Լեւոն եւ Անի Արոնյանների սիրո պատմությունը լույսի շող է խավարի մեջ: Նրանք անցել են կորստի միջով, բայց կարողացել են գտնել միմյանց եւ նոր իմաստ տալ կյանքին: Ամալյա Հովհաննիսյանի LifeRoom ստուդիայում զույգը խոսել է իրենց հարաբերությունների սկզբի, փոխադարձ աջակցության, դստեր՝ Զաբելի դաստիարակության եւ ապագա ծրագրերի մասին:
Լեւոնի եւ Անիի ծանոթությունը սովորականից ավելի բարդ էր. նրանք հանդիպել են Լեւոնի կյանքի ամենադժվար շրջաններից մեկում: Անին պատմում է, որ սկզբում նրանց հարաբերությունները ավելի շատ նման էին առաքելության:
«Ճիշտն ասած՝ Լեւոնը շատ տարօրինակ մտքեր ուներ՝ շախմատը չշարունակելու, եւ երբ դա ասաց ինձ, չէի կարող ուղղակի կողքով անցնել: Ինձ համար դարձել էր միսիա. պիտի նրան համոզեի, որ չանի դա, որ նորից հավատա ապրելուն»:
Լեւոնն էլ իր հերթին խոստովանել է, որ Անիի շնորհիվ կարողացել է վերադառնալ կյանք: Չնայած դրան՝ Անին չի համարում, որ «փրկել» է Լեւոնին:
«Ես իրեն շատ լավ եմ ճանաչում. կարիք չունի, որ իրեն փրկեն: Շատ ուժեղ է, միեւնույն է՝ դա անելու էր՝ ինձ հետ, թե առանց ինձ: Բայց, համենայն դեպս, մի փոքր արագացավ այդ գործընթացը»:
Զույգի հարաբերություններում կարեւոր դեր է խաղում հումորի զգացումը: Անին նշում է, որ նրանց փրկում է ինքնահեգնանքն ու սարկազմը: Այս առումով Զաբելը հորն է նման. «Մեր աղջիկը ֆանտաստիկ հումորի զգացում ունի»:
Զաբելը մորից է ժառանգել համառությունն ու ռոմանտիզմը, իսկ հայրիկից՝ արկածախնդրությունը:
Գրոսմայստերի կինը խոստովանում է, որ Լեւոնի շնորհիվ ավելի է խորացել շախմատի աշխարհում: Հղիության յոթերորդ ամսում նա կարողանում էր 8 ժամ ոտքի վրա կանգնած հետեւել ամուսնու վերջնախաղին: Լեւոնն էլ խոստովանում է, որ Անիի ազդեցությամբ սկսել է բառեր գրել նրա երգերի համար:
«Անին շախմատիստ չդարձավ, բայց ես ավելի շատ խրվեցի երաժշտության մեջ»,:
Լեւոնի կարիերայի ամենաբարձր պահին՝ երբ նա աշխարհում չորրորդն էր, տեղի ունեցավ մի բան, որը փոխեց նրանց կյանքը: Անին ծանր հոգեվիճակում էր հղիության ժամանակ, եւ Լեւոնն առանց վարանելու հրաժարվեց բոլոր մրցաշարերից:
«Ասաց. «Ես մնում եմ իմ կնոջ հետ, որովհետեւ իրեն ավելի պետք եմ»»,- պատմում է Անին:
Այս արարքի համար Անին անչափ շնորհակալ է ամուսնուն, քանի որ գիտի, թե ինչ դեր ունի շախմատը նրա կյանքում: Միշտ նշում է, որ ինքն է պատճառը, որ Լեւոնն այսօր տասնյակից դուրս է եկել, սակայն Լեւոնի զոհողությունն իր համար առնվազն նույնքան մեծ է:
«Տարիքը նշանակություն չունի, երբ հոգով երիտասարդ ես»
Զույգի միջեւ տարիքային տարբերությունը երբեք խոչընդոտ չի եղել: Ըստ Անիի՝ Լեւոնն այնքան երիտասարդ է հոգով, որ երբեմն ինքն է իրեն ավելի ծանր ու մեծ զգում:
Անին պատմել է նաեւ մի դեպքի մասին, երբ իրենց հաշվին ընդամենը 300 դոլար է եղել, սակայն որոշել են գնալ ռեստորան եւ լավ ընթրել. «Ծիծաղում էինք ու կենաց էինք խմում, որ փող չունենք: Ինձ թվում է՝ այդ պահով ապրելու մասին է երջանկությունը»:
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


×
236






