×


«Մարսել Պանյոլի փառահեղ կյանք»-ով Երեւանում բացվել է 17-րդ «ՌեԱ» փառատոնը

Կինոյի տանը երեկ մեկնարկել է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային 17-րդ փառատոնը։ Բացմանը ցուցադրվել է Սիլվեն Շոմեի ֆրանկո-բելգիական «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆիլմը:

«ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարեւորել է պատկերապատման արվեստում փառատոնի ունեցած ներդրումը. «Վերջին երեք տարվա ընթացքում մենք  հայերեն ենք թարգմանել եւ հրատարակել ենք միջազգային մի քանի վեպ: Այսօր կներկայացվեն Շառլ Բերբերյանի «Արեւելյան դաստիարակություն»-ը, Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում»-ը եւ Լորենցո Մատոտտիի «Կրակներ եւ շշունջ»-ը: Մեր նպատակն է միջազգային պատկերապատման արվեստը ներկայացնել հայ հասարակությանը, բայց նաեւ, ազգային մրցույթ կազմակերպելով, աջակցում ենք այդ ուղղության զարգացմանը: Այս տարի ֆինանսավորել ենք նախանցած տարվա հաղթողին եւ ներկայացնում ենք Լենա Դերունցի «Մխիթարանք»-ը»: 


Քասունու խոսքով՝ տարեցտարի ReA-ն դառնում է մասնագիտական երկխոսության հարթակ, իսկ MarAni հարթակը միավորում է անիմատորներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին եւ ոլորտի այլ ներկայացուցիչներին:

«ՄարԱնի» ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, որի ընթացքում միջազգային եւ տեղի առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը եւ գիտելիքները, կիրականացնեն պանելային քննարկումներ։ Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի հանրահայտ Arcane սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը եւ Օրելիան Ռեսանկուրը։

Փառատոնի շրջանակում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ առաջին անգամ Հայաստան է ժամանել ճանաչված անիմատոր, Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսոր Մադլեն Շարաֆյանը։ Հանդիսատեսը բացմանը հնարավորություն ունեցավ վայելելու նրա՝ «Օսկար»-ի առաջադրված «Որջը» կարճամետրաժ ֆիլմը:


Այս տարի նշվում են հայ անիմացիայի երկու նշանավոր գործիչների՝ Լեւ Ատամանովի եւ Ռոբերտ Սահակյանցի հոբելյանները, որոնց կարճամետրաժ ֆիլմերից եւս ցուցադրվեց փառատոնի բացման ժամանակ:

«Անիմացիոն ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն ասել է, որ անիմացիան հեքիաթ է ոչ թե երեխաների, այլ մեծերի համար: Սահակյանցը ժառանգել է ոչ միայն ֆիլմեր, այլեւ ամբողջական աշխարհընկալում, որտեղ առասպելն ու մանկության հիշողությունները, գեղարվեստական ազատությունը միաձուլվում են շարժանկարի լեզվի շուրջ»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Փառատոնն այս տարի հյուրաշատ է. Հայաստան է ժամանելու իտալացի հայտնի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր եւ իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։ Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։ Երեւանում է նաեւ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը։ 

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ ReA-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW