×


Ֆրանսիայում Հայաստանին նվիրված հաղորդումը դիտել է 1,350,000 մարդ

Ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի «Le Grand Échiquier» հաղորդաշարի օգոստոսի 31-ի թողարկումը նվիրված էր Հայաստանին։ Երկու ժամ տեւած եթերը լի էր հայկական մշակույթով, ֆրանսահայ եւ ֆրանսիացի հանրահայտ անձանց ելույթներով, ինչպես նաեւ՝ պատմական ակնարկներով։ Բազմահազար հեռուստադիտող ունեցող հեռուստաալիքի հատուկ երեկոն վարում էին ճանաչված հաղորդավարուհի Քլեր Շազալը եւ ֆրանսահայ դաշնակահար, կոմպոզիտոր եւ հաղորդավար Անդրե Մանուկյանը։

Հաղորդումը նկարահանվել էր Վերսալի թագավորական օպերայի հիասքանչ միջավայրում, արտիստների ելույթներն ուղեկցվում էին հենց այդ օպերայի նվագախմբի նվագակցությամբ։ Հնչեցին Արամ Խաչատրյանի երաժշտությունները, Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավունը», դասական եւ ազգային գործեր՝ բարձրակարգ եւ ճանաչում վայելող հայազգի արտիստների կողմից, ինչպիսիք են ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, երգչուհի Ռուզան Մանթաշյանը եւ այլք։ Երգեցին Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Պատրիկ Բրուելը եւ ֆրանսիացի այլ երաժիշտներ։


Հայաստանին նվիրված այս մեծ երեկոյի ընթացքում ներկայացվեցին մշակութային բազմաթիվ հարստություններ, որոնք հայ ժողովրդի ուժն են։ Խոսվեց Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, Ադրբեջանի կողմից շրջափակման եւ հրահրված պատերազմի մասին։ Պատմաբան Տիգրան Եգավյանը մանրամասներ ներկայացրեց Հայոց ցեղասպանության մասին, ներկաները փաստեցին, որ այսօր էլ շարունակվում է ցեղասպանությունը եւ Թուրքիան կամ Ադրբեջանը դա չեն թաքցնում։

«Le Figaro Magazine» հեղինակավոր պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը եւ ճանապարհորդ, գրող Սիլվան Տիսոնը պատմեցին, թե ինչպես են միասին գնացել լուսաբանելու 44-օրյա պատերազմը եւ թե ինչպես են մինչ օրս փորձում օգնել Արցախին եւ հայերին, քանի որ ըստ նրանց՝ համամարդկային շատ արժեքների կրողը հենց հայերն են։

Արվեստագետները հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանին եւ Արցախին։ Կինոռեժիսոր Ռոբերտ Գետիկյանն ասաց, որ այսօր այնպիսի անելանելի իրավիճակ է, որ անհնար է չխոսել այդ մասին։ Ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին խոսեց Հայաստանի հետ իր կապի մասին եւ թե ինչ տառապանքներ են կրում հայերը՝ առանց տրտնջալու։ «Հայերը շատ զուսպ են եւ չեն խոսում իրենց տառապանքների մասին»,- ասաց նա։

Հաղորդավարուհի Քլեր Շազալն էլ նշեց, որ հենց դրա համար էլ բոլորը հավաքվել են՝ հայերի ձայնը բարձրացնելու եւ իրականությունը պատմելու։ Անդրե Մանուկյանն էլ հավելեց, որ շատ ժամանակ կարելի է մտածել, որ հայերը զոհի կարգավիճակում են եւ տանջվում են, բայց իրական պատմություններն իմանալով՝ հասկանում է, որ հայերը հերոսական ուժ ունեն. նա օրինակ բերեց իր տատիկի պատմությունը։ «Երբ փոքր էի, տատիկիս միայն որպես տոլմա փաթաթող էի պատկերացնում, բայց երբ իմացա, թե ինչերի միջով է նա անցել եւ ինչ քայլերի է դիմել Ցեղասպանության ժամանակ, հասկացա՝ հերոս տատիկ ունեմ»,-պատմեց երաժիշտը։

Հայերին բնորոշ է նաեւ հումորը, իրենց կատակներով հաղորդման հյուրերին ժպիտ պարգեւեցին կատակերգուներ Մաթյո Մադենյանը եւ Պասկալ Լեգիտիմուսը։


Հարգանքի տուրք Ազնավուրին եւ Մանուշյանին

Երեկոյի ընթացքում հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Ֆրանսիայի հայկական լեգենդ Շառլ Ազնավուրին եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանին։

Հայտնի ֆրանսահայ դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պատմեց մի քանի պատմություն կապված Ազնավուրի հետ եւ թե ինչպես էր իր մայրն ամեն անգամ լալիս՝ Ազնավուրի երգերը լսելով։

Սիմոն Աբգարյանը դուդուկի հնչյունների ներքո ընթերցեց Միսակ Մանուշյանի վերջին նամակը՝ ուղարկված իր կնոջը՝ Մելինեին, «Երազ» պարային անսամբլն էլ ներկայացրեց Մելինեին նվիրված պարային բեմադրություն։

Հաղորդումն ավարտվեց Հայաստանի հանրապետության հիմնով։

«France 2» հեռուստատեսության եթերում տոնեցին հայկական մշակույթն իր ողջ հարստությամբ եւ բազմազանությամբ, որն ընդգծեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ անսասան կապը։ «Le Grand Echiquier» հաղորդաշարը սովորաբար ունենում է մոտ 800,000 դիտող, սակայն Հայաստանին նվիրված թողարկումը դիտել է 1,350,000 հոգի։

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ «France 2» հեռուստաալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW