BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ու կինոյի դերասան Ելենա Վարդանյանի հետ:
- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Շատերը չգիտեն, որ կարողանում եմ պատրաստել (ծիծաղում է,-հեղ.), մեծ հաճույքով եմ անում դա ու շատ քանակությամբ: Քչերը կպատկերացնեն, որ սիրում եմ ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնել, քան ընկերներիս հետ ռեստորան գնալ:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ը, Ալֆրեդ Հիչքոքի «Փսիխո»-ն ու մյուս գործերը, Միքելանջելոյի «Ադամի արարումը», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն, Շագալի, Դալիի գործերը: Անվերջ կարելի է թվարկել, երեքով չեմ կարող բավարարվել: Երբ ընտանիքով Իտալիայում էինք, ինձ շատ է տպավորել Վատիկանը, հատկապես՝ Սուրբ Պետրոսի տաճարը, ինչպես նաեւ Միլանի տաճարը, Հռոմում՝ ամեն ինչ, քանի որ քաղաքն ամբողջությամբ արվեստի գործ է: Ու չմոռանանք նաեւ Սանկտ Պետերբուրգը, այն էլ ծայրից ծայր արվեստով է լցված:
- Տարօրինակ կամ նոր բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին:
-Ինձ համար վերջին շրջանում բացահայտում է դարձել, թե որքան աշխատասեր եմ: Ամեն անգամ նոր գործեր սկսելիս, ընդ որում՝ միաժամանակ, հասկացել եմ, որ աշխատանքն ինձ համար օդի պես է:
- Ձեր ոճի մի քանի կանոն:
- Հարմարավետ ու պարտադիր կանացի:
- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:
- Ժամանակի ընթացքում ճաշակս կարող է փոխվել, բայց հիմա հաստատ իմ զգեստապահարանում չկան ջինսե տաբատներ ու փչովի վերարկուներ:
- Ձեզ բնութագրող ամենաճիշտ գույնը:
- Երեւի սպիտակը:
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:
- Որովհետեւ այն իմ կյանքն է:
- 3 զգացում, որ ունենում եք միայն թատրոնում:
- Չգիտեմ՝ միայն այնտեղ եմ ունենում, թե ոչ, բայց թատրոնում ունենում եմ շատ-շատ ադրենալին ու դրանից միայն հիանում եմ:
- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:
- Բոլորի հետ էլ ոգեւորությամբ եմ աշխատում, այլապես որեւէ բան չէի էլ անի: Հաճախ եմ նայում համացանցում եղած տարբեր դասընթացներ ու ներկայացումներ, նաեւ տարբեր երկրներում եմ գնում: Ինձ ոգեշնչում են Դմիտրի Կրիմովը, Յուրի Բուտուսովը, Եվգենի Տովստոնոգովը, էլ չասեմ Ստանիսլավսկու ու Մեերհոլդի պես հանճարները:
- 3 վայր, որտեղ հանդես գալն անմոռանալի է եղել:
- Անգամ ավելի շատ կարող եմ նշել՝ անմոռանալի էր Ուզբեկստանի հյուրախաղը, Պետերբուրգի, Մոսկվայի, Վորոնեժի: Շատ տեղերում ենք լինում ու տպավորվում:
- Մոլորակի վրա ամենալավ տեղը:
- Երեւանն է (ծիծաղում է,-հեղ.), որտեղ ես ապրում եմ ու ապրելու եմ: Մեր երկրից ու քաղաքից լավ վայր չեմ պատկերացնում: Շատ քաղաքներում եմ եղել, բայց այստեղ եմ ինձ լավ զգում:
- 3 երկիր, որտեղ կուզեիք այցելել:
- Ճանապարհորդել շատ չեմ սիրում, մյուս կողմից էլ ցանկացած նորմալ մարդ ուզում է լինել բոլոր վայրերում: Օրինակ՝ Ֆրանսիա դեռ չեմ այցելել, բայց մյուս տարի հյուրախաղերով կմեկնենք: Սովորաբար որտեղ ուզում եմ, ստացվում է գնալ: Սիրում եմ խոսել այն մասին, ինչ արդեն արել եմ կամ անում եմ, ռոմանտիկ չեմ, որ նման ցանկություններ ունենամ:
- 2 երգ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Տխրում եմ հիմնականում դասական երաժշտության տակ, իսկ ուրախանում՝ ռոքի:
- Մայրիկ լինելու ամենահաճելի կողմերը:
- Այն պահից, երբ որդուս ունեցել եմ, դարձել եմ ամենաերջանիկ ու լիարժեք մարդը եւ կինը: Դրա համար էլ 5-ամյա որդուս հետ անցած բոլոր պահերն իսկական հրաշք են:
- Իսկ մի քիչ հոգնեցնողները:
- Չկան ու չեմ էլ կարող լինել: Նրա հետ ամեն վայրկյանն է հաճելի:
- Ի՞նչ եք սովորել Ձեր որդուց:
- Շատ լավ հարց է, չնայած իր տարիքին՝ որդիս շատ ամուր բնավորություն ունի, նրանից սովորում եմ իմ ուզածը պնդել ու նպատակիս հասնել:
- 3 բառով նկարագրեք, թե ինչ է սերը:
- Կիրք, ընկերություն, հարգանք:
- Ինչի՞ համար հենց հիմա շնորհակալություն կասեիք:
- Ոչ միայն հիմա, այլ ամեն առավոտ արթնանալիս ու երեկոյան քնելիս Աստծուն շնորհակալություն եմ ասում, որ առողջ ու հիանալի ծնողներ ունեմ, արտակարգ ամուսին, լավ որդի, հիանալի քույր: Շնորհակալ եմ ընտանիքիս ու ինձ աշխատանքում դրսեւորվելու հնարավորության համար:
- Ձեր բնավորության գծերից, որոնք ամենաշատն եք հավանում:
- Շատ նվիրված մարդ եմ՝ գործիս, ընտանիքիս ու առաջին հերթին ինձ, ինչը շատ կարեւոր է:
- Եվ նրանք, որոնք կուզեիք փոխել:
- Շտապում եմ ու դա ինձ երբեմն խանգարում է, միշտ գնացքի առջեւում եմ վազում: Չգիտես ինչու շտապում եմ ապրել: Երբ այդ ամենը կարողանում եմ վերահսկել, կատարյալ է լինում:
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:
- Եթե միայն երեքին նշեմ, մյուսներին կնեղացնեմ: Պարզապես կասեմ, եթե մարդկանց թողնում եմ իմ կյանք, ուրեմն արդեն ինձ տպավորել են: Բոլոր նրանք են, ում հետ աշխատում եմ ու ապրում, ամեն մեկն ինձ որեւէ բան է սովորեցնում ու տպավորում:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Չգիտեմ, հույս ունեմ՝ որեւէ լավ բան (ծիծաղում է,-հեղ.):
- 3 բան, ինչից հրաժարվել եք այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Այս տարի հրաժարվել եմ արձակուրդից, քանի որ նոր ներկայացումներ եմ պատրաստում որպես ռեժիսոր: Նաեւ մի քանի նախագծից եմ հրաժարվել, քանի որ վերջին շրջանում ժամանակս չի բավականացնում:
- Անսպասելի բան, որը Ձեզ հետ տեղի է ունեցել այս ամիս:
- Ոչ մի անսպասելի բան չի եղել, ու փառք Աստծո, ամեն ինչ պլանավորածի պես է ընթանում (ծիծաղում է,-հեղ.):
- 3 անհրաժեշտ ապրում:
- Բոլորն էլ կարեւոր են օրգանիզմի հավասարակշռության համար:
- 3 ոգեշնչող հանգամանք:
- Ինձ ոգեշնչման համար հանգամանքներ պետք չեն, որովհետեւ շատ ստեղծագործող մարդ եմ, անգամ միտքը կարող է ինձ ոգեշնչել, փողոցում տեսած գեղեցիկ ծաղիկը կամ հիասքանչ մայրամուտը:
- Այս տարվա լավագույն պահի կադրը:
- Որդուս ժպիտի (ծիծաղում է,-հեղ.) ու երջանիկ ընտանիքիս ցանկացած կադրը բոլոր ժամանակներում լավագույնն են:
- Հենց հիմա ի՞նչն է Ձեզ պակասում:
- Ինձ ժամանակը չի բավականացնում, շատ քիչ է, երեւի մինչեւ մյուս տարվա սկիզբն այդպես է լինելու: Գրաֆիկս հագեցած է, բայց հաճելի է, որ ստեղծագործական առումով է: Միայն թե մի քիչ վատ է, որ ինձ հատկացնելու ժամանակ չի մնում:
- Ի՞նչ կա 2023-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչն եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Շատ պլաններ ունեմ, որոնց մի մասն էլ 2024-իմ եմ իրագործելու: Սեպտեմբերի 7-ին պրեմիերայի եմ պատրաստվում աբսուրդի հանճար Իոնեսկոյի պիեսի հիման վրա՝ «Զառանցանք երկուսով»: Երկու հիանալի դերասաններ են խաղում՝ Նառա Թումասյանն ու Լեւ Նալբանդյանը: Հոկտեմբերին էլ «Արմմոնո պլյուս»-ին ներկայացմամբ հանդես կգամ: Մեր թատրոնում կբեմադրվի Ռաֆայել Հակոբջանյանի պիեսը, որում դեր ունեմ, իսկ սեպտեմբերին մեր գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը կսկսի Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները», Մեֆիստոֆելն եմ լինելու: Կնոջ համար երազանքի դեր է, քանի որ այն հիմնականում տղամարդիկ են մարմնավորում: Շատ-շատ անելու բան կա:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի։
Լուսանկարներն՝ Bravo.am-ի ու անձնական արխիվից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: