«Պահպանենք մեր ազգային ինքնությունը» կարգախոսով այսօր՝ ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում կիրականանա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի ու պարի փառատոնը, որն անցկացվում է «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` 2014 թվականից:
Փառատոնի նպատակն է պահպանել եւ տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ:
Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը՝ թվով 400 եւ ավելի մասնակից: Այս տարի ելույթ կունենան «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս» /Մասիս/, «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին» խմբերը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս փառատոնին իր կարեւոր մասնակցությունն է ունենալու նաեւ Արցախի «Մենք ենք, մեր սարերը» խումբը:
Փառատոնի կազմակերպիչները կարեւորում են ավանդական երգերի եւ պարերի ներկայացումն իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որեւէ ժամանակակից մշակումների, օգտագործում են բացառապես ազգային նվագարաններ (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ...), որպեսզի պահպանեն հայկական ազգային հնչերանգն ու ձայներանգը:
«Գութան» փառատոնն այս տարիներին իրականացվել է Երեւանում, Տավուշում եւ Արցախում: Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երեւանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ), Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Տավուշում՝ Բերդի հրապարակում:
«Փառատոնի բացօթյա լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձեւով հնարավորություն ունի անվճար ունկընդրել եւ ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը»,- նշում են կազմակերպիչները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: