×


Աստղիկ Սամվելյանը

Մեկ գոտիից ծնունդ առաջ Ագուլեցու թանգարանը՝ ներսից. Ազնավուրի տատիկի թեւնոցները, հին գորգն ու գաթայի բույրը

Տունը, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է ազգագրագետ եւ նկարիչ Լուսիկ Ագուլեցին, գեղեցիկ ու նմանը չունեցող թանգարանի է վերածվել: BRAVO.am-ի թղթակցի հետ թանգարանում շրջել ու հետաքրքիր պատմություններ է հիշել Ագուլեցու դուստրը՝ Աստղիկ Սամվելյանը: Նրա շնորհիվ ենք իմացել մեկ զարդից ծնունդ առաջ թանգարանի, Ագուլեցու հետ տեղի ունեցած միջադեպի, զարդերը պահելու սեփական տարբերակի ու հայկական արժեքների մասին:

Տանը խորհուրդը

Էրեբունում գտնվող հենց այդ տանն են երկար տարիներ ապրել ու իրենց երեխաներին մեծացրել ազգագրագետն ու նրա ամուսինը՝ քանդակագործ Յուրի Սամվելյանը:

«Տատիկս Վանից գաղթելուց հետո է եկել ու բնակվել այս տանը, որտեղ մեր կենցաղն ենք կազմակերպել: Սկզբում միայն մի հատվածն է եղել, մյուսն ավելի ուշ է ավելացել»:

Սամվելյանը գտնում է, որ «հայկական» հասկացությունը առաջին հերթին վերաբերում է գույնի զգացողությանը, ճաշակին ու մտածելակերպին: Ապրելակերպում էլ դա արտահայտվել է ծնող-երեխա ընկերակցության, միմյանց վստահելու ու իրարից խորհուրդ հարցնելու առումով:

Իսկ թանգարանում տեղ գտած զանազան իրերի բացատրությունն այսպես է տալիս:


«19-ր դարում շատ մեծահարուստ առեւտրականներ ենք ունեցել, որոնք շրջել են ամբողջ Եվրոպայով մեկ ու իրենց հետ տարատեսակ իրեր բերել, որոնք մայրս Հայաստանի հարստությունն էր համարում ու այնպես անում, որ դրանք երկրից դուրս չգան: Մեր թանգարանի յուրահատկությունն այն է, որ կան ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական, ռուսական, արեւելյան ու տարբեր տարածաշրջաններից բերված իրեր»:

Գոտիից ծնունդ առած թանգարանը

Ժամանակն է, որ վերջապես բացենք թանգարանի սենյակների դռներն ու հայտնվենք խորհրդավոր ու աչք շոյող միջավայրում:

Առաջինը հայտնվում ենք հյուրասենյակում, որտեղ Ագուլեցու ընտանիքը դիմավորում էր հյուրերին ու մեծ սեղանի շուրջ միասին ճաշում էին: Այն 90-ականներին է ավելացել ու հենց դրանով է տունը բաժանվում հին ու նոր հատվածների:

«Սկզբում տանը հիմնականում գերակշռել են տատիկիս Վանից բերած իրերը, սա իր գործած մրջնագորգն է, մյուսները՝ զենքերը, դանակները, լամպերը, ընթացքում են ավելացել: Ծնողներս 1967 թվականին են ամուսնացել, մայրս բնանկարչուհի էր ու սիրում էր հենց բնության մեջ նկարել: Դրա համար էլ հայրս նրան մեքենայով ամենատարբեր ու գեղեցիկ վայրեր էր տանում, որ աշխատի: 1969-ին ուղեւորություններից մեկի ժամանակ հայրս գորիսեցի մի կնոջից մայրիկի համար գոտի գնեց, որի շնորհիվ էլ հետագայում այս ամենի սկիզբը դրվեց»:


Արդեն սովորել էին, որ, երբ Լուսիկ Ագուլեցին որեւէ տեղ կորչում էր, անպայման վերադառնալու էր առատ ավարով: Քանի որ մինչեւ 1986թ. Ադրբեջանի հետ սահմանը բաց էր, հաճախ էր լինում իր հարազատ Ագուլիսում, Օրդուբադում ու հարակից բնակավայրերում: Արդեն այն ժամանակ հասկանում էր, որ պետք է հասցնել որքան հնարավոր է շատ արժեքավոր իրեր փրկել:

«Մայրս ամեն տարի կամաց կրելով բերում էր, մտնում էր տնետուն ու հին իրեր գտնում: Նորով էր փոխանակում կամ գնում, նրանց համար այդ ապրանքներն արժեք չունեին: Բայց 1986 թվականին Օրդուբադում հերթական պատշգամբը նկարելիս մայրիկին տարան ոստիկանություն: Մեղադրեցին, որ ցույց տալու համար է անում, թե իր պապերն են կառուցել, մայրս ադրբեջաներեն շատ լավ էր խոսում ու պատասխանել է, որ հենց նրանք էլ ամեն ինչ իրենց ձեռքով սարքել են: Մենք սովորաբար մայրիկին մի քանի ժամով թողնում էինք, եղբորս եւ հայրիկիս հետ գնում փողոցներով շրջելու: Հերթական այցից հետո վերադարձանք նրա հետեւից եւ երեխաներից իմացանք ձերբակալության մասին»:

Երբ հասան բաժանմունք, Ագուլեցին դեռ շարունակում էր ոստիկանների հետ կռիվ տալ, ամուսինն է մի կերպ հանգստացնում, որպեսզի հնարավոր լինի նրան այնտեղից հանել, որովհետեւ պատահածին արդեն քաղաքական աստառ էին հաղորդել: Պետք էր ապացուցել, որ Ագուլեցին ոչ թե քաղաքական գործիչ է, այլ արվեստագետ ու իր համար էր նկարում: Իսկ դրա համար անհրաժեշտ էր Հայաստանի նկարիչների միության հաստատումը:

Աստղիկ Սամվելյանը


Նվիրված ամուսինը

«Հայրիկի հետ մեքենայով վերադարձանք Երեւան, վերցրինք անհրաժեշտ փաստաթուղթը, բայց Ադրբեջանում համարեցին, որ ինչ-որ կնիք պակաս է, հայրս նորից հետ եկավ՝ 2 օր առանց դադարի մեքենան վարելով: Վախենում էր, որ մայրիկին այնտեղ կվնասեն, քանի որ իրենց շատ ագրեսիվ էին պահում: Նրան ազատելուց հետո վերադարձանք մեզ հյուրընկալած ադրբեջանցու տուն, որը զգուշացրեց. «Լուսիկ, քանի կարող ես փախչիր, ոստիկանները եկել են ու ինձ սպառնացել, եթե քեզ մեկ օր էլ պահեմ, ձեզ կսպանեն, ինձ էլ կաքսորեն Սիբիր»:

Ագուլեցին հրաժարվել է հեռանալ առանց իր հավաքած իրերի, որոնց թվում էին պահարանը եւ օրորոցը, որում մեծացել են հայրն ու ինքը: Բայց ողջ սահմանին նրան հսկելու էին ու կարող էին նորից ձերբակալել:

«Ադրբեջանցի տանտեր Հյուսեն խոստացավ ամեն ինչ անվնաս տեղ հասցնել, իսկ մենք շատ արագ հեռացանք երկրից: Մյուս առավոտյան նա իսկապես ամբողջը բերեց ու լացակումած աչքերով մորս հանձնեց: Հասկանում էր, որ նա էլ չի կարողանա իրենց մոտ գնալ: Դրանից հետո կռիվներ սկսվեցին ու ճանապարհները փակվեցին: Մայրս մինչեւ վերջ հույս ուներ, որ մի օր էլի կայցելի հարազատ վայրեր, քանի որ չէր համակերպվում այնտեղ թողնված իրերից հրաժարվելու մտքի հետ: Հայրս այդ դեպքից հետո մի քիչ բարկացել էր, միշտ անհանգստանում էր նրա համար, բայց եւ ամեն ինչ անում, որ իր ուզածին հասնի: Առանց հայրիկի օգնության մայրս այս ամենը միայնակ հավաքել չէր կարողանա»:


Ագուլիսում հարուստ առեւտրականներ են ապրել ու մեծ ունեցվածք կուտակել: Ագուլեցին էլ այդպիսի ընտանիքներից մեկից է սերել, մեծ տուն են ունեցել, ադրբեջանցի ծառաներ, հյուրասենյակում տեղադրված բեմի վրա ընթրիքի ժամանակ երաժիշտներ են նվագել:

Ագուլեցու սենյակը

Թանգարանի սենյակներից մեկը հենց ազգագրագետին է, որտեղ նրա մահճակալն ու կողքին դրված իր օրորոցն են, անհամար են գեղեցիկ գոտիները, շքանշաններն ու անձնական հարդարանքի պարագաները, պահարանը՝ լի տարազներով ու կոշիկներով:

«Մի փոքրիկ գաղտնիք բացահայտեմ․ երկար ժամանակ բոլորը մտածել են, որ մաման կրում է իրական տարազներ, բայց նա միշտ ինքն է ստեղծագործել ու սեփական տարբերակը ստացել: Վերցնում էր սովորական կաշվե կոշիկը, գուլպա գործել տալիս, մեծ դժվարությամբ կոճակ ամրացնում ու կրում: Սա էլ այն գոտին է, որը ծնունդ է տվել թանգարանին: Իսկ տան դռների վրա խաչի գաղափարի հեղինակը հայրիկս է, նրա գծագրով են պատրաստվել»:

Սենյակում են հենց Ագուլիսի շրջանի տարազները, սրտանոցներ կամ դոշլիկներ, որոնք կանայք երեկոյան զգեստների հետ են համադրել: Զարդասեղանին դրված է Ագուլեցու սանրը, որը Եվրոպայից է բերել ու երկար ժամանակ կարծել, թե հագուստի խոզանակ է, բայց մի ֆիլմում տեսել է, որ այն մազերի համար է կիրառվում:

Տունը լիքն է առեղծվածային պահարաններով, որի դարակներից ամեն մեկում իսկական գանձեր են թաքնված՝ տասնյակ գոտիների ու հագուստների կողքին, բազմաթիվներն էլ իրենց համար նախատեսված հատուկ չերեւացող տեղերում են: Թանգարանում հիմնականում արծաթե զարդեր են, որովհետեւ հարուստ հայերի տներից առաջինը ոսկիներն են գողացել:


Թանգարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ ցանկացած իր Ագուլեցու ընտանիքի անդամները կարող են վերցնել ու կրել: Ցուցանմուշներն անկյանք չեն, օգտագործվում են ու շարունակում ապրել:

Զարդերի սենյակը

Որքան էլ թանգարանը գեղեցիկ ու գրավիչ է, բայց յուրաքանչյուր կնոջ սիրտը հալումաշ է լինում զարդերի սենյակ մտնելիս: Այդքան շքեղությանն ու անսովոր գեղեցկությանը դիմանալ հնարավոր չէ: Նախկինում այն Ագուլեցու որդու ու հարսի սենյակն է եղել, իսկ զարդերը պահվել են ողջ տան տարածքում:

«Մաման սիրում էր բոլոր սենյակներում զարդեր դնել, մի մասն իմ պահարանում են, որովհետեւ նրա անձնական նվերներն են: Համարում էր, որ այս ամենը բոլորինս է ու ցանկության դեպքում կարող ենք կրել, տրամադրում ենք նաեւ ֆիլմերի նկարահանման համար: Սկզբում մայրիկը զարդեր շատ էր ձեռք բերում, որ չհալեցնեին, մեր Վերնիսաժն էլ այդպես ստեղծվեց, մի գոտուց մի քանի թեթեւն էին ստանում»:

Եթե հիմա նշանադրության կամ հարսանիքի մատանիները պարզապես տուփերի մեջ են դնում, նախկինում դրանց համար հատուկ պայուսակներ են եղել՝ ասես մարդու ձեռք չդիպած ու արծաթի թելերով նրբորեն գործած: Ամենալավ արծաթագործներից են եղել Վանի վարպետները, հենց նրանց էլ պատկանում է թանգարանի նմուշը:


«Բացելու մեխանիզմը հասկանալը բավական դժվար է, վիճելի է՝ եվրոպական ազդեցությամբ է սարքվել, թե իրենք են մեզնից ոգեշնչվել: Փոքր տարիքում այնքան էինք սիրում պայուսակը բացել-փակել՝ մաման չէր արգելում, նույն կերպ էլ թանգարանը պահեցինք, որ ցանկացողները դիպչեն ու ոգին զգան»:

Ցուցադրված են նաեւ Շառլ Ազնավուրի տատիկի թեւնոցները, որոնք բերվել են Ախալցխայից՝ Հայկուհի Մամիկոնի Սուջյան հապավումով: Ավանդույթ էր, որ  ամուսինն իր կնոջ ձեռքերին 2 նույնանման թեւնոց էր դնում, այն գերեւարելու խորհուրդ ուներ ու նշանակում էր, որ կինն արդեն իրեն է պատկանում:


Բազմաթիվ են մատնոցները, որոնք որպես զարդ նաեւ տղամարդիկ են կրել, հատկապես՝ սասունցի, քանի որ այնտեղի վարպետները գործի բերումով շատ են ասեղնագործել:

«Այս 3 թեւի պատկերը մեր կարպետների վրա էլ կա, հողից դուրս եկող ծիլն է, նույն կերպ էլ մարդն է ծնվում, իսկ լուսինը մեր սիմվոլիկայում պտղաբերության խորհուրդ ունի: Դրանք թանթանաներն են՝ ճակատնոցները, որ կրել են Կարինի ու Ջավախքի շրջանում, իսկ այս գոտիները կարող էին 8-15 մ լինել, փաթաթում էին կնոջ գոտկատեղին, որպես կորսետ էր հանդիսանում ու բրդյա կտորն արգանդը տաք էր պահում»:


Ապրած իրերը

Զարդերի սենյակում բոլոր դարակներն ու պահարանը լի են տարբեր ու յուրահատուկ իրերով, այդ թվում՝ եվրոպական: Սամվելյանն ասում է, որ թանգարանի այդ հատվածն ինքն է մաքրում, քանի որ բավական ժամանակատար է ու որեւէ բան խախտելու դեպքում դժվար կլինի վերականգնել դասավորությունը:

Հաճախ է Pinterest-ում հիանում, թե ինչպես են իրենց այցելուները գեղեցիկ նկարում զարդերն ու հրապարակում: Զարդերը հատուկ չեն շատ փայլեցնում, որպեսզի հնությունը պահպանեն:

«Թանգարանում նաեւ անհրաժեշտ ջերմաստիճանը չկա, քանի որ իրերը կյանք են սիրում, մեկն արդեն ապրել են, հիմա հերթը նորինն է: Գորգերն էլ հատակին են, որ ցեցը չվնասի, այսպես ավելի անվտանգ են, քանի որ մեր շնչով ու շարժով օգնում ենք նրանց: Այս գորգն արդեն մեկ դար ապրել է, ամեն անգամ վրան կանգնելիս ափսոսում եմ, բայց հասկանում եմ, որ ծալած պահելու դեպքում ավելի շուտ կփչանա: Սրանք մեր կենցաղի իրերն են եղել ու պետք է օգտագործվեն նաեւ հետագայում»:


Ապա բացում ենք սենյակի պահարանը, որտեղ մեր առաջ բացվում է խայտաբղետ զգեստների մի ամբողջ գունապնակ՝ վառ, արեւոտ, կենսախինդ: Սամվելյանը բացատրում է, որ հայկականությունն ու ազգի տեսակն առաջին հերթին առանձնացել են գույների խաղով: Հայերի զգեստապահարանում բոլոր գույներն էլ գերակշռել են, բայց դրանք եղել են շատ մեղմ, պաստելային ու բնական: Ապա զգեստների օրինակով է այդ ամենը բացատրում:

«Տեսեք, թե քանի գույն կա, բայց մեկը մյուսին բնավ չի խանգարում, քանի որ մեղմացված է, արեւելյան ազգերի մոտ երանգներն ավելի վառ ու արտահայտիչ են: Պետք է կարողանալ սեփական գույների ընկալումը պահել»:

Բացատրում է, որ այդ երանգների գործածությունը նախ մեր բնությամբ է պայմանավորված եղել, նրա սիրուն, մեղմ ու հանգիստ բնույթն արտահայտվել է նաեւ զգեստներում: Լինելով թխամաշկ՝ հայերը գիտակցել են, որ բոլոր գույները չէ, որ կարող են ընդգծել իրենց գեղեցկությունը:

«Նայեք այս կարմիրին, մենք դրա վառ երանգը չենք ունեցել, հիմա այնքան դժվար է նման կտորներ գտնել: Չմտածեք՝ կտորները մենք ենք ստեղծել, եվրոպական են, բայց թելերն են մերը եղել: Կտորների բազմազանությունից ընտրել են իրենց հարազատ գույնը, ինչը հիմա մենք էլ պետք է անենք»:


Բույրերը

Թանգարանն ունի սեփական փոքրիկ սրճարանն ու խոհանոցը, որտեղ միշտ մարդաշատ ու աղմկոտ է՝ էլ չասած, թե որքան համեղ բույրեր են գալիս այնտեղից: Մեր այցելության ժամանակ գաթա էին թխում, որը մեկ անգամ համտեսելուց հետո, համն ընդմիշտ մնում է հիշողությանդ մեջ:

