×


Պրեմիերա՝ հյուրասենյակում. «Ետ նայիր զայրացած»-ի անորոշության մեջ գտնվող հերոսները

Նստած ես մեծ առանձնատան հյուրասենյակում. մի քիչ շոգ է, մայրամուտի արեւն ընկնում է ուղիղ պատուհաններին, կողքիդ էլ մի քանի տասնյակ մարդիկ են: Առաջին հայացքից իրար հետ ընդհանրություն չունեք, բայց կամաց-կամաց սկսում եք խոսել. նախ քննարկում եք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ արդյոք կարողանո՞ւմ եք նայել, թե՞ ժամանային գոտիների տարբերությունը խանգարում է: Ապա լսվում են բացվող պատուհանների ձայներ, ու մի քիչ օդ է ներթափանցում: Աստիճանաբար լռություն է հաստատվում, ու հայտնվում ես ուրիշի բնակարանում եւ նրա պատմության մեջ:

Իհարկե, նախապես էլ գիտեիր, որ Էրեբունի շրջանում ես՝ Theater location-ում, ու եկել ես Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի բեմադրությունը նայելու: Բայց նաեւ գիտակցում ես, որ դու էլ այս ներկայացման մի մասը պիտի կազմես. պարզապես լուռ դիտող չես: 


Անվերջ արդուկ անող Էլիսոնի, նրա ամուսնու՝ Ջիմի չդադարող բողոքների ու ամեն իրավիճակում սուր անկյունները հարթող Քլիֆի կողքին ես. լսում ես նրանց զրույցները, պատկերացում կազմում այն ժամանակաշրջանի մասին, որում ապրում են, հասկանում կամ չես ընդունում նրանց տեսակետները: 

Հերոսները դեռ շատ երիտասարդ են, բայց կարծես կորցրել են կյանքի համը. իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Ասես աշխարհը սահմանափակվում է այդ բնակարանով, ու դրանից դուրս կյանք չկա: Թվում է՝ այլ հայացքներ ու համարձակ տեսակետ ունի Էլիսոնի ընկերուհին՝ դերասանուհի Հելենը, սակայն այդ միջավայրը նրան էլ է կլանում: 


Պատմությունն, իհարկե, նոր չէ. բազմաթիվ սերունդների դերասաններ, այդ թվում՝ Հայաստանում, զայրացած հետ են նայել ու փորձել հարցերի պատասխաններ գտնել, բայց այս անգամ դա իրենց մեկնաբանությամբ են արել Արման Մաթեւոսյանը, Վահե Վայանը, Մարիա Հունանյանն ու Էլեն Գրիգորյանը: Նոր բեմական տարածքն ու ավանդական թատրոնից հեռու լինելն լրիվ այլ կերպ է օգնել նրանց արտահայտել դերասանական հմտություններն ու ասելիքը: 

Ռեժիսոր Ինգա Շահբազյանը Bravo.am-ին պատմել է, որ նման ձեւաչափով թատրոն ստեղծելու գաղափար վաղուց է ունեցել: Կարծում է՝ թատրոն կարող է լինել ամենուր, որտեղ դերասան կա: Հետո այդ մտահղացմամբ կիսվել է Նունե Շահբազյանի եւ Արման Մաթեւոսյանի հետ, վերջիններս եւս ոգեշնչվել են, ու միասին ձեռնամուխ են եղել դրա իրականացմանը:

Ռեժիսոր Ինգա Շահբազյանը


«Վաղուց մտածում էի այս ֆոտոստուդիայում ներկայացում բեմադրել: Նունեն ինձ հիշեցրեց «Ետ նայիր զայրացած» գործի մասին, վերընթերցեցի ու հասկացա, որ այդ տարածքին համապատասխանում է: Ուզել ենք տպավորություն ստեղծել, որ դռան անցքից ես հետեւում ընտանեկան պատմությանը։ Նման պայմաններում ներկայացում անելը բավական բարդ է, եւ բնական լույսի աղբյուրներն օգտագործելը մարտահրավեր էր, որը հաղթահարեցինք: Նաեւ կուլիս չունենք, իսկ ձայնային առումով ներկայացումն այնպես է կառուցված, որ ոչինչ հենց այնպես չի հնչում, ու կերպարներն իրենք են միացնում երաժշտությունը»,- նշել է նա:

Ներկայացումը ստեղծելու ընթացքում տարբեր մտավախություններ է ունեցել. անհանգստացել է՝ արդյոք կարողացել է ստանալ անհրաժեշտ միջավայրը, փոխանցել ասելիքն ու չձանձրացնել հանդիսատեսին: Բայց մինչ պրեմիերան հուսադրող կարծիքներ է լսել ու հանգստացել:

Շահբազյանի համար ներկայացումն առաջին հերթին ասելիքի առումով է առանձնանում: Այն Երկրորդ համաշխարհայինի հետպատերազմյան սերնդի մասին է, որը չի հասկանում՝ ինչ անել սեփական կյանքի հետ: Միանշանակ զուգահեռներ կան այն ժամանակների ու ներկայիս սերնդի միջեւ:


«Գործողություններն Անգլիայում են տեղի ունենում, իսկ երկիրը պատերազմից հետո ճգնաժամի մեջ է: Ներկայացման հերոսները փորձում են այս կյանքում իրենց տեղը գտնել: Նրանք անընդհատ մեղադրում են նախորդ սերնդին, բայց եւ չեն հասկանում, թե իրենց ինչ պետք է անեն: Մենք էլ անցումային սերունդ ենք. մեզնից առաջ էլ շատ բան է արվել կամ չի արվել, բայց մենք էլ անորոշության մեջ են: Քանի որ տարիքով մոտ եմ հերոսներին՝ բոլորն էլ մոտ 23-25 տարեկան են, շատ լավ եմ հասկանում նրանց: Երբ մեծանում ես, սկսում ես այդքան էլ չպայքարել, միայնակ ոչինչ չես կարողանում փոխել ու համակերպվում ես իրականության հետ։ Իսկ այս հերոսները ոչ կարողանում են որեւէ բան փոխել, ոչ էլ՝ համակերպվել։ Ներկայացման դերասաններն էլ իմ հասակակիցներն են. բոլորս փորձում ենք պայքարել ու ինչ-որ բան փոխել։ Այս թատերախումբը ստեղծելն էլ պայքարի որոշակի ձեւ էր, որովհետեւ ուզում ես թատրոն ընդունվել, բայց այդ համակարգում ոչինչ չես կարող փոխել. կամ պիտի հարմարվես, կամ հեռանաս»,- անկեղծացել է նա:


Շահբազյանը հավատում է, որ թեեւ բարդ է, բայց հնարավոր է փոքր քայլերով փոփոխություններ անել: Հասկացել են, որ նվիրվածության շնորհիվ ամեն ինչի էլ հնարավոր է հասնել. նոր ներկայացումն էլ դրա վկայությունն է: 

Ապագայի հետ կապված էլ մեծ ու անսպասելի պլաններ ունեն: Մի քանիսի մասին Շահբազյանը պատմել է. «Չենք ուզում սեփական տարածք ունենալ: Թատրոնի իմաստն այն է, որ ներկայացումները տարբեր վայրերում ու տարբեր հանդիսատեսի համար տեղի ունենան: Օրինակ՝ այս մեկն ավելի քիչ մարդկանց համար է նախատեսված։ Ապագայում պլանավորում ենք ներկայացում անել թանգարանում: Այն ավելի մասշտաբային կլինի, ինչպես նաեւ բեմադրություն կունենանք գործարանում: Տեղն ընտրում ենք՝ ըստ ներկայացման թեմայի: Ռեժիսորներն էլ տարբեր կլինեն. արդեն երկուսից առաջարկ ունենք»։ 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW