտինան: Դատական գործընթացը ԶԼՄ-ները լուսաբանել են ամենայն մանրամասներով: Մոդելը նշում էր, թե Պինոն մեծ հոգատարությամբ է վերաբերվում Հայեկին ու դստերը, նրանց համար ծովափնյա հանգիստ կազմակերպում տարբեր վայրերում, իսկ իր որդին զրկված է այդ ամենից: Պինոն էլ նրան հավելում էր, որ մոդելի հետ ընդհանուր առմամբ 7 օր է անցկացրել ու անգամ չի ճանաչում նրան:
View this post on Instagram
2012 թվականին կողմերը վերջապես զենքերը վայր դրեցին ու համաձայնության եկան: Որոշ աղբյուրներ հայտնեցին, որ Եվանգելիստան ամսական 46 հազար դոլար է ստանում: Պինոն միայն մեկ անգամ է հրապարակային հայտնել, որ որդին, ինչպես իր բոլոր երեխաները, ընտանիքի անդամ է: Հայեկն էլ նրան ջերմ է ընդունում ու հաճախակի միասին ժամանակ անցկացնում:
Ներդաշնակ զույգը
Հիմա Հայեկն ու Պինոն հանգիստ կյանքով են ապրում ՝ առանց ԶԼՄ-ի կողմից լուրջ միջամտությունների: 2014-ին Փարիզից տեղափոխվել են ու բնակություն հաստատել Լոնդոնում, որտեղ վարձակալում են Ջասթին Բիբերին պատկանող առանձնատունը: Այն 3 հարկ ունի՝ 17 սենյակ, սեփական լողավազան, թենիսի կորտ, գինու մառան ու, իհարկե, կինոդիտումների սրահ, որտեղ առավել հաճախ Հայեկի ընկերներն են լինում:
Անձնական կյանքի մասին նրանք հաճախ չեն խոսում, վերջին անգամ Հայեկն անդրադարձել է 2019-ին. «Ֆրանսուան ամենալավ ամուսինն է: Նրա հետ դառնում եմ այնպիսին, ինչպիսին կամ իրականում: Ոչ մեկ ինձ չի սահմանափակում: Տղամարդը, որը թույլ է տալիս, որ շներս քնեն մեր անկողնում, իսկապես ռոմանտիկ է: Լավագույն մայրիկն եմ դարձել, որովհետեւ Վալենտինային բավական մեծ տարիքում եմ ունեցել: Բայց չեմ ստի․ նաեւ հոգնում եմ: Միշտ ցանկացել եմ շատ երեխաներ ունենալ, բայց չի ստացվել, ուրախ եմ, որ ամուսինս եւս 3-ն ունի: Այնպես որ՝ ես էլ 4 երեխա ունեմ, ու բոլորն էլ այնքան տարբեր են»:
Նա պատմել է նաեւ, որ Վալենտինան շատ կրեատիվ է, խելացի, զվարճալի ու կամային:
Շատերն են Հայեկին մեղադրել, որ նա ամուսնուն ընտրել է հենց հարստության համար, ինչին այսպես է արձագանքել. «Գիտեմ, որ շատերն են ասել՝ հաշվարկով եմ ամուսնացել: Մտածեք, ինչ կուզեք: Արդեն երկար տարիներ է միասին ենք ու իրար շատ ամուր ենք սիրում: Ինձ միեւնույն է, թե ինչ կասեն: Իմ տղամարդը՝ ավարտելով աշխատանքը, որքան էլ այն բարդ լինի, իսկ հավատացեք ինձ՝ նա շատ պարտականություններ ունի, միշտ ժպտում է ինձ ու երեխաներին տեսնելիս, իսկ ամենակարեւորն այն է, որ նա մեզ երջանիկ է դարձնում»:
Սալմա
Ամուր ընտանիքի հիմքում, որքան էլ զարմանաք, ճիշտ տղամարդու հանդիպելն է: Իմ բախտը բերել է, որ գտել եմ ինձ հարմար մեկին: Միայն նման մարդու կողքին ձեզ կկարողանաք անվտանգ զգալ:
«Կինն ու տղամարդը մշտապես պետք է մտածեն միմյանց մասին ու հաճույքով ժամանակ անցկացնեն: Երջանիկ ընտանիքի մյուս գաղտնիքը հարգանքն ու փոխադարձ ազատությունն են: Ամուսինս միշտ ցանկացել է, որ իմ պլաններն իրագործեմ ու շարունակեմ դերասանուհի լինել: Վալենտինայի ծնունդից հետո ցանկանում էի հրաժարվել կարիերայից, բայց Ֆրանսուան կարողացավ ինձ համոզել: Նա չի ցանկանում ամուսնացած լինել տնային տնտեսուհու հետ, որի փոխարեն ծառաներն են ամեն ինչ անում: Բացի այդ էլ մի զարմանահրաշ բան ասաց. «Չեմ ուզում լինել մեկը, ով քեզ խլել է աշխատանքից: Ինքս էլ ուզում եմ հեռուստադիտողի դերում նայել քեզ, լավագույն դերերդ դեռ առջեւում են»:
View this post on Instagram
Թեեւ ամուսնացած եմ, բայց ես անկախ կին եմ, մինչեւ հիմա էլ իմ հաշիվներն ինքս եմ փակում, հարսանիքից առաջ եմ այդպիսի պահանջ դրել Ֆրանսուայի առաջ:
Երբ առաջին անգամ հանդիպեցինք, ինքս էլ չգիտեի, որ ժամադրության եմ գնում, ընկերներս էին այդպես կազմակերպել: Զայրացա, որ նման բան են արել ու ինձ բավական կոպիտ պահեցի Ֆրանսուայի հետ: Ասացի, որ ժամադրությունների կարիք չունեմ, հիմա ինձ ընտանիք ու երեխաներ են պետք, ոչ թե հերթական սիրեցյալ: Կարծեց՝ մի քիչ խելքս թռցրած եմ, բայց դա չխանգարեց, որ 10 ամիս անց ինձ ամուսնության առաջարկ անի: Ես ջարդված սրտով 40 տարեկան տիպիկ հուսահատ կին էի ու հանկարծ ամեն ինչ եւ միանգամից ստացա»:
Եվ այս վառ զույգի մասին պատմությունն ավարտենք զվարճալի տեսանյութով, թե ինչպես է Հայեկը ամուսնու հեռախոսում եղած անգլերենի հավելվածը շփոթել իրական կնոջ հետ:
Պատրաստեց Հասմիկ Բաբայանը:


×
13,423






