Շուտով Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում գործելու է թատրոն, որի գեղարվեստական ղեկավարը Գոռ Մարգարյանն է: Ռեժիսորի հետ շրջել ենք դեռ լիովին դատարկ, բայց շատ գեղեցիկ շենքում։ BRAVO.am-ի հետ զրույցում Գոռը պատմել է իր կյանքի նոր փուլի, տարբերվող ներկայացումների, ծանր կորստից հետո ունեցած դեպրեսիան հաղթահարելու ու արվետի միջոցով մարդկանց բուժելու մասին:
- Գոռ, հանդիպել ու զրուցում ենք Աշտարակում եւ դրա համար շատ լավ պատճառ ունենք: Պատմե՞նք բոլորին ուրախալի լուրը։
- Սա իմ նոր աշխատավայրն է կամ իրականացված երազանքը․ Աշտարակում գործելու է թատրոն, որի գեղարվեստական ղեկավարն եմ լինելու: Այս դահլիճը հիմա դատարկ է, բայց հուսանք, որ ամիսներ անց կլցվի ներկայացման ձայներով ու հանդիսատեսի աղմուկով:
- Ճանապարհին ոգեւորված պատմում էիք, թե շենքը որքան գեղեցիկ է, Ձեր առաջին հանդիպումն ինչպե՞ս է եղել։
- Տարիներ առաջ էի եկել այստեղ, երբ ուզում էի տարածք ունենալ, որտեղ հիմնական ստեղծագործական աշխատանքի կանցնեի, բայց չէր ստացվել։ Իսկ երբ այս անգամ ամեն ինչ հաստատվեց, մեր միջեւ առաջին հայացքից ու փոխադարձ սեր եւ սրտի թրթռոց կար:
- Երբեք որեւէ թատրոնում երկար ժամանակ չեք աշխատել, բացառություն էր միայն Գորիսինը: Ինչո՞ւ չէիք ուզում կապվել որեւէ թատրոնի հետ ու ինչպե՞ս մտափոխվեցիք:
- Երեւի այսպես էր կանխորոշված։ Մտածում եմ, որ ամեն բան պատահում է ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում: Շատ թատրոններում եմ աշխատել որպես հրավիրված ռեժիսոր ու հիմա էլ շատ առաջարկներ ունեմ, որոնք դեռ քննարկման փուլում են: Հաճելի է, իհարկե, տարբեր թատրոններում բեմադրություններ անել, բայց երբեմն ուզում ես ինչ-որ հանգրվան ունենալ, եւ սա լավագույն տարբերակն էր։
- Այս դեպքում նախաձեռնությունը Ձե՞ր կողմից էր, թե՞ մի քանի կողմերի ցանկությունները համընկան։
- Նախաձեռնությունը երկկողմանի էր, եւ իմ ցանկությունը կար, եւ Աշտարակում էին շատ ուզում թատրոն ունենալ։ Հիմա համայնքապետ Թովմաս Շահվերդյանն ու թատրոնի տնօրեն Մարիաննա Մկրտչյանը ջանք չեն խնայում, որ կայանանք ու լեփ-լեցուն դահլիճներ ունենանք:
- Ինչպե՞ս է զրոյից թատրոն ստեղծելն ու ինչի՞ց եք նախատեսում սկսել աշխատանքները:
- Աշտարակում ու հարակից գյուղերում՝ Սասունիկ, Նոր Երզնկա, Օշական, արդեն մեկնարկել է ու 3 շաբաթ գործելու է մեր թատերական մանկական ճամբարը: Երեխաներին փորձելու ենք մոտեցնել արվեստին, պատմել թատրոնի մասին ու միասին առաջին փորձերն անել։ Հանդիսատես ունենալու լավագույն նախապայմանը մանուկներին կրթելն ու թատրոնի հետ կապելն է, ինչից հետո անհնար է այն չսիրեն: Զուգահեռ կսկսվեն նաեւ նոր ներկայացումների բեմադրական աշխատանքները, կարծում եմ՝ արդեն հոկտեմբերին կունենանք թեեւ փոքրիկ, բայց մեր խաղացանկը:
Գոռ Մարգարյանը եւ Հասմիկ Բաբայանը
- Ո՞ւմ եք տեսնում Աշտարակի թատրոնի դերասանական կազմում:
- Թիմը դեռ վերջնական չի կազմավորվել, բայց հիմնական կորիզը կկազմեն իմ ուսանողներն ու շրջանավարտները։ Շատ բացահայտումներ չեմ անի, բայց կլինեն նաեւ հրավիրված վառ դերակատարներ։ Դեռ մարտավարական ծրագրերն ու թիրախները ճշտում ենք, որ հենց սկզբից խփենք ճիշտ նշանակետին:
- Ինչպիսի՞ թատրոն եք ուզում ստեղծել եւ ի՞նչ դնել հիմքում, իհարկե, սիրուց բացի։
- Հետաքրքիր թատրոն եմ ուզում ստեղծել, որի ներկայացումների տոմսերը դժվար կգտնվեն: Մտադիր ենք լավագույններից մեկը լինել, նշաձողը բարձր ենք սահմանելու ու փորձելու այնպես անել, որ այստեղ երկրի կարեւոր իրադարձությունները տեղի ունենան: Հետագայում կունենանք նաեւ փառատոններ, ամեն բան արվելու է, որ դահլիճները լիքը լինեն, ներկայացումները՝ ճաշակով, որոնք որպես ճիշտ ու մաքուր արվեստ հանդիսատեսին ասելու եւ փոխանցելու բան կունենան:
- Որքա՞ն հանդիսական է տեղավորում Ձեր դահլիճն ու կկարողանա՞ք մարդկանց միանգամից գրավել:
- Մեր դահլիճը տեղավորում է 450 հանդիսական, ինչը բավական շատ է, դրա համար էլ պետք է լավագույնս աշխատել, որպեսզի դատարկ նստարաններ չունենանք։ Նախատեսում ենք, որ թատերասերներ կգան Երեւանից, համայնքն ակտիվ կլինի, նաեւ տարբեր մարզերից կունենաք այցելուներ: Ինձ համար անհնարին ոչինչ չկա։
- Խոսենք Ձեր ներկայացումներից, բոլորն էլ քննարկված են եղել ու նաեւ մրցանակներ ստացել՝ «Մեղրի համը», «Գարդենիա»-ն, «Միզերի»-ն, «Բովանդակություն»-ը։ Ինչպե՞ս եք հասկանում, թե ինչ է պետք բեմադրել:
- Երբեւիցե ներկայացում անելուց առաջ չեմ մտածում, որ կքննարկվեն կամ բոլոր մրցանակները կտանեն։ Պատասխանը պարզ է՝ ամեն ինչի հիմքում սերն է: Գործընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ գործերս իրենք են գտնում ինձ, իրականում այդպես էլ կա: Սովորաբար բեմադրում եմ այն, ինչն ինձ այդ պահին հետաքրքրում է ու դիպչում սրտիս, ընտրելու որեւէ այլ մեխանիզմ չկա: Կարող եմ տեսարան մտածել ու դրա համար գործ փնտրել, ասելիք ունենալ եւ դրան համապատասխան ընտրել կամ էլ գիրքն ինձ այնպես կախարդի, որ ցանկանամ անդրադառնալ: Ռեժիսորի աշխատանքն անվերջ կարդալն է: Ամենաբարդը Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը բեմադրել էր, որովհետեւ այն դրամատուրգիական գործ չէ, չկան գործող անձինք ու տեսարաններ։
- Այդ դեպքում ինչպե՞ս հավաքեցինք ու ստացաք այդքան գեղեցիկ ներկայացում:
- Միայնակ չարեցի, թիմային աշխատանքի արդյունքում հավաքեցինք՝ տեքստը շարժում թելադրեց, այն իր երաժշտությունը հորինեց, որը լրացրեց խոսքին, ամեն ինչ շարժվեց ու իրար լրացրեց: Իրենց մեծ դերն ունեցան Մարիկա Դովլաթբեկյանը, Նարեկ Կոսմոսը եւ Տաթեւ Ղազարյանը, չորսով ամեն մեկս մեր հերթին ամեն ինչ արեցինք, որ «Բովանդակություն»-ը ստացվի:
- Չարենցի դեպքում կամ պետք էր լավ անել, կամ նույնիսկ չփորձել, որովհետեւ մեծ է ձախողվելու վտանգը։
- Ամենավախենալու ներկայացումը, որ երբեւէ արել եմ, «Բովանդակություն»-ն էր: Մեկ այլ բան է հերթական պիեսն ընտրել, մեկ այլ բան՝ մոտենալ հայ պոեզիայի նշաձողերից մեկը համարվող Չարենցին: Ինձ համար նա պոետների պոետն է՝ ծայրահեղական, բազմաշերտ ու բազմագույն։ Բավական բարդ էր բեմադրել, այն էլ՝ երիտասարդների հետ:
- Ինչպե՞ս է, երբ բեմում 32 ուսանող կա ու այդքան էներգիան պետք է կարողանալ կառավարել, եւ ի՞նչ տվեց «Բովանդակություն»-ը նրանց:
- Ուսանողներիս մասին խոսելիս՝ միշտ ժպտում եմ, որովհետեւ մեր սերը փոխադարձ է, ես իրենց եմ անչափ սիրում, իրենք էլ՝ ինձ վստահում, ու նման դեպքում լավ բան չծնվել հնարավոր չէ։ Իմ ուսանողներից բացի խաղում են նաեւ Գյումրու ինստիտուտից, բայց նրանց միջեւ տարբերություն չեմ դրել: Հավաքվել ենք մի գաղափարի շուրջ ու լծվել աշխատանքի: Պիտի անհամեստ լինեմ ու ասեմ, երբ աշխատանքը ճիշտ ու հստակ ես ուղղորդվում, ամեն ինչ ստացվում է: Իմ արվեստանոցում սովորող ուսանողների համար առաջին ստեղծագործական զավակն էր, շատ զգույշ ու նուրբ են մոտեցել աշխատանքին։ Ներկայացումը ժամացույցով է սկսվում, շատ պատկերավոր եմ այդ պահը տեսել, սլաքի հետեւում աշխատում է մեխանիզմը՝ բոլորը պատրաստվում են, երգչախումբը նոտաներն է շտկվում, վերջին ճամպրուկներն են դրվում, հագուստը կարգի բերվում:
Գոռ Մարգարյանը
- Ասում են՝ ներկայացումներն որոշ չափով ռեժիսորների ինքնադիմանկարներն են, Ձեր կենսագրությունից ու կյանքից ի՞նչ եք ներառում դրանցում:
- Ոչ թե ինքնակենսագրական են, այլ մեր հայացքն են աշխարհին: Երբ անում էի «Մեղրի համ»-ը, որտեղ թեման սերունդների բախումն էր՝ մայրերի ու դուստրերի, մտածում էին՝ ընտանիքում խնդիր ունեմ, բայց ընդհանրապես այդպես չէր: Հակառակը, այդ թեման մութ անտառ էր ինձ համար ու փորձեցի մտնել այնտեղ: Հնարավոր է՝ կյանքում ունենք կերպարային նախատիպեր, որոնց մեր ներկայացումներում կարելի է հանդիպել։ Չեմ կարող ասել, որեւէ աշխատանք ամբողջական կամ կիսով չափ իմ մասին է, բայց դրվագներով դրանցում կարելի է տեսնել ծնողներիս ու ընկերներիս: Էմոցիաների ու մարդկային տեսակների հավաքածու ունեմ, որոնցից օգտվում եմ, տեղ-տեղ բեմում հնարավոր է մամայիս հանդիպել։
- Ո՞ր գործերում:
- Իհարկե, դրա մասին չեմ ասի (ծիծաղում ենք,-հեղ.):
- Իսկ ինչպիսի՞ն է մայրիկն ու ինչպե՞ս է աջակցում Ձեզ:
- Աշխարհի ամենալավ մաման է (դեմքին ժպիտ է փայլում ու մի պահ լուռ է մնում,-հեղ.): Միշտ ասում եմ`կա աշխարհ ու կա մամաս։ Խենթանում եմ նրա համար, մաման իմ առաջին հանդիսատեսն է ու ոգեւորողը, առհասարակ՝ ծնողներս, հիմա պապան չկա, բայց նրանք միշտ ինձ թեւ տվողն են եղել։ Մայրիկն իմ բոլոր ներկայացումները հավանում է։
- Երբ «Միզերի»-ի մասին զրուցում էինք, ասացիք, որ Ձեր կյանքի ամենադաժան շրջանում եք ստեղծել, ենթադրում եմ, որ այն հայրիկի կորստով էր պայմանավորված:
- «Միզերի»-ն դեռ չարյաց փոքրագույնն էր, պապայի գնալուց անմիջապես հետո՝ 2021-ին, «Թոքեր»-ն եմ արել: Աշխատանքը փրկեց, թատրոնն ու ֆանտաստիկ ուսանողներս օգնեցին դիմանալ… Շատ էի չարացել այդ ժամանակ, իսկ նրանք ամեն ինչին դիմացան։ Մի քիչ շատ ներանձնական է, բայց կկիսվեմ․ սովորաբար շուտ եմ փակվում ու տանից դուրս գալ չեմ ուզում, բայց, փառք Աստծո, ունեմ լավ ընկերներ, որոնք ինձ խաբելով՝ հանում են այդ վիճակից, այնպիսի հարցեր են դնում, որոնց պիտի լուծում տալ, քանի որ որոշմանս մի 40 հոգի է սպասում: Բայց պապայից հետո հակառակն էր՝ տանից փախչում էի, ու միակ վայրը, ուր գալիս էի, թատրոնն էր: Դրա համար «Թոքեր»-ն ինձ համար շատ թանկ ներկայացում է, իմ էմոցիաներից ու ապրումներից շատ բան եմ դրել այնտեղ: Երեխաներն այդ ընթացքում ինձ շատ են դիմացել, կարող էի 40 րոպե գոռալ ոչնչի մասին, պատճառ էի ման գալիս, թե ինչի վրա կարող էի բարկանալ ու ներսիցս հանել զայրույթը։ Մտածել էի ավարտական միջոցառման ժամանակ բոլորին շնորհակալություն ասել, բայց այսպես էլ չհավաքվեցինք, ու հիմա պաշտոնապես այդ 12 ուսանողներին կասեմ՝ շնորհակալ եմ, որ ինձ դիմացան մի շրջանում, երբ դիմանալ հնարավոր չէր:
Գոռ Մարգարյանը
- Հայրիկի հետ շա՞տ էիք կապված ու ի՞նչ է նրանից մնացել Ձեզ։
- Պապայից ես եմ մնացել՝ իր մասնիկն ու շարունակությունն եմ, շատ ենք նման՝ արտաքնապես ու ժեստերով, ինչի համար շատ ուրախ եմ, նույնիսկ քիթը սրբելու ձեւն է նույնը (ցույց է տալիս,-հեղ.)։ Նա միշտ ինձ հետ է, ներկայությունը զգում եմ: Իմ պիեսները նախօրոք իրեն էի տալիս կարդալու, ինժեներ էր ու թատրոնը եւ կինոն շատ էր սիրում, իմ ներկայացումները մի քանի անգամ էր նայում, ապա միասին քննարկում էինք։
- Ընտանիքում հանգի՞ստ վերաբերվեցին, երբ իմացան, որ իրենց որդին ուզում է ընդունվել թատերական ինստիտուտ:
- Ոչ, բայց ավելի անհանգիստ էր մայրիկս, պապան ասաց. «Ես քո երազանքները ֆինանսապես ի կատար ածողն եմ, ուսմանդ համար կվճարեմ ու կողքիդ կլինեմ»: Միշտ եմ այդ աջակցությունն ունեցել։
- Ինչի՞ց է սկսվել թատրոնի հետ Ձեր կապն ու ինչո՞ւ հենց ռեժիսոր որոշեցիք դառնալ։
- Ինչ ինձ հիշում եմ, բեմում եմ եղել, ինքս եմ կառուցել, բակային բոլոր միջոցառումների հեղինակն ու նախաձեռնողը եղել: 7 տարեկանից ազգային պարերով եմ զբաղվել, մի անգամ էլ Աղասի Եղոյանն Ամանորյա մանկական ներկայացման համար քասթինգ անցկացրեց: Ես անցա ու Մշակույթի պալատում ցուցադրեցինք «Շունն ու կատու»-ն, օրական 4 ներկայացում էինք խաղում ու ամեն մեկի համար 2000 դրամ էի ստանում, ինչը մութ ու ցուրտ տարիներին քիչ չէր, ինձ այնքան կարեւոր էի զգում ու անհամբեր սպասում հաջորդ տարվան: Ապա «Կիկոս»-ում Կիկոսին էի մարմնավորում, թատրոնի հանդեպ սերս ծնվեց 6-րդ դասարանում։ Ուզում էի դերասան լինել, բայց առաջին տարին կտրվեցի, ասացին՝ լեզվի արատ ունեմ, այն ուղղեցի, բայց հասկանալով թատրոնի կառուցվածքն ու ասելիքը, որոշեցի ռեժիսոր դառնալ։
Գոռ Մարգարյանը
- Ինչո՞վ է պայմանավորված թատրոնի նկատմամբ խելագար սերն ու Ձեզ մոտ այն ի՞նչ աստիճանի է հասնում:
- Թատրոնը ֆանատիկորեն եմ սիրում, այլ զբաղմունքի ու գործունեության մասին չեմ մտածում: Բեմը մոգական է, երբ երեխան հայտնվում է կուլիսներում ու գոնե մեկ ներկայացում խաղում, կտրվելը դժվար է դառնում: Թատրոնն իմ առաջին ու միակ սերն է (ծիծաղում է,-հեղ.)։
- Գոռ, ո՞վ է ռեժիսորն ի վերջո՝ գյուտարա՞ր, հրաշագո՞րծ, մարդ, ով ամեն ինչ այլ կե՞րպ է տեսնում:
- Ռեժիսորը հեքիաթ պատմողն է, հայելին, որն անդրադարձնում է կյանքի գեղարվեստական կողմը։ Երբեւէ իմ մասնագիտությանը սահմանում չեմ տվել, պարզապես սիրում եմ այն ու ուզում եմ նոր բաներ իմանալ, նոր տեղեր գնալ։ Գուցե, ինձ դուր է գալիս այս աշխատանքի անսահմանությունը, այստեղ կարելիներ ու չկարելիներ չկան։ Եթե ունես թեւեր, որոնք այս պարագայում երեւակայությունն է, թռիչքդ բարձր ու սիրուն է ստացվում: Սա միակ տեղն է, որտեղ իմ գործիքն աներեւույթ է։
- Ինձ դուր է գալիս, որ թատրոնում ամեն բան հնարավոր է՝ ուզում ես անձրեւ ու այն կգա: Ձեր կարծիքով ինչո՞ւ են մարդիկ այդ խաղի մի մասը դառնում:
- Մենք ամեն դեպքում խաբում ենք, իսկ նրանք ուզում են խաբված լինել, զարմանալ, կենդանի շփում զգալ, իսկ մենք անգամ արվեստում ենք այդ առումով հեռացել իրարից։ Գաջեթները մեզ շատ են ռոբոտացրել, երեւի դրանից են փախչում։
Գոռ Մարգարյանը
- Գիտեմ, որ պաշտոնական հաշվարկ չկա, բայց Հայաստանում բնակչության մոտ քանի՞ տոկոսը կապված կլինի թատրոնի հետ։
- Երեւի 20, 30-ը շատ կլինի։ Ինձ այնքան հաճելի է, որ նույն մարդկանց տեսնում եմ տարբեր դահլիճներում կամ իմ ներկայացումներում արդեն ծանոթ դեմքեր են լինում:
- Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում երկրի տնտեսությունը զարգացնելու համար տարբեր փառատոններ կազմակերպեցին Կաննում, Ավինյոնում, Նիսում։ Մեր թատրոնն ի վիճակի՞ է Հայաստանին օգնել ու ի՞նչ կարող է առաջարկել։
- Ոչ թե կարող է, այլ պարտավոր է։ Չգիտեմ ավելի լավ հոգեբան կամ բուժում, քան արտ-թերապիան է: Մարդու վրա երաժշտությունից ուժեղ ազդող միջոց երեւի թե չկա: Մեր առաքելությունը համարում եմ մարդկանց լույս տալն ու ճանապարհ առաջարկելը։ Սունդուկյան թատրոնը բացվել է Ցեղասպանությունից 7 տարի անց՝ 1922 թվականին, ու մեծ թափ առել, քանի որ մարդկանց պետք էր: Մենք ապրում ենք, շարունակելու ենք ապրել, արարել ու ստեղծագործել՝ եւ ավելի մեծ թափով։ Արվեստը մարդկանց ոգեշնչելու կարեւոր բաղադրիչ է, նույնիսկ եթե պատերազմի դաշտում արկեր են տրաքում, պետք է շարունակենք բեմադրել ու խաղալ։ Չերչիլը պատերազմի ժամանակ ասել էր, եթե մշակույթին գումար չհատկացնենք, էլ ինչի՞ համար ենք կռվում: Զուտ գոյի՞ ու ուտելո՞ւ համար ենք ապրում, աշխարհի հին ժողովուրդներից ենք, ովքեր ունեն բարձր արվեստ: Մեր ուղիղ պարտականությունն է մարդկանց կողքին լինել:
- Իսկ կարծո՞ւմ եք այն առավելագույնը 30 տոկոս մարդկանց գոհացնո՞ւմ է այն, ինչ ստեղծվում է նրանց համար:
- Մեր ոլորտում կրթական բացեր ունենք, կա ճաշակի մեծ խնդիր, այն ինչ կատարվում է հեռուստատեսությունում, աղետ է, այս սեւ բարակ տուփերի առաջարկածը (ցույց է տալիս հեռախոսը,-հեղ.) եւս սարսափելի է: Հիմա պետք է մարդկանց ողողենք լավ գործերով՝ երաժշտությամբ, ներկայացումներով, կերպարվեստն ու կինոարվեստը զարգանան:
Հասմիկ Բաբայանը եւ Գոռ Մարգարյանը
- Իսկ ո՞վ անի, որտեղի՞ց այդ աշխարհայացքն ու ճաշակը ստանալ, քանի որ դրա համար երկար տարիներ ու կիրթ արվեստագետներ են պետք:
- Ես ծնող չեմ, բայց ծնողները պետք է երեխաների ձեռքից վերցնեն գաջեթներն ու նրանց ուղարկեն բակ խաղալու։ Ապացուցված է, որ դասական երաժշտությունը մարդու IQ-ն մի քանի անգամ բարձրացնում է, պետք է անջատել ՏիկՏոկ-ն ու Ինստագրամը եւ երեխաների համար Բախ, Մոցարտ, Շոպեն, Արամ Խաչատրյան միացնել: Արմատական փոփոխությունների կարիք կա, արգելված եւ պախարակելի դարձնենք վատը, անճաշակը, հասանելին։ Համատարած անճաշակություն է տիրում, որը երբեմն սարսափելի չափերի է հասնում ու վախենալի դառնում: Վիրտուալ իրականության մեջ այնպիսի աղբ ու նեգատիվ է տիրում:
- Քանի որ ինքներդ դեմ եք սոցկայքերին, ի՞նչ չափով եք օգտվում ու շարունակո՞ւմ եք հրաժարվել էլեկտրոնային դրամապանակից:
- Իմ գրեթե բոլոր գործարքներն անում եմ կանխիկ, առավելագույնս փորձում եմ ուշ միանալ այդ ամենին։ Սոցկայքերում կամ, քիչ եմ հրապարակումներ անում, հիմնականում լուրերն իմանալու համար եմ օգտվում, մշակութային մարդկանց եմ հետեւում եւ օրվա ավարտին թեթեւ թերթում եմ՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում:
- Իսկ ինչի՞ց եք ոգեշնչվում ու հագեցնում Ձեր հետաքրքրասիրությունը:
- Գրքեր եմ շատ կարդում՝ տպագիր, ոչ թե էլեկտրոնային, ֆիլմեր եմ նայում, երաժշտություն լսում ու ընկերներիս հետ կենդանի շփվում:
- Դուք շատ մտերիմ եք Ձեր դերասանների հետ, դա օգնո՞ւմ է, թե՞ կարող է նաեւ հակառակ ազդեցությունն ունենալ:
- Չգիտեմ՝ ուրիշների դեպքում ինչպես է, բայց ես պետք է սիրեմ դերասաններիս ու ապրեմ նրանցով։ Մեկ-մեկ խանգարում էլ է (ծիծաղում է,-հեղ.)։ Բա ո՞ւմ հետ ընկերություն անեմ, եթե ամբողջ օրն այդ մարդկանց հետ եմ:
Գոռ Մարգարյանը
- Իսկ ինչո՞ւ են լավ ռեժիսորներն ավելի քիչ, քան դերասաները:
- Չգիտեմ, ես էլ եմ ուզում իմանալ (ծիծաղում ենք,-հեղ.)։ Այն բախտավորներից եմ, որ մի քանի երկրում լուրջ փառատոնների եմ մասնակցել ու շատ ներկայացումներ նայել։ Վերջին նայածս հանճարեղ գործը նախորդ տարվա նոյեմբերին Վախթանգովի անվան թատրոնում Ռիմաս Տումինասի «Եվգենի Օնեգին»-ն էր, որն ինձ դեռ մի տարի էլ կպահի։
- Ի՞նչ են անում, որ այստեղ չկա՝ մտահաղացո՞ւմն է այլ, իրականացո՞ւմը, թե՞ խաղը։
- Սարսափելի շատ են սիրում թատրոնը, լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին։ Գումարն էլ դրանում մեծ դեր ունի, այնտեղ դերասանը վճարվում է այնքան, որ երկրորդ աշխատանքի կարիք չունի: Չեմ կարծում, որ Սերգեյ Մակովեցկին ֆինանսապես ապահովված չէ։ Արվեստին ու թատրոնին շատ լուրջ վերաբերմունք կա:
- Պետական մոտեցո՞ւմ է պետք, թե՞ հանդիսատեսի ակտիվությունն էլ կարող է շտկել իրավիճակը:
- Երկուսը միասին, մենք պիտի լուրջ վերաբերվենք պրեմիերային, շատ լավ աշխատենք մեր ասելիքի ու ամեն տեսարանի վրա, ամեն մեկն իր գործը հրաշալի անի: Եթե հանդիսատեսին ասելու բան չունենք, չարժե վարագույրը բացել։
Գոռ Մարգարյանը
- Համաձայն եմ, բայց հանդիսատեսի պահանջներն էլ բավական փոխվել են, ինքս հաճախ եմ ականատես եղել, թե ինչպես են հիացական կարծիքներ հնչեցնում միջինից ցածր ներկայացման մասին:
- Ճաշակի խնդիրն է, վստահ եմ, եթե նույն մարդուն լավ ներկայացման տանենք, դա էլ կսիրի: Գովազդի խնդիր ունենք, վատն ավելի լավ է տարածվում։ Թատրոնները մտածում են իրենց տեղը գիտեն ու կգան, բայց անգամ Կոկա-Կոլան գովազդի կարիք ունի, էլ ուր մնաց մենք։ Այն բախտավորներից եմ, որ Գյումրու թատրոնն ունի «Միզերի»-ն, որը միշտ լեփ-լեցուն է անցնում, Երեւանից հաճախակի են գալիս այն դիտելու, ինչն որակյալ աշխատանքի արդյունք է: Պետական մոտեցումն էլ պետք է ավելանա։
- Լավագույն ռեժիսորները, որոնց մտահաղացումները չեն տեղավորվում մարդկայինի սահմաններում:
- Իմ սիրելիներին կասեմ՝ Ռիմաս Տումինասին ու անսահման երեւակայություն ունեցող Դմիտրի Կրիմովին։
- Ո՞ւմ եք առաջինը զանգում ամենալավ լուրն ունենալիս:
- Ընկերների նեղ շրջանակ ունեմ, ում զանգում եմ՝ Նարեկին (Կոսմոս), Լյուդվիգին (Հարությունյան) ու Տաթեւին (Ղազարյան): Ով այդ պահին ազատ է լինում, նրան էլ ասում եմ:
Գոռ Մարգարյանը
- Ի՞նչ հասցնել անել ամռան վերջին ամսվա ընթացքում:
- Ներկայացում:
- Ինչի՞ բույրն առնել:
- Բնության, խոտերի, ծառերի:
- Ի՞նչ շոշափել:
- Ջուրը։
- Ի՞նչ դիտել:
- «Միզերի», «Բովանդակություն»:
- Որտե՞ղ լինել:
- Ծովափին։
- Ու մի քանի խորհուրդ Ձեզնից: Ո՞ւմ գրկել պարտադիր:
- Մամային։
- Ի՞նչ սովորել:
- Ամեն ինչ։
- Կարդալ:
- Նարեկացի։
- Լսել:
- Դասական երաժշտություն։
- Ի՞նչ չթաքցնել:
- Լույսը, եթե լավ բան ունես, ցույց տուր։
- Ի՞նչ կամ ո՞ւմ սիրել։
- Սիրելն արդեն այնքան լավ է, անկախ նրանից ինչ կսիրես, միշտ բարի պտուղ է տալիս, իսկ եթե վատն է՝ ուրեմն սեր չէր։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի


×
9,885