Փորձում են հմտություններով կիսվել նաեւ երեխաների հետ, հատուկ նրանց համար ունեն գաթա պատրաստելու դասընթաց, իրենք են նախշում ու վերհիշում այդքան սիրելի ավանդույթը:

«Մեր այցելուների թիվը հատկապես պատերազմից հետո շատացավ, հասկացան, որ շատ են հեռացել ակունքներից: Քաղաքներ ու մշակույթ կորցրինք, ցավալին այն է, որ նման բաներից հետո ենք սկսում գնահատել: Ես մեծացել եմ սիրով լի մի ընտանիքում, որ հնարավորինս ոչինչ չի կորցրել, փոխարենը ձեռք է բերել»:


Տաղանդավոր ժառանգները

Ազգագրագետի, նկարչուհու եւ քանդակագործի ընտանիքում բոլորն են գնահատում արվեստն ու գեղեցիկը:

Սամվելյանը նկարիչ եւ դիզայներ է, պատմում է, որ մայրիկի մահից հետո երկար ժամանակ չէր կարողանում գնալ Վերնիսաժ եւ նոր իրեր ձեռք բերել, բայց մի հետաքրքիր պատմություն է հիշում: Սեղանիկներից մեկի վրա արտասովոր չինական իր է տեսել, որը գրավել է նրա ուշադրությունը:

«Վաճառողն ինձ հարցրեց. «Լուսիկի դո՞ւստրն ես» ու պատմեց, որ մաման ամեն այցի ժամանակ այն ուսումնասիրում էր, բայց, քանի որ թանկ գին էին ասում, չէր գնում: «Փոխարենը հայկական զարդ կգնեմ, կէժանացնես, սա էլ կտանեմ, միեւնույն է՝ ոչ մեկ չի առնելու»,- ասել է նա: Ու այդքան ժամանակ իսկապես ոչ մեկ չէր առել: Չինական աղաման է, բայց այնպես է սարքված, որ երբեք չեք գուշակի»:

Ապա ցույց է տալիս թանգարանի վերնահարկի այն սրահը, որտեղ իրենց ընտանիքի մյուս անդամների գործերն են: Եղբայրը հոր պես քանդակագործ է, նրանց ընտրյալներն ու երեխաներն էլ արվեստի հետ կապ ունեն: Եղբոր որդու՝ Նարեկ Սամվելյանի արած Պոլոզ Մուկուչի քանդակը տեղադրված է Գյումրիում, կողքին նրա կնոջ կոլաժներն են եւ կերամիկական աշխատանքները, տատիկին ու պապիկին որպես դիպլոմային աշխատանք նկարել է եղբոր դուստրը:


«Ես աբստարկցիոնիստ եմ, նաեւ հագուստի եւ զարդերի դիզայնով եմ զբաղվում, ամեն ինչ արել եմ, որ չնմանվեմ մամային: Նա իմ ստեղծագործած ու հորինած ամեն բան գնահատում էր, մեզ էլ սովորեցրել է, որ յուրաքանչյուրն անհատականություն է: Այստեղ են նաեւ աղջկաս աշխատանքները, նա գրաֆիկայի բաժին է ավարտել, եղբորս փեսան շնորհալի նկարիչ է, ամուսինս՝ կահույքի դիզայներ, միասին ենք սովորել Թերլեմեզյանում: Այստեղ են նաեւ ծոռնիկների աշխատանքները»:

Առաջարկությունը

Թանգարանի պատմության մեջ առաջին անգամ մի երիտասարդ որոշել է հենց այնտեղ սիրելիին անակնկալ ամուսնության առաջարկություն անել: Աշխատողներին էլ հետաքրքրել է այդ օրիգինալ մտահաղացումն ու փոքրիկ սցենար են մտածել: Որոշել են մատանին դնել շատ փոքրիկ բացվող թավշյա կտորից պայուսակի մեջ:


«Այն բավական դժվար տեխնիկայով է բացվում, հյուրերին հաճախ ենք տալիս, որ իրենք գտնեն ձեւը: Միասին փորձեցին բացել ու գտան մատանին, անակնկալն իսկապես ստացվեց: Քանի որ այդ օրերին մեզ մոտ տեսահոլովակ էին նկարահանում, երգչուհուն խնդրեցինք երգել նրանց համար, ամեն ինչ շատ սիրուն էր»:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Հովհաննես Հովհաննիսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW